Բաքվում ձերբակալել են քաղաքագետ, հրապարակախոս, հակապատերազմական ակտիվիստ Բահրուզ Սամեդովին։
«Սամեդովը երեկ 16։00-ին դուրս է եկել տնից, 16։30-ին ոստիկանության վեց աշխատակիցներ մտել են բնակարան, որտեղ նա ապրում էր իր տատիկի հետ։ Ասել են, որ թմրանյութեր են փնտրում։ Խուզարկել են տունը, թմրանյութեր չեն գտել։ Տնից վերցրել են փաստաթղթերը, 2 նոութբուք և գրքեր։ Սա ինձ պատմել է Բահրուզի տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան։
Երեկվանից Բահրուզի հետ կապ չկա։ Ինչ-որ կին է զանգել, անունը՝ Վաքիլ Վաֆա, ասել է, որ Բահրուզին ձերբակալել են հակապետական հոդվածների, թարգմանությունների ու հայերի հետ շփվելու համար», – ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող Ֆերիդ Իսմայիլովը։
Սամեդովի անհետանալու մասին նրա ընկերներն ու կոլեգաները սկսել են գրել օգոստոսի 21-ի երեկոյան, նրանք չէին կարողացել կապ հաստատել Բահրուզի հետ, ասում էին՝ նախատեսված հանդիպումներին չի եկել։
Այսօր առավոտյան հարազատները հաստատել են, որ երեկ նրան բերման են ենթարկել տատիկի տնից, տունը խուզարկել են։ Ամենայն հավանականությամբ, Բահրուզին պահում են անվտանգության ծառայությունում։
Ադրբեջանի Ոստիկանությունը և Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություններ չեն արել։ OC-Media-ն գրել է, որ նախարարության հետ կապ հաստատած լրագրողին ասել են, որ Սամեդովը ձերբակալված չէ։ Բահրուզի հարազատները ենթադրում են՝ սա նշանակում է, որ նրան բերման են ենթարկել ոչ թե ոստիկանություն, այլ Պետական անվտանգության ծառայություն։
Եթե պետական դավաճանության մեղադրանքը հաստատվի, ակտիվիստին երկարամյա ազատազրկում է սպառնում։
Բահրուզ Սամեդովը ապրում և սովորում էր Պրահայում՝ Կարլովի ինստիտուտի ասպիրանտ էր, հետազոտող։ Բաքու էր գնացել ընտանիքին տեսակցելու, հանգստանալու։
Բահրուզի հրապարակախոսական հոդվածները և հարցազրույցները հրապարակվել են միջազգային և տարածաշրջանային մամուլում, այդ թվում՝ Epress.am-ում։ Դրանցում նա քննադատում էր ադրբեջանական իշխանությունների ավտորիտար և միլիտարիստական քաղաքականությունները։ Այդ քննադատությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում կազմակերպված (այդ թվում խաղաղաշինական) նախագծերին, պանելային քննարկումներին և կլոր սեղաններին նրա մասնակցությունը հրապարակային էր և ոչ անանուն։