Քննիչը նույնիսկ չհամարձակվեց հարցաքննել խոշտանգումների կազմակերպիչ՝ զոն նայող Կիրովականցի Դավոյին
Կալանավայր, աշխարհ աշխարհից դուրս․
2016-ի փետրվարին, երբ անասելի դաժան կտտանքների էի ենթարկվել Նուբարաշենում և ծայրաստիճան նվաստացված մի կերպ ճողոպրել էի մարդասպանների խցից, միջանցքում ՔԿՀ ծառայողները ամեն կերպ համոզում էին, որ ինձ վերադարձնեն մարդասպանների խուց։ Վստահեցնում էին, որ ինձ էլ չեն տանջի։
Ի վերջո ՔԿՀ անվտագության գծով տեղակալը հայտնեց, որ ինձ այլ խուց կտեղափոխեն, եթե դիմում գրեմ, որ ոչինչ էլ չի եղել, և ես որևէ բողոք չունեմ։
10 տարի անց և հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել։ Առանձնապես լավատես չեմ... Ի դեպ, հանրային մեծ աջակցության և ՄԻԵԴ միջանկյալ որոշման շնորհիվ ես խույս տվեցի դաժան ճակատագրից, ինչը չհաջողվեց և չի հաջողվում շատ շատերին։ Իմ ազատվելուց հետո բանտում սպանվեց իմ խոշտանգման վկաներից Արթուր Սարգսյանը, եթե անունը ճիշտ եմ հիշում։
հ․գ․ Խոշտանգման գործից բնականաբար ոչինչ չպարզվեց։ Հետագայում գործի նյութերին ծանոթացա... Ընդհանրապես գործում չկային գլխավոր դերակատարները՝ թիվ 20 խցի նայող Իշխանը, խոշտանգող 3 անձանցից անհետացել էր ԱՄՆ-ից նոր-նոր վտարված Արմեն անունով անձը։ Քննիչը նույնիսկ չէր համարձակվել հարցաքննել խոշտանգումների կազմակերպիչ, զոն նայող Կիրովականցի Դավոյին...
Վարդգես Գասպարի, նախկին քաղբանտարկյալ
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ
2013 թվականին Գասպարին Epress.am-ի հետ զրույցում պատմել էր բանտում անցկացրած ամիսների, բանտային բարքերի և իր պայքարի մասին․ առաջին անգամ նրան կալանավորել էին 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո և ազատ արձակել 2009 թվականին միայն։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում էին խղճի բանտարկյալ։ Երկրորդ անգամ Գասպարին կալանավորվել էր 2016 թվականին՝ ոստիկաններին վիրավորելու համար։ Նուբարաշենի ՔԿՀ-ում նրան խոշտանգումների էին ենթարկել բանտային վարչակազմի հետ փոխկապակցված կալանավորները։ Մոտ մեկ շաբաթից Գասպարին ազատ էր արձակել։ Խոշտանգման համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։ Մոտ մեկ տարի անց ՍԴ-ն հարկադրել է վերանայել նրան առաջադրված մեղադրանքը։
Տե՛ս նաև․
Բանտում նորեկը չունի կյանքի իրավունք․ Գասպարին ՔԿՀ-ից գրություն է փոխանցել
Բանտերում տանջում են նաև կենցաղով. պատմում է նախկին բանտարկյալը
«Տերմինոլոգիայից անցնեմ ժարգոնի»․ բանտը բանակ չէ
Նույնիսկ ոստիկանները չեն հարգում բանտի պետերին