Home / Ազգային ժողով / Իրավունք չունի, բայց հարուստ է

Իրավունք չունի, բայց հարուստ է

Ինչ է պետք իմանալ «Ուժեղ Հայաստանի» մասին

Ռուսաստանցի բիզնեսմեն, «Տաշիր Գրուպ» հոլդինգի հիմնադիր, Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի կուսակցությունը ընտրություններին պիտի այնպիսի հաղթանակ տանի, որ կարողանա սահմանադրական մեծամասնություն (մանդատների նվազագույնը 66․7 տոկոս) ապահովել նոր գումարման Ազգային ժողովում։ Հակառակ դեպքում Կարապետյանը դուրս կմնա ֆորմալ քաղաքականությունից և լավագույն դեպքում կդառնա հայկական Բիձինա Իվանիշվիլի։

Հայաստանի սահմանադրությունն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին․ վարչապետի թեկնածուն պետք է ունենա միայն հայկական անձնագիր և վերջին 4 տարում անընդմեջ բնակվի Հայաստանում։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի (և Կիպրոսի) քաղաքացի է, նախքան ձերբակալվելը՝ 2025-ի հունիս, ապրում էր Մոսկվայում։ Վարչապետ դառնալ նա չի կարող։

Ապրիլի 8-ի գաղտնի համագումարում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վարչապետի ֆորմալ թեկնածու է ընտրել Նարեկ Կարապետյանին՝ Սամվելի եղբոր որդուն և ընտանիքի լիազոր ներկայացուցչին։ Նարեկը վարչապետ դառնալ չի ուզում, ներկայանում է զուտ որպես հերողբոր կուսակցության խորհրդի անդամ։ Նա խոստանում է հաղթել ընտրություններում, ստանալ ԱԺ պատգամավորների ⅔-ի քվեները, փոխել Հայաստանի սահմանադրությունը և, վերացնելով օտարերկրյա քաղաքացիների առջև դրված արգելքները, ճանապարհ հարթել ավագ Կարապետյանի առաջնորդությունն օրինականացնելու համար։

00207

photo_2026-04-11_17-49-19

Կարապետյանի թիմակիցներն արդեն ներկայացնում են նրան որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։ 

Կուսակցության ակտիվը խոստանում է լինել ուժեղ, հզոր, հմուտ և ազգային, հայապահպան, հայանպաստ, արժանապատիվ։ Խաղաղություն են հաստատելու ոչ թե զիջումներով, այլ ուժով և ուժեղ դիվանագիտությամբ։ Վերականգնելու են հարաբերությունները ոչ միայն Մոսկվայի, այլև Վաշինգտոնի, Լոնդոնի և Պեկինի հետ։ Ապավինելու են աստծուն։ Ստիպված չեն լինելու ընտրել հայրենիքի և ապագայի միջև, վերականգնելու են պետական մտածողությունը, վերադարձնելու են ազգային արժանապատվությունը և խարսխելու են իրենց տեսլականը այնպիսի արժեքների վրա, որոնք ձևական լոզունգներ չեն։

00254

00245

Իշխող ուժը նոր ընդդիմությանը համարում է պրոռուսական։ Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, թե Հայաստանում կան որոշ ռուսամետ ուժեր, ոմանք գտնվում են անազատության մեջ, չնայած ունեն ՌԴ անձնագիր, և Մոսկվան կուզեր, որ նրանք կարողանային մասնակցել գալիք ընտրություններին։

Պուտինի ելույթից հետո լրագրողները հետապնդում էին հիմնականում կրտսեր Կարապետյանին․ — Ընդունո՞ւմ եք, որ պրոռուսական եք։ — Համարում ենք, որ հակառուս չենք։

Նախընտրական շրջանում Սամվել Կարապետյանը ներկայանում է որպես «հայկական ամենամեծ բիզնես-կազմակերպության» հիմնադիր։ «Տաշիր Գրուպը» հազիվ թե հնարավոր է համարել հայկական ընկերություն։ Թեպետ ռուսական հոլդինգը ներդրումներ և որոշ ֆիլիալներ ունի Հայաստանում, իսկ ակտիվների մի մասը պահում է օֆշորներում՝ Ռուսաստանից դուրս, այնուամենայնիվ այն ռուսական բիզնես-կազմակերպություն է՝ ռուսական ներդրող։

00252

00249

Ռուսական Forbes-ի տվյալներով, Կարապետյանը ռուսաստանցի միլիարդատերերի ցանկում զբաղեցնում է 44-րդ տեղը, ակտիվների մոտավոր արժեքը՝ 3․2 միլիարդ դոլար։ Ըստ ամերիկյան Forbes-ի՝ Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 միլիոնով՝ 2026-ի դրությամբ կազմելով 4.1 միլիարդ դոլար։

«Տաշիր գրուպը» հիմնականում զբաղվում է շինարարությամբ, անշարժ գույքի վարձակալությամբ, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ունի Ռիո մոլեր, առևտրի այլ կենտրոններ, Սինեմա սթար կինոթատրոններ, տարբեր արտադրություններ, շինանյութի գործարաններ, էլեկտրամատակարարող ընկերություններ («Կասկադ-Էներգոսբիտ»), ռեստորաններ, սննդի կետեր, 2002-ից նաև «Ֆորա-բանկի»-ի սեփականատերն է։

Ռուսական Կալուգայում գրեթե ամեն ինչ «Տաշիրինն» է, 2005-ից ընկերությունը սկսել է ընդարձակվել դեպի Մոսկվա․ նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հին կապերի և հատկապես հայկական սփյուռքի հաշվին 2010-ականներին Կարապետյանն իրենով է արել մոսկովյան շիննախագծերի զգալի մասը։ 2012-ի դրությամբ, օրինակ, Մոսվայում կոմերցիոն գույքի 25 տոկոսը կառուցվում էր «Տաշիր Գրուպի» կողմից։ 

2016-ին «Տաշիր Գրուպը» գնել է նաև Հայաստանի Էլեկտրական ցանցերի և Հրազդանի ՋԷԿ-ի բոլոր բաժնետոմսերը․ վաճառողը «Ինտեր ՌԱՕ»-ն էր՝ «գույք պարտքի դիմաց» գործարքի ռուսական շահառուներից մեկը։

00222

Կարապետյանի բիզնես-կարիերան, այնուամենայնիվ, սկսվել է ոչ թե ռուսական Կալուգայում, այլ Կալինինոյում՝ Հայաստանի Լոռվա մարզում։ Նրա նախաձեռնությամբ քաղաքը հետագայում անվանափոխվել է Տաշիր։

Սովետի օրոք Սամվել Կարապետյանն աշխատում էր Կալինինոյի արծնապատ ամանեղենի գործարանում։ Եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի հրահանգիչն էր (հետագայում դարձել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ խմբակցության ղեկավար և այլն)։ 

90-ականների սկզբին ամանեղենի գործարանը փաստացի անցել է Կարապետյան եղբայրներին։ Մետաղական իրերի համար սպառման շուկաներ փնտրելով՝ Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Ռուսաստան (սկզբում Մոսկվա, իսկ 1992-ին՝ Կալուգա, որտեղ բարեկամներ և ընկերներ ուներ)։

Կարապետյանի բիզնես ստրատեգիան ի սկզբանե հիմնվում էր հայկական համայնքների վրա․ կապեր հաստատել Ռուսաստանում ապրող հայ գործարարների հետ, գնել սնանկացող հայերի ակտիվները, ընդարձակվել դեպի նոր շուկաներ՝ նախօրոք գործընկերներ գտնելով հայերի շրջանում։ «Տաշիրը» հիմնականում փակ ցիկլով է աշխատում․ օրինակ, շինարարության համար վարկեր են վերցնում սեփական բանկերից, շինանյութ գնում սեփական արտադրամասերից, էլեկտրականություն մատակարարում սեփական էլեկտրամատակարար ընկերություններից և այլն։

00209

00208

Արդեն 1997-ին Կարապետյանը ձեռք է բերել «Կալուգագլավսնաբ»-ը, որը ԽՍՀՄ տարիներին ծառայում էր որպես նյութատեխնիկական մատակարարման տարածքային վարչություն։ Սովետի օրոք ընկերությունը սարքավորումներ, հումք, շինանյութ էր մատակարարում Կալուգայի մարզի ավելի քան 450 ձեռնարկություններին, համագործակցում էր հարյուրավոր մատակարարների հետ ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ 1991-ին «Կալուգագլավսնաբ»-ը մասնավորեցվել էր և վերածվել խոշոր միջնորդ ընկերության, որը զբաղվում էր մեծածախ առևտրով, նյութերի և սարքավորումների մատակարարումներով, լոգիստիկայով։ Ընկերությունը կապեր ուներ, որոնք պահպանվել էին դեռ խորհրդային ժամանակներից՝ օրինակ, «Գազպրոմի» հետ։ Կարճ ժամանակում «Կալուգագլավսնաբ»-ը դարձել էր ռուսական նավթագազային կորպորացիայի տեղական կապալառուներից մեկը․ 90-ականներին «Գազպրոմը»-ը Կալուգայի մոտակայքում մեծ արդյունաբերական կլաստեր էր սարքում, և բնակելի նոր միկրոշրջանի շինարարությանը ներգրավված էր նաև Սամվել Կարապետյանի թիմը։ Գազպրոմի հետ բիզնես-կապերը պահպանվել են նաև հետագայում։ «Կալուգագլավսնաբ»-ի հիմքի վրա 1999-ին ստեղծվել է «Տաշիր գրուպը»։

«Ուժեղ Հայաստանի» թիմը առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ՝ Սամվել Կարապետյանը կարողացել է ուժեղ բիզնես անել, կկարողանա նաև ուժեղ պետություն կառուցել։ Ուժեղ բառը նրա նախընտրական տեսաուղերձում կրկնվում է մոտ 15 անգամ։

Կարապետյանները անդադար տնտեսական հրաշք են խոստանում աղքատացած հայաստանցիներին՝ տասնյակ նոր գործարաններ, երեք հարյուր հազար նոր աշխատատեղեր, «միլիարդավոր դոլարների ներդրումներ իրական ներդրողներից»։ Առողջապահությունը դարձնելու են անվճար, կրթությունը՝ հասանելի, թոշակները՝ բարձր, հարկերը՝ ցածր, նպաստները՝ նպատակային։ Աղքատություն բառը թողնելու են անցյալում։

photo_2026-04-11_17-49-16

photo_2026-04-12_08-38-27

Սամվել Կարապետյանի գովազդը ամենուր է՝ նախընտրական շտաբերի վրա, բիլբորդներին, կանգառներում, առցանց մամուլում, կինոթատրոններում, Տաշիր Գրուպին պատկանող մոլերում և առևտրի կենտրոններում, սոցցանցերում։ 

Միայն ֆեյսբուքում «Ուժեղ Հայաստանի» էջը (նախկինում «Մեր ձևով» էր կոչվում) մոտ 130 հազար դոլար է ծախսել փոստերը գովազդելու վրա։ Լիքը փող է գնում նաև Արհեստական բանականությանը։

Նախընտրական գովադներից մեկում, օրինակ, ԱԲ գեներացված հայ գյուղացին, հայ առևտրականը, սպառողը, զինվորը, հարկատուն և գործազուրկը նայում են երկինք և սոցիալական բնույթի հարցեր տալիս։ Երկնքից իջնում է Mr. Ուժը՝ ասպետական զրահաբաճկոնով և սուպերմենի թիկնոցով։ Նա սլանում է Արարատի ֆոնին, վայրէջք կատարում Հյուսիսային պողոտայում և այնտեղ հավաքված ժողովրդին հորդորում բոլոր հարցերն ուղղել արհեստական բանականությամբ աշխատող WhatsApp-բոտին։

Մյուս տեսահոլովակում 2050 թվականն է՝ դպրոց, ապագայի աշակերտներ, ԱԲ-ով գեներացված ուսուցչուհին պատմում է, որ Հայաստանում եղել է մի ժամանակ, երբ թույլ առաջնորդը ուրացել է հերոսների նվաճած հաղթանակները, թուլացրել է բանակը, ինչի պատճառով մենք կորցրել ենք մեր Արցախը։ Երեխաները հարցնում են՝ իսկ ինչպե՞ս է ամեն ինչ փոխվել։ Ուսուցչուհին պատասխանում է՝ ընտրել ենք նոր ուժեղ առաջնորդ և հիմա մենք ունենք ուժեղ անվտանգություն և ուժեղ Հայաստան։ Երեխաները հարցնում են՝ իսկ ի՞նչ է եղել այն թույլի հետ։ Ուսուցչուհին պատասխանում է՝ նրա բոլոր հետևորդները անֆոլո են արել նրան, և նա ստիպված ինքն իրեն է սրտիկներ ցույց տալիս հայելու մեջ։ 

 

Հաջորդ տեսահոլովակում ԱԲ գեներացված մայրիկը բանակ է ճամփում ԱԲ գեներացրված որդուն։ Մայրիկը լաց է լինում, որդին ասում է՝ մամ ջան, մի լացիր, մենք արդեն թույլ չենք, Սամվել Կարապետյանը ավելացրել է պաշտպանական բյուջեն, մենք արդեն ունենք ուժեղ խաղաղություն։ Մայրիկը պատասխանում է՝ գիտեմ, տղաս, սրանք հպարտության արցունքներ են։

 

«Ուժեղ Հայաստանի» ֆեյքերը անընդհատ լայքում և քոմենթում են կուսակցական կոնտենտը։ Նրանց գերակտիվության պատճառով Ֆեյսբուքը վերջերս արգելափակել էր Նարեկ Կարապետյանի պաշտոնական էջը։

***

Սամվել Կարապետյանը հայկական ընդդիմության նոր ֆավորիտն է՝ միակ այլընտրանքը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնք պոպուլյար չեն, մոբիլիզացիա չեն ապահովում և պարբերաբար վիճում են իրար հետ։

Ընդդիմադիր կուսակցությունները հերթով հայտարարում էին նրան միանալու ցանկության մասին։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրեսը», հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» շարժումը փորձում էին նրա հետ դաշինք կազմել։ Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և շոումեն Հայկ Մարությանի «Նոր ուժը» պատրաստ են սատարել ընտրություններից հետո։ Ավագ գիտաշխատող Ֆիրդուս Զաքարյանի «Կայունությունը», նախկին տնտեսագետ Հրանտ Բագրատյանի «Ազատությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» առհասարակ որոշել են ընտրություններին չմասնակցել, որ չփոշիացնեն Կարապետյաններին հասանելիք ձայները։ Ցանկը կարելի է շարունակել։ «Տաշիր գրուպի» հիմնադրին միացել է նույնիսկ «Հայուհի» կանանց կենտրոնը։

00219

00203

«Ուժեղ Հայաստանը» նրանցից ոչ մեկի հետ դաշինք չի կազմել, փոխարենը հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան»  և «Միավորված հայեր» անհայտ կուսակցությունների հետ։ Սիմվոլիկ այս միության միակ իմաստը քվեաթերթիկում Սամվել Կարապետյանի անուն-ազգանունն ավելացնելն էր։ Քանի որ կուսակցությունները անձնանուններ ունենալ չեն կարող, իսկ դաշինքների դեպքում օրենսդրական կարգավորումը հստակ չէր՝ Կարապետյանները հույս ունեին, որ, օգտվելով բացից, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կդարձնեն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք։ Բայց նոր անվանումը գրանցելուց անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիրը» օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց և անձնանունների արգելքը տարածեց նաև դաշինքների վրա։

00226

Կարապետյանը հունվարից տնային կալանքի տակ է, մինչ այդ կալանավորված էր մոտ 6 ամիս, մեղադրվում է տնտեսական հանցագործությունների և  իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

Ձերբակալությունից հետո նրա ազգականները, ենթակաները և գործընկերները «Մեր ձևով» շարժում էին սկսել, որին հընթացս միացել էին որոշ դաշնակցականներ, հանրապետականներ, անկուսակցական ընդդիմադիրներ, երգիչներ, շոումեններ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տերտերներ և այլն։ Սկզբում նրանք պահանջում էին ազատ արձակել «ազգային բարերար, բարեգործ, բարի մարդ, քաղբանտարկյալ» Սամվել Կարապետյանին։ Իսկ հետո դարձան կուսակցություն։

Կարճ՝ նախապատմության մասին․ 

— Ձերբակալության նախօրեին Սամվել Կարապետյանը ժամանել էր Ռուսաստանից և հայտարարել, որ եթե հոգևորական և քաղաքական էլիտաների առճակատումը շարունակվի՝ «ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
— Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր․ «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ», «Պետության համը բերաններդ կմնա»:
— Կարապետյանին անմիջապես ձերբակալել էին:
— Քրեական գործեր էին հարուցվել նաև ՀԷՑ-ի դեմ, հայտարարվել էր ընկերությունը պետականացնելու որոշման մասին։

photo_2026-04-11_17-49-17

photo_2026-04-11_17-49-16 (2)

Այստեղ երկու հակադիր մեկնաբանություններ կան։

Ընդդիմությունը պնդում է, որ ապօրինի քրեական գործեր հարուցելով՝ իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսել հայտնի միլիարդատերից, որը քաղաքականությանը ուղիղ չէր միջամտում, բայց որոշել էր խախտել լռությունը, քանի որ չէր կարող հանդուրժել եկեղեցական վերնախավի դեմ ռեպրեսիվ արշավը։ Իրադարձությունների հաջորդականությունը վկայում է, որ ուժային կառույցները գործել են վարչապետի ուղիղ ցուցումով․ Սամվել Կարապետյանը խղճի բանտարկյալ է և այլն։

Իշխանությունը պնդում է, որ գործարար Կարապետյանը՝ իմանալով իր դեմ նախապատրաստվող քրեական գործի, ՀԷՑ-ում ավելի վաղ նախաձեռնված ստուգումների, էլցանցերը ազգայնացնելու մտադրության մասին, որոշել էր ընդդիմադիր հայտ ներկայացնել՝ գալիք ձերբակալությանը հաղորդելով քաղաքական երանգ։ Կարապետյանի անունը հիշատակվում է սառեցված արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի (աշխարհիկ անունը՝ Վազգեն Գալստանյան) դեմ քրեական գործում։ Գալստանյանը մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով, կալանավորվել է Կարապետյանի ձերբակալությունից հաշված օրեր անց։ Քննչական կոմիտեի նախագահը 2025-ի հուլիսին հայտարարել էր, թե խուզարկությունների ժամանակ Գալստանյանի մոտ նյութեր են առգրավել, ըստ որոնց ռուսաստանցի միլիարդատերը խոստացել է մի քանի հազար մարդ հավաքագրել Սրբազանի մարած շարժմանը թափ հաղորդելու համար։ ՔՊ-ականները ակնարկում էին, որ հեղաշրջման պլանում նաև ՀԷՑ-ն էր ընդգրկված։ Բամբասանքներ էին տարածվում, թե արքեպիսկոպոսի տապալված իշխանափոխությանը օգնելու համար Ռուսաստանից Հայաստան են գալիս Կարապետյանների մարտական ակումբների հետ կապված մարզիկներ։ 

Սամվել Կարապետյանի փաստաբանները հերքում են իրենց պաշտպանյալի կապը ընդդիմադիր եկեղեցական շարժման հետ, իսկ ցուցարարների հավաքագրման մասին խոսակցությունները համարում են քաղաքական զրպարտություն։

լուսանկարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին հանրահավաքից, ապրիլի 11, 2026