Փետրվարի 20-ին Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորված ակտիվիստ Բախտիյար Հաջիևին տնային կալանքի փոխադրելու պահանջը, որից հետո մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել դատարանի շենքի առաջ։
Բախտիյար Հաջիևը արդեն 45-րդ օրն է շարունակում է հացադուլը, թեև այսօր՝ հինգ օր չոր հացադուլից հետո, համաձայնվել է սկսել ջուր խմելը։ Հաջիևի ազատությունը պահանջող ակտիվիստները, ինչպես նաև նրա փաստաբանները հայտարարում են, որ ակտիվիստը ցանկացած օր կարող է մահանալ։
Ակցիայի մասնակիցներից հինգին, «մի՛ սպանիր, ազատի՛ր» և «ազատությունը Բախտիյարի իրավունքն է» վանկարկումներից հետո, ձերբակալել են։ Ցուցարարները հայտարարում էին, որ Հաջիևին կալանավորելու օրինական պատճառներ չկան։
Ակտիվիստին ձերբակալել են նրա քաղաքական հայացքների և նպատակների պատճառով, պնդում են ցուցարարները։ «Նրա կալանավորումը [Ադրբեջանի իշխանությունների համար], կարծես թե, սկզբունքի հարց էր»՝ հավելել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ցուցարարները պատրաստ են ավելի մասշտաբային քայլեր ձեռնարկել, եթե Հաջիևին անհապաղ ազատ չարձակեն։
Բախտիյար Հաջիևը ձերբակալվել է դեկտեմբերի 9-ին՝ «խուլիգանության» և «դատարանին անարգելու» մեղադրանքներով․ նույն օրը դատարանը նրան 1 ամիս 20 օրով կալանավորելու որոշում էր կայացրել։ Դեկտեմբերի 15-ին Հաջիևը հացադուլ էր հայտարարել, դեկտեմբերի 28-ին փաստաբանների և հարազատների խնդարանքով դադարեցրել էր հացադուլը, իսկ հունվարի 9-ին՝ վերսկսել այն։ Հունվարի 21-ին դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը մինչև փետրվարի 28-ը։ Փետրվարի 10-ին ընդդիմադիր գործչին տեղափոխել են քրեակատարողական բժշկական հաստատություն։
Մեկ այլ ընդդիմադիր գործիչ «Մուսավաթ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուն Հաջիևին ազատ արձակելու պահանջով խաղաղ բողոքի ակցիա էր իրականացրել դեկտեմբերի 23-ին և ձերբակալվել։ Նա հացադուլ էր հայտարարել, որին միացել էին նրա կինը, ինչպես նաև «Մուսավաթ» և «Ադրբեջանի ժողովրդական ճանակատ» կուսակցությունների մի շարք անդամներ։ 30-օրյա կալանքից հետո Յագուբլուն ազատ է արձակվել։