Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող Ֆահրադին Աբասովի գործի քննությունը։
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի «հակապետական բացահայտ կոչեր անելու» և «ազգային թշնամանք սերմանելու» հոդվածներով։ Ազատազրկումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն Աբասովի նկատմամբ կայացվել էր 2018-ի հուլիսի 14-ին Սաբաիլի շրջանային դատարանի կողմից։
Դատախազը Ֆահրադին Աբասովի համար 17 տարվա ազատազրկում էր պահանջել։ Դատարանի որոշմամբ նա կազատազրկվի 16 տարով։
Անվտանգության ծառայության տվյալներով, Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, բանասեր Աբասովը «բացահայտ հակապետական կոչեր» է արել, մասնավորապես, Հայաստան է գնացել և ելույթներ ունեցել, որոնք «հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին»։
Ֆահրադին Աբասովը Մոսկվայից Բաքու վտարվել է 2019 թվականի մարտի 1-ին։
Ավելի վաղ, Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունը հայտնել էր, որ Մոսկվայում Բաքվի պահանջով ձերբակալված Աբասովն անհետացել է Լյուբերցիի մեկուսարանից։ Իրավապաշտպանների տվյալներով, 2019-ի փետրվարի 27-ին իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ Ֆահրադին Աբասովի մեկուսարան են եկել, ազատ արձակման մասին փաստաթղթեր ներկայացրել ու տարել անհայտ ուղղությամբ։ Աբասովի անձնական իրերը մնացել են մեկուսարանում։
Նա գործով դատական նիստը նախատեսվում էր փետրվարի 28-ին, բայց հետաձգվում է մինչև մարտի 18․ մեղադրյալի տեղը ոչ ոք չգիտեր։
Ավելի ուշ պարզ է դառնում, որ փետրվարի 28-ին դատարանը վտարման որոշում է կայացրել։
2004 թվականին Աբասովը հեռացել էր Ադրբեջանից ու Ռուսաստան տեղափոխվել։ 2011-ին նա ժամանակավոր ապաստան էր ստացել, իսկ ավելի ուշ՝ բնակության իրավունք։ 2018-ի սեպտեմբերի 6-ին Աբասովին Մոսկվայում բերման են ենթարկում ու մեկուսարան տեղափոխում՝ «Ադրբեջանի հանրապետությանը արտահանձնելու նպատակով»։
2005-ի մայիսին Հայաստանում տեղի ունեցավ Թալիշագիտության միջազգային առաջին գիտաժողովը։ Ֆահրադին Աբասովը կոնֆերանսին ելույթ ունեցավ «Թալիշերենի և թալիշ ժողովրդի պաշտպանության» մասին զեկույցով։ Ադրբեջանում կոնֆերանսը որակվեց որպես սեպարատիզմը խրախուսող միջոցառում։