Հիմնավոր կասկածներ կան, որ Հայաստանում ապրող հնդիկ միգրանտների առնվազն մի մասը աշխատանքային տրաֆիքինգի է ենթարկվում, փաստում են «Հետքի» հետաքննող լրագրողները։ Հնդիկներին Հայաստան են բերում գործակալները։ Աշխատավորներից մինչև 1,5 միլիոն դրամ գումար են վերցնում՝ տեղափոխության, կացության և աշխատանքի տեղավորելու համար։ Փաստաթղթեր ձևակերպելու պատրվակով գործակալները նրանցից խլում են անձնագրերը և չեն վերադարձնում։ Մարդկանց աշխատանքի են տեղավորում նախօրոք համաձայնեցվածից վատ պայմաններով, աշխատավարձից պահումներ են անում։
«Հետքը» զրուցել է 2023-ի սկզբին ընկերոջ խորհրդով Հնդկաստանից Հայաստան եկած տղամարդու հետ․ «[Ընկերս] ասաց, որ այնտեղ շատ փող կաշխատեմ՝ ամսական մոտ հազար դոլար: Ասաց՝ եվրոպական երկիր է»: Նրա ընկերը ճամփորդությունը կազմակերպել է Հայաստանում ապրող հնդիկ գործակալի միջոցով: Տղան 650,000 դրամ է վճարել էլեկտրոնային վիզայի, թռիչքի և Yandex-ում վարորդ-առաքիչի աշխատանքի համար: Ոչ մի գրավոր պայմանավորվածություն չի եղել, WhatsApp-ով զրույցից բացի:
Նրան՝ տասնյակ այլ հնդիկ միգրանտների հետ միասին տեղավորել են Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերրի» հյուրանոցում: Հայաստան գալուց որոշ ժամանակ անց սկսել է աշխատել Yandex-ում՝ որպես առաքիչ․ «Ինձ ասել էին, որ մեկ պատվերի համար պիկ ժամերին կստանանք 1900 դրամ, իսկ մյուս ժամերին՝ 1400 դրամ։ Բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ խաբել են։ Մեզ տալիս էին 1300, 900 դրամ»։
Առավոտից մինչև կեսգիշեր աշխատելով նա մեկ ամսում 384 հազար դրամ է վաստակել, որից կարողացել է խնայել միայն մի փոքր մասը։ Գործակալներին ամսական 100.000 դրամ էր պետք վճարել՝ սննդի և տասը հոգու համար նախատեսված սենյակում մեկ մահճակալի համար։ Եվս 150․000 դրամ պետք էր վճարել սկուտերի վարձակալության համար։ Այս ծախսերի մասին նախօրոք չեր ասվել, փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստան գալուց հետո։ «Այդ ամենը վճարելուց հետո ընդամենը 50 հազար դրամ էր մնում տուն ուղարկելու համար»։
Մարդը վեց ամիս ապրել է «Չերրի» հյուրանոցում, սկուտերով վթարի ենթարկվելուց հետո ստիպված է եղել թողնել առաքչի գործը։ Մի քանի ամիս աշխատանք չի ունցել և չի կարողանում վճարել «Չերրիում» ապրելու համար, ուստի պարտք է մնացել գործակալներին: Հետագայում նա մի քանի կարճաժամկետ աշխատանք է ստացել։ Ամեն աշխատանքի համար ստիպված է եղել նաև միջնորդավճար տալ գործակալներին։
Նրա ընկերներից ոմանք, ի վերջո, կարողացել են ինքնուրույն աշխատանք գտել։ Ինքն էլ ցանկացել է միանալ նրանց: Բայց «Չերրից» հեռանալու համար, նախ, հարկավոր էր անձնագիր ունենալ, որը վերցրել էին և հետ չէին տալիս։ Տղամարդը ստիպված է եղել ասել, որ ցանկանում է Հնդկաստան վերադառնալ․ «Ես ուղղակի փախա այնտեղից»։
Նրա հետ զրուցելուց հետո հետաքննող լրագրողները գնացել են «Չերրի» հյուրանոց, հանդիպել գործակալներին և նրանց ենթակայության տակ գտնվող միգրանտներին։ Մարդիկ պատմել են բռնությունների, շորթումների և շահագործման մասին։
Օտարերկրացիների թվով հնդիկները երկրորդն են ռուսաստանցիներից հետո։ Հայաստանում 20-ից 30 հազար հնդիկ է ապրում՝ անցած տարվա նոյեմբերին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրանցից 2600-ը ուսանողներ են՝ սովորում են Հայաստանի տարբեր բուհերում։ Միգրացիոն ծառայության տվյալներով, 2023 թվականին Հայաստանում աշխատանքի թույլտվություն է ստացել Հնդկաստանի 3200 քաղաքացի։ Մյուսների կարգավիճակը անորոշ է։
2017 թվականին Հայաստանի կառավարությունը պարզեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու գործընթացը։ Դրանից հետո Հայաստանում ապրել և աշխատել ցանկացող հնդիկների հոսքը մեծացել է։
Գործող կարգավորումների համաձայն, Հայաստան մուտք գործելու համար Հնդկաստանի քաղաքացիները պետք է ստանան առցանց վիզա՝ առավելագույնը 120 օր ժամկետով, ևս 60-օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե Հնդկաստանի քաղաքացին Հայաստան է եկել աշխատելու նպատակով, նրա գործատուն օրինական ժամկետում պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու համար։ Տարեկան վճարը 105 000 դրամ է։ Հայտերի դիտարկման համար սահմանված է մեկամսյա ժամկետ:
Հետաքննության ընթացքում լրագրողները հանդիպել են բազմաթիվ հնդիկ միգրանտների։ Նրանք պատմել են, որ գործակալները բարձր աշխատավարձ են խոստացել, և, վստահելով այդ խոստումներին, իրենք համաձայնել են մեծ գումարներ վճարել միջնորդներին։ Ոմանք 1 կամ նույնիսկ 1․5 միլիոն դրամ են ծախսել՝ գործակալների միջոցով Հայաստան տեղափոխվելու համար։ Հայաստանում նրանց կա՛մ չեն ապահովել խոստացված աշխատանքով, կա՛մ տվել են աշխատանք, բայց չեն վճարել խոստացած աշխատավարձը։ Գործակալներն իրենց պահում են կենցաղային տարրական պայմաններից զուրկ կացարաններում, մարդիկ ստիպված են մեծ գումարներ վճարել՝ լեփ-լեցուն սենյակներում երկհարկանի մահճակալների համար։
Միգրանտների մեծ մասը եկել է Հնդկաստանի Կերալա շրջանից: «Հետքը» զրուցել է Կերալայի Միգրացիայի և զարգացման միջազգային ինստիտուտի նախագահ Ս. Իրուդայա Ռաջանի հետ։ Կերալայից մարդիկ սկսել են զանգվածաբար արտագաղթել 1970-ականներին․ «Այն ժամանակ հիմնական գործոնները աղքատությունն ու գործազրկությունն էին», – ասել է Ռաջանը։ Այսօր Կերալայից գնացողները հիմնականում միջին խավի «ձգտում ունեցող միգրանտներ» են, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում իրենց կենսամակարդակը բարելավելու հույսով: Հայաստանը նրանց թիվ մեկ ուղղությունը չէ, հնդիկները հիմնականում գնում են Պարսից ծոցի երկրներ՝ Կատար, Սաուդյան Արաբիա:
Աշխատանքի գործակալությունները շատ են Կերալայում: Նրանց գովազդներն ամենուր են՝ ինքնաթիռներում, ավտոբուսներում ու երկաթուղային կայարաններում։ «Միգրացիան հույս է։ Հավաքագրման գործակալությունները մարդկանց երազանքներ են վաճառում», – նշել է Ռաջանը։ Ընդունող երկրներում, ըստ նրա, միգրանտները հաճախ բռնության են ենթարկվում և դիմանում վատ կենսապայմաններին․ «Սա ստրկության նոր ձև է: Գաղթից հետո նրանց կյանքը հաճախ շատ ավելի վատն է լինում, քան նախկինում էր»։
Հետաքննության հերոսի գործակալը՝ Ռաիհան Սաինելաբուդինը, ժամանակին հենց այսպիսի «ձգտում ունեցող միգրանտ» էր: Սաինելաբուդինը մեծացել է Կերալայում՝ նրա հայրը այնտեղ ոսկերչական խանութ ունի: Հայաստան է եկել բժշկություն սովորելու։ 2021 թվականին նա այստեղ գրանցել է իր առաջին ընկերությունը՝ «Էդութոփ ինտերնասիոնալ»-ը։ Նրա գործընկերը մեկ այլ հնդիկ միգրանտ էր՝ Աբին Սինդհուն, որը նույնպես գործակալ էր աշխատում: Սինդհուն հիմա բանտարկված է։ 2023 թվականի հունիսի 19-ին «Չերրի» հյուրանոցից տասնհինգ րոպե հեռավորության վրա գտնվող բենզալցակայանի մոտ հայտնաբերվել էր Հնդկաստանի քաղաքացու դի: Աբին Սինդհուն մեղադրվում է սպանության մեջ։ Նրա պաշտպանը հաստատում է՝ սպանվածը հնդիկ աշխատող էր: Ամբաստանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նախաքննությունը դեռ շարունակվում է։
Սաինելաբուդինը վարձակալում է «Չերրի» հյուրանոցը 2021 թվականի դեկտեմբերից։ Հյուրանոցի գրանցված սեփականատերերն են Արմեն Ղալաչյանը և Արմեն Գյուրջյանը։ Վարձակալներն ասում են, որ իրական սեփականատերը նախկին քաղաքական գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Կարապետյանն է, որը հայտնի է որպես «Չերրիի Վահան»։
Սաինելաբուդինի ներկայիս բիզնես գործընկերը Աննա Փեթակչյանն է, որը նմանատիպ կառույց է ղեկավարել նաև Ռուսաստանում: «Ֆայնդ Յոր Պրոգրես» ՍՊԸ-ն գրանցված է Փեթակչյանի անունով՝ «Չերրի» հյուրանոցի հասցեում։ Ընկերությունը գրանված է որպես տուրիստական օպերատոր: Գրասենյակ ունի նաև Հնդկաստանի Կերալա նահանգում: «Ֆայնդ Յոր Պրոգրեսի» գովազդներում արտագնա աշխատողներին խոստանում են «հրաշալի աշխատավարձ և պայմաններ», «պարգևատրում քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար»:
Միգրանտների խոսքով, Փեթակչյանն ու Սաինելաբուդինը վերցրել են նաև «Չերրիում» պահվող այլ հնդիկների անձնագրերը։ Տղամարդկանցից մի քանիսը նախկինում ոստիկանություն են դիմել, նրանցից մեկը ոստիկաններին ահազանգել է՝ իրեն նաև ծեծի են ենթարկվել։
Հետաքննող լրագրողներին հանդիպած հնդիկներից մի քանիսը պատմել են բռնության այլ դեպքերի մասին, ուղարկել են խմբակային չատի էկրանապատկերը, որտեղ մի հնդիկ տեղադրել է իր մարմնի կապտուկների լուսանկարը: Ոստիկանություն տված նրա հաղորդման համաձայն՝ Սաինելաբուդինը մի քանի այլ հնդիկների հետ միասին ծեծել է իրեն, գցել է հատակին, ոտքերով հարվածել որովայնին, բռունցքով հարվածել գլխին, հետո ածելիով սափրել գլուխն ու մորուքը։ Գործով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Փեթակչյանը հերքել է այս մեղադրանքները։
Ուսումնասիրության ընթացքում «Հետքը» հաղորդագրություն է ստացել Աննա Փեթակչյանից։ «Չերրի» հյուրանոցում ապրողներից մեկը, հավանաբար, տեղեկացրել է նրան, որ լրագրողները հետաքրքրվում են միգրանտներով: «Իմ իրավաբանը ձեր դեմ բողոք է կազմում, սպասեք խաբարի»,- գրել է հայ գործակալը։
Հեռախոսազրույցից հետո Փեթակչյանը համաձայնել է հարցազրույց տալ «Չերրի» հյուրանոցում։ Հանդիպման ժամանակ նա և Սաինելաբուդինը հավաստիացրել են՝ բոլոր աշխատողները նախապես վճարել են 1500 դոլար, որի մեջ ներառված է ինքնաթիռի տոմսը, աշխատանքի տեղավորումը, մեկ ամիս կացարանում մնալը և սնունդը: Փեթակչյանը հաստատել է, որ նախկինում սնունդն ու վարձն անվճար չեն եղել՝ հավելելով, որ այս մասին աշխատողներին տեղյակ են պահել նախապես։
Փեթակչյանը նշել է, թե բոլոր աշխատողների հետ հիմա պայմանագրեր են կնքում։ Ցույց է տվել փաստաթղթերով լի տրցակը՝ պայմանագրերը: Լրագրողները ուսումնասիրել են դրանցից մեկը՝ պայմանագրում բացակայել են աշխատավարձի չափն ու գործակալի ստորագրությունը։
Աշխատողների մի մասը հյուրանոցի ներքնահարկում է ապրում։ Երկար միջանցքի երկու կողմերում լեփ-լեցուն սենյակներ են: Ըստ Փեթակչյանի, ներքնահարկում 40 աշխատող է մնում․ «Ես չեմ ասում, որ դա կատարյալ է, բայց դա նվազագույնն է, որն անհրաժեշտ է հնդիկներին»:
Լրագրողների և գործակալների խոսակցությանը միացած երեք հնդիկ աշխատողները ահազանգել են՝ աշխատավարձ չեն ստացել։ Փեթակչյանը պատասխանել է, թե անձնական խնդիրների պատճառով չի կարողացել գալ «Չերրի», դրա համար էլ չի վճարել։ Սաինելաբուդինը հավելել է. «Այստեղ հարյուր մարդ կա։ Բոլոր աշխատողները աշխատավարձ ստանում են, ինչո՞ւ հենց իրենք միայն խնդիր ունեն»։
Փեթակչյանն հավելել է՝ մարդիկ գալիս են այստեղ, չունենալով աշխատանք, ապրելու տեղ, ուտելիք։ Նա կանչել է ընդունարանի աշխատակցին, որը Հայաստան է եկել մեկ այլ գործակալի միջոցով։ Նա պատմել է, որ Հայաստան գալու համար վճարել է ավելի քան 700.000 դրամ, բայց ժամանելուց հետո գործակալը լքել է իրեն։
«Մեկուկես ամիս աշխատանք չունեի։ Ամեն օր միայն լավաշ էի ուտում ու ջուր խմում»,- պատմել է հնդիկ միգրանտը։ Բնակվարձը 45000 դրամ էր, ուստի՝ պետք էր աշխատանք գտնել․ «Յուրաքանչյուր աշխատանքի համար մենք պետք է միջնորդավճար վճարեինք, բայց երկու, երեք շաբաթ աշխատելուց հետո մեզ դուրս էին հանում»։
Աշխատավարձից բողոքող երեք աշխատողները պատմել են, որ Հայաստան գալու համար վճարել են մոտ 1,4 միլիոն դրամ։ Այդ գումարի մի մասը ստացել է Հնդկաստանում գտնվող գործակալը: Փեթակչյանն արդարացել է՝ իրենց բիզնեսը «շատ բարդ կառուցվածք ունի»: Մեկ աշխատողի մեջտեղում երբեմն 3-4 գործակալ կա, և յուրաքանչյուրը միջնորդավճար է ստանում: Ըստ նրա, «Ֆայնդ Յոր Պրոգրես» ՍՊԸ-ն ստացել է այս աշխատողների վճարած գումարի միայն կեսը։
Զրույցին միացած մյուս հնդիկներն էլ ահազանգել են՝ Սաինելաբուդինն ու Փեթակչյանը վերցրել են իրենց անձնագրերը: Սաինելաբուդինը հակադարձել է. «Դուք ապացույցներ ունե՞ք»: Փեթակչյանը հաստատել է՝ աշխատողների անձնագրերը վերցնում են, այո, բայց՝ միայն կացության կարգավիճակի թղթերը պատրաստելու համար։ «Հետո վերադարձնում ենք անձնագիրը»,- ասել է կինը՝ հավելելով, որ զրույցին միացած աշխատողների համար ոչ մի փաստաթուղթ էլ չեն պատրաստել, հետևաբար նրանց անձնագրերը չեն վերցրել։
«Չերրի» հյուրանոցից դուրս գալուց մի քանի րոպե անց Փեթակչյանը հաղորդագրություն է ուղարկել լրագրողներին. «էս տղաներին դուրս եմ հանում։ Էնպես որ, կարող եք իրենց կանչել ու մի քիչ դրամա սարքել»: Հետագայում պարզվել է, որ նա հյուրանոցից հանել է այն աշխատողներին, որոնք լրագրողների ներկայությամբ բողոքել են չվճարված աշխատավարձից և պատմել իրենցից խլված անձնագրերի մասին։
Փեթակչյանի և Սաինելաբուդինի համար «Ֆայնդ Յոր Պրոգրես» ՍՊԸ-ն հաջողակ բիզնես է։ Մի քանի ամիս առաջ նրանք երկրորդ հանրակացարանն են բացել Երևանի Էրեբունի թաղամասում։ Գործակալը պնդել է, որ իրենք աշխատում են Հայաստանի խոշորագույն ընկերությունների՝ հյուրանոցների, ռեստորանների, բենզալցակայանների հետ։ Այդ ընկերություններից մեկն էլ Yandex-ն է։
Հետաքննության հեղինակները Yandex-ից փորձել են պարզել՝ ի՞նչ պայմաններով է ընկերությունն աշխատանքի ընդունում մարդկանց, արդյոք ստուգո՞ւմ է աշխատողների իրավական կարգավիճակը։ «Yandex Delivery-ն տեղեկատվական ծառայություն է, որն օգնում է Yandex Go հավելվածի օգտատերերին գտնել առաքման պատվերների համար կատարողների, իսկ գործընկերներին՝ ընդունել այդ պատվերները կատարման համար: Առաքման ծառայությունները մատուցվում են ծառայության գործընկերների կողմից, որոնք պարտավոր են ծառայություններ մատուցելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության բոլոր պահանջները: Առաքիչները Yandex-ի աշխատակիցներ չեն, ընկերությունը նրանց հետ առևտրային կամ աշխատանքային հարաբերություններ չունի», – պատասխանել են Yandex-ից:
Առաջին հանդիպումից մեկ ամիս անց լրագրողները կրկին խոսել են նույն հնդիկ միգրանտի հետ։ Նա արդեն գործազուրկ էր։ Գործարանի մենեջերը, որտեղ նա աշխատում էր, ասել է՝ նրան ազատել են աշխատանքից առողջական խնդիրների պատճառով։ Այժմ տղամարդը ցանկանում է վերադառնալ Հնդկաստան, բայց տոմսի փող չունի։ Բացի այդ՝ նա պարտքեր է արել, որ գա Հայաստան։ Այստեղ բավարար գումար չի վաստակել՝ այդ պարտքերը մարելու համար։
Հայաստանի քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ «Թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է, ինչպես նաև՝ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը, պահելը՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը նշել է, որ 2023 թվականին թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը քննարկել է հնդիկ աշխատանքային միգրանտների հնարավոր թրաֆիքինգի 14 դեպք․ «Նրանցից ոչ մեկը չի ճանաչվել որպես թրաֆիքինգի զոհ։ Եղել են աշխատանքային հարաբերությունների խախտումներ և խարդախության դեպքեր: Որոշ դեպքերում անձնագրերը վերցվել են գործատուների կողմից, բայց, իրենց ունեցած տեղեկություններով, ոչ ստիպողաբար»։