Հունվարի 13-ին ադրբեջանական ընդդիմադիր «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը զրպարտության հոդվածով դատապարտվել է 5 ամիս ազատազրկման։
Ալիևը «Osmangızı TV» յութուբյան ալիքին դեկտեմբերի 9-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Խըզըյի շրջանում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ հնարավոր չէր ողջ մնալ։
2021 թվականի նոյեմբերի 30֊ի առավոտյան Ադրբեջանի Խըզըյի շրջանում վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռ՝ ուսումնական թռիչք իրականացնելիս․ 14 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։
Սահմանապահ ուժերի գնդապետ-լեյտենանտ Էմիլ Ջաֆարովը, որը փրկված զինծառայողներից էր, ընդդամադիրի դեմ հայց է ներկայացրել։ Ինքը Ալիևն ասում է, որ զրպարտելու որևէ նպատակ չի ունեցել, ուղղակի վերլուծել է փաստերը և հանգել եզրակացության, որ վիրավորները պարզապես չեն եղել ուղղաթիռում՝ նման բարձրությունից ընկնելուց հետո անհնար է կենդանի մնալ։
Ալի Ալիևի դատապաշտպանը նշում է, որ դատը արագացված ընթացակարգով է անցկացվել․ պատրաստվելու համար իրենց տվել են միայն 5 րոպե, իսկ մեղադրյալին զրկել են վերջին խոսքի իրավունքից։ Բացի այդ, Ալիևի զարկերակային ճնշումը դատի ընթացքում բարձրացել է մինչև 220/150, սակայն դատը շարունակվել է։ Ընդմիջման ժամանակ ևս Ալիևին չեն թույլատրել դահլիճից դուրս գալ։
Պաշտպանող կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Փաստաբանը համարում է, որ դատը «հերթական պատվեր» է եղել՝ հաշվի առնելով շտապողականությունը և դատական պրոցեսի ընթացակարգի կոպիտ խախտումները։ Նմանատիպ հայց ներկայացրել է նաև մյուս կենդանի սպան, և իրավապաշտպանը համարում է, որ այդ դատը նույնատիպ ավարտ կունենա։