Home / Մեդիա / Պատերազմը ձեն է տանում ու բերում. Կովկասյան ընդհատակ (մաս 2)

Պատերազմը ձեն է տանում ու բերում. Կովկասյան ընդհատակ (մաս 2)

Մաս 1Մաս 3

Մաս 2

Արժի առանձին խոսել հենց Չեչնիայի մասին։ Միջպատերազմական ժամանակներում վահաբիտներն այնտեղ մեծ ազդեցություն էին ձեռք բերել։ Պատկերացրեք պայմանական 1996 թվականն է, Չեչնիա։ Անընդհատ մարդկանց են առևանգում, որոնք պատերազմի ժամանակ  գուցե և կապ ունեին կամ համագործակցում էին ռուսական իշխանությունների, դաշնային հատուկ ծառայությունների հետ։ Բայց մի՞թե կարելի ա առևանգել մահմեդականներին։ Եթե ասենք, որ նա իսկական մահմեդական չէ՝ երևի կարելի է։ Նույնիսկ եթե կոլաբորացիոնիստ չէ, կարելի է մեծ փրկագին պահանջել։ Մարդ առևանգողների, մարդկանց առևտրով զբաղվողների համար ռադիկալ իսլամին հղվելը հարմար էր, քանի որ եթե դու իսկական մահմեդական ես, կեղծ մահմեդականների առևանգելը թույլատրելի է։ Հենց այս ժամանակ ռադիկալ իսլամի խեղաթյուրված, այլասերված մեկնաբանությունները մեծ տարածում ստացան։ 

Միջպատերազմական Չեչնիայում 1996-1999 թվականներին հակամարտում էին ավելի չափավոր և ավելի ռադիկալ ուժերը։ Չափավոր ուժերի ներկայացուցիչներից էր առաջին հերթին Ասլան Մասխադովը, որը փորձում էր վերականգնել չեչենական պետականությունը։ 1997-ի հունվարի ընտրություններում Մասխադովը ստացել էր ձայների մեծամասնությունը։ Նույն ընտրություններում Շամիլ Բասաևի օգտին քվեարկել էր ընտրողների շուրջ մեկ քառորդը։ Բայց Բասաևը վայելում էր զինված խմբավորումների աջակցությունը։ 

1998 թվականի հունվարին Մասխադովը Բասաևին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել։ Բասաևը հայտարարել էր, որ եթե ձախողի՝ կես տարի անց կհեռանա պաշտոնից։ Կարծում եմ, նա ձախողել էր. բյուջեի հավելուրդը կրճատվել էր շուրջ 20 անգամ։ Նույն թվականի հուլիսին Բասաևը հեռանում է պաշտոնից։ Բայց ո՞ւր է հեռանում։ Հենց հաջորդ օրը հրավիրվում է Իչկերիայի և Դաղստանի ժողովուրդների կոնգրեսը, որի ժամանակ պատերազմ են հայտարարում անհավատներին և նրանց, ովքեր չեն պայքարում անհավատների դեմ։ Գլխավոր թիրախը՝ ոչ միայն փոխաբերական այլև ուղիղ իմաստով, իհարկե Մասխադովն էր։ Այդ ժամանակ կազմակերպվող պայթյուններն ուղված էին ոչ միայն պաշտոնական մուֆթի Ախմադ Հաջի Կադիրովի դեմ, այլև ողջ չեչենական իշխանության։ 1998-ի հուլիսին կառավարությունը փորձում էր Չեչնիայում արտակարգ դրություն հայտարարել, բայց չէր ստացվում։ Ինչո՞ւ։ 

Չեչնիայում ընթացող բուռն քաղաքական պրոցեսներին զուգահեռ հետաքրքիր բաներ էին կատարվում նաև Դաղստանում։ 1998 թվականի մայիսին տեղական որոշ զինված խմբերի միջև հակամարտության հետևանքով պատահաբար պաշարվել էին որոշ կառավարական շինություններ։ Անհասկանալի իրավիճակին լուծում տալու համար Մախաչկալա էր ժամանել Ռուսաստանի կառավարության ղեկավար Սերգեյ Ստեպաշինը։ Տեսնելով, որ կլանները շատ են, և բոլորը զինված են ու լավ պատրաստված, Ստեպաշինը հասկացավ, որ բոլորի դեմ միաժամանակ կռվելն անհնար է։ Նա այցելեց նաև Կարամախիի վահաբիտ իսլամիստներին, հայտարարեց, որ նորմալ մարդիկ են և այլն։ Բայց դա ընդհամենը փորձ էր ժամանակավոր հաշտություն հաստատել խմբավորումներից մեկի հետ, մինչ կռվում են մյուսի դեմ։

Հիմա նայենք նույն իրավիճակին Չեչնիայից։ Հազիվ որոշել են վերջնականապես հնազանդեցնել վահաբիտներին, և ահա, Ստեպաշինը հաշտության է գնում նրանց հետ Դաղստանում։ Ստացվում է, որ վերջ, ամեն ինչ ավարտված է, պաշտոնական Մոսկվան վահաբիտների կողմից է։ Փաստացի, Ռուսաստանում ազգամիջյան հարցերով զբաղվողները, անտեղյակ լինելով Կովկասի ներքին թեմաներից ու տարաձայնություններից, իրենց իբրև թե մարտավարական քայլով 1998 թվականին ճնշել են Չեչնիայում իրավիճակի խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունը և հույսը։ 

Հնարավո՞ր էր արդյոք կարգավորել հարցը այս ամենից հետո։ Առհասարակ, ինչպե՞ս վարվել մարդ առևանգողների հետ։ Հանրահայտ Բամութ գյուղում, օրինակ, Ռուսլան Խայխորոևին սպանել էին իր իսկ համագյուղացիները։ Խայխորոևը հայտնի էր որպես դաժան հրամանատար, շատ ավելի դաժան, քան ինքը՝ Բասաևը։ Բայց սպանվեց, քանի որ մարդկանց էր առևանգում։ Չեչնիայի իշխանություններն այդ ժամանակ ուզում էին լայնամասշտաբ օպերացիա սկսել, որի շրջանակներում պետք է լիկվիդացնեին մարդկանց առևանգող խմբավորումների առաջնորդներին։ Սա նախատեսվում էր իրականացնել պաշտոնական Մոսկվայի աջակցությամբ. ռուսական ուժայինները կարող էին ապահովել օպերացիայի մասնակիցների անվտանգությունը։ Այս ծրագրի շրջանակներում 1999 թվականին Մոսկվա է մեկնում Մասխադովի թիմից Թուրփալ-Ալի Ատգերիևը։ Գնում է ՆԳՆ՝ բանակցությունների։ Բայց ուժայինները նրան բերման են ենթարկում և ուղարկում Լեֆորտովոյի քննչական մեկուսարան։ Գործող վարչապետ Ստեպաշինն այդ ժամանակ գործուղման էր, նրա վերադառնալուց հետո Ատգերիևին ազատ են արձակում, բայց նա արդեն վարկաբեկված կերպար էր համարվում և չէր կարող վարել բանակցությունները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Անվտանգության Դաշնային Ծառայության՝ ՖՍԲ-ի ղեկավարը Վլադիմիր Պուտինն էր։ 

Այսպիսով, 1999 թվականին արմատական իսլամի քողի տակ գործող հանցավոր խմբավորումների դեմ համակարգված պայքարի հնարավորությունը բաց թողնվեց՝ գերատեսչությունների գործողությունների անհամաձայնեցվածության պատճառով, կամ քանի որ պատերազմն արդեն ծրագրված էր։ Չգիտեմ։ Բայց հենց մարդկանց առևանգման պատճառով էր, որ սկսվեց չեչենական երկրորդ պատերազմը։ Ավելի ճիշտ՝ մեկ կոնկրետ մարդու։ 

1999 թվականի սկզբին առևանգել էին ՆԳՆ գեներալ մայոր Գենադի Նիկոլաևիչ Շպիգունին, որն այդ ժամանակ Գրոզնիում ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էր։ Իսկ դա փաստացի վերջին կապն էր Դաշնային իշխանությունների և չեչենական կառավարության միջև։ Գեներալ Շպիգունին առևանգել էին ինքնաթիռից, որը Գրոզնիի օդանավակայանից պատրաստվում էր թռիչքի։ Գերության մեջ Շպիգունը մահանում է։ Ստեպաշինը հայտարարում է վճռական քայլերի անցնելու մասին։ Այդ ժամանակ Կովկասում սկսում են մեծ թվով տակտիկական հրթիռների արձակիչներ տեղակայել, Դաղստանում ծովային հետևակ են կենտրոնացնում և այլն։ Ծովային հետևակն այն ժամանակ միակ ստորաբաժանումն էր, որը նաև լեռնային տեղանքում մարտական գործողությունների պատրաստվածություն ուներ։

ամբողջական տեքստը՝ աուդիոտարբերակով․

Վահաբիտներին Կրեմլի ագենտներ անվանում են նրանք, ովքեր ուզում են Չեչնիայի դեպքերի ողջ պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդել։ Դա բավականին զարգացած կոնցեպտ է։ Ես կարծում եմ, որ այստեղ ռուսական իշխանությունների մեղավորությունն իհարկե կա։ Առնվազն այնքանով, որ նրանք չէին էլ ուզում հասկանալ այդ իսկապես բարդ տարածաշրջանի բոլոր նրբությունները, բոլոր առանձնահատկությունները, բոլոր փոխհարաբերությունները։ Չէին ուզում հասկանալ, բայց փորձում էին աշխատել այդ տարածաշրջանի հետ։ 

Առաջին չեչենական պատերազմը նախապես էր պլանավորված, ամեն ինչ սկսվել էր պատերազմի մեկնարկից դեռ 1 տարի առաջ՝ 1993 թվականի դեկտեմբերին։ Հետո իրադարձությունները զարգանում էին իրենց ներքին օրենքներով, և նույնիսկ եթե իսկզբանե չէին պլանավորում ավիրել Գրոզնին, ի վերջո բանը հասավ իսկական պատերազմի։ Առաջին չեչենական պատերազմը ակնհայտ քաղտեխնոլոգիական օպերացիա էր, որն անհրաժեշտ էր 1993-ի դեկտեմբերին իշխող կուսակցության պարտությունից հետո։ Քաղտեխնոլոգները, որոնց այն ժամանակ այդպես չէին անվանում, խորհուրդ էին տալիս գրավել հաղթած հակառակորդի ընտրազանգվածը։ Ըստ պաշտոնական վարկածի, այդ ընտրություններում հաղթել էին Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР) և կոմունիստները, որոնք փաստացի Ելցինի համար ուժեղ ընդդիմություն էին դարձել։ Անհրաժեշտ էր գրավել կոմունիստների և նացիոնալ-պատրիոտների ընտրազանգվածը։ Դա անելու համար պետք էր ինչ-որ շատ հայրենասիրական բան անել, ասենք, կայսրությանը ենթարկեցնել ըմբոստացած նահանգը։ Ո՞ր մեկը։ Ընտրությունը կանգնեց Չեչնիայի վրա, քանի որ դեռ 1993-ի նոյեմբերի սկզբներից մշակվում էր այսպես կոչված Շախրայի ծրագիրը, որով նախատեսվում էր վերադարձնել Չեչնիան բանակցային ճանապարհով՝ ուժային ճնշման սպառնալիքի ներքո։ Այդ ծրագիրը կար, բայց չէր իրագործվում։ Իսկ այ 1993-ի դեկտեմբերի 12-ից հետո որոշեցին վերադառնալ դրան։ 

Չեչնիայի հետ կապված ակտիվ գործողությունները սկսվեցին արդեն 1993-ի դեկտեմբերի 16-ին։ 1994-ի ամառվանից ոչ մի քաղտեխնոլոգ այլևս որևէ վերահսկողություն չուներ իրավիճակի վրա։ Ամեն ինչ արդեն Հետախուզության դաշնային ծառայության ձեռքերում էր։ Լայնամասշտաբ պատերազմական գործողությունները մեկնարկել են 1994-ի դեկտեմբերին։ Այս ամենը Ելցինին ձայներ չբերեց։ 1996-ի ընտրություններում հաղթելու համար արդեն պետք էր հակառակը՝ խաղաղության գործընթաց սկսել. Յանդորբիևի հետ բանակցություններ Մոսկվայում, այցելություն Չեչնիա, Նազրանի բանակցությունները չեչենական պատվիրակության հետ։

Այս ամենից հետո Չեչնիան փորձում էին չնկատել։ Ունենք խնդրահարույց շրջան, որի հետ կապված չունենք ոչ մի հստակ երկարաժամկետ քաղաքականություն։ Վատ լուրեր չկա՞ն՝ ուրեմն չենք կպնի, աչք կփակենք, կմտնենք սավանի տակ։ Սավանի տակ մտնել չստացվեց։ 1999-ին արդեն, ինչքան էլ պարադոքսալ չհնչի, պատերազմը պետք էր երկու կողմերին։ Մենք տեսանք, թե ինչպես Պուտինը սկսեց աճել երկրորդ չեչենական պատերազմի հաշվին։ 1999-ի օգոստոսին նա դարձավ վարչապետի պաշտոնակատար՝ ունենալով չնչին, շատ ցածր վարկանիշ։ Հետո՝ մարտական գործողությունների ընթացքին զուգահեռ նա հայտնի էր դառնում իր խոսուն արտահայտություններով (мочить в сортире և այլն)։ Ամեն այդպիսի հայտարարությունից հետո նրա վարկանիշը շաբաթական 7 տոկոսով աճում էր։ Ընդհամենը մի քանի շաբաթ հետո` 1999-ի սեպտեմբերից, Պուտինին ու նրա կուսակցությանը հնարավոր չէր հասնել։ 

Բայց սա միայն Պուտինին չէ, որ պետք էր։ Չեչնիայում Մասխադովի կողմակիցների ու արմատականների միջև հակամարտությունները սրված էին։ Բասաևը ինքնակամ հեռացել էր պաշտոնից, հասկանալով, որ չի կարողանում իրականացնել վարչապետի լիազորությունները։ Նրա դերը խաղաղ Չեչնիայում փաստացի հարցականի տակ էր։ Այն, որ Բասաևը 1998-ի հուլիսից պատերազմի էր պատրաստվում՝ միանգամայն տրամաբանական էր, քանի որ միայն պատերազմական իրավիճակում ինքը և իր կողմնակիցները կարող էին ապահով զգալ։ Ավելի ուշ՝ կարծեմ 2001 թվականին, Ալեքսանդր Պոդրաբինեկին տված հարցազրույցում նա ասել է՝ Դաղստանում պատերազմ սկսելով փաստացի կանխել է քաղաքացիական պատերազմը Չեչնիայում։ Ռազմական ագրեսիայի սրացումը Բասաևի համար գոյատևման երաշխիք էր։ Եվ իսկապես, նա կարողացավ կենդանի մնալ մինչև 2006-ի հուլիս։ 1999 թվականի ամռանը պատերազմի սկսվելը մասամբ օրինաչափություն էր, մասամբ՝ պատահականություն։

Այո, ռուսական խմբավորումները, ռուսական զորքերը ամրապնդվում էին, բայց էսկալացիայից դեռ հնարավոր էր խուսափել։ Լեռնային ճանապարհների բացվելուց հետո 1999-ի ամառվանից Չեչնիայից դեպի Դաղստանի լեռնային շրջաններ, օրինակ՝ Ցումադինսկի շրջան, ուղարկվում էին Բասաևին կամ Խատտաբին ենթարկվող ջոկատներ։ Հուլիս-օգոստոսին այնտեղ բախումներ էին, ոստիկաններ էին սպանվել։ Դրան կարող էին արձագանքել, կարող էին և անտեսել։ Արձագանքեցին. ՆԳՆ 102-րդ ստորաբաժանումն ուղարկվեց դեպքի վայր` պարզելու, թե ինչ է կատարվում Ցումադինսկի շրջանում։ Դրանով, ի դեպ, խաթարվեց այդ շրջանում սկսված սալաֆիտների և ավանդական մահմեդականնների միջև հաշտության պրոցեսը. ներքին գործերի 102-րդ ստորաբաժանման ծառայողները կոշիկներով մտել էին մարզկենտրոն Ագվալիի մարզադպրոց, որն օգտագործվում էր, որպես հինգշաբթի օրերի համատեղ աղոթքի վայր բոլոր մահմեդականների համար՝ սալաֆիտ և սուֆի։ Բախումներից գուցե դեռ կարելի էր խուսափել։

Բայց ՆԳՆ զորքեր էին բերել։ Ի՞նչ է անում Բասաևը։ Նրա ջոկատները մտնում են Բոտլիխի շրջան՝ կտրելով դեպի հարավ, այսինքն՝ Ցումադինսկի շրջան տանող միակ ճանապարհը։ Պատերազմ է սկսվում։ Սկզբում Դաղստանի Ցումադինսկի և Բոտլիխի շրջաններում, իսկ երբ Բասաևի ջոկատները նահանջում են դեպի Նովոլակսկի և Խասավյուրտի շրջաններ, իսկ դա արդեն 1999-ի սեպտեմբերին էր, սկսվում է լայնամասշտաբ պատերազմը։

Այն, որ ռազմական գործողությունները սկսվեցին հենց այդ ժամանակ, քիչ թե շատ պատահականության հետևանք էր։ Կարող էր ավելի շուտ լինել, կամ ավելի ուշ, կարող էին էլի խուսափել էսկալացիայից։ Հետո անցումները նորից կփակվեին ու աշնանն ու ձմռանը պատերազմելն անհնարին կլիներ։ Կարևոր է հիշել, որ հակամարտությամբ շահագրգռված էին երկու ուժեր։ Իշխանափոխությունը Մոսկվայում, որը խնդրային էր անցնում, կարող է հեշտանալ սկսվող պատերազմի շնորհիվ։ Չեչնիայում երկու տարբեր քաղաքական ուժերի զինված ջոկատների համախմբումը պատերազմի ֆոնին, ուժերից մեկին ոչ միայն գոյատևման այլև գերակայության հնարավորություն էր տալիս։ Երկրորդ չեչենական պատերազմն անկասկած դարձավ քաղտեխնոլոգիական օպերացիա։ Հենց դրա վրա աճեց Վլադիմիր Պուտինը։ 

Ուժեղ ձեռքի նոստալգիան 1990-ականների վերջում Ռուսաստանում պատահական չէր առաջացել։ Առաջին չեչենական պատերազմը, ավելի ճիշտ իրադարձությունները, որոնք անխուսափելի դարձրին այդ պատերազմը, արձագանքն էին 1993-ի դեկտեմբերի ընտրություններում իշխող կուսակցության պարտությանը։ Բայց դա միակ արձագանքը չէր։ Կոչը ավանդական ընտրազանգվածին, որը պետք էր վերադարձնել, այլ շրջադարձ ստացավ, փոխվեց պրոպագանդայի վեկտորը։ Վերադարձան կարևորի մասին հին երգերին, հաղթանակի նոստալգիային և այլն։ 1995 թվականից մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կազմակերպվող ռազմական շքերթներն ամենամյա դարձան։ Մինչև այդ քանի՞ շքերթ էր կազմակերպվել՝ 1965-ին, 1975-ին, 1985-ին, 1995-ին։ Չորս։ Եվ միայն 1995-ից արդեն կազմակերպվում էր ամեն տարի։ 1990-ականների կեսերի պրոպագանդայի այս շրջադարձը ինչ-որ չափով ստեղծեց ռեսենտիմենտը՝ ինչպես հիմա են ասում, նոստալգիան Խորհրդային ժամանակների և ուժեղ ձեռքի քաղաքականության նկատմամբ։ Նոստալգիա, որը Վլադիմիր Պուտինը սկսեց իրագործել արդեն 1999 թվականին Չեչնիայում։ 

Չեչնիան պատերազմի մեջ մտավ երկու անհաշտ ուժերով՝ ծայրահեղականների ջոկատները, որոնցով Բասաևն ու Խատտաբը մտել էին Դաղստան, և կառավարական ուժերը։ Նրանք ընդհանուր թշնամու դեմ կռվում էին միասին։ Բասաևն իր ուզածին հասել էր։ Ծայրահեղականների և կառավարական ջոկատների ներկայացուցիչները զոհվում էին նույն ինտենսիվությամբ։ Նոր զինյալներն առաջին հերթին միանում էին արմատականներին, քանի որ ռուսական բանակը, որը Չեչնիա մտել էր «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու, հակաահաբեկչություն էր անում պետական ահաբեկչակչության մեթոդներով՝ մոբիլիզացիայի հիմքեր տալով զինված ընդհատակին։ Հին Ատագի գյուղում տասնյակ «զտումներ» են արել, որոնց ընթացքում մարդկանց ձերբակալում էին, կտտանքների ենթարկում, ոմանք անհետանում էին, ոմանք՝ սպանվում։ Բայց հենց այդպիսի գործողություններից մի քանի օր անց իմ գործընկերներ Օլեգ Օրլովն ու իր թիմը հայտնվում են Ատագիում ու տեսնում, որ տեղում գործում են երկո՛ւ զինված ջոկատներ, որոնք միմյանց ուղղությամբ չեն կրակում, զուտ որովհետև ընդհանուր ավելի մեծ թշնամի ունեն։ Բայց փաստացի այդ «զտումների» արդյունքում ոչ մի ջոկատ էլ չէր ոչնչացվում։ Ուժայինների այսպիսի օպերացիաներից զայրացած մարդիկ աստիճանաբար որոշում էին միանալ զինված դիմադրությանը։ 

2002-ի ամռանը, այսինքն երկրորդ չեչենական պատերազմի մեկնարկից երեք տարի անց, Բասաևի և Մասխադովի համակիրները հաշտության են գալիս, համախմբվում են։ Այսինքն Բասաևը հաղթո՞ւմ է: Չէի ասի։ 

Ալեքսանդր Չերկասով
իրավապաշտպան

Նախորդ և հաջորդ մասերը՝
«Լավ տղեքն» ու վատ դատարանները. Կովկասյան ընդհատակ (մաս 1)

Ահաբեկիչները օդից չեն հայտնվում. Կովկասյան ընդհատակ (մաս 3)

Ռուսերեն սկզբնաղբյուրը՝ Նովայա Գազետա