Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի աշխատողները (գրեթե բոլորը Հնդկաստանից եկած միգրանտներ են) օգոստոսի 6-ին փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով իրենց մի քանի ամսվա չստացած աշխատավարձը։ Ոստիկանության միջամտությամբ ճանապարհը բացվել էր։ Խաբված աշխատողների պահանջները բավարարվել են, թե ոչ՝ ոչ ոք չի ասում։
Посмотреть эту публикацию в Instagram
Իջևանցի Արփինեն Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ այս բողոքի ակցիան նորություն չէ։ Ինքնակազմակերպման նման փորձեր էլի են եղել նախկինում՝ նույն պահանջով։
Ֆաբրիկան պատկանում է հայ-ռուսական ընկերությանը։ Մարդկանց աշխատացնում են ծանր պայմաններում։ Ըստ Արփինեի, նրանց ամսական 50 հազար դրամ աշխատավարձ են խոստանում։ Տեղացիները հիմնականում հրաժարվում են աշխատել այդքան քիչ գումարով, տնօրենության հույսը Հնդկաստանից եկած աշխատանքային միգրանտներն են, որոնց ոչ միայն կարելի է ցածր աշխատավարձով շահագործել, այլ նաև խաբել։
Արփինեի խոսքերով՝ ֆաբրիկայի ղեկավարությունն, օգտվելով միգրանտների կարգավիճակից (աշխատանքային վիզայի ժամկետը լրանալուց հետո նրանցից շատերը պետք է լքեն Հայաստանը), վերջին ամիսների աշխատավարձերը սովորաբար չի վճարում․ «Մեկ է շուտով գնալու են, խնդիրներ չեն ստեղծի»։
Ֆաբրիկայի տնօրեն Մհեր Միրզոյանը փորձում է արդարանալ, իբր թե ցույցի պատճառը ոչ թե աշխատավարձ չվճարելն է, այլ այն, որ հնդիկ աշխատողները պայմանների բարելավում և վարձատրության բարձրացում են ուզում։ Թեև պայմաններն իրոք վատն են ու աշխատավարձը՝ ցածր, ցուցարարների հիմնական բողոքը հենց աշխատավարձ չվճարելուն էր վերաբերում։
Անցյալ տարվա դեկտեմբերին Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան մուտքը խստացվել է։ Եթե նախկինում Հնդկաստանից աշխատանքային միգրանտները գալիս էին Հայաստան տուրիստական վիզայով, խախտում 90-օրյա ժամկետը և աշխատանքի անցնում՝ չունենալով աշխատանքի թույլտվություն, նոր կարգավորումներով Հայաստան գալ ցանկացողները պետք է նախօրոք դիմեն Հնդկաստանում Հայաստանի դեսպանատուն։ Իսկ աշխատելու նպատակով գալու համար պետք է դիմեն Skill India կամ այլ աշխատանքային գործակալություններ, վճարեն նրանց՝ Հայաստանում իրենց համար գործ գտնելու դիմաց։
Այս փոփոխության նպատակն իբրև թե Հայաստանում ապօրինի աշխատող հնդիկների շահագործումը կանխելն էր: Բայց շահագործումն այդպես էլ չի կանխվել։ Հիմնավոր կասկածներ կան, որ Հնդկաստանից աշխատանքային միգրանտները Հայաստանում դառնում են նաև թրաֆիքինգի զոհ։ Նրանք Հայաստանում են հայտնվում տարբեր «գործակալությունների» միջոցով, որոնք երբեմն մարդկանցից խլում են անձնագրերը, պահում աշխատավարձերը և այլն։
Թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը միայն 2023 թվականին քննարկել է հնդիկ աշխատանքային միգրանտներին առչվող 14 դեպք: Ըստ Հետքի տվյալների՝ նրանցից ոչ մեկը չի ճանաչվել թրաֆիքինգի զոհ․ «Եղել են աշխատանքային հարաբերությունների խախտումներ և խարդախություն: Որոշ դեպքերում անձնագրերը վերցվել են գործատուների կողմից, բայց, իրենց ունեցած տեղեկություններով, ոչ ստիպողաբար»։