Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով:
Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը:
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից (ՔԿԱԳ) ստանալով օտարեկրացիների կողմից որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ՝ դրանք հասանելի է դարձրել վերոհիշյալ կազմակերպությունների և որդեգրող թեկնածուների համար, այնուհետև Հայաստանում ընդունել և ուղեկցել է նրանց, կազմակերպել վերջիններիս տեսակցությունները երեխաների հետ, ինչպես նաև իրականացրել նրանց անունից հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով, դրանք ներկայացրել դատարան, կատարել անհրաժեշտ պետտուրքերի համար նախատեսված վճարումները, մասնակցել դատական նիստերին՝ իբրև թարգմանիչ, իսկ որդեգրման գործընթացն իր կողմից հաջողությամբ ավարտելուց հետո երեխային, որդեգրող օտարերկրացիների հետ, ճանապարհել է Հայաստանից:
Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15.000-25.000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1.200.000 եվրո:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին (քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին (168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով), «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին (քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին (308-րդ հոդվածի 2-րդ մասով) և նույն բաժնի աշխատակցին (քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: