Գագիկ Ծառուկյանը որոշել է «Հայաստան աշխարհի բարձունքում» Հիսուս Քրիստոսի արձան տեղադրել։ Նպատակը պարզ է․ Աստծու որդու 33 մետրանոց քանդակը պետք է «վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին» և ի ցույց դնի աշխարհին, որ «մենք առաջին քրիստոնյա ազգն ենք՝ ամենաուժեղը, հզորը, զորեղը, բարձրը»: Հայ գործարարի այս հավակնոտ մտահղացման շուրջ զրուցել ենք մշակութաբան, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի հետ։
Վարդան Ջալոյան, լուսանկարը՝ Ժոզեֆ Զաքարյանի
Մեզ մոտ կաշառակերություն չկար
Հայ առաքելական եկեղեցին ունի փող և հիշողություն։ Փողը կարևոր է։ Բայց միայն փողը չէ կարևոր։
Գիտես՝ մեր եպիսկոպոսները պարտադիր պետք է ազնվական ծագումով լինեին: Օրինակ՝ Ախթամարի կաթողիկոսները պետք է Արծրունի լինեին, Տաթևի արքեպիսկոպոսները՝ Օրբելի, Բջնիի բոլոր եպիսկոպոսները պետք է լինեին Պահլավունի, Հաղպատինը՝ Զաքարյան-Արղության տոհմից․․․ Սա մեր եկեղեցու առանձնահատկությունն է։
Կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցիներում, օրինակ, եպիսկոպոս դառնում էր «արժանավորը», ինչը բերում էր կաշառակերության։ Հատկապես ուղղափառ եկեղեցու մեջ։ Ով շատ փող կտա, նա էլ եպիսկոպոս կդառնա։ Իսկ մեզ մոտ՝ չէ։ Մեզ մոտ ո՞նց կարաս կաշառք տաս, ցավդ տանեմ։ Մեկ ա իրա հորեղբոր տղուն է դնելու։ Դա կոչվում է Խալիֆայություն։
Զարդարանքը Հիսուսի փառքն է
Պատմականորեն հայ առևտրականները, մեծահարուստները, օլիգարխներն ու եկեղեցու վերնախավը կիպ են։ Այս կապը հասկանալի է։ Ու դա մնում է որպես հիշողություն մեր եկեղեցու մեջ։ Ի վերջո սովորություններ գոյություն ունեն։
Բայց արժի, որ մենք խոսենք այլ սովորությունների մասին։ Օրինակ՝ զարդարանքի։
Կա, ասենք, ուղղափառ ավանդություն։ Մինչև 7-րդ դարը հունական եկեղեցիներում կային արձաններ, հետո հունական եկեղեցին հայտարարեց, որ պատկերամարտ է։ Ոչնչացրեցին սրբապատկերները։ Էլ չեմ ասում քանդակների մասին․․․ Հետագայում սրբապատկերների պաշտամունքը վերականգնվեց։ Բայց, ասենք, արձանների վերաբերյալ որոշեցին, որ արգելված է։
Իսկ հայ եկեղեցին․․․ Հայ եկեղեցին պատկերներին կողմ էր։ Հիմա մտնում ես՝ դատարկ պատեր են։ Բայց այդպես չի եղել։ Համարվում էր, որ եկեղեցին պետք է զարդարված լինի։ Լիքը ոսկի, թանկարժեք քարեր (ինչ որ տակը մնաց, բոլշևիկները վախտին բռնագրավեցին՝ ամերիկյան տրակտոր առնելու համար)։ Դա պարզ խորհուրդ ուներ․ զարդարանքը Հիսուսի փառքն է։ Կոպիտ ասած՝ քանի որ եկեղեցին նրա տունն է, թագավորական տուն պետք է լինի։
Բայց եթե մտնեիր հայկական եկեղեցի․․․ շա՜տ տարբեր էր ռուսականից։ Այնտեղ սրբապատկերները հարկավոր է համբուրել։ Հայկական եկեղեցում դրանք ուղղակի, ոնց ասեմ, իլյուստրացիաներ են։ Նկարներ։ Ձեր տունը կախում ես, չէ՞, նկարներ։ Իրենք էլ են կախում։ Մեծ հաշվով՝ դրանք որևէ հատուկ հարաբերություն չունեն կրոնի հետ։ Ուզում ես՝ դիր, ուզում ես՝ մի դիր․․․ Պրինցիպի ինչ ուզում ես արա։
Ուրիշ բան է հասարակ հայ ժողովուրդը, որի, կներես, պայծառ ներկայացուցիչներից մեկն է Գագիկ Ծառուկյանը։ Նա ի վերջո կթվորուհու զավակ է։ Առաջնահերթություններն այստեղ այլ են։
Ուսմունքը բացակա է
Արի հարց տանք․ ո՞րն է վերնախավի՝ մտավորականների, կղերականների և հասարակ խավի հավատի տարբերությունը։
Վերնախավի հավատը պարզ է․ աստվածաբանություն, միաբնակություն և այլ: Ծառայում է քաղաքական միություններ կամ հակադրություններ ստեղծելու համար: Սկզբում հայ ռազմական վերնախավի համար շահավետ գործարքներ կնքելու լծակ էր: Ուշ միջնադարում՝ հայ առևտրական վերնախավի գործիք․․․
Հասարակ ժողովրդի հավատն այլ է։ Ի՞նչն է կարևոր ժողովրդական հավատի մեջ։ Իհարկե սուրբ տեղերը, սրբերի պաշտամունքը։ Սնոտիապաշտությունը։ Տարին 12 ամիս ունի, գյուղացի մարդը երկու-երեք անգամ է հիշում Աստծուն։ Ե՞րբ։ Երբ որ գնում է ուխտագնացության․ Զատիկին կամ Սուրբ Խաչին։
Ի՞նչն է այստեղ բացակա։ Բացակա է ուսմո՛ւնքը։ Նրանք կարող են չիմանալ՝ ինչ է գրված Ավետարանի մեջ կամ Հին Կտակարանում։ Նրանց համար դա էական չէ։ Ուրիշ բան, ասենք, մատաղը․․․
Մատաղը
Մատաղը շատ կարևոր բան է հասարակ հայ մարդու համար։ Գիտե՞ս՝ ոնց է եղել միջնադարում։ Հետո արգելեցին։ «Նռան գույնը» կինոյի պես․ եկեղեցու կենտրոնում ծակ կար, բերում, դնում էին ամբիոնի վրա, քահանան իր ձեռքով մորթում էր, արյունը հոսում էր, եթե ամառ է՝ գարշահոտ գցելով․․․
Կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիները բացարձակ մերժում են մատաղը։ Ասում են՝ մատաղը հրեական սովորություն է։ Աբրահամը իր որդի Իսահակի փոխարեն գառ էր մորթում, և ամեն Զատիկ հրեաները պարտավոր են, ասենք, գառ մատաղ անել։ Սկզբում հայ առաքելական եկեղեցին հետևում էր Գրիգոր Լուսավորչի աստվածաբանությանը, որտեղ ամենակարևոր տեղը Պողոս Առաքյալն էր զբաղեցնում։ Մատաղ չէր կարելի։ Հետո, կարճ ասած, տեղի ունեցավ հեղափոխություն։ Երևի մոտավորապես 6-րդ դարում։ Հայ եկեղեցին ընդունեց Երուսաղեմի եկեղեցու որոշ սովորություններ և այն աստվածաբանությունը, որը ունենք հիմա։ Ո՞վ է հիմնադիրը Երուսաղեմի եկեղեցու։ Հիսուս Քրիստոսի եղբայր Հակոբոսը։ Ո՞նց է կոչվում հայերի գլխավոր վանքը Երուսաղեմում։ Իհարկե, Հակոբոս։
Լավ, սա մի կողմ։ Դա մի քանի կարևոր փոփոխությունների բերեց։ Հայ եկեղեցին հրաժարվեց ագապեից (բարեգործական ընթրիք) և անցավ մատաղի՝ շատ նման հրեական ձևին․․․ Մյուս կարևոր բանը․ մինչև 8-րդ դար հայերը նշում էին դեկտեմբերի 25-ը որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ 8-րդ դարում հայերը որոշեցին, որ հարկավոր է նշել ըստ Երուսաղեմի եկեղեցու սովորության՝ հունվարի 6-ին․․․
Բայց վերադառնանք Ծառուկյանի արձանին։
Ո՞նց Ծառուկյանը տղա ունեցավ
Հիշո՞ւմ ես՝ ոնց Ծառուկյանը տղա երեխա ունեցավ։ Չորս աղջիկ ուներ, տղա չուներ։ Տղա էր ուզում։ Հայկական ժողովրդական հավատը խորհուրդ է տալիս գնալ համապատասխան սրբի դուռը: Ասենք թե՝ մատաղ անել, երեք անգամ պտտվել եկեղեցու շուրջը, մոմ վառել և այլն։ Մի խոսքով՝ կախարդական բաներ։ Նա ասում է՝ գնացի, արեցի, իսկապես տղա երեխա ունեցա։
Նրա պատկերացումները շատ յուրահատուկ են։ Շատ ժողովրդական պատկերացումներ։ Ի տարբերություն, օրինակ, մտավորականների կամ կղերականների, որ կնստեն, թե՝ երկու բնություն ունի, երեք բնություն ունի, չորս բնություն ունի․․․ Նրան, իհարկե, ընդհանրապես չի հետաքրքրում՝ քանի բնություն ունի, քանի բնություն չունի․․․
Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին
Բան չունեմ ասելու։ Հիսուսի մեծ արձան դնելը ռաբիսություն է: Բայց …հայ մտավորականության համար դա նաև լավ առիթ է՝ ցույց տալու, թե որքան է ինքը սիրում բարձրը և արհամարում ժեխը, ռաբիսը…
Գագիկ Ծառուկյանը համ ռաբիս է, համ սնոտիապաշտ՝ ժողովրդական հավատի հետևորդ: Նաև օլիգարխ է, ում հարստության հիմնական աղբյուրը հանրային սեփականության յուրացումն է: Ո՞վ չգիտի, որ մեր մեծահարուստների, օլիգարխների հարստության հիմնական աղբյուրը հանրային սեփականության յուրացումն է: Բայց կա հին հունական ասացվածք.․․ Գիտես՝ ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին:
Հայկական կոնտեքստում՝ ինչ կարելի է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և այլն, չի կարելի Դոդի Գագոյին:
Կարևոր է իմանալ՝ քեզ կընդունե՞ն արդյոք այդ փակ ակումբը քաղաքական գործիչների։ Ծառուկյանին չեն ընդունի։ Քանի որ ինքը Դոդի Գագոն է։ Բայց կընդունեն, ասենք, Օսկանյանին․․․ և այլն։ Սա մտածողության հարց է։
Իսկ եկեղեցին․․․ Երբ Ծառուկյանը եկեղեցի կառուցեց, Կաթողիկոսը չէր թողնում, որ այն օրհնեն։ Ընդամենը ջուր էր հարկավոր․․․ Բայց միանգամից չեղավ։ Ինչո՞ւ։
Մեր եկեղեցին իրոք էլիտար եկեղեցի է․․․
Ես խոզերի ու շների հետ միասին պատարագ չեմ անի
Կան նաև դարավոր քաղաքական խնդիրներ։ Եկեղեցին իհարկե ավելի մոտ է Դաշնակցությանը, քան թե Ծառուկյանին։ Սա պատկերացնելու համար հարկավոր է հասկանալ եկեղեցու և վանքի տարբերությունը։ Եկեղեցին սպասարկում է համայնքին, համայնքին կից մի բան է։ Վանքը՝ տեղով առանձին կազմակերպություն։
Մեր եկեղեցական կյանքը ընթացել է հիմնականում վանքերում, ոչ թե եկեղեցիներում՝ գյուղական կամ քաղաքային։ Իսկ վանք՝ նշանակում է կալվածք, կալվածատեր, հինգ-վեց գյուղ, որ սպասարկում են նրան։ Ի տարբերություն, օրինակ, կաթոլիկների կամ ուղղափառների, հայ վանականները աղոթում են, այլ ոչ թե աշխատում։ Կաթոլիկների մոտ ավելի տարածված է ինքնաշահագործումը․ իրենք են ոչխար պահում, իրենք են այգի տնկում և այլն։ Մեզ մոտ այդպես չէ․ վանքը տալիս է, որ գյուղացին պահի, վարի, հնձի․․․ Դա շատ յուրահատուկ բան է։
Այդ զգացումը, որ հայերի մեջ կա․․․ Այդ պրոբլեմը․․․ ժեխի և էլիտայի․․․ Լավագույն բանաձևը տվել է Ստեփանոս Օրբելյանը։ Նշենք հատուկ՝ Սո՛ւրբ Ստեփանոս Օրբելյանը։ Նա նամակ է ստանում Լևոն Գ թագավորից։ Քանի որ կղերականը պետք է լիներ ազնվական (թեկուզ ցածր, բայց ազնվական), իրենք պատարագ էին անում այսպես․ ներսում կղերականներն էին ու ազնվականները, դրսում՝ ժողովուրդը։ Լևոնն ասում է՝ բայց դա հակաքրիստոնեություն է, բոլորը պետք է միասին հաղորդվեն։ Հարգում էր այդ մարդը կաթոլիկների սովորությունները, ինչ անես։ Օրբելյանը պատասխանում է։ Ասում է՝ ես խոզերի ու շների հետ միասին պատարագ չեմ անի։ Նա է հնարել ժեխերի կոնցեպտը։
Կամ սենց․ Լևոնը գրում է, թե ինչքան լավ կլիներ, որ բոլոր քրիստոնյա ժողովուրդները համախմբվեին և այլն, և այլն։ Սուրբ Օրբելյանը պատասխանում է՝ ավելի լավ է մեր նախնիների հետ դժոխք իջնենք, քան հույների հետ դրախտ։
Սա մեր ավանդության մասն է ի վերջո։
Քրիստոսին Ծառուկյանի իդեան դուր չէր գա
Ի՞նչ կմտածեր Հիսուս Քրիստոսն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է դնել իր արձանը։ Սա լավ հարց է։ Պատասխանը, իհարկե, կա՛։ Հին Կտակարանում, Եզեկիելի մարգարեության մեջ։ Աստված ասում է՝ պատժելու եմ հրեաների ազգին, որ քարասիրտ, չարասիրտ են դարձել։ Ասում է՝ թքած ունեմ իրենց շինած սինագոգների վրա, ավելի լավ է օգնեն մերձավորին, աղքատին, զրկվածին և այլն։ Այդքան բան։ Հիսուսին Ծառուկյանի իդեան դուր չէր գա։ Բայց դա տրագեդիա չէ։
Ծառուկյանը Հիսուսի համար չէ այդ արձանը սարքում։ Նա այլ աուդիտորիա ունի։
Հայ մտավորականությունը որոշել է կռվել մինչև ինքնաոչնչացում
Ֆեյսբուքում ամեն օր մշակութային պատերազմ է։ Իհարկե, այլևս չկա միջնադարի բինար հարաբերությունը։ Դրան գումարվել է, օրինակ, քաղաքակական կրոնը՝ կույր հավատ առաջադիմության (և աթեիզմի) հանդեպ:
Կարծում եմ՝ հայ մտավորականությունը որոշել է մինչև ինքնաոչնչացում կռվի։ Ռաբիսի դեմ։ Խոպանչիների դեմ։ Ծառուկյանի։ Ծառուկյանը, մի կողմից, հարուստ է, մյուս կողմից՝ ռաբիս։ Բայց պայքարը հո նրա հարստության դե՞մ չէ։
Եկեղեցին ինչո՞վ է ընդհանրապես զղաղված
Հայ առաքելայան եկեղեցին ինչո՞վ է այսօր ընդհանրապես զբաղված։ Շինարարությունը վրոդե կանգ է առել։ Բարեգործություն չեն ուզում անել։ Ասենք՝ խնամել անտուններին և այլն, որը մտնում է բոլոր եկեղեցիների պարտականությունների մեջ։ Չե՛ն անում։ Իսկ Ծառուկյանը անում է։ Երևի՝ նա կաթողիկոսի պես մի բան է։ Ուղղակի ուրիշ տեսակի ժողովրդի համար։
Տհաճ է, իհարկե։
Այն տեղերում, որտեղ նա եկեղեցի է սարքել, մարդիկ կարծես գոհ են։ Որովհետև, կներես, նույնիսկ եթե դու աթեիստ ես, մեկ է՝ պետք է երեխուդ տանես կնքես։ Բարեկամներին բա ի՞նչ ես ասելու։ Դու դրանով ի վերջո արդարացնում ես քո պատկանելիությունը, ոչ թե համոզմունքները։ Ի տարբերություն ավետարանականների կամ Եհովայի վկաների, որոնք ուսմունքի վրա են գնացել։ Ու որպես հետևանք՝ մեզ մոտ խստություն չկա նաև։ Հակառակ, օրինակ, բողոքական համայնքների, որտեղ մարդիկ հետևում, հսկում են իրար։ Հայ եկեղեցին ինչի՞ նման է։ Բոլորս գիտենք։ Վերցրու, ասենք, այսպիսի կարևոր հաստատություն, որը կոչվում է խոստովանություն։ Եկեղեցու խորհուրդներից մեկն է։ Ո՞նց է Հայաստանում խոստովանությունը կատարվում։ Գիտենք կաթոլիկների խցիկները, ընդ որում՝ նրանք բավականին երկար ցուցակ ունեն մեղքերի, ամեն մեղքի դիմաց քանի անգամ է հարկավոր աղոթել և այլն։ Հայկական եկեղեցում շատ պարզ է։ Գալիս, ասում են՝ ժողովուրդ, զղջո՞ւմ եք ձեր մեղքերի համար։ Ժողովուրդը գոռում է՝ ԱՅՈ՜։ Դե, ուրեմն թողություն ենք տալիս ձեր մեղքերին․․․
Զառա Հարությունյան