Ադրբեջանը Եվրոպական միության հետ երկկողմանի համաձայնության բանակցություններ է վարում։ Համաձայնագիրը պետք է համապատասխանի երկու կողմերի հետաքրքրություններին, հակառակ դեպքում այն չի կնքվի։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտնել է չորս տեղական իշխանամետ հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։
Ալիևի խոսքով, խնդրահարույց կետերից մեկը վերաբերում է Ադրբեջանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելուն։ «Կարծում եմ, դրա ժամանակը դեռ չի եկել»,- ասել է Ալիևը: Պատճառն այն է, որ երկրի արտահանվող ապրանքների մեծ մասը կազմում են նավթն ու գազը և Ադրբեջանը պետք է պահպանի ներքին շուկան։
«Եթե ԱՀԿ մտնենք, մեր արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը մեծ խնդիրների կհանդիպեն։ Մեր շուկան կարող է էժանագին արտադրության մեծ ծավալներով լցվել»,- բացատրել է Ալիևը։
Բացի այդ, ենթադրվում է, որ գազի ներքին և արտահանվող գները նույնն են լինելու, ինչը բացարձակապես իրատեսական չէ։ Ներկայումս գազի գինը ներքին սպառողի համար մոտ 100 մանաթ է։ Արտահանվում է մի քանի անգամ ավելի թանկ գնով։ «Եթե մենք գազն արտահանենք ներքին գնով՝ 58 դոլար, դա մեծ վնաս կհասցնի մեր տնտեսությանը։ Մյուս կողմից, եթե գազի գինը ներքին սպառողի համար հասցնենք 300-400 դոլարի՝ այն անհասանելի կդառնա բնակչության համար», – նշել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ այս երկու հարցերը չլուծելու դեպքում համաձայնագիրը չի կնքնվի։
«Արևելյան համագործակցություն» ծրագրի հեռանկարների մասին հարցին պատասխանելիս, Ալիևը չթաքցրեց իր թերահավատությունն ու Բաքվի՝ այդ ծրագրով հետաքրքրված չլինելը։ Նրա խոսքով, այդ ծրագրի մասնակից նախկին խորհրդային երկրները միանգամայն տարբեր ներքին ու արտաքին քաղաքականություն, ազգային հետաքրքրություններ ու զարգացման մակարդակ ունեն։
«Որքանո՞վ է ճիշտ նրանց բոլորին մեկ ծրագրով միավորելը։ Այդ ծրագրի ապագայի մասին խոսելը բարդ է։ Մենք դուրս չենք գալիս, բայց չենք էլ պատրաստվում ակտիվ մասնակցություն ունենալ», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Ադրբեջանը Եպրոպական երկրների հետ հարաբերությունները փորձում է կառուցել երկկողմանի սկզբունքով։
Բաքվի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևն իր ելույթում քննադատաբար էր խոսում Եվրոպայի մասին։ Նման բացասական վերաբերմունքի մասին հարցին ի պատասխան Ալիևն ասաց, որ Ադրբեջանի մուտքը Եվրամիություն «միանգամայն անհնարին է»։ Նրա խոսքով, Եվրոպայում այժմ ակտիվանում են կենտրոնախույս ուժերը, ընթացքի մեջ է Բրեքսիթը։ Եվրամիության հետագա ընդարձակման հեռանկարներ չկան։
Մի շարք երկրներ ընդունել ու իրագործել են Եվրամիության պահանջները, ծանր իրավիճակում հայտնվել, բայց այդպես էլ չեն ներառվել կազմակերպության կազմում։
Բացի այդ, Եվրոպան բացասաբար է վերաբերվում մահմեդական երկրներին։ Դա հաստատվում է Թուրքիայի օրինակով։ «Եթե Թուրքիան չեն ընդունում, Ադրբեջանը կընդունե՞ն»,- ասել է Ալիևը։
«Եթե անգամ ասեն, որ այ այս օրը Ադրբեջանը կարող է Եվրամիություն մտնել, դա մեզ պե՞տք է։ Բոլորը տեսնում են, թե Եվրոպայում ինչ պրոցեսներ են ընթանում կրոնի ու բարոյական արժեքների հետ կապված հարցերում։ Մենք պետք է բաց հայտարարենք, որ դա չի համապատասխանում մեր արժեքներին»,- հայտարարել է Ալիևը։
Ելույթի վերջում նա ավելի կոնկրետ արտահայտվեց, ասելով, որ Ադրբեջանի ճակատագիրը չի կարող Բրյուսելում որոշվել, և որ Ադրբեջանն արդեն կայսրության կազմում լինելու փորձ ունի․ «Ինչու՞ մենք պետք է նորից հանձնենք մեր անկախությունն ու ինչ որ մեկի ենթակայության տակ հայտնվենք։ Մենք դրան կտրականապես դեմ ենք»։