Հունվարի 15-ին Ադրբեջանի գերագույն դատարանի շենքի դիմաց «Գյանջայի գործով» մեղադրյալների հարազատները ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով փողոց էին փակել։ Ոստիկանության միջամտությամբ փողոցի երթևեկելի մասը բացվեց։
«Գյանջայի գործով» մեղադրյալների ծնողները հունվարի 15-ին բողոքի ակցիա էին իրականացնում Գերագույն դատարանի շենքի դիմաց․ փողոց էին փակել, պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին, վանկարկում էին «ազատություն»։
«Մեր երեխաներին ապօրինաբար ձերբակալել են, իսկ մեզ ոչ մի պաշտոնյա չի ուզում ընդունել ու լսել»,- ասում է ցույցի մասնակիցներից մեկը։
«Ինչու՞ են ուզում մեզ ինքնասպանության հասցնել։ Մեր հիվանդ երեխաներին բանտերում են պահում, կյանքը կործանում են»։
Ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց ցուցարարներին մի կողմ հրավիրել, ազատել փողոցի երթևեկելի գոտին։
Ցույցի մասնակիցները հայտնեցին, որ առավոտյան նախագահի ադմինիստրացիայի մոտ են գնացել, որտեղ իրենց շատ կոպիտ են ընդունել։ «Մեզ ասել էին, որ եթե առանց լրագրողների ներկայանանք՝ կընդունեն, բայց խաբեցին։ Ոստիկանությունը շատ կոպիտ ձևով բռնեց ու ավտոբուսներ լցրեց։ Մեզ ուղարկեցին Գերագույն դատարանի մոտ, ասացին, որ այստեղ մեզ կընդունեն, հետո հասկացանք, որ էլի խաբեցին», – հայտնում է ցույցի մասնակիցը։
2018 թվականի հուլիսի 3-ին հարձակում էր տեղի ունեցել Քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի վրա։ Միջադեպի արդյունքում Վելիևն ու իր թիկնապահը վիրավորվել էին։ Յունիս Սաֆարովը, ով մեղադրվում է հարձակումն իրականացնելու մեջ՝ ձերբակալվել էր դեպքի վայրում։
Նույն թվականի հուլիսի 10-ի երեկոյան Գյանջա քաղաքում չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանության երկու ծառայողներ էին սպանվել։
Գյանջայի դեպքերի հետ կապված քրեական պատասխանատվության էր ենթարկվել 77 մարդ։ 11-ի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նրանցից երկուսը գտնվել և Ադրբեջան են վերադարձվել։ 6 հոգի սպանվել է ձերբակալության ժամանակ։