Home / Բանտ / Ինչի հետևանք է բանտերում 6-րդ գրանցված ինքնասպանությունը

Ինչի հետևանք է բանտերում 6-րդ գրանցված ինքնասպանությունը

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ։ Սա տարեսկզբից ի վեր ՔԿՀ-ներում գրանցված 6-րդ ինքնասպանության դեպքն է։

Հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում, հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Քննչական կոմիտեից Epress.am-ին ասել են, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

«Թե ինչու են շատացել դեպքերը կամ ինչու է վեցերորդ դեպքը գրանցվել, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև յուրաքանչյուր դեպքով քննություն է ընթանում։ Միայն կարող եմ ասել, որ տարեսկզբից ի վեր սա 16-րդ դեպքն է ընդհանուր առմամբ՝ և՛ կենսաբանական մահերը, և՛ ինքնասպանությունները», – ասել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։

2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնավնասման 188 դեպք՝ 98 անձի կողմից, ինչպես նաև 13 մահվան դեպք, որոնցից 5-ը՝ ինքնասպանություն։ Նախորդ՝ 2024 թվականին, ինքնավնասումների թիվը գերազանցել է 600-ը՝ 205 անձի մասնակցությամբ։

Իրավապաշտպաններն ամիսներ շարունակ ահազանգում են քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի և ինքնավնասումների աճի վերաբերյալ։

«Այս տարի շատ աննախադեպ էր։ 2024-ին մահվան դեպքերը նվազել էին, 12 դեպք է եղել։ Իսկ այս տարի դեռ 7-րդ ամիսն է, բայց արդեն մահվան 16-րդ դեպքն է գրանցվում», – Epress.am-ին պատմել է Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Շուշան Խնկոյանը։

Անձինք, ըստ իրավապաշտպանի, դիմում են նման միջոցների, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները։ Մասնավորապես, առաջին տեղում են գտնվում բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերը՝ դեղորայքի չտրամադրում, ժամանակին քաղաքացիական հիվանդանոց կամ դատապարտյալների հիվանդանոց չտեղափոխելը կամ, առհասարակ, բժիշկների ուշ արձագանքը։ Պատճառների ցանկում է նաև պայմանական վաղաժամկետ ազատման դիմումների հետ կապված խնդիրներն ու քրեական գործի հետ կապված անհամաձայնությունները։

«Այս համատեքստում շատ կարևոր է խոսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասով։ Այստեղ գործ ունենք համակարգային խնդրի հետ, երբ հիմնական մոտեցումն այն է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց տրամադրում են ցավազրկող դեղամիջոցներ։ Այսինքն խնդրի բուժում, որպես այդպիսին, չի իրականացվում կամ թերի է իրականացվում», – նշել է Խնկոյանը։

Կա նաև մասնագետների պակաս․ մի հոգեբույժը մի քանի հիմնարկների է սպասարկում։

«Եթե հոգեբույժի մասնագիտական դիրքորոշումն այնպիսին է, որ հոգեկան առողջության տարբեր խնդիրներ ունեցող անձանց նշանակում է միատեսակ բուժում, բնականաբար, այն ՔԿՀ-ներում, որտեղ ինքը աշխատում է, խնդիրներ կլինեն», – նշել է դիտորդական խմբի անդամը։

Նրա խոսքերով՝ քիչ չեն դեպքերը, երբ ինքնասպանությունների, ինքնավնասումների, ինքնախեղումների դեպքերն արձանագրվում են հենց հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մոտ։

Ազատությունից զրկված անձանց սպասարկող հոգեբույժները ենթակա են Առողջապահության նախարարությանը, իսկ հոգեբանները՝ Արդարադատության նախարարությանը։ Այս բաժանումը, ըստ իրավապաշտպանների, խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի մասնագետները կարողանան միասին աշխատել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ։

Ժամանակին առողջապահական ծառայությունների տարանջատումը քրեակատարողական ծառայությունից ձևակերպվում էր որպես բարեփոխում․ ազատազրկվածները կստանան բուժում սովորական պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, նրանց կսպասարկեն ավելի լավ ու մեծ թվով մասնագետներ։ Տարիներ անց, սակայն, դա օգտակար է միայն այն իմաստով, որ երկու գերատեսչությունները կարողանան առկա խնդիրները իրար վրա բարդել։ Մի կողմից Արդարադատության նախարարությունն ասում է, որ առողջական խնդիրների մասով իրենք անելիք չունեն, մյուս կողմից Առողջապահության նախարարությունից հակադարձում են՝ հաճախ հենց ՔԿՀ-ն է իր գործը վատ անում։

«Օրինակ, բժիշկը կարող է եզրակացություն տալ, որ անձին պետք է տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց կամ քաղաքացիական հիվանդանոց։ Դա շատ հաճախ ժամանակին չի արվում, որովհետև, օրինակ, հիմնարկում չկա բավարար քանակի անձնակազմ ազատազրկվածին ուղեկցելու համար։ Աշխատակիցների մեծ մասը մարդկանց ուղեկցել է դատական նիստերի կամ այլ հիվանդանոցներ։ Բացի աշխատողներից, նաև մեքենաներ չկան և այլն», – պատմել է Խնկոյանը։

Անձնակազմը չի հերիքում նաև կալանավորների մեծ թվի պատճառով։ Օրինակ Արմավիրում, ըստ իրավապաշտպանի, սովորաբար մոտ 700 կալանավորված անձ է լինում, այն դեպքում, երբ ազատազրկվածների թիվը 350 է։

«Կալանավորված անձանց պետք է ուղեկցել իրենց գործով դատական նիստերի։ Այստեղ էլի ռեսուրսների հարց է առաջանում», – նշել է Խնկոյանը։