Ադրբեջանի քաղաքացի Էլխան Շիրինովը պատմել է, որ իրեն և իր չորս ընկերներին Չեչնիայում բերման են ենթարկել միգրացիոն օրենքների խախտման համար, մեկուսարանում տանջել են ու ստիպել գնալ Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու։
Ադրբեջանի իշխանություններն արդեն նոտա են ուղարկել ռուսական ԱԳՆ։
Չեչնիայում աշխատելու գնացած ադրբեջանցիների ձերբակալության մասին հայտնել են բարեկամները։ «Որդիս՝ Ռզաև Նիխադ Տաֆդիգ օղլուն, փեսաներս՝ Շիրինով Էլխան Ակբեր օղլուն և Մագերամով Վուգար Նազիմ օղլուն, ովքեր մայիսին Չեչնիա էին գնացել աշխատելու, այժմ ձերբակալված են միգրացիոն խնդիրների պատճառով», – ադրբեջանցիներից մեկի մոր խոսքերը մեջբերում է Qafqazinfo.az-ը։ Լրատվականի տվյալներով ձերբակալվել են Ադրբեջանի հինգ քաղաքացիներ, որոնցից երկուսին պահում են Գրոզնիի զորամասում, երեքը բանտում են։
Էլխան Շիրինովը պատմել է, որ մեկուսարանում գտնվելու ժամանակ իրենց առաջարկել են զինվորագրվել ու մասնակցել պատերազմին։ Չեն համաձայնել։ Ստիպել են ստորագրել դատարկ թղթի տակ։ Ադրբեջանցիներից երկուսին ավելի ուշ տարել են զորամաս. «Ասացին, որ եթե փորձենք փախչել, կտանեն չոլ ու կսպանեն»։
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի ԱԳՆ՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել Չեչնիայում ձերբակալված քաղաքացիների մասին և պարզաբանել ստիպողաբար Ուկրաինա տանելու մասին լուրերը։ Պաշտոնական Գրոզնին ու ռուսական ԱԳՆ-ն դեռևս տեղի ունեցածը չեն մեկնաբանել։