Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, գրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ի փոխանցմամբ, Ադրբեջանը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր։
04։30 — Հայաստանը դիմում է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
04։00 — Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։
ՀՀ ՊՆ հայտարարությունը՝
03։40 — Սյունիքի Քարաշեն գյուղի ուղղությամբ արձակված արկերից մեկն ընկել է գյուղի կենտրոնում գտնվող հանդիսությունների սրահի վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան:
Այս պահին կրակոցները շարունակվում են, բայց դրանց ավելի հեռվից են լսվում:
03:30 — Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը», – հաղորդել են Հայաստանի կառավարությունից։
03։05 — Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են՝ հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հրետակոծման են ենթարկվել Սոտքի, Վարդենսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
ՊՆ հայտարարությունը՝
03։00 — Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արկեր են ընկել, «Ազատության» հետ զրույցում ասել է Գեղամասարի նախկին գյուղապետ Հակոբ Ավետյանը:
Ըստ նրա, այս պահին տեղում ինտենսիվ կրակոցներ են, երեխաներից ոմանց տարհանել են, մյուսներին դեռ չի հաջողվել: Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
Սյունիքի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն էլ հաղորդել է, որ կրակոցները շարունակվում են, զոհերի, տուժաների մասին տեղեկություն չկա:
Դաշտերում, ըստ նրա, հրդեհներ են բռնկվել․ «Արդեն քաղած չոր խոտեր են, վառվում են, հրետանի է աշխատում»։
02:50 — ՄԻՊ-ի ստացած տեղեկություններով` ադրբեջանական զինուժի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն 2 ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։
«Մեր ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները», – գրել է օմբուդսմենի գրասենյակը։
02:40 — Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
01։57 — «Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով`տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է», – գրել է Արցախի Տեղեկատվական շտաբը։
01։50 — «Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է», – հաղորդել է պաշտպանության նախարարությունը։
01։28 — ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքում լսվում են հրետակոծության ձայները։
01։20 — «Այս պահին (նյութը հրապարակվել է ժամը 01։18-ին – խմբ) ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում, երևի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում», – news.am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:
01։14 — Գորիսից և Կապանից հայտնում են, որ բնակիչների մի մասը իջել է նկուղներ։ Քիչ առաջ Գորիսի ուղղությամբ կրակոցները դադարել են։ Ջերմուկցիները գրում են, որ այս պահին այնտեղ հանգիստ է։