Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում է։ Նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նախատեսվում է նաև Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին պաշտոնական հանդիպումը։
Սեղանի շուրջ նստած են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱԳ նախարար Բայրմովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ԱԳ նախարար Չավուշօղլուն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Այս հանդիպումը նոր կարգ է փնտրում առանց Ռուսաստանի: Դա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք ընդմիշտ բացառել Ռուսաստանը, բայց այս Ռուսաստանը՝ Պուտինի Ռուսաստանը, տեղ չունի այստեղ», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր կնքելու իր «համապարփակ առաջարկները»։ Այդ նպատակով տարածաշրջան է այցելել ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։
«Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն։ Իսկ որոշ արևմտյան միջնորդների ընդհանրապես անհնար է անվանել խաղաղության միջնորդներ», – ասել է Զախարովան, հավելելով, որ Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման:
Զախարովայի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում, իսկ Ռուսաստանը գործնական աշխատանք է տանում՝ հստակ արդյունքներ արձանագրելու համար:
«Մենք չենք զբաղվում գովազդով, որի մեջ բովանդակություն չկա: Մենք պատմում ենք արդյունքների մասին», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև հիշեցրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է ՀԱՊԿ-ի 20 ամյակը։
«Կարճ ժամանակահատվածում կազմակերպությունն անցել է արժանապատիվ ճանապարհ։ Համատեղ ջանքերով ստեղծվել է անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաև առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության ոլորտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասել է նա։