Գոռայի էլեկտրական սկուտերի գողությունը բարդացրել է նրա կյանքը Հայաստանում։ Հունիսի 27-ին Յանդեքսի 28-ամյա առաքիչը կայանել է Կասկադ համալիրի տարածքում, բարձրացել շենքերից մեկը՝ պատվերը հասցնելու։ Նա չգիտեր, որ Կասկադը հատուկ կարգավիճակ ունեցող տարածք է և հետևանքները անկանխատեսելի են։
Արվեստի կենտրոնի անվտանգության աշխատողները հեռացրել են սկուտերը «իրենց պոստից» և թողել Իսահակյան-Թամանյան խաչմերուկում՝ բուլիժնիկների վրա։ Երթևեկության մասից ինքնագլորը հաշված րոպեների ընթացքում անհետացել է։
Գոռայի հետ մոտեցանք Գաֆեսճյանի անվտանգության աշխատողներին, խնդրեցինք օգնել գտնել ինքնագլորը։ Նրանք սկսեցին հարցեր տալ՝ արդյոք հնդկաստանցի առաքիչը ունի կացության քարտ և Հայաստանում աշխատելու իրավունք, կարծես դա կապ ունի գողության հետ։
Գոռան պատմում է՝ վերջին 200 հազար դրամով գնել էր ինքնագլորը, որ առաքումներ անի։ Հիմա ստիպված է վճարովի քաղաքային սկուտերներից օգտվել։ Դրա համար էլ անհրաժեշտ է բանկային քարտ ունենալ։ Ինքը չունի։ Հաշվեհամար բացելու համար բանկերը աշխատանքային պայմանագիր և կացության իրավունք են պահանջում։
Գոռան եկել է Հայաստան անցյալ տարի՝ հավատալով հնդկաստանյան աշխատանքային գործակալությունների խուստումներին։ Նախօրոք 2000 դոլար է վճարել, ժամանելուն պես՝ բախվել տհաճ անակնկալների։ Օրինակ՝ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում կարող են մնալ 40 օր, վիզայի ժամկետը լրանալուց հետո պիտի վճարեն 51 000 դրամ։ Ոստիկանություն դիմելու, թարգմանիչ գտնելու հարցում հայաստանյան գործակալությունները չեն օգնում։
Գաֆեսճյան թանգարանի տարածքը «մասնավոր, բայց հանրային օգտագործման» տարօրինակ կարգավիճակ ունի, հենց սկզբից՝ 2009 թվականից, սա խնդիրներ է ստեղծել։
Արվեստագետ Կարեն Հակոբյանը պատմում է, որ իրեն դիտողություն են արել՝ Կասկադում կիսապառկած գիրք կարդալու համար։ Հարցը հասել է տնօրենի մոտ, որը ներողություն է խնդրել և ի վերջո թույլատրել գիրք կարդալ։ «Սխալ» նստելու համար դիտողություններ են ստացել ու ստանում շատերը։ Շատերը չեն բարձրաձայնում, ուղղակի տեղափոխվում են մայթերի սրճարաններ։
Զայրացնում է, որ կոնկրետ վարքի մասին պաստառներ տարածքում չկան։ Դրանց մասին իմանում ես, երբ խախտում ես «կարգը»։ Տարածքում արգելում են նվագել փողոցային երաժիշտներին, թեև թույլատրում են ազգային պարի համերգներ։ Քաղաքական պիկետների փորձերը հաշված րոպեներում լիկվիդացվում են մասնավոր ոստիկանների կողմից։
Այգում դրված արվեստի գործերի հետ որևէ ինտերակցիա արգելված է՝ կպնել, լուսանկարել, կամ պտտել։ Նման ակտերի վիդեոներ եղել են, սակայն կենտրոնի ղեկավարությունը դրանք օգտատերերին հեռացնել է տվել։
իլյուստրացիան՝ Անաստասիա Կարկոցկայայի