հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / Պատերազմ, բախտ, ճակատագիր

Պատերազմ, բախտ, ճակատագիր

«Հայի բախտ» արտահայտությունը պատմաքաղաքական կոնտեքստում հաճախ օգտագործվող հղացքներից մեկն է: Եվրոպական լեզուների կոնտեքստում «Ճակատագիր» հղացքը վերլուծել է լեհ հայտնի լեզվաբան Ա. Վեժբիցկան: Հեղինակը ցույց է տվել, որ այս պարզ ու նաիվ հղացքը եվրոպական տարբեր ժողովուրդների մոտ ունի տարբեր իմաստ, այսինքն` կախված է մշակութային կոնտեքստից:

Հայերենում կան ճակատագիր և բախտ հղացքները: Առաջինն ունի ֆատալիստական երանգ, այսինքն` նշանակում է այնպիսի իրադարձություն, որը որոշիչ է, սակայն անհնարին է կանխատեսել: Ճակատագիր բառը սովորաբար օգտագործում են այն ժամանակ, երբ որևէ վատ բան է պատահում: Ավելի քիչ այն օգտագործվում է բարոյական երանգավորումով: Օրինակ՝, «դա իմ ճակատագիրն է, և ես դա պետք է անեմ»: 

Եվրոպական լեզուներում դա ֆատումի և ֆորտունայի տարբերությունն է: Բախտ հղացքը ավելի մոտ է եվրոպական ֆորտունային` երջանիկ դիպվածին: Օրինակ, երբ ասում են՝ «բախտ չունեմ»: Բայց կարծում եմ, որ բախտ հղացքը ավելի շուտ ազդվել է թուրքական լեզվամտածողությունից: Թուրքերենում կա ղսմաթ բառը, որ հայերի մոտ ավելի հաճախ օգտագործվում է գյուղական վայրերում: Թուրքերն ասում են,- «վաղը կհանդիպենք, եթե ղսմաթ լինի«: Ա. Վեժբիցկան գրում է. «Այդ արտահայտության իմաստն ավելի մոտ է անգլիական հնաոճ God willing արտահայտությանը: Այսինքն, հայերը ճակատագրի իրենց փիլիսոփայությունը փոխառել են իսլամական աշխարհայացքից: «Ղսմաթը» բարձր ոճում փոխարինվել է «ճակատագիր» բառով այնպես, ինչպես «աշուղ» բառն է փոխարինվել «գուսանով»:

Քանզի բախտն իր իմաստային բովանդակությամբ մոտ է եվրոպական Ֆատում բառին, ապա կարելի է ենթադրել, որ այս շարժը` ղսմաթից դեպի ֆորտունա կատարվել է գրականության ազդեցության շնորհիվ, մասնավորապես` եվրոպական գրականության: Եվ իսկապես, հայկական ռոմանտիկական գրականությունը հաճախ է օգտագործում բախտ և ճակատագիր բառերը, դրանց իմաստները մոտեցնելով իրար: Տարբերությունը այն է, որ ճակատագիրը օգտագործվում է բարձր կոնտեքստում, բախտը` կենցաղային, ասենք` ամուսնության պարագայում կամ լոտոներում շահելու կամ չշահելու հետ կապված դեպքերում:

Եթե սահմանենք բախտը որպես ֆատում, ապա բախտի նշանակությունը արտահայտվում է բառակապակցություններում` «բախտորոշ», «բախտախնդիր» և այլն:

Բախտորոշ պահերին հանգամանքները այնպես են դասավորվում, որ մարդը կարծես հայտնվում է խաչմերուկում: Բախտորոշ պահերին մարդը պետք է որոշի` դիմել ռիսկի, թե` ոչ: Այդ պահերին ճակատագիրը նրան ձեռնոց է նետում, և դժվարին վճիռ կայացնելու անհրաժեշտություն կա:

Մարդը կարող է դիմել հորոսկոպներին կամ «բախտ բացողներին»: Սա վերաբերում է ավանդապաշտ մարդկանց: Նկատենք, որ «բախտ բացել» արտահայտությունը նշանակում է, որ ավանդական հասարակություններում ապագան փակ է մարդկանց համար և ամեն ինչ Աստծո ձեռքում է: Աստված իր ընտրյալներին, բախտ բացողների միջոցով, եթե, իհարկե, բարեհաճ է նրանց նկատմամբ, տալիս է ապագայի նշաններ: Այս առումով հետաքրքիր է քրիստոնեական մոտեցումը. եթե մարդն իսկապես քրիստոնյա է, ապա միայն նրան է տրված ապագայի նշանները վերծանելու ունակությունը: Ապագան բաց է այն մարդկանց համար, ովքեր հավատ ունեն: Այսինքն, Քրիստոնեությունը մեղմացնում է հեթանոսական ճակատագրի անողոքությունը:

Բախտագուշակին դիմելը կարող է դիտարկվել որպես փորձագետին դիմելու յուրօրինակ դեպք:

Մեկ այլ օրինակ է բժշկական կոնսիլիումը, երբ անհրաժեշտ է լուրջ վիրահատություն: Վերջին դեպքում երևում է փորձագետին դիմելու խնդրականությունը` որոշումը կայացնում են փորձագետները, բայց ռիսկի է դիմում վիրահատվողը, և վերջնական որոշումը նրանն է:

Բախտորոշ վճիռների առանձնահատկությունը հենց դրա մեջ է՝ որքան աճում է վճռի կարևորությունը, այնքան խնդրական է դառնում ճիշտ որոշում ընդունելը: Բախտ բացել արտահայտությունը մեզ հուշում է, որ հարկավոր է «պարզաբանել» ապագայի բաց կամ փակ լինելու խնդիրը:

Ապագայի բացության աստիճանը մարդիկ արտահայտում են ռիսկ հղացքի միջոցով: Այս բառը առաջին անգամ գործածվել պորտուգալացի ծովագնացների մոտ՝ XVII դարում: Ռիսկի աստիճանը կապված էր նավի տեխնիկական հնարավորության, նավապետի մասնագիտական հնարավորության և այլ գործոնների հետ: Այսինքն, ռիսկը կապված է ապագա իրադարձությունները վերահսկելու, վտանգը հաշվարկելու հնարավորության հետ, որը սոցիոլոգ Էնթոնի Գիդենսը անվանում է ապագայի գաղութացում:

Եվրոպական գաղութացման քաղաքականությունը, այսպիսով, համադրվում է ապագայի գաղութացման երևույթի հետ: Ապագայի բացությունը նշանակում է, որ մարդիկ կարող են ինքնուրույն կերպով ձևավորել իրենց գոյության միջավայրը, այն դարձնելով ավելի անվտանգ: Ապագայի բացությունը նշանակում է, որ ապագան միայն մասնակիորեն է լիքը, այնտեղ կան դատարկ տարածություններ, որոնք մարդուն իր ապագան ընտրելու հնարավորություն են ընձեռում: Ապագան հնարավոր է կերտել:

Դժվար չէ նկատել, որ ռիսկի հասկացությունը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ փիլիսոփայությունը վերակողմնորոշվում էր արիստոտելյան մարդաբանությունից դեպի սուբյեկտի դեկարտյան փիլիսոփայությանը: Ռացիոնալիզմը, ռացիոնալը, հաշվարկող մարդիկ դառնում են բուրժուական աշխարհի լիիրավ տերերը: Դա նաև տեխնիկական հեղափոխության սկիզբն էր:

Ռիսկը նավագնացության դեպքում հաշվարկել իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ նավաշինությունը հասել է որոշակի տեխնիկական կատարելության, և երբ այն կարող է ավելի անվտանգ դարձնել մարդու կեցությունը, երբ նա հաղթում է բնությանը` տարերքին: Մյուսը՝ նավապետի մասնագիտական կարողությունները նույնպես դառնում են հաշվարկելի, քանզի նավագնացության հմտությունները դարձել էին նավագնացության մասին պատմող տրակտատների առարկա:

Այսպիսով, սուբյեկտիվությունը և տեխնիկան մի կողմից դառնում են ռիսկը նվազեցնելու միջոց, մյուս կողմից` դառնում են նոր ռիսկերի աղբյուր: Այսինքն, մի կողմից նոր վտանգները մարդու անկանխատեսելիության և տեխնիկական անսարքությունների հետևանքներ են:

Ապագան կանխատեսելու հնարավորությունն առաջնահերթ նշանակություն ունի քաղաքականության համար: Միջնադարում և Վերածննդի դարաշրջանում շատ էին գրվում «Իշխան» անվանումով տրակտատներ: Դրանք բոլորը քաղաքականությունը դիտարկում էին կրոնաբարոյական տեսանկյունից: Առաջինը Մաքիավելին ներմուծեց ռացիոնալ իշխանապետի կերպարը, որը կարողանում է հաշվարկել իր քաղաքական քայլերի հետևանքները: Դրանով սկիզբ դրվեց գիտական քաղաքագիտությանը, որը տարբերվում էր անտիկ շրջանի` Պլատոնի, Արիստոտելի, Եկեղեցու Հայրերի քաղաքագիտությունից, այնպես` ինչպես Գալիլեյը սկիզբ դրեց նոր ֆիզիկային, որն իր սկզբունքներով տարբերվում էր արիստոտելյան բնագիտությունից:

Ինչպես նավագնացության դեպքում, քաղաքականությունը ևս դառնում է տեխնիկայի և նոր տիպի մարդու` սուբյեկտի փոխազդեցության ոլորտ: Քաղաքականությունը ևս դառնում է ռիսկի հասկացության կիրառման ոլորտ և ռիսկերի հաշվարկման ասպարեզ:

Քաղաքական գործիչին չեն գնահատում նրա բարոյական կամ ոչ բարոյական լինելու, կամ ազգային կամ ապազգային լինելու հանգամանքով: Քաղաքական գործիչին գնահատում են ապագան կանխատեսելու նրա ռացիոնալ ունակությամբ:

Վերջին հանգամանքը հասկանալի դարձնելու համար քննարկենք Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը: Քաջ Նազարը ըստ էության քաղաքական լոտոյում պատահաբար շահած մարդ է, որի հաջողությունները անարժեք են, քանզի օրինաչափ չեն: Այս պարադոքսը հրաշալի արտահայտել է Ո. Չերչիլը իր հայտնի արտահայտության մեջ,- «Լավ քաղաքական գործիչը կանխատեսում է ապագան, իսկ հետո բացատրում իր կանխատեսման չիրականանալու պատճառները»: Այսինքն, քաղաքական գործիչի ռացիոնալությունը նույնիսկ գերակա է իրական հաջողությանը, եթե, իհարկե, հաշվարկի սխալը չի հանգեցրել ճակատագրական անհաջողության: Եթե Քրիստոնեության մեջ ապագան բաց է հավատացյալի համար, ապա ինդուստրիալ հասարակությունում այն բաց է բանական, ռացիոնալ անհատի համար:

Հաղթանակը առաջին արցախյան պատերազմում և պարտությունները 1918, 1920, 2020 թթ մեզ համար խնդրական է դարձնում ճակատագիր հղացքի վերարծարծումը ներկա հայաստանյան պայմաններում: 1918 և 1920 թթ. անհաջողությունները բացատրելիս բոլշևիկյան պատմաբանները օգտագործում են «դաշնակ բախտախնդիրներ», «դաշնակցական արկածախնդրություն» բառակապակցությունները: Լեոն, որ միացավ Դաշնակցության քաղաքականության բոլշևիկյան քննադատությանը, փորձեց ցույց տալ, որ խնդիրը հանգում է այդ կուսակցության որոշ սկզբունքներին, որոնք խոր արմատ ունեն հայկական քաղաքական մտքի պատմության մեջ: Այդ սկզբունքները նա որակեց որպես «կղերական դիվանագիտության» սկզբունքներ: Միանալով Լեոյի հիպոթեզին, նկատենք, որ այդ` Դաշնակցության որդեգրած քաղաքական սկզբունքները կարելի է որակել որպես մինչմաքիավելական, մինչքաղաքագիտական, մինչռացիոնալ:

Դաշնակցությունը Ռուսական կայսրության ամենամեծ կուսակցությունն է եղել: XX-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում նրա անդամների թիվը հասել է 170 հազարի: Այսինքն, լինելով զանգվածային կուսակցություն, այն անխուսափելիորեն պետք է կրեր մի կողմից` կենցաղային մտածողության կնիքը, մյուս կողմից` հենվեր գեղարվեստական մտածողության վրա: Այն, որ հայկական կենցաղային մտածողությունը մինչև հիմա էլ կրում է ղսմաթ հղացքի ազդեցությունը, երևում է լոտոների մասնակիցների քանակից: Այդպիսի մտածողության համար ապագան` «Երկիր Նաիրին» մշուշի մեջ է պարուրված:

Գրականությունը ևս հենվում է ճակատագիր և բախտ հղացքների վրա, բայց միանգամայն այլ` գեղագիտական մեկնաբանման սկզբունքներին հետևելով: Գրականությունը և արվեստը նպատակադրված են ցույց տալ մարդկային գոյության եզակիությունը, անհատի հակադրվածությունը բուրժուական համահարթեցնող գաղջ մթնոլորտին: Ճակատագիր և բախտ հղացքները արտահայտում են բանաստեղծական գոյության ողբերգականությունը: Դժվար չէ չարաշահել ժողովրդի պատմական ճակատագրի և բանաստեղծի ճակատագրի զուգահեռը: Բայց դեռ Մ. Նալբանդյանն էր գրում, որ իսկական բանաստեղծականը հաշվարկն է (ռացիոնալ մտածողությունը): Մի հասարակության մեջ, ուր բոլորը բանաստեղծներ են, այսինքն բոլորը շահագրգռված են ավանդական ծեսերով էսթետիկանացնել կյանքը, ռացիոնալ մարդը իսկապես բանաստեղծ է, այսինքն`եզակի:

Անցյալ դարի 90-ականներին Հայաստանում իշխանության եկան ռացիոնալ մտածողություն ունեցող մարդիկ: Հայկական հեղափոխությունը մի լեհ լրագրող անվանեց «մաթեմատիկոսների հեղափոխություն»: Այդ տարիներին Հայաստանում ստեղծվեցին բազմաթիվ քաղաքագիտական կենտրոններ, որոնց հիմնական մասը այժմ անգո է: Այսինքն հասարակությունն ինքն էր ձգտում քաղաքական մտքի ասպարեզում վերակառուցվել ըստ ռացիոնալության սկզբունքի:

Հայաստանում ազգայնամոլությունը ճնշվում էր: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ազգայնամոլությունը աջակցվեր: Կարելի է բերել Սերբիայի օրինակը, ուր ազգայնամոլական քարոզչությունը աջակցվում էր: Ե.Չարենցը իր «Խմբապետ Շավարշը» հրաշալի պոեմում ցույց է տվել նման մտածողության և հոգեբանության առանձնահատկությունները: Կարծում եմ, որ եթե պատերազմական ճակատում չզսպվեր ազգայնամոլությունը, մեզ մոտ ևս կկրկնվեր 1918 և 1920 թթ ելքը: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների պատճառների մեջ անպայման պետք է նշվի ռացիոնալ մտածողությունը:

90-ականների երկրորդ կեսից աճում է հայ հասարակության բախտախնդրության աստիճանը: Մի կողմից դրան նպաստում են Հայաստանում բախտախնդիր բիզնեսի հաջողությունները, մյուս կողմից մեծամասնության հուսահատությունը: Մարդկանց մեծամասնությունը այլևս չի հավատում, որ կարող է իր աշխատասիրության կամ իր հմտությունների շնորհիվ փոխել իր կարգավիճակը: Նրանց հույսը հրաշքն է, ասենք` շահել ինչ-որ լոտոյում: Ապագան կրկին փակում է իր դռները, ինչը վկայում է քաղաքական գործիչների պատեհապաշտ մարտավարությունը և վարքը: Դա վկայում է, որ աճել է բախտախնդիր քաղաքական գործիչների քանակը:

Բախտախնդրության աստիճանը մեծացնում են նաև ազգայնամոլական քարոզչությունը․ այն քաղաքական կոնտեքստում «հայի բախտ» բանաստեղծական հղացքի չարաշահումն է: Դա նվազեցնում է հասարակության կարողությունները՝ հասկանալ պատերազմական, դիվանագիտական, քաղաքական , սոցիալական և այլ ռիսկերի աստիճանը։

Պատերազմը նավը փոթորկոտ ծովը հանելն է: Պորտուգալացիները, որոնք Եվրոպայի ծայրամասում էին ապրում, փոքր և աղքատ ժողովուրդ էին: Նրանց անկախությունը կախված էր մեծ տերությունների ուժերի հարաբերակցությունից: Բայց նրանք լավ նավեր ունեին և նրանց ճանապարհորդությունները վարկավորվում էին հրեա վաշխառուների կողմից: Հմտությունը և հաշվարկը իրար գտան:

Աղասի Խանջյանը ստալինյան քաղաքականության օրինակով, փորձեց ստեղծել իր սեփական անձի պաշտամունքը: Նկարահանվեց «Սևանի ձկնորսները» ֆիլմը՝ նրա Սևանի ափին աքսորի կյանքի մասին: Ֆիլմը հիմա քիչ են ցույց տալիս, բայց նրա իմաստային առանցքը՝ Ալ. Ծատուրյանի բանաստեղծության հիման վրա գրված «Հեյ նավավար» երգը, հաճախ է կատարվում: Երգը կարծես կանխատեսում է քաջ նավավարի՝ Աղասի Խանջյանի մահը մոտակա քաղաքական փոթորիկներում:

Ահա, թե ինչու ինձ թվում է, որ պարտությունից հետո մեր կյանքը ճանապարհորդություն է փոթորկոտ ծովում: Պատերազմը չէր փոթորիկը, այլ նրա հետևանքները: Ապագան այնտեղ է, փոթորկոտ ծովից անդին:

Ջալոյան Վարդան