Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա օրակարգում քննարկվում էր վարչապետի պաշտոնում նախագահի տնտեսական հարցերով խորհրդատու Ալի Ասադովի թեկնածության հաստատման հարցը, հայտնում է contact.az-ը, նշելով, որ վարչապետ Նովրուզ Մամեդովի պաշտոնանկության հրաման դեռևս չկա։
72-ամյա Մամեդովը վարչապետի պաշտոնը ստանձնել էր ընդհամենը մեկ տարի առաջ, և պատմության մեջ կմնա որպես կառավարության ամենաաննկատ ղեկավար, որն աչքի չընկավ որևէ օգտակար նախաձեռնությամբ։
Ալի Ասադովը ծնվել է 1956 թվականին, Նախիջևանում։ Դպրոցն ավարտել է Բաքվում, իսկ 1978-ին ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Աշխատանքը սկսել է Ադրբեջանի Պետպլանում՝ Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտում։ 1989-1995 թվականներին Քաղաքագիտության և սոցիալական կառավարման ինստիտուտի դոցենտն ու ամբիոնի ղեկավարն էր։ 1995 թվականին ընտրվել է Միլլի Մեջլիսի պատգամավոր։ 1998 թվականին նշանակվել է նախագահի տնտեսական հարցերով խորհրդատու։ 2012-ին դարձել է նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։