Home / Բանակ / Տանջամահ էին անում՝ հայկական լրտեսներ փնտրելով

Տանջամահ էին անում՝ հայկական լրտեսներ փնտրելով

Տասնյակ խոշտանգվածներ, 25 դավաճանության մեջ մեղադրվածներ և 9 տանջամահ արված․ այսպիսին են 2017 թվականին Ադրբեջանական բանակում Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողների մասին ԲիԲիՍի-ի հետաքննության արդյունքները։ Պարբերականի ռուսական ծառայությունը զրուցել է «Թարթառյան գործով» տուժածների հարազատների հետ։

Նասիրը հայրենի Խաչմազե գյուղից Բաքու է տեղափոխվել որդու՝ պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալությունից հետո։ Մեսենջերում խումբ է բացել, շփվում է այլ զինվորների հարազատների հետ, փաստաթղթեր է հավաքում, հանդիպումներ է ունենում իրավապահների ու միջազգային դիվանագետների հետ։ Միշտ իր մոտ է պահում ադրբեջանական բանակում կտտանքների ենթարկված զինվորների գործերն ու դատավճիռները։

Այս պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէր․ դատավարությունները փակ դռների ետևում էին ընթանում։

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարությամբ հայտնեցին Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինվորականների ձերբակալման մասին։ Սա ամբողջ պաշտոնական տեղեկությունն էր։

2017-ի հունիսին լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների նկատմամբ զանգվածային խոշտանգումների մասին հասարակությունը սկսեց իմանալ միայն 2019-ին, երբ աստիճանաբար բացահայտվում էին գործի հետ կապված մանրամասները։

Իրավապաշտպանների տվյալներով, կտտանքների են ենթարկվել ավելի քան 100 զինվորներ ու սպաներ, նրանցից 25-ը երկարաժամկետ ազատազրկման են դապարտվել, նվազագույնը 9-ը՝ զոհվել։

Այժմ Ադրբեջանում սա հայտնի է որպես «Թարթառյան գործ»՝ այն մարզի անունով, ուր մեղադրյալ զինվորներին տեղափոխում էին հետաքննության համար։

«Եթե խոստովաներ՝ ողջ կմնար»

Իրավապաշտպան Օքտայ Գյուլալիևի փոխանցմամբ, կտտանքների արդյունքում 9 զինծառայող է զոհվել։ Նրանցից հինգի նկատմամբ անգամ քրեական գործ չէր հարուցվել։

Զոհվածներից է 32-ամյա սպա, երկու անչափահաս երեխաների հայր Ռուսլան Օջահվերդիևը։ Կինը՝ Ռավանան, պատմում է, որ 2017-ի հունիսի 15-ին Ռուսլանը զորամաս է գնացել, ինչից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել․ զանգերին չէր պատասխանում։

Զինվորականները հայտնել են, որ Ռուսլանին ինչ-որ տեղ են տարել՝ առանց մանրամասնելու, թե ուր կամ ինչու։ Հետո ասել են, որ վիրավոր է։ Ավելի ուշ տեղեկացրել են, որ մահացել է․ իբր զորավարժությունների ժամանակ է սիրտը կանգնել։

Ռավանան զինվորական դատախազության դեմ դատական գործ հարուցած տասնյակ տուժածներից մեկն է։ Փորձաքննության արդյունքների մասին իմացել է հենց դատական նիստի ժամանակ․ մահը վրա է հասել կրծքավանդակի հատվածի տրավմայից։ Գործով անցնող զինվորների ցուցմունքները բացահայտել են կտտանքների հետ կապված մանրամասները։

«Բերանը կապել են, խեղդել, պահանջել, որ խոստովանի, որ լրտեսություն է արել, ասել են՝ դու ես ընտրում՝ կամ մեռնել, կամ խոստովանել», – հիշում է Ռավանան։

Դատարանի դահլիճում հայտնի է դարձել, որ Ռուսլանը կտտանքների արդյունքում մեկ այլ զինվորականից կորզված կեղծ ցուցմունքի զոհն է դարձել։

«Դատարանում ես լացում էի, [խոշտանգումների մեջ մեղադրվող] Ֆուադ Ագաևին հարցնում էի՝ ինչու է այդպես վարվել, պատասխանում էր, որ եթե ինքը չսպաներ՝ իրեն կսպանեին», – պատմում է Ռավանան։

Ցուցմունքների և դատական փորձաքննության արդյունքների համաձայն, սպային մերկացրել են, կապել, ինչ որ նյութեր ներարկել, խեղդել ջրում։ Այս ամենը կատարվել է բժշկի ներկայությամբ, ով պետք է հետևեր, որ մահը ժամանակից շուտ վրա չհասնի։

Դատախազությունից Ռավանային հայտնել են, որ ամուսնու նկատմամբ որևէ քրեական գործ հարուցված չի եղել։

Թաղում ոստիկանական միջավայրում

39-ամյա պաշտոնաթող գնդապետ֊լեյտենանտ Սալեխ Գաֆարովն էլ երկու անչափահաս երեխա ուներ։ Կինը՝ Նաթավանը, պատմում է, որ ամուսնուն հենց տնից են բերման ենթարկել՝ առանց բացատրության։ Երկու շաբաթ ոչ մի լուր չկար, հետո մարմինն են փոխանցել։

Ոստիկանները շտապեցրել են թաղման արարողությունը, գերեզմանատանը շրջափակել են դագաղը, կնոջը մոտ չեն թողել։

«Դատավարության ժամանակ իմացա, որ նրան կալանավորել են կտտանքների ենթարկված մեկ այլ զինվորի մատնության հիման վրա։ Մայիսի 4-ին բերման են ենթարկել, տանջել, 6-ին կոմայի մեջ է ընկել, տարել են Բաքվի ռազմական հիվանդանոց, մայիսի 13-ին մահացել է»,- հիշում է Նաթավանը։

Սալեխի ձեռքերն ու ոտքերը կապել են, խեղդել են ջրում, հոսանքահարել են, եղունգներն են քաշել, կոտրել ծնոտն ու կապված վիճակում նետել երկրորդ հարկից։ Հետո շարունակել են տանջել։ Տղամարդը կոմայի մեջ է ընկել։ Այս ամենը հաստատվել է վկաների ցուցմունքներով ու դատական փորձագիտությամբ, որում մանրամասն նկարագրվում էին ներքին օրգանների վնասվածքները, կոտրվածքներն ու եղունգների բացակայությունը։

Հարազատների ապստամբությունը

Այժմ նվազագույնը 25 հոգի բանտերում է՝ պետական դավաճանության, կոչումով բարձր զինվորականի վրա հարձակման կամ նմանատիպ այլ մեղադրանքներով։ Հարազատները դատական գործեր են հարուցում, պատմում են խոշտանգումների մասին, Բաքվում բողոքի ակցիաներ են իրականացնում։

2017 թվականին Էլվրուս Գուլուզադեի որդին՝ ժամկետային զինծառայող Նաթիկը, չի եկել արձակուրդի։ Ծնողներն անհանգստացել ու զորամաս են գնացել։ Իմացել են, որ հոսպիտալում է, բայց չեն գտել։ Հանդիպել են կորած այլ զինվորների ծնողների հետ, միասին գնացել են շրջանի ռազմական գլխավոր ոստիկանություն։

«Մեր վրա մոտ 50 սպաներ հարձակվեցին, թշնամու պես էին խոսում ու դուրս վռնդում։ Սպառնացինք, որ ինքնասպան կլինենք, նոր խոստացան լսել։ Բոլորիս անուն֊ազգանունները գրանցեցին, ասացին՝ երեք օրվա մեջ կզանգեն, կասեն ուր են երեխաները»,֊ պատմում է Էլբրուսը։

Երեք օր անց որդին իրոք զանգել է․ «Ասում էի՝ Նաթիկ, իրոք դու ե՞ս։ Խալերի տեղերը հարցրեցի, նոր համոզվեցի, որ ինքն է, ողջ է»։

Հինգ օր անց Նաթիկն ու հարևան գյուղից ևս մեկ զինվոր վերադարձել են և պատմել խոշտանգումների մասին։ Նաթիկի մեջքն են վնասել, հոսանքահարել են սեռական օրգանները, ինչից հետո նա հինգ օր կոմայի մեջ է եղել։ Այս գործող փորձաքննություն չի իրականցվել, լուսանկարները, այնուամենայնիվ, պահպանվել են։

Էլբրուսի փոխանցմամբ, Նաթիկը հենց հաջորդ օրը զորամաս է վերադարձել ու շարունակել ծառայությունը։

Սեպտեմբերին նրան Բաքու են կանչել ինչ-որ թղթեր ստորագրելու համար։ Եղբոր՝ Նահիդի հետ գնացել է։ Ավելի ուշ Նահիդը հայտնել է, որ եղբորը ձերբակալել են։

«Հետո Նաթիկը պատմում էր, որ իրեն խաբել են, իբր մեզ՝ ծնողներին, ձերբակալել են թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Պատրաստ է եղել ցանկացած բան խոստովանել, միայն մեզ հետ մի բան չլինի։ Հայաստանի հետ կապերի մասին խոստովանել է, հետո է իմացել, որ մեր մոտ ամեն ինչ կարգին է, ազատության մեջ ենք»։

Այժմ երիտասարդը 18 տարի ժամկետով ազատազրկման մեջ է։ Ծնողները փորձում են բողոքարկել վճիռը։

Փրկվածներն ազատության մեջ

Կտտանքների զոհերի մեծ մասին հաջողվել է բանտից խուսափել։ Անհիմն ձերբակալվածներին հարցաքննողների ու տանջողների մեծ մասը քրեական պատասխանատվության են ենթարկվել։

Վերևում նշված մայոր Ֆուադ Ագաևը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային խոշտանգումների համար, ևս յոթը բանտում են ավելի քիչ ժամկետներով։ Ռազմական ոստիկանության պնդմամբ, կտտանքների մեջ մեղադրվող բոլոր զինվորականները պատասխանատվության են ենթարկվել։

Նախկին վաշտի հրամանատար Վագիֆ Աբդուլաևը, սակայն, դժգոհ է դատական գործընթացներից։

«Ինձ ոչ մի մեղադրանք չեն առաջադրել, ուղղակի երկու ամիս տանջել են։ Հետո ստիպել են այդ վիճակում մարզական պատրաստվածության քննություն անցնել, որը բնականաբար ձախողեցի, ինչն էլ դարձավ ծառայությունից ազատելու պաշտոնական պատճառը։ ․․․Եթե նույնիսկ ինձ նորից աշխատանքի վերցնեն, ես հետ չեմ կանգնի, մինչև բոլոր մեղավորները չնստեն», – հայտարարում է նախկին սպան։

«Մարդիկ այլևս չեն վախենում խոսել»

Իրավապաշտպան Օքտայ Գյուլալիևը պատմում է, որ զանգվածային ձերբակալությունների առաջին ամիսներին ոչ հասարակությունը ոչ իրավապաշտպանները տեղի ունեցածի մասին ոչ մի տեղեկություն չունեին։ Հետո խոսակցություններ էին շրջանառվում խոշտանգումների և սպանությունների մասին։

Գյուալիևի խոսքով, սկզբնական շրջանում հայկական կողմի հետ համագործակցության մեջ մեղադրվողների հարազատները վախենում էին մասնակցել բողոքի ակցիաներին․ «Միայն անցյալ տարի սկսեցինք կապ հաստատել խոշտանգումների ենթարկվածների ազգականների հետ»։

Իրավապաշտպանը հայտնում է, որ դատարանի կողմից հաստատված տուժածների թիվը գերազանցում է 101-ը, նրանցից նվազագույնը 9-ը զոհվել են խոշտանգումների հետևանքով։ Հետագայում պետական դավաճանության մեղադրանքով ազատազրկվել է  նվազագույնը 25 զինվորական։ «Միշտ «նվազագույնը» բառն եմ օգտագործում «Թարթառյան գործի» մասին խոսելիս, քանի որ խոսքը միայն այն մարդկանց մասին է, որոնց վերաբերյալ մենք կարողացել ենք ինչ-որ բան իմանալ», ֊ բացատրում է Գյուլալիևը։

2019 թվականի հոկտեմբերի 29-ին Գյուլալիևը վրաերթի է ենթարկվել Բաքվի կենտրոնում։ Ծանր վնասվածքներ է ստացել, մի քանի վիրահատություն են կատարել։ Այս նյութի հրապարակման ժամանակ նա դեռևս ծանր վիճակում է և բուժումը շարունակում է արտերկրում։

«Ոչ մարտական կորուստներ»

2013 թվականին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա էր ադրբեջանական բանակում ոչ մարտական զոհերի թեմայով։ Ցույցի մասնակիցները դատապարտվեցին զանգվածային անկարգությունների մեղադրանքով։ Վերջին դատապարտվածը՝ Իլկին Ռուստամաձեն, ազատ արձակվեց այս տարի։

Իսկ բանակում կոռուպցիայի մասին նյութերի հեղինակ, լրագրող Աֆղան Մուխտարլին մինչև հիմա բանտում է․ մեղադրվում է մաքսանենգության և սահմանի ապօրինի հատման մեջ։

Խոշտանգումները սովորական պրակտիկա են

Իրավապաշտպանները Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակներ սկսել են կազմել 1990-ականների կեսերից՝ այժմյան նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի պաշտոնավարությունից սկսած։

Գյուլալիևի կարծիքով, «Թարթառյան գործով» դատապարտվածները ևս տարեվերջում այդ ցուցակում կհայտնվեն։

Տեղական իրավապաշտպանները բազմիցս ասել են, որ կտտանքները երկրում սովորական պրակտիկա են դարձել։ Եվրախորհրդի այդ թեմայով նախազգուշական կոմիտեի ներկայացուցիչները 2004 թվականից սկսած վեց անգամ Ադրբեջան են այցելել։ Կոմիտեի անցյալ տարվա զեկույցում ասվում է․ «կտտանքներն ու դաժան վերաբերմունքի այլ տեսակները ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից համակարգային բնույթ ունեն, լայնորեն տարածված են և արմատախիլ չեն արվում»։