Ադրբեջանի մայրաքաղաքում հոկտեմբերի 19-ին կայացած չարտոնված հանրահավաքը՝ ընդդեմ ցածր աշխատավարձերի և համատարած կոռուպցիայի, ավարտվեց զանգվածային ձերբակալություններով և կալանավորումներով։
Հանրահավաքը նախաձեռնած ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» քաղաքային իշխանություններին նախապես տեղեկացրել էր հոկտեմբերի 19-ին «Գյանջլիկ» մետրոյի կայարանի դիմաց բողոքի ցույց անցկացնելու մտադրության մասին։ Նշված վայրում ցույցի արտոնումն իշխանություների կողմից կանխատեսելիորեն մերժվել էր, փոխարենն առաջարկվել էր հանրահավաքն անցկացնել Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լոկբատան գյուղում։ Բաքվի գործադիր իշխանությունը առաջին անգամ չէ, որ հանրահավաքի արտոնումն ուղիղ մերժելու փոխարեն ծաղրական առաջարկ է անում տեղափոխել այն քաղաքի ծայրամաս կամ քաղաքից դուրս։
Հանրահավաքը նախաձեռնող Խորհուրդը մերժում ստանալուց հետո որոշում կայացրեց բողոքի ցույցն այնուամենայնիվ անցկացնել՝ առանց արտոնման և «Գյանջլիկ» կայարանի փոխարեն քաղաքի կենտրոնում գտնվող «Մայիսի 28-ի» հրապարակում։
Հանրահավաքի նախօրեին՝
_ սկսվեցին «կանխարգելիչ» ձերբակալությունները․ ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» (ԱԺՃ) և «Մուսավաթ» կուսակցությունների տասնյակ անդամներ, այդ թվում նրանք, ովքեր մարզերից գալիս էին Բաքու՝ մասնակցելու կայանալիք ցույցին, բերման ենթարկվեցին կամ կալանավորվեցին։ Ընդհանուր առմամբ հանրահավաքից առաջ և հանրագավաքի ժամանակ ԱԺՃ֊ից բերման է ենթարկվել ավելի քան 100, իսկ Մուսավաթից՝ մոտ 30 անդամ, 14 հոգի ձերբակալվել է։
_ Ձերբակալությունների հետ մեկտեղ սոցիալական ցանցերում և ԶԼՄ֊ներում ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլիի անունից կեղծ հայտարարություններ էին տարածվում հանրահավաքի ժամի փոփոխության կամ չեղարկման մասին։ Հաղորդվում էր, իբր «Մուսավաթի» նախկին ղեկավար Իսա Համբարը քննադատել է ցույցի անցկացումն և հանդես եկել ընդդեմ հայտարարությամբ։
_ Թեև շաբաթ օրը ոչ աշխատանքային է, պետաշխատողներին հոկտեմբերի 19-ին պարտավորեցրել էին ներկայանալ աշխատավայր, իսկ «Մայիսի 28-ի» հրապարակում, որտեղ պետք է տեղի ունենար ցույցը, անհասկանալի պատճառներով շինաշխատանքներ էին սկսվել։ Հրապարակի տարածքն, ի դեպ, բոլորովին վերջերս վերանորոգվել էր։
Հանրահավաքի օրը՝
_ առավոտից «Մայսիսի 28-ի» հրապարակը բոլոր կողմերից՝ մի քանի թաղամաս շառավիղով, շրջապատված էր ոստիկանական ջոկատներով։
_մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանը, չնայած հանգուցային դիրքի, փակ էր։ Փակ էին նաև հարևան կայարանները։
_ երթուղայինների երթուղին նույնպես փոխվել էր։ Հանրային տրանսպորտն, այսինքն, ամբողջությամբ շրջանցում էր «Մայիսի 28-ի» հրապարակը։
_ հրապարակում և դրա մերձակայքում չէր գործում նաև բջջային ինտերնետը։
_ հրապարակի հարակից փողոցները արգելափակված էին ավտոբուսներով և ոստիկանական մեքենաներով։
Բոլոր խոչընդոտներն, այնուամենայնիվ, հաղթահարած և «Մայսիս 28-ի» հրապարակ հասած փոքրաթիվ ցուցարարներին տեղում սպասում էին հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) ոստիկաններ․ բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվում նույնիսկ հանրահավաքը լուսաբանող լրագրողները։ Ընդհանուր առմամբ, հանրահավաքի վայրից բերման է ենթարկվել շուրջ 60 ցուցարար։
Ցուցարարները՝ արձագանքելով իշխանությունների գործողություններին, ապակենտրոնանում էին և հրապարակ գնալու փոխարեն փոքրիկ խմբերով հավաքվում հարակից տարածքներում։
Հանրահավաքից հետո՝
Բերման ենթարկվածներին ոստիկանական բաժանմունքներում ծեծի էին ենթարկել։ Դաժան ծեծի են ենթարկվել անգամ ԱԺՃ ղեկավար Ալի Քերիմլին և Մուսավաթի առաջնորդներից Տոֆիկ Յագուբլուն։
Քերիմլիի փոխանցմամբ, ծեծը սկսվել է ոստիկանական ավտոբուսում (ոստիկանները բռնել են մազերից, գլուխը ինչ որ բանի խփել ու տեսանկարահանել)։ Ավելի ուշ` ոստիկանության Հաթաինի վարչությունում, պահանջել են կամերայի առջև ելույթ ունենալ և հայտարարել, որ «դադարեցնում է Ադրբեջանի իշխանությունների հետ պայքարը»։ Քերիմլիի հրաժարվելուց հետո նրան շարունակել են ծեծել․ գցել են գետնին, բռնել ոտքերից ու ձեռքերից, սեղմել կոկորդն այնպես, որ նա սկսել է խեղդվել։ Կտտանքները շարունակվել են մոտ մեկ ժամ։
Տոֆիկ Յագուբլուն ոստիկանությունում ստացել է ողերի մեկ կամ երկու կոտրվածք, Քերիմլիի գլխի վերքին ոստիկանության բաժանմունքում վեց կար են դրել։
Իշխանամետ լրատվամիջոցները բողոքի ցույցը կամ չեն լուսաբանել, կամ ներկայացրել են այն որպես «ադրբեջանական պետականության դեմ ուղղված» և «հայերի հրահրմամբ կատարված» գործողություն։
Meydan.tv-ի թղթակից Չինգիզ Սուլտանսոյը՝ ամփոփելով հոկտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած իրադարձությունները, մի քանի կետ է առանձնացնում․
«Հանրահավաք Բաքվի կենտրոնում․ վերջին տարիներին առաջին անգամ ընդդիմությունը ի դեմս Ադրբեջանի ժողովրդական ճակատի և Ազգային խորհրդի, կարողացավ նման չափագծի չարտոնված ցույց իրականացնել, գրավել Բաքվի բնակիչների ու լրատվամիջոցների ուշադրությունը, թեև քաղաքի կենտրոնը անշարժեցված էր ոչ այնքան ցուցարաների, որքան ոստիկանական ջոկատաշղթաների պատճառով։
Ստուգված «պարտիզանական» մարտավարություն․ ընդդիմադիր և երիտասարդական խմբավորումների կողմից նախկինում արդեն փորձարկված ու հոկտեմբերի 19-ին կրկին կիրառված «պարտիզանական» մարտավարությունը՝ փոքր խմբերով արագ հավաքվելն ու անմիջապես ցրվելը, աշխատեց նաև այս անգամ։
Փաստացի, ոստիկանությունը զբաղվում էր դատարկ հրապարակի հսկմամբ, մինչդեռ բողոքի ցույցերն ընթանում էին այլ տեղերում։ Օրինակ, կոնսերվատորիայի հարակից հրապարակում մի քանի հարյուր ցուցարար վանկարկում էին «Ազատություն», «Ղարաբաղ», «Հրաժարական»։
Ոստիկանները չէին հերիքում․ Հազարավոր ցուցարարների ապակենտրոն և միաժամանակյա ակտիվության պատճառով նույնիսկ ոստիկանների այդքան բազմամարդ ջոկատները չէին բավականացնում ցուցարարներին զանգավածաբար բերման ենթարկելու և հանրահավաքն արագ ցրելու համար։
Իշխանությունների նպատակը․ չարտոնված հավաքի մասնակիցների, հատկապես տարեցների ու կանանց նկատմամբ, չափազանցեցված բռնությունը, հանրահավաքի կազմակերպիչ, ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլիի նկատմամբ ցուցադրական դաժանությունը ցույց էին տալիս, որ իշխանությունների նպատակը ոչ թե պարզապես հանրահավաքը ցրելն էր, այլև՝ մասնակիցներին և կազմակերպիչներին վախեցնելը, բողոքի ոգին կոտրելը։
Հանրահավաքի կազմը․ ցուցարարների կողմից նկարահանված տեսանյութերից պարզ երևում է, որ հանրահավաքին մասնակցել են մեծ թվով անկուսակցականներ։ Հուսահատ մարդիկ խոսում են իրենց խնդիրների մասին՝ կամայականություններ պետպաշտոնյաների կողմից, կեղծ մեղադրանքներով դատավճիռներ ու ազատազրկումներ, զավթված ունեցվածք, արդարադատության բացակայություն և այլն։
Ընդդիմության տեսանելիությունը․ Հանրահավաքն ու իշխնությունների ճնշումները՝ բիրտ ուժի կիրառմամբ, մեծ արձագանք ստացավ։ Օտարերկրյա ադրբեջանական հեռուստաալիքները՝ Azerbaycan Saati, Meydan TV, Osmanqizi, Azad Söz և այլն, ուղիղ եթերով հեռարձակում ու քննարկում էին հանրահավաքը։ ՈՒղիղ եթերին ռեկորդային թվով դիտողներ էին հետևում։ Հանրահավաքին անդրադարձավ նաև միջազգային մամուլը՝ Reuters, BBC, New York Times, Radio Liberty, Independent և այլն։
Իշխանամետ հեռուստաալիքների թուլությունը․ իշխանամետ հեռուստաալիքները, որոնք «տեղեկատվական֊վերլուծական աջակցություն» են տրամադրում կառավարությանը, հանրային կարծիքի ձևավորման հարցում ակնհայտորեն զիջեցին Ադրբեջանից դուրս գտնվող ինտերնետային լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի գրառումներին։
Իշխանությունների մտավախությունները․ կանխարգելիչ գործողությունների ծավալները ու բողոքի ցույցը ցրելու համար գործադրված բռնի միջոցները ցույց են տալիս, որ իշխանությունները լրջորեն անհանգստացած են։ «Վերջերս անցկացված հարցման համաձայն, բնակչության բացարձակ մեծամասնությունն աջակցում է Ադրբեջանի ներկայիս իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությանը», – հոկտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն հոկտեմբերի 19-ի իրադարձություններն ու դրանց հակազդելուն ուղղված կառավարության ջանքերը հակառակի մասին են խոսում։
Վախացնելու անհաջող փորձերը․ հունվարի 19-ի բազմահազարանոց ցույցը «Մեխսուլ» մարզադահլիճում, որն, ի դեպ, արդեն քանդել են, և հոկտեմբերի 19-ի հանրահավաքը ցույց տվեցին, որ երկրում բողոքի տրամադրությունն աճում է, իսկ ոստիկանության գործողություններն արդյունք չեն տալիս։ Ձերբակալությունների ու ոստիկանական բաժանմունքներում բռնության դեպքերի էֆեկտիվությունը պարզ կլինի հետագայում։
Խնդրի ուժային լուծումը․ իշխանությունների պահվածքը հանրահավաքից առաջ, ընթացքում ու հետո ցույց տվեցին, որ կառավարությունը շարունակում է հետևել բնակչության դժգոհություններին պատասխանելու պրոպագանդիստական կամ ուժային ուղիներին։ Արդեն այսօր կարելի է բավականին մեծ հավանականությամբ կանխագուշակել, որ առանց սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումների, խնդիրների լուծման ուժային տարբերակը կլինի անարդյունք։