Home / Դատարան / Հանրային գերակա շահով ունեզրկվածները կարող են նորից դատարան դիմել

Հանրային գերակա շահով ունեզրկվածները կարող են նորից դատարան դիմել

«Հանրային գերակա շահի» պատճառով ունեզրկված մարդկանց օգտին Սահմանադրական դատարանն իր հերթական որոշումն է կայացրել սեպտեմբերի 23-ին։ Թեև որոշումը վերաբերում էր մեկ դեպքին՝ այն փաստացի նախադեպի ուժ կարող է ստանալ և հիմք դառնալ նմանատիպ այլ գործերի վերաբացման համար։

Կառավարության կողմից «Հանրային գերակա շահ» ճանաչվելուց հետո, հիշեցնեն, տուն, հողամաս կամ այլ սեփականություն են կորցրել Երևանի Ավոբյան-Բուզանդ-Ֆիրդուս փողոցների (Հյուսիսային պողոտա), նաև Թեղուտ, Շնող գյուղերի(Թեղուտի հանք), Վարդենուտի բնակիչներն և այլոք։ ՄԻԵԴ-ը արդեն մոտ մեկ տասնյակ դատավճիռներ է հրապարակել միայն Հյուսիսային պողոտային վերաբերող գործերով՝ պետությանը պարտավորեցնելով երեք միլիոն դոլարից ավել փոխհատուցում տրամադրել Երևանի փոքր կենտրոնի ունեզրկված բնակիչներին։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նրանց տնազրկել են՝ սեփականության բռնի վերաբաշխումը ներկայացնելով որպես հանրային գերակա շահ։ 

Սահմանադրական դատարանի վերջին որոշումը հնարավորություն է վերաբացել գործերը և նոր քննություն անել նաև ներպետական ատյաններում՝ ոչ միայն երևանցիների, այլև գերակայի տակ ընկած բոլոր քաղաքացիների համար։

կարևոր որոշում

Երևանի կենտրոնի (նախկին) բնակիչներ Կպրյանն ու Ասրիբաբյանը 2018 թվականին հաղթել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)․ Հայաստանի ներկայացուցիչը չէր էլ վիճարկել, որ նրանց իրավունքները խախտվել են, և առաջարկել էր փոխհատուցում 118 հազար եվրոյի չափով։ Փոխհատուցման չափը դիմողները համարել էին անհամարժեք․ 2005-ին նրանց վտարել են իրենց տնից, մարդիկ նաև եկամուտի աղբյուր են կորցրել, վնասներ են կրել հետագա տարիների ընթացքում, ի վերջո տների գներն են հասցրել բարձրանալ։ Տուժողները դիմել են ներպետական ատյաններ՝ պահանջելով բեկանել ժամանակին կայացրած ապօրինի ակտերը, վերաբացել գործը և վերագնահատում իրականացնել։ Վճռաբեկ դատարանը՝ հղվելով Քաղդատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասին, մերժել է նրանք հայցը՝  հիմնավորմամբ, թե նոր քննությունը կենթադրի միևնույն վնասի համար կրկնակի փոխհատուցում։ 

Դիմողները հակադարձել են՝ նախ, ՄԻԵԴ-ը փոխհատուցման չափ որոշող մարմին չէ, այլ իրավունքի խախտումը հաստատող մարմին։ Այն արդեն իսկ հաստատել է, որ իրենց իրավունքները խախտվել են հայաստանյան դատարանների կողմից։ Եվ եթե հայաստանյան դատարանը հրաժարվում է նոր քննություն իրականացնել, այսինքն՝ հրաժարվում է վերաբացել գործը և նոր, արդար վճիռ չի կայացվում (տրամադրելով ներպետական օրենքներով սահմանված չափի համարժեք փոխհատուցում), ուրեմն ուժի մեջ է թողնում այն վճիռը, որն արդեն ճանաչվել է հակաիրավական։

Սահմանադրական դատարանը ըստ էության հաստատել է նրանց փաստարկները և հակասահմանադրական ճանաչել ՔԴՕ հիշատակված 427-րդ հոդվածի 2-րդ մասը։

Նոր փոխհատուցում․ վաղեմության ժամկետ չկա

Թեղուտի հանքի պատճառով 2007-ին ունեզրկված գյուղացիների շահերը ներկայացնող փաստաբան Մերի Կարապետյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է՝ ՍԴ այս որոշման հիմքով պարտավոր են վերաբացել նաև այլ նմանատիպ (այդ թվում նաև իր պաշտպանյալների) գործերը։

«Թեղուտի գործով 7 հոգի նույնպես հաղթել է ՄԻԵԴ-ում։ Մենք այդ գործերով նույնպես դիմել էինք ՀՀ առաջին ատյանի դատարան, որը, սակայն, բավարարել էր Թեղուտ ՓԲԸ-ի պահանջը, այսինքն՝ հատուցում չէր տրամադրել մեր վստահորդներին։ Բայց ՄԻԵԴ-ը, ինչպես արդեն ասացի, կորստի չափը որոշող մարմին չէ։ Հիմա մենք բողոքարկել ենք, և ՍԴ-ի այս որոշումը ուղղակի հաստատում է, որ մեր գործը պետք է նորից քննվի», – ասել է նա։ 

2007 թվականին Կառավարության որոշմամբ Շնող և Թեղուտ գյուղերի 81 հազար հեկտար տարածքներ հանրային գերակա շահ են ճանաչվել և հատկացվել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող ընկերությանը։ Հանքավայրի տարածքում սեփականություն ունեցող մարդկանց ստիպել են իրենց գույքը վաճառել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին՝ վերջինիս առաջարկած գնով։ Հողի մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվել է 55-65 դրամ, ինչը նույնիսկ կադաստրային գնից էր ցածր։ Սեփականատեր-գյուղացիներից շուրջ 300-ը հրաժարվել էին գործարքից, բայց հայաստանյան դատարանները պարտադրել էին նրանց վաճառել հողը և լքել տարածքը։ Բնակիչները արժեքի անկախ գնահատում էին պահանջել,դատարանը մերժել էր նաև այդ միջնորդությունը։ Ավելին՝ գնահատող ընկերությունները հրաժարվել էին ներգրավվել հանքի դեմ որևէ գործողությունում։ Շուրջ 100 դատական գործեր են եղել, բայց դիմողներից ընդամենը ութն են հասել Եվրոպական դատարան։ 

«2018-ին ՄԻԵԴ-ը ուղենշային որոշում է կայացրել Թեղուտի բնակիչներ Օսմանյանների հայցով։ Ուղենշային է, որովհետև Եվրոպական դատարանը սահմանել է պարտադիր նորմեր․ միայն այդ նորմերով է հնարավոր մարդուն զրկել սեփականությունից հանրային գերակա շահի հիմքով։ Սա պարտադիր է ոչ միայն Հայաստանի, այլև կոնվենցիայի բոլոր երկրների համար։ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ ներպետական դատարանները պարտավոր են նման գործերում հաշվի առնեն, արդյոք հողը համարվում է սեփականատիրոջ միակ եկամտի աղբյուրը, արդյոք առաջարկվող փոխհատուցումը այնքան է, որ նա կարողանա համարժեք հող ձեռք բերել և այլն», – ասել է փաստաբան Կարապետյանը։ Այս նորմերից ոչ մեկը չի պահպանվել ո՛չ Հյուսիսային պողոտայի, ոչ էլ Թեղուտի գյուղերի պարագայում։

Ավելին՝ այս գործերը հնարավոր չէ փակել, հղվելով վաղեմության ժամկետի ն։ Սահմանադրական դատարանը դեռ 2023-ին որոշում (N-1966) էր կայացրել, ըստ որի «հանրային գերակա շահով» անցող գործերը վաղեմության ժամկետ չունեն։ Փաստաբան Մերի Կարապետյանն ակնկալում է, որ ՍԴ այս վերջին որոշումից հետո վերաբացման դիմումների նոր հոսք կլինի։