հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Մոսկվան պաշտպանում է Հայաստանին չպաշտպանող ՀԱՊԿ-ին

Մոսկվան պաշտպանում է Հայաստանին չպաշտպանող ՀԱՊԿ-ին

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊկ դիտորդներ տեղակայելու հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրագործման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանուր առմամբ, Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը», – ասել է Լավրովը։ 

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերներին առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել (ՄԱԿ-ի ԱԽ-ից, ԵԱՀԿ-ից․․․)։

Երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու գաղափարի մասին, իր հերթին, հայտարարել էր, որ «չի կարելի իրականում գործող եռակողմ պայմանավորվածությունները փոխարինել երևակայական բանով»։ 

«Մենք տեսնում ենք, որ արտատարածաշրջանային մի շարք դերակատարներ փորձում են կա՛մ անկայունություն մտցնել տարածաշրջան, որը հազիվ է ստացել երկարատև ճգնաժամից իրավական եղանակով դուրս գալու հնարավորություն, կա՛մ Ուկրաինայում առկա անկայունությունը տեղափոխել նախկին խորհրդային այլ տարածք, այդ թվում Հարավային Կովկաս», – ասել էր Զախարովան՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները, որոնք հնչեցնում են առանձին քաղաքական գործիչներ, չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը։

2020-ի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը հարձակվել էր և ներխուժել Հայաստանի տարածք, ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն, ըստ պաշտոնական Երևանի, ոչ միայն չեն կատարել իրենց դաշնակցային պարտականությունները, այլև կազմակերպության առանձին անդամներ՝ օրինակ, Ղազախստանը և Ղրղզստանը, Բաքվին արդարացնող հայտարություններով են հանդես եկել։

Սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի հարձակումից ժամեր անց, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ ՀԱՊԿ-ից Հայաստանը աջակցություն (այդ թվում՝ ռազմական) էր հայցել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։

«Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, և մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով [ՀԱՊԿ արձագանքը] մեզ չի կարող գոհացնել», – «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Սեպտեմբերի 13-ի էսկալացիայից և ՀԱՊԿ-ի անգործությունից հետո տարբեր անհատներ, նախաձեռնություններ ու կուսակցություններ մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով։