Վրաստանի քաղաքակրթվածությունը
«Ադրբեջանը նավթ ունի, մենք՝ մշակույթ»
(Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի)
Մինչև խոսակցությունը սկսելը ասեմ, որ նույնիսկ եթե վերոնշյալ արտահայտությունը ճիշտ է, դրա կիրառումը մի երկրի նախագահի կողմից մյուս, մարտավարական գործընկեր պետության հասցեին, ոչ պրոֆեսիոնալ է և ոչ էթիկ։
Իմ այս գրառմամբ չեմ ուզում գովաբանել Ադրբեջանն ու Ադրբեջանի ժողովրդին (ինչն անհեթեթություն կլիներ), այլ ուզում եմ ցույց տալ, որ պետք չէ գերագնահատել վրացիներին։ Ես այն ադրբեջանցիներից եմ, ովքեր կարծում են, որ վրացիները մեզնից «առաջ են»։ Բայց այդ «առաջ լինելը» չեմ համարում անհասանելի, անմատչելի։
Մի մշակութաբանի դասակարգմամբ, ում անունը չեմ հիշում, սոցիալական հանրությունները երեք տեսակի են լինում․
Վայրի կամ թույլերի ու ուժեղների հանրություն։ Ուժեղները ոչ մեկի ու ոչ մի բանի հետ հաշվի չնստելով, թույլերի հետ վարվում են ըստ իրենց ցանկության։
Բարբարոսական հանրություն՝ ամեն ինչ կառավարվում է սովորույթների ու ավանդույթների հիման վրա։ Միակ սկզբունքը նախնիների կենսակերպն է։ Այսինքն, մենք էլ պետք է այդպես ապրենք։
Քաղաքակիրթ հանրություն՝ ամեն ինչ կարգավորվում է մարդկանց կողմից գրված ռացիոնալ, քաղաքակիրթ օրենքներով, սահմանադրությամբ և նմանատիպ փաստաթղթերով։
Բնականաբար, աշխարհում չկա այնպիսի հասարակություն, այնպիսի ժողովուրդ, որն ամբողջությամբ համապատասխանում է այս ձևերից որևէ մեկին։ Յուրաքանչյուրն այս կամ այն չափով պարունակում է ինչ որ տարրեր այս երեք ձևերից․ կարևոր է, թե որից՝ ինչքան։ Լսածիս, տեսածիս ու կարդացածիս համաձայն, Արաքսից մինչև Վոլգա հատվածի ժողովուրդների մոտ տոկոսային հարաբերությունը գրեթե նույնն է։ Կարելի է ասել, որ Վրաստանի հայտնի հեղափոխությունից հետո օրենքներն այնտեղ ավելի լավ են աշխատում, քան մեր մոտ, բայց կտրականապես սխալ է պնդել, որ վրացիներն ավելի լավ են վերաբերվում թույլերին կամ ավելի քիչ են կախված ավանդույթներից ու կրոնից այն վայրերում, որտեղ օրենքները չեն աշխատում։ Մենք պարզապես վրացիներին միշտ համեմատում ենք հարևան ժողովուրդների հետ։
Այնպես որ, վրացիների քաղաքակրթվածությունը նույնն է, ինչ հարուստ համարելը մի մարդու, ով երկու կով ունի մի հեռավոր գյուղում, ուր յուրաքանչյուրը մեկ կով ունի։ Եթե մեր մոտ, օրինակ, ամեն միլիոն մարդուն բաժին է հասնում մեկ գիտնական, գրող, նկարիչ, ապա իրենց մոտ՝ երկուսը։ Առաջին հայացքից տարբերությունը կրկնակի է, այն դեպքում, երբ հրեաների մոտ տասնապատիկ, տասնհինգապատիկ, քսանապատիկ է։
Հոմոֆոբիան բարձր մակարդակի վրա է, ռասիզմը, քսենոֆոբիան՝ իրենց տեղում։ Սեքսիզմ կա, ինչպես սազական է՝ հայրիշխանական արժեքները փոթորկում են, կրոնն ու հոգևորականները ևս, կուսությունը ամուսնանալիս կարևորագույն չափորոշիչներից է… Բայց ինչ որ 5-6 տեղական նշանակության ոչ մեծ աշտարակների, 3-4 բանաստեղծությունների, որոնք վրացիներից բացի ոչ ոք չի կարդում, անվանել «քաղաքակիրթ»… Անվանիր ինչպես ուզում ես, բայց դա աչքներս մտցնել, այն էլ նախագահի մակարդակով…
Եթե վրացիները քաղաքակիրթ են, ինչպիսի՞ն են այդ դեպքում գերմանացիները։ Այդ ի՞նչ քաղաքակիրթ ազգ է, որ ոչ մի «Նոբելյան մրցանակի», «Ոսկե արմավենու», «Բուքերյան մրցանակի», «Պուլիցերի» դափնեկիր չունի։
Չի կարող քաղաքակիրթ լինել մի երկիր, որի նախագահը համբուրում է Հռոմի պապի ձեռքը)։
Պատկերացրեք Խորվաթիայի ու Գերմանիայի միջև ինչ որ միջպետական վիճաբանության ժամանակ Մերկելը նման անհեթեթ հայտարարություն անի․ «Խորվաթները ծով ունեն, մենք՝ մշակույթ։ Իսկ մենք ասենք․ «Պակիստանը միջուկային զենք ունի, մենք՝ մշակույթ»։ Իրենք էլ ասեն․ «բուշմենները մեծ առնանդամ ունեն, իսկ մենք՝ մշակույթ»։ Մի խոսքով, երկու երկրներից մեկը կարող է ավելի քաղաքակիրթ, ավելի զարգացած լինել, թեկուզ մի քիչ, թեկուզ 0,001 տոկոսով։ Ինչու՞ ամեն անգամ դա միմյանց աչքը մտցնել, հատկապես երբ երկուսի մոտ էլ վատ իրավիճակ է։
Հնարավո՞ր է երեք տարբերություն գտնել Օրթաճալայի սրճարանում, մասկուլին միջավայրում դոմինո խաղացող, բոլոր կոճակներն արձակած մազոտ կրծքով վրացի հոպարների ու ավտոկայանի սրճարանում ոլոռով «NZS» գարեջուր խմող ադրբեջանցի հոպարների միջև; երկաթուղային կայարանի վրացի վարորդների, ովքեր կարող են ձեզ Թբիլիսի հասցնել այնպես, որ առանց փոշմանելու դժվար է հիշել, ու մեր «մայիսի 28-ի» տաքսիստների միջև; գեյ շքերթ ցրող վրացի ախպերության ու մերոնց միջև, որ հետաքրքրվում էին, թե «լսի, ասում են Եվրոտեսիլին Բաքու լիքը գոմիկներ են գալու»։
Միաժամանակ, Բուդապեշտի բոլոր սրճարաններում կարող եք անմիջապես տեսնել տարբերությունը․ ցանկացած սրճարանում այնքան կին կա, որքան և տղամարդ, և բոլորին հավասարաչափ հարմար է։ Երբեք չեք տեսնի հունգարացի տաքսու վարորդ, ով կմոտենա ձեզ ու կհարցնի արդյոք մեքենա պետք է, կամ ուր եք գնում։ Տարին գոնե մի անգամ ամենամեծ պողոտաները փակվում են ԼԳԲՏ շքերթների համար ու ամբողջ քաղաքը վառ գույներով է ներկվում։ Ահա այսպիսի բաները կարող են քաղաքակրթական տարբերություններ համարվել։ Թե չէ ի՞նչ բարդ բան կա ինչ որ ինդեքսով մի քիչ հետ կամ առաջ գնալու մեջ։ Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ բոլոր այդ ինդեքսները ուղիղ կապված են քաղաքական իշխանության ու կուրսի հետ։
Ի՞նչ բարդ բան կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի աջակցությունը ստանալով հեղափոխություն անելու մեջ։ Հնարավո՞ր է ինչ որ արդյունքի հասնել, երբ հինգ մշտական անդամներից նվազագույնը չորսի համար քո երկրում քաղաքական փոփոխությունները ձեռնտու չեն։
Մի խոսքով, մենք մահմեդական վրացիներ ենք, հայերը՝ քրիստոնյա ադրբեջանցիներ, վրացիները՝ քրիստոնյա լեզգիներ… Սա ասելով ուզում եմ բացատրել, որ ոչ ադրբեջանցիները, ոչ վրացիները, ոչ հայերը միմյանցից հեռու չեն գնացել, նրանցից ոչ մեկից ոչ մի լուրջ, պատկառելի ավանդ համաշխարհային գիտության կամ մշակույթի մեջ մի սպասեք։ Համենայն դեպս մինչև հիմա չեն արել։
Ավելի քաղաքակիրթ լինելու, կամ ընդհուպ մինչև ավելի բարձր ռասայի պատկանելու ադրբեջանցիների հիմնական փաստարկը սովորաբար մոտավորապես այսպիսին է․ [իրենց մոտ] մեդիայի ազատության, թափանցիկության, կոռուպցիայի բացակայության ցուցիչը։ Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ այդ ոլորտներում իրավիճակը Վրաստանում, Հայաստանում ու մեր մոտ նույնն էր։ Ոմանք նույնիսկ Վրաստանն անվանում էին «Failed State»։ Եվ ինչ, եթե 5-6 տարվա մեջ այդ ցուցիչները մեր մոտ ավելի լավը դառնան, քան իրենցը, ինչն ամենևին էլ անիրական չէ, մենք ավելի քաղաքակիրթ կդառնանք, քանի իրե՞նք։
«Թղթակիցներ առանց սահմանների»-ի համաձայն 2019-ին Սամոան, Նամիբիան, Բոթսվանան, Թոնգան, Չիլին, Ռումինիան, Բուրկինաֆասոն և էլի մի քանի նույնատիպ երկրներ «Մեդիայի ազատությունն աշխարհում» ցուցանիշով ավելի առաջ էին քան ԱՄՆ֊ն ու Վրաստանը։
«Freedom House»֊ի տվյալներով 2018 թվականին Տուվալուն, Դոմինիկան, Միկրոնեզիան, Մալտան, Պալաուն և մի քանի այն նման երկրներ «Ազատությունն աշխարհում» ցուցանիշում գերազանցում էին Ֆրանսիան; իսկ Գանան, Բենինը, Նաուրուն, Սամոան, Ալբանիան Վրաստանից առաջ էին։
Վրացիների ու հայերի սիրած մյուս փաստարկը․ «Մենք մեր այբուբենն ունենք»։ Իսկ ի՞նչ եք գրել ձեր այդ այբուբենով, բացի Աստվածաշնչի թարգմանությունից։ Ի՞նչ փիլիսոփայական ուղղություն եք ստեղծել, ի՞նչ գլուխգործոց վեպով եք հեղափոխություն իրականացրել համաշխարհային գրականության մեջ, ի՞նչ բանաստեղծությամբ եք զարդարել համաշխարհային պոեզիան։ Միգուցե ոչ էվկլիդյան երկրաչափությու՞ն եք ստեղծել։ Եթովպիացիները, լաոսցիները, բիրմաններն էլ սեփական այբուբեն ունեն։
Իսկ վրացիների համար աշխարհի ամենավաճառվող գործերը, երևի, «Ալին ու Նինոն» և «Կովկասի տասներկու գաղտնիքներն» են։
Էլ չեմ խոսում դարպասների գողության մասին՝ երկրաշարժի ժամանակ օգնելու փոխարեն։
Բաբեկ Աբասզադե
աղբյուրը՝ ԱզԼոգոս