Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուն, ով հունվարի 5-ին՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում, հացադուլ էր հայտարարել, հոսպիտալացվել է․ ակտիվիստը շարունակում է հացադուլը հիվանդանոցում, հայտարարել է նրա փաստաբանը։
Ի աջակցություն ադրբեջանցի ակտիվիստի՝ հացադուլին միացել են նրա կինը, ինչպես նաև «Ազգային ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունների մի շարք անդամներ, գրում է Кавказский узел-ը։ Հացադուլ հայտարարողների թիվը հասել է 16-ի։ Ակտիվիստները համաձայն չեն Յագուբլուի դատավճռի հետ, և բացի այդ, պահանջում են, որ թույլատրեն կալանավայրում նրան տանից սնունդ ուղարկել և հարազատների հետ տեսակցություններ անցկացնել։
Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» և «Մուսավաթ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուն ձերբակալվել է դեկտեմբերի 23-ին՝ խաղաղ բողոքի ակցիա անցկացնելիս, երբ պահանջում էր ազատ արձակել մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին։
Դատարանի որոշմամբ Յագուբլուն կալանավորվել է 30 օրով՝ մեղադրվելով «խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» հոդվածներով։ Յագուբլուն հերքում է մեղադրանքները և պնդում է, որ իրեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։ Ակտիվիստին չի հաջողվել բողոքարկել դատավճիռը։
«Դատարանը չհարգող» ակտիվիստը նորից հացադուլ է սկսել
Բախտիյար Հաջիևը, որը դեկտեմբերի 28-ին հարազատների և հասարակության խնդրանքով դադարեցրել էր հացադուլը, հունվարի 9-ին վերսկսել է այն, երբ Վճռաբեկ դատարանը հերթական անգամ մերժել է նրա կալանքի բողոքարկումը։ Դեկտեմբերի 9-ին ակտիվիստը ձերբակալվել էր 50 օրով՝ մեղադրվելով «խուլիգանության» և «դատարանին չհարգելու» հոդվածներով, որոնցով ակտիվիստին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում։ Հաջիևը դեկտեմբերի 17-ին հացադուլ էր սկսել՝ պահանջելով, որ ազատեն իրեն կալանքից։
Հաջիևը պատմել է, որ կալանքի ժամանակ նրան ճնշել ու սպառնացել են։ Բացի այդ, դեկտեմբերի 17-ից ի վեր ադրբեջանական իրավապահ մարմինները պարբերաբար հայտարարություններ էին տարածում, որ Հաջիևը դադարեցրել է հացադուլը․ ակտիվիստը հերքել է դա։ Հաջիևը հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կեղծված և պատվիրված է։
«Խուլիգանության» և «դատարանին չհարգելու» հոդվածներով քրգործը հարուցվել է սոցցանցերում տարածված մի տեսանյութի հիման վրա, որում ակտիվիստը լրագրող Ուլվիա Ալովլուի դեմ դատական պրոցեսի ժամանակ փաստաթղթեր է նետում սեղանին։ Ինքը՝ Հաջիևը, պնդում է, որ ձերբակալվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի պատվերով, քանի որ պարբերաբար քննադատել է նրա գործունեությունը սոցցանցերում։
ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին կոչ է արել ազատ արձակել ակտիվիստներ Տոֆիկ Յագուբլուին և Բախտիյար Հաջիևին՝ դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։ Ավելի վաղ Հաջիևին ազատ արձակելու պահանջով հանդես են եկել նաև Եվրամիությունն ու Amnesty միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Ադրբեջանցի քաղբանտարկյալներին անդրադարձել է HRW-ը
2022-ին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների իրավիճակը չի բարելավվել․ տարին ամփոփել է միջազգային Human Rights Watch կազմակերպությունը։ Ըստ HRW-ի՝ թեև մայիսին ադրբեջանական բանտերից ազատ են արձակվել շուրջ 20 քաղբանտակյալներ, առնվազն 30 ապօրինի ձերբակալվածներ շարունակում են մնալ ազատազրկման մեջ։ Նույն ամսվա մեջ կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են երկու ակտիվիստներ՝ նախկին քաղբանտարկյալ, բլոգեր Ռաշադ Ռամազանովը, որը սոցցանցերում ակտիվորեն քննադատում էր ոստիկանական ամենաթողությունը և կառավարության կոռուպցիան, և «Ազգային ճակատ» կուսակցության անդամ Ռազի Ալիշովը։
Տես՝ Իրավապաշտպանները հաշվել են Ադրբեջանի քաղբանտարկյալներին՝ 99
Իշխանությունները շարունակել են հետապնդել իրենց հետ չհամաձայնողներին և իրենց քննադատողներին, հաղորդում է կազմակերպությունը։ Սահմանափակող օրենքները դեռևս խափանում են ՀԿ-ների գործունեությունը։ Մյուս մնայուն խնդիրներից են մնում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը կալանավայրերում, ինչպես նաև մամուլի ազատության սահմանափակումները։
Իշխանությունները շարունակել են թմրանյութեր պահելու կեղծ մեղադրանքներով ձերբակալել կառավարությունը քննադատող քաղաքական ակտիվիստների։ Շատ դեպքերում ձերբակալվածները հաղորդել են ուժայինների կողմից դաժան վերաբերմունքի մասին։
Մարտին ադրբեջանական դատարանը վերոնշյալ մեղադրանքով 6 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ Շահին Հաջիևին։
Թմրանյութեր պահելու կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև մի շարք ակտիվիստների, որոնք, չկարողանալով քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում, 2021-ին արտաքսվել են Ադրբեջան։ Նրանցից են Փյունխան Քերիմլին, Ջաֆար Միրզաևը, Մալիք Ռզաևը և Մութալիմ Օրուջևը․ իշխանությունները պնդում են, որ նրանցից յուրաքանչյուրի մոտ ձերբակալելիս թմրանյութեր են հայտնաբերել։
Ապրիլին ոստիկանությունը ձերբակալել է Սամիր Աշուրովին՝ Գերմանիայից նրա աքսորումից մի քանի շաբաթ անց։ Աշուրովը մեղադրվում էր դանակահարության մեջ, սակայն ոստիկանական բաժանմունքում հարցաքննում էին Գերմանիայում նրա իրականացրած քաղաքական գործունեության մասին։
Սեպտեմբերին չորս ամսով ձերբակալվել են Xural TV օնլայն լրատվամիջոցի խմբագիր Ավազ Զեյնալին և փաստաբան Էլչին Սադիգովին։ Ավելի ուշ Սադիգովին փոխադրել են տնային կալանքի։
Բոլոր հիմնական լրատվամիջոցները Ադրբեջանում մնում են իշխանությունների խիստ վերահսկողության տակ։
Փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Մեդիայի մասին» օրինագիծը, որը սահմանափակում է լրատվամիջոցների գործունեությունը։ Իշխանությունները քննադատներին ստիպում են լռել նաև զրպարտելու մեղադրանքների միջոցով։ «Մեդիա իրավունքների ինստիտուտ» մեդիա դիտարկման անկախ խմբի տվյալներով, 2022-ին ադրբեջանական դատախազությունը «զրարտանքի» հոդվածով 11 գործ է հարուցել։ Առնվազն 4 մարդկանց դատել են սոցցանցերում իրենց հրապարակումների համար․ նրանց թվում է «Քաղաքացի և զարգացում» կուսակցության ղեկավար Ալի Ալիևը, իրավապաշտպան Իլհամ Ասլանօղլուն և այլն։
Ընդամենը 2 օր առաջ՝ հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «քաղաքական կուսակցությունների մասին» օրինագիծը, որով սահմանվում է կուսակցությունների հիմնադրման, պետական գրանցման, գործունեության ստուգումների և չեղարկման, լիկվիդացիայի և ֆինանսական ապահովման նոր կանոնակարգը։ Turan լրատվամիջոցը գրում է, որ թեև իշխանությունները երաշխավորում էին, որ օրինագիծը լայն հասարակական քննարկման է դրվելու, այն միայն մեկ անգամ է քննարկվել կուսակցությունների հետ կլոր սեղանի շուրջ։
Ըստ նոր օրինագծի՝ Ադրբեջանում քաղաքական կուսակցություն կարող է հիմնվել առնվազն 50 անձանց կողմից։ Պետական գրանցման համար կուսակցությունը պետք է ունենա ամենաքիչը 5 հազար անդամ, ընդ որում, եթե գործունեության ընթացքում կուսակցության անդամների թիվը նվազի 4,5 հազարից, դրա գործունեությունը կարող է դադարեցվել։ Չգրանցված կուսակցություններին այս օրինագծով արգելվում է քաղաքական գործունեություն ծավալել։