2026 թ. հունիս 3, չորեքշաբթի

ԲՀԿ․ Ամեն կենդանուց՝ զույգ-զույգ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գագիկ Ծառուկյանը գլխավորում է իր կուսակցության նախընտրական ցուցակը, բայց վարչապետ դառնալ չի ուզում, քանի որ ունի վարչապետի երեք այլ թեկնածուներ։

Հները, ըստ Ծառուկյանի, պետք է գնան, որ գան նորերը։ Ներկա և նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմելը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը բացառել է․ «Եթե Քոչարյանը պիտի լինի՝ ո՛չ»։

— Իսկ եթե Սամվել Կարապետյանը կամ Նարեկ Կարապետյա՞նը։
— Ուրեմն, մենք դա կքննարկենք։

Ենթադրվում է, որ Ծառուկյանի համար ընդունելի նորը «Տաշիր Գրուպ» ռուսական հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանն է։ Ի տարբերություն ԲՀԿ առաջնորդի՝ նա ուզում է դառնալ Հայաստանի վարչապետ, բայց չի կարող, քանի որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է նրա եղբոր որդին՝ Նարեկը։

tsarukyan (2).jpg

Ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ներկայացվում է որպես ազգային վերածննդի և ներքին հաշտեցման ռազմավարություն։

Ըստ այդմ, Հայաստանի անվտանգային համակարգի հետպատերազմական վերականգնումն անհնար է առանց Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունների: Խոսքը, մասնավորապես, ՀԱՊԿ-ում և այլ տարածաշրջանային ձևաչափերում կրկին լիարժեք ներգրավվածություն ապահովելու և խարխլված դաշնակցային հարաբերությունները վերականգնելու մասին է։

Ծառուկյանը նախընտրական ծրագիրը «քաղաքական և հանրային Նոյյան տապան» է անվանում՝ մի հարթակ, որտեղ պետք է հավաքվեն բոլոր «հետաքրքիր առաջարկները, գաղափարները և լուծումները»․ «Ինչպես Նոյը տեսավ փրկության և վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել»։

Մետաֆորիկ տապանից բացի նա պատրաստվում է կառուցել նաև ֆիզիկականը՝ Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի հարևանությամբ։

tsarukyan (7).jpg

ԲՀԿ-ին միացել է նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը, որի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ցուցակի երկրորդ համարն է։

2021-2023 թվականներին Թևանյանը պատգամավոր էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կազմում։ Ավելի ուշ հեռացավ Քոչարյանից՝ հիմնելով «Մայր Հայաստան» կուսակցությունը (ՄաՀակ), որը ավագանու անդամներ ունի Երևանի և Վաղարշապատի ՏԻՄ մարմիններում։

Վերջին տարիներին նա հասցրել է գնալ Դոնբաս, ակցիաներ անել ի աջակցություն ռուսական ռազմաբազայի, ելույթներ ունենալ ռուսական պետական հեռուստաալիքի հակափաշինյանական թոք-շոուներում։ ՏԻՄ ընտրություններին հանդես էր գալիս որպես ՔՊ երդվյալ ախոյան, բայց հիմա՝ Ծառուկյանի կողքին, հաշտության եզրեր է փնտրում բոլորի, այդ թվում «ՔՊ-ական առողջ զանգվածի հետ»։

Ծառուկյանի հետ է նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որն ուզում է դուրս բերել երկիրը արտաքին նվաստացուցիչ կառավարման, վախի և անորոշության վիճակից։ Պարտադրված խաղաղությունը փոխարինելու են «երաշխավորված խաղաղությամբ»։ Ցուցակի չորրորդ համար, նախկին արտգործնախարար Արա Այվազյանը փորձել է բացատրել, թե ինչ է դա ենթադրում․ «Եթե խաղաղություն բառը չի ամրապնդվում ուժով, այն արժեք չունի։ Պետք է ոչ թե խուսափել ճնշումից, այլ այն դարձնել անհնարին»։

Այվազյանը ԱԳՆ ղեկավար էր նշանակվել 2020 թվականի պատերազմից հետո, ընդամենը մի քանի ամսից հրաժարական էր տվել։ Նրա «պաշտոնանկությունը» կապվում էր սահմանազատմանն առնչվող հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության արտահոսքի հետ։ Որպես նվիրյալ հայրենասեր՝ Այվազյանը հայանպաստ խաղաղություն էր ուզում և դժգոհ էր բանակցությունների ընթացքից։ ԱԳՆ-ն լքելուց հետո դարձավ ընդդիմադիր։

tsarukyan.jpg

Խորհրդային տարիներին Գագիկ Ծառուկյանը եղել է միլիցիոներ։ 1979 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման ռուսաստանցի երկու զբոսաշրջիկների խմբակային բռնաբարության համար։ Դատավճռում նշված է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել նրա հայրենի Առինջ գյուղի Գետարգել եկեղեցու մոտ։ Ծառուկյանը պատիժը կրել է Նիժնի Տագիլի «Կռասնայա ուտկա» գաղութում։

2001 թվականին, երբ Ծառուկյանն արդեն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, Վճռաբեկ դատարանը բեկանել է 1979-ին կայացված վճիռը և արդարացրել նրան «մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով: Դատարանն արձանագրել է, որ նոր ապացույցներ հավաքելու հնարավորությունները սպառված են:

Ծառուկյանը հայտնի է ոչ միայն մայրաքաղաքին կպած կալվածքներով, սեփական կենդանաբանական այգով, թանկարժեք ավտոպարկով, Լուկաշենկոյի հետ հարաբերություններով և Հիսուսի արձանով։

Նրա բիզնես կայսրությունը նեռարում է բազմաբնակարան ավաններ, շենքեր, տարածքներ Հայաստանով մեկ, հյուրանոցներ, տրակտորներ և մեքենաներ, սպորտային (Օլիմպավան, Մուլտի Վելնես կենտրոն) և ժամանցի (օրինակ, Փարավոնը) համալիրներ, առևտրի կենտրոններ (Մեգա մոլ, Առինջ մոլ և այլն), ցեմենտի, ալկոհոլային խմիչքների, պահածոների և այլ գործարաններ (այդ թվում Արարատցեմենտը, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Կոտայք գարեջրի և Երասխի գինու գործարանները), խաղատներ (այդ թվում՝ Շանգրի Լան), գազալցակայաններ, գազի ներկրման և իրացման ընկերություններ, հանքեր, կրիպտոարժույթի ֆերմաներ, հեռուստաալիք և այլն մեդիաներ։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները որոշ դեպքերում կարելի է նույնականացնել պաշտոնական անվանման մեջ «Մուլտի» բառի կիրառմամբ՝ Մուլտի Գրուպ, Մուլտի կոնցեռն, Մուլտի Թրաքս, Մուլտի Պրոպան Գազ, Մուլտի Թրեյդ, Մուլտի Ռեստ, Մուլտի Մեդիա և, ի վերջո, Մուլտի տրանսպորտ։

tsarukyan (4).jpg

Քանի որ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզից է, մարզի հողի, գույքի և ձեռնարկությունների մեծ մասը պատկանում է նրան, ներառյալ ներհամայնքային և միջմարզային տրանսպորտը, որը նաև Երևանն է սպասարկում։ Նա մայրաքաղաքում գործող միակ գծատերն է, որը մինչև հիմա աշխատում է կանխիկով։

ԲՀԿ ղեկավարը բիզնեսներ ունի նաև Հայաստանից դուրս։

Ռուսաստանում զբաղվում է շինարարությամբ, «Тихивз», «Ж Инвест» և «Элит Строй» ընկերությունների համահիմնադիրներից է, էլիտար բնակավաններ է կառուցում Մոսկվայում և Մերձմոսկվայայում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նրա ընկերությունը ամուր կանգնած է համատեղ բիզնեսի վրա։ 2010-ին Երևանում հիմնադրվել է «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տունը, որը պատկանում է «Մուլտի Գրուպին» և բելառուսական պետական «Բելգոսպիշեպրոմ» կոնցեռնին։ 2012-ին Մինսկում բացվել է «Արմյանսկի ստանդարտ» գործարանը, որը զբաղվում է հայկական կոնյակի շշալցմամբ․ բաժնետոմսների 69 տոկոսը Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատինն է, մնացած 31%-ը՝ Լուկաշենկոյին ենթակա «Բելարուստորգ» ձեռնարկությանը։ 2020-ին Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Բրեստի գարեջրի գործարանը («Բրեստսկոյե պիվո»)։

2014-ին Մինսկում գրանցվել է նաև Ծառուկյանին պատկանող «MultiGroup Investible» ընկերությունը, որը ներդրումներ է անում Բելառուսի տնտեսության տարբեր ոլորտներում։ Չհաստատված տեղեկություններ կան նաև բուքմեյքերական ցանցում ներդրումների մասին։

Հայաստան կատարած այցերի ժամանակ Լուկաշենկոն սովորաբար հյուրընկալվում է Ծառուկյանի առանձնատանը։ 2013-ին Աբովյանում նա մասնակցել է Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծմանը։ Նույն թվականին Բելառուսի նախագահը պարգևատրել է Ծառուկյանին «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ Ծառուկյանն ի պատասխան Լուկաշենկոյի որդուն՝ Նիկոլային, չորս սպիտակ առյուծ է նվիրել։ Որպես առյուծների մեծ երկրպագու՝ ԲՀԿ առաջնորդը նրանց բուծում է սեփական կենդանաբանական այգիներում։

2024-ից հայ-բելառուսական հարաբերությունները լարված են։ Հայաստանի վարչապետը մեղադրել է Բելառուսի նախագահին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախապատրաստմանը մասնակցելու մեջ և խոստացել, որ քանի դեռ Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է՝ չի այցելի այդ երկիր։ «Բելառուսի նախագահն իմ ընկերն է, իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում», — արձագանքել է Ծառուկյանը։

Վերջին տարիներին ԲՀԿ ղեկավարը ինտենսիվ բիզնես է անում նաև Չինաստանի հետ։

tsarukyan (6).jpg

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004-ին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ 2007-ի ընտրություններին զբաղեցրել է միանգամից երկրորդ տեղը։ Ժամանակին տարածված դավադրություն կար, որ Ծառուկյանի կուսակցությունը երևան է եկել Հանրապետականին հակակշռելու համար, իբրև թե այն ստեղծվել է Քոչարյանի հրահանգով և գործել նրա անմիջական ազդեցությամբ։ ԲՀԿ-ականները սա պարբերաբար հերքել են։

2007-ից մինչև 2021-ը ԲՀԿ-ն անընդմեջ ներկայացված է եղել խորհրդարանում՝ պարբերաբար կոալիցիա կազմելով նաև Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության հետ։

Օրինակ, 2008 թվականիը ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանել է Սարգսյանի թեկնածությունը։ Մարտի 1-ի ջարդերին մասնակցել է նաև Ծառուկյանի թիկնազորը։ Դրանից հետո ԲՀԿ-ն կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, որին միացել են նաև Դաշնակցությունն ու Օրինաց երկիրը։

Արդեն 2012-ի պարլամենտական ընտրություններից հետո Ծառուկյանը հրաժարվել է ՀՀԿ-ի հետ դաշինքից և սկսել հրապարակային մերձենալ այն ժամանակվա ընդդիմադիր ուժերի՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունների հետ։ 2013-ի նախագահական ընտրություններից հետո նա բարձրացավ ընդդիմության բեմ և խոստացավ, որ ՀՀԿ-ի հետ գործարքի չի գնա։

«Ես այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեր կողքին կանգնած եմ և դրա համար ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին կանգնած», - մասնավորապես հայտարարեց նա։

Արդեն 2015-ին նախագահ Սարգսյանի և Ծառուկյանի խնամի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հանրապետականները սկսեցին հիշեցնել ԲՀԿ-ի առաջնորդին, որ նրա մականունը «Դոդ» է։ Սարգսյանը հայտարարեց, թե Ծառուկյանը «չարիք» է երկրի համար, և նրա պես ցածր մտավոր կարողություններով մարդը չի կարող զբաղվել քաղաքականությամբ։ ԲՀԿ առաջնորդն այդ ժամանակ որոշեց, որ հեռանում է քաղաքականությունից․․․ և վերադարձավ 2017-ի ընտրություններին։

tsarukyan (5).jpg

ԲՀԿ-ն այն ժամանակ ընտրակաշառք բաժանող ամենաակտիվ ուժերից էր համարվում։ Ուներ ընտրատասովշչիկների հսկայական բանակ։

Կոտայքի մարզում ասում են, որ անցած տարիների ընթացքում կուսակցության հենարանը տրոհվել է տարբեր ուժերի միջև։ Ծառուկյանի բիզնեսներում աշխատող հազարավոր մարդիկ կամ նրա գործազուրկ համամարզեցիները, որոնք առաջ գումար էին աշխատում ընտրական ծառայությունների դիմաց, հիմա այդչափ մոբիլիզացված չեն։

«Ես ժողովրդին ասել եմ՝ ինչ ձեն էլ տա, շնորհակալություն եմ հայտնելու, ասելու եմ՝ ապրեք։ Ձեն էլ չտա, ասելու եմ՝ ժողովուրդ ջան, քու ցավը տանեմ, շնորհակալ եմ, ում ընտրել ես՝ գնա իրանից էլ պահանջի, ես էլ իմ խիղճը հանգիստ կեթամ, իմ գործերով կզբաղվեմ», — ԲՀԿ համագումարին ասել է Գագիկ Ծառուկյանը։

Այս ընտրություններին նա մեծ ամբիցիաներ չունի և, դատելով նախընտրական ելույթներից, պատրաստ է բավարարվել անցողիկ շեմը հաղթահարելով։ 

tsarukyan (1).jpg

Հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն ողջունեց նոր կառավարությունը և արտահերթ ընտրություններում խորհրդարան մտավ որպես լոյալ ընդդիմություն։ 2019-ին կուսակցությունը համագործակցության հուշագիր սորագրեց Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիայի» հետ։

ԲՀԿ-ն սկսեց «ընդդիմանալ» 2020-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական հետապնդում սկսեց, մասնավորապես, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ՝ մեղադրելով նրան Հայաստանի պատմության մեջ աննախադեպ չափերի՝ 22 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ։ Կաշառք տվողը Ծառուկյանի Մուլտի Գրուպ Կոնցեռնն էր։ Քրեական գործով մինչև հիմա դատավճիռ չկա։

Նույն թվականին Ծառուկյանը հրավիրեց համագումար և պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Հաշված օրեր անց նրան մեղադրանք առաջադրեցին 2017-ին համակարգված կերպով ընտրակաշառք բաժանելու և ընդհուպ մինչև 17 հազար ձայն գնելու համար։

ԱԱԾ-ն խուզարկություններ արեց Ծառուկյանի առանձնատանը, մոտ ութ ժամ տևած հարցաքննությունից հետո նրան ազատեցին։ Ամենաշատը հիշվեցին Ծառուկյանի տանն արված օպերատիվ նկարահանումները՝ ոսկեզոծ սրահներ, սպանված կենդանիների մորթիներ, ավտոների հավաքածու, ճոխ բաներ։ Ծառուկյանի կաբինետում գտել էին ԲՀԿ պատգամավորների ձեռագիր ղազագրերը, որոնցում նրանք երդում էին տալիս, որ հավատարիմ կլինել իրենց առաջնորդին։ Ղազագիրներից մեկը խուզարկություններից հետո լքեց ԲՀԿ խմբակցությունը և կարճ ժամանակ անց հայատարարեց Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու նախաձեռնության մասին։

2026 թվականին հակակոռուպցիոն դատարանը արդարացրեց ԲՀԿ ղեկավարին։ Ամենաաղմկոտ գործը, որով սկսվեց Ծառուկյանի և Փաշինյանի հրապարակային առճակատումը, ավարտվեց մեղադրանքի փլուզմամբ։

tsarukyan (3).jpg

2020-ի պատերազմից հետո ԲՀԿ-ն միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժմանը, որը համակարգում էին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Քաղաքական ճգնաժամն այն ժամանակ հանգուցալուծվեց արտահերթ ընտրություններով։ Փաշինյանը վերընտրվեց, Բարգավաճը չանցավ խորհրդարան։

Իսկ հետո եղավ Նվերի պատմությունը։ 2024-ին ԲՀԿ ղեկավարին պատկանող խաղատներից մեկում կրակոցներ էին հնչել, և պարզվել էր, որ կրակողը Ծառուկյանի որդի Նվերն է և նրա թիկնազորը։ Քրեական գործ հարուցեցին, Նվերին առաջադրեցին մեղադրանք, բայց նախքան ձերբակալվելը նա հասցրեց լքել Հայաստանը և հաստատվել Բելառուսում։

Նվերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։ Անցած երկու տարիների ընթացքում նրան հայրենադարձել չի հաջողվել։

Գագիկ Ծառուկյանը դեռ հավատում է, որ որդին կվերադառնա Բելառուսից։

Նրա կուսակցության նախընտրական հոլովակներից մեկը ցույց է տալիս, թե ինչ կլինի այդ վերադարձից հետո․

ԱԲ-ով գեներացված ագրեսիվ գայլերի ոհմակը շրջապատել է Մեծ առյուծին, որը ենթադրաբար խորհրդանշում է Գագիկ Ծառուկյանին։ Մեծ առյուծը միայնակ մռնչում է գայլերի վրա, գայլերը երեսպաշտոներն սրտիկներ են ցույց տալիս նրան, և հենց այդ ամենալարված պահին հայտնվում է ձագուկ առյուծը, որը ենթադրաբար խորհրդանշում է Նվեր Ծառուկյանին։ Փոքրիկ առյուծը քշում է գայլերին Արարատի լանջերից, և առյուծների երջանիկ, վերամիավորված ընտանիքը քայլում է դեպի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան։

Տե՛ս 

Ի՞նչ է մտածում Քրիստոսը Ծառուկյանի մասին

Կամք, իմաստություն, սեր և Ծառուկյանի փողեր