«Երևանի կառուցապատման ծրագրերով 2000-ական թվականներից սկսած քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար կառավարության որոշումներով ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և օտարվել են՝ «պետական կարիքների համար» հիմնավորմամբ։ «Հյուսիսային պողոտա և Կասկադ գլխավոր պողոտա» ծրագրերը իրականացվել են հենց այդ ճանապարհով։ Այդ ծրագրերի իրականացման անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելիորեն, անարդարացի վերաբաշխում, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման, անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ, իսկ Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացել են առանձին անհատների ձեռքում։ Քաղաքացիներից վերցվել են նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներն ու բնակարանները, և հարյուրավոր ընտանիքներ դարձել են անօթևան։ Կառավարության այդ որոշմամբ այդպես էլ չբացահայտվեց «պետական կարիք» հասկացության բովանդակությունը», – այս մասին այսօր «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» խորագրով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հրավիրված փաստահավաք խորհրդարանական լսումների բացման զեկույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Խոսքը վերաբերում է 2001 թվականին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող շուրջ 72 000 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի՝ հողամասերի, շենքերի և շինությունների օտարման գործընթացին, որի հետևանքով Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների մեծ մասը վտարվեց իրենց տներից, զրկվեց սեփականության իրավունքից և համարժեք փոխհատուցում այդպես էլ չստացավ։
Թոթոյանը ընդգծեց՝ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների սեփականությունը ճանաչվել է բացառիկ գերակա շահ և օտարվել է սեփականատերերի և օգտագործողների իրավունքների զանգվածաբար խախտմամբ, ինչը բազմիցս ամրագրվել է ՄԻՊ-ի զեկույցներում և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներում։
«Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունք։ Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, հանրության շահերի պաշտպանության նպատակով ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով օրենքով սահմանված դեպքերի։ <…> Սահմանադրությունը նաև նախատեսել է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը կարող է իրականացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով՝ միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ», – ասաց Թաթոյանը՝ ընդգծելով, որ համապատասխան օրենք, սակայն, չի ընդունվել և Հյուսիսային պողոտայի կառուցապատման գործընթացում սեփականության օտարումն իրականացվել է Կառավարության որոշման հիման վրա միայն՝ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներով, օրենքի անտեսմամբ կամ կոպիտ շրջանցմամբ, բնակչության ունեզրկմամբ։
«Սեփականության [հարկադիր օտարման] դիմաց տրամադրված փոխհատուցման գումարները ակնհայտորեն համարժեք չեն եղել և բավարար չեն եղել անգամ մեկ այլ բնակարան ձեռք բերելու համար։․․․[Բացի այդ] մի քանի տասնյակ ընտանիքներ, մեծ մասը՝ բազմանդամ, որոնք սեփականատերեր են համարվել դեռևս 30-40-ական թվականներից, դիտվել են միայն որպես տվյալ բնակարանների օգտագործողներ և վտարվել են աննշան փոխհատուցմամբ։․․․Դատարաններն ահնհայտ անարդար անտեսել են իրացնողի ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու վերաբերյալ ներկայացրած հայցերը», – ասել է Թոթոյանը։
Անդրադառնալով օտարման համար ֆորմալ հիմք հանդիսացող «հասարակության և պետության կարիք» և «բացառիկ գերակա հանրային շահ» հասկացություններին, Մարդու իրավունքները պաշտպանը նշել է՝ սեփականության զանգվածային օտարման հիմքում ընկած իրավական ակտերից ոչ մեկում բացահայտված չեն եղել այդ հասկացությունների բովանդակությունը։
«Չկար այդ ժամանակ անշարժ գույքի վերաբերյալ կոնկրետ օրենք, որում սահմանված կլինեին օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը, և նշված կլիներ, թե օտարվող անշարժ գույքը հասարակության և պետության որ կարիքների բավարարմանն էր ուղղվելու։ Կառավարության որոշումը առհասարակ պատկերացում չէր տալիս, թե ինչ պետական կարիքների մասին է խոսքը, և որևէ հիմնավորում չէր պարունակում, թե ինչ պատճառական կապ գոյություն ունի պետական կարիքների և վերցվող հողամասի վրա մի շարք առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող առևտրային գործունեության միջև», – նշեց Թաթոյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հյուսիսային պողոտայի և Կասկադի բնակիչների վտարման, նրանց սեփականության օտարման ողջ գործընթացը՝ իրավական հիմքերից սկսած ավարտած փոխհատուցման տրամադրման գործընթացով, հետագա դատական պրոցեսներով, իրականացվել է կոպտագույն խախտումներով և իրավունքի ոտնահարմամբ։
«Չնայած ՄԻԵԴ-ի Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված բազմաթիվ որոշումների, որոնցում արձանագրվել է Կոնվենցիայի խախտում և Հայաստանի Հանրապետության վրա դրվել է դիմումատուներին որոշակի գումարներ վճարելու պարտավորություն, համակարգային առումով ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան գտնում եմ, որ շարունակում են չլուծված մնալ Հյուսիսային պողոտայի և Կասկադի նախկին բնակիչներին կազմակերպությունների կողմից փոխհատուցում այդպես էլ չտրամադրելու հարցը», – նշեց զեկուցողը՝ ընդգծելով, որ հետագայում ընդունված սեփականությանը վերաբերող օրենքը նույնպես թերի է և ոչ ամբողջական և ունի վերանայման և հստակեցման կարիք։
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին անդրադարձավ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Րաֆֆի Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ Արդարադատության նախարարությունը խնդրի առնչությամբ արդեն իսկ նախաձեռնել է որոշակի աշխատանքներ, հանդիպումներ են եղել նախկին բնակիչների ներկայացուցիչների հետ, որոշվել է աշխատանքի ձևաչափը։
«Ուզում եմ հաստատել, որ ԱՆ-ն և կառավարությունը պատրաստակամ են վերհանել բոլոր խնդիրները, հասկանալ դրանց լուծման ուղիները։ Մեր դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նախագծով նախատեսված է նաև փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում բոլոր ունեզրկված քաղաքացիների հարցերի և խնդիրների վերհանում, գույքագրում և դրանց համար հետագա լուծումներ նախաձեռնելու հնարավորություն», – ասաց Գրիգորյանը։
Լսումներին՝ պատգամավորներից և կառավարության ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին նաև Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն, իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ ՄԻՊ-ի զեկույցից հետո նրանք հնարավորություն ունեցան հանդես գալ կարճ ելույթներով, որոնցում ներկայացված տեղեկությունները, ըստ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի, սղագրվելու և ներառվելու են փաստահավաք զեկույցում։