«Ոչ մի թագավոր» նշանակում է «ոչ մի բարոն»
Յանիս Վարուֆակիս
Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և նույնիսկ Գերմանիան ֆինանսական ճգնաժամի առաջ են. կենսաթոշակների ու սոցիալական ծրագրերի հետ կապված պարտավորությունները գնալով մեծանում են, ռազմական ծախսերը ևս, իսկ քաղաքական գործիչները ո՛չ համարձակություն ունեն դրանք կրճատելու, ո՛չ էլ ավելի բարձր հարկերի միջոցով ֆինասնավորելու համար։ Ոմանք եզրակացնում են, որ ժողովրդավարությունը չի կարող հարկաբյուջետային շրջահայացություն ապահովել, քանի որ ժողովրդին հնարավոր չէ համոզել ապրել դրա սահմաններում։ Բայց կա այլընտրանքային բացատրություն. ֆինանսական խնդիրների պատճառն այն է, որ մենք ապրում ենք ոչ թե ժողովրդավարության պայմաններում, այլ օլիգարխիայի իշխանության, որը պարբերաբար ընդհատվում է ընտրություններով։
Ազատ արդար ընտրությունները բավարար ժամանակ ու փող ունեցող մարդկանց հնարավորություն են տալիս պաշտոն ձեռք բերել, ինչը խիստ տարբերվում է իշխանություն ունենալուց։ Ընտրվելուց հետո կենտրոնական բանկը նրանց զրկում է դրամավարկային քաղաքականության նկատմամբ վերահսկողությունից, իսկ արդեն գերծանրաբեռնված բյուջեները և պարտատերերից վախը սահմանափակում են նրանց կարողությունները հարկաբյուջետային ոլորտում։ Դեռ զարմանալի՞ է, որ տաղանդավոր մարդիկ ձեռք են քաշում քաղաքական կարիերայից՝ անօգնական ձևով իրենց վերահսկողությունից դուրս ուժերը դիտարկելու փոխարեն։
Շորթողական իշխանությունը կիրառվում է ամենուր։ Ֆրանսիայում, որը վերջերս դարձել է ֆինանսական ճգնաժամի կիզակետը, 500 ամենահարուստ մարդկանց ունեցվածքը 2024-ին կազմում էր ազգային եկամտի 42 տոկոսը՝ 1996-ի 6 տոկոսի փոխարեն։ Նման մի բան տեղի է ունեցել նաև մնացած Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում, և նույնիսկ սկանդինավյան սոցյալ-դեմոկրատական դրախտներում։
Հարուստների կարողության այս աճը չի կարող ողջամտորեն վերագրվել նրանց աճող արտադրողականությանը կամ բացառիկ ձեռնարկատիրական ոգուն։ Հարստության կենտրոնացման հիմնական շարժիչ ուժերն են ժամային իրական աշխատավարձի կրճատումը և բնակչության մեծ մասի ոչ կայուն աշխատանք ունենալը; նոր սխեմաները, որոնք խոշոր բիզնեսին թույլ են տալիս արժեք կորզել պետությունից՝ հանրային ծառայությունների վատթարացման և կառավարության ապագա պարտավորությունների մեծացման հաշվին; նաև՝ հարկերից խուսափելու նոր հնարավորությունները զգալի ռեսուրսներ ունեցողների համար։
Մինչ կապիտալի տերերը շահագործում են աշխատանքն ու պետական ռեսուրսները` 1950-1960-ականներից ի վեր չտեսնված արդյունավետությամբ, նրանք նաև խնայում են իրենց ապահովագրավճարները՝ հարկերը, որոնք պետությանը հնարավորություն են տալիս հանգստացնել դժգոհներին և պաշտպանել սեփականության իրավունքը։ Բացի այդ, պետությունների փրկում են նրանց, երբ գործերը վատ են գնում, վճարում են չափազանց բարձր վճարներ անընդհատ վատթարացող մասնավորեցված ծառայությունների համար և պահպանում են նախկինում պետական կոմունալ ծառայությունների կարտելները, որոնք ավելի են կեղեքում մարդկանց մեծամասնության եկամուտները՝ գների կտրուկ աճի միջոցով։
Հանրային աջակցությունը կորցնելուն ի պատասխան, իշխող քաղաքական գործիչները, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, սոցիալական ապահովման և կենսաթոշակային վճարների խոստումներ են տալիս՝ նոր պարտավորություններ գցելով առանց այն էլ աղքատացող պետության ուսերին։ Երբ պարտատոմսերի շուկաներում հոգեվարք է սկսվում, լրատվականները եթերը լցնում են անխուսափելի պարտքային ճգնաժամի մասին նախազգուշացումներով, ցուցադրելով արխիվային կադրեր, որոնցում հույն ցուցարարները բողոքում են Արժույթի միջազգային հիմնադրամից և արտաքին վարկատուներից։ «Բոլորս պետք է ձգենք գոտիները, թե չէ ևս մի Հունաստան կդառնանք». այսպիսին է ուղերձը։
Բայց երբ ասում են «բոլորը», նկատի չունեն իսկապես բոլորին։ Թեև քչերն են համարձկվում բացահայտ հարցադրել գերհարուստներին ավելի շատ հարկելու էթիկական կողմը, հենց հարստության հարկի մասին առաջարկները դուրս են գալիս ջրի երես, օլիգարխներն առաջ են քաշում իրենց իբր անդիմադրելի փաստարկը. եթե մեզ հարկեք, կգնանք Դուբայ, Մոնակո, գուցե նույնիսկ Մարս։ Որպես աքսիոմ ընդունելով այն, որ դա հաստատ վատ է, իշխող քաղաքական գործիչները նահանջում ու օրակարգից հանում են հարստության հարկի առաջարկը։
Այս միակողմանի դասակարգային պատերազմի ֆոնին, կառավարությունները սեղմված են զգում պարտատոսմերի անհանգիստ շուկաների և պոպուլիստների արանքում, որոնք ամեն տեսակի խոստումներ են տալիս և միաժամանակ շիկացնում ազգայնական տրամադրությունները՝ թիրախավորելով հարմար քավության նոխազներին՝ կատու պահող միայնակ կանանցից ու տրանս մարդկանցից մինչև մահմեդականներ, հրեաներ և հուսահատ գաղթականներ։
Կառավարության կազմը համալրելուց հետո այլատյաց պոպուլիստները զարգացնում են ընտրողական ամնեզիան՝ մոռանալով տառապող բազմության մասին հոգ տանելու իրենց խոստումները։ Նրանք վկայակոչում են դրամավարկային դժվարությունները և առաջ տանում նույն խստամբերության քաղաքականությունը, որի առաջացրած դժգոհությունը շահագործելով էլ հենց շահել են իրենց իշխանությունը։ Նրանք կրճատում են սոցիալական ապահովությունը։ Գերհարկված, շահագործված, թերվճարված մարդկանց համար դասախոսություններ են կարդում այդ ամենին դիմանալու իրենց հայրենասիրական պարտքի մասին։ Իհարկե, այս «գոտու ձգումները» չեն ծառայում հարկաբյուջետային կոնսոլիդացիայի հայտարարված նպատակին, քանի որ հարկային կրճատումներ առաջարկում են նրանց, ովքեր հարկերից խուսափելը օլիմպիական սպորտաձևի են վերածել։
Իրենց համակիրներին գրգռված և հավատարիմ պահելու համար, նրանք ընտրված քավության նոխազների նկատմամբ զզվելի դաժանության տեսարաններ են բեմադրում. միջնադարյան ավտորիտարիզմի նմանակում՝ ռազմականացման, հայրիշխանության և աստվածային նախախնամության գարշահոտությամբ։ Քանի որ լիբերալիզմը վարկաբեկվել է որպես մեծամասնությանը թալանելու ազատություն էլիտաների համար, «Մեկ ժողովուրդ, Մեկ կուսակցություն, Մեկ առաջնորդ» բացարձակապաշտական կարգախոսը դարձել է նրանց գաղափարական հենասյունը։
Անցյալի այս սարսափելի մեկնաբանությունից զայրացած լավ մարդիկ, ի պատասխան, լցնում են փողոցները՝ «Ոչ մի Թագավոր» կարգախոսով։ Թեև ոգևորիչ է, որ այդքան շատերը հրաժարվում են ընդունել իշխանության զավթումը Մեծ Առաջնորդի կողմից, դժվար է լավատես լինել։
Երբ լսում ես «Ոչ մի թագավոր» շարժման վեհաշուք մարդասիրական ելույթները և կարդում շարժմանն աջակցող բոցավառ խմբագրական տեքստերը, աչք է ծակում այն, որ չկա ինքնադիտարկում Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն բերած պատճառի՝ դեմոկրատ բարոնների անխոհեմությության մասին, որոնք ռեյգանների և բուշերի հետ համագործակցելով կես դար խաղացին համակարգի հետ՝ աղքատացնելով պետությունը, մարգինալացնելով աշխատողներին և սերունդներին դատապարտելով մշտական անապահովության կյանքի։
Ի՞նչ տեղի կունենա, եթե ցենտրիստները հրաշքով վերադառնան իշխանության։ Դատելով ԱՄՆ-ում մեյնսթրիմ դեմոկրատների, Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի, Միացյալ Թագավորությունում վարչապետ Քիր Սթարմերի անցած ճանապարհից, կարելի է ենթադրել, որ երևի դժգոհ զանգվածներին ևս մեկ անգամ կասեն, որ նրանք պետք է հաշտվեն իրենց կենսաթոշակների և սպառողական գների ինդեքսի անհամապատասխանության հետ, և հաշվի առնեն, որ հաշմանդամության նպաստների կրճատումները անհրաժեշտ են անգործության և ծուլության դեմ պայքարում։
Թագավորի վրա կենտրոնանալը և բարոններին պատասխանատվությունից ազատելը Թրամփին ու նրա նմանակներին հետ չի պահի ֆեոդալական իշխանություն կուտակելուց։ Պատրանքը, որ ուժեղ մարդը կգա ու կլուծի բոլոր խնդիրները, չի կարող ցրվել մեկ այլ պատրանքով, թե իբր օլիգարխիան բնակչությանը ժողովրդավարական ընտրություն է առաջարկում։ Թագավորն ապահով դիրքում է լինելու, քանի դեռ բարոններին ոչ ոք չի հարցադրում։
տեքստի բնագիրը հրապարակվել է Project syndicate–ում հոկտեմբերի 28-ին
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից