Ապրիլի 12-ին Գերմանիայում ոստիկանները ցրել են Պաղեստինյան Կոնգրեսը, ձերբակալել դրա հրեա մասնակիցներին, արգելել Հունաստանի նախկին ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսի մուտքը երկիր։ Վարուֆակիսը, որպես Պաղեստինյան կոնգրեսի համակազմակերպիչ, զրկվել է Գերմանիայում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու (այդ թվում՝ առցանց միանալու) իրավունքից։ Իսրայելական պետական ռեժիմի, սիոնիստական գաղափարախոսության քննադատությունը Գերմանիայում դիտարկվում է որպես հրեատյացություն՝ հակասեմիտիզմ։ Այս մեղադրանքը տարածվում է նաև հրեաների վրա, որոնք քննադատում են Իսրայել պետությունը։
Ովքեր են մեղադրողները
Գերմանիայում պերսոնա նոն գրատա դառնալուց հետո Յանիս Վարուֆակիսը (Հունաստանի ֆինանսների նախկին նախարար, DiEM25 ձախական կուսակցության համահիմնադիր) սյունակ է գրել Project Syndicate-ի համար։ Հիմնական թեզերը՝ մեջբերմամբ․
— Ես հարցրեցի՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ հիմքով է որոշել, որ իմ մուտքը Գերմանիա պետք է արգելվի։ Արձագանքը ֆորմալ էր՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով հարցերս պաշտոնական պատասխան չեն ստանա։
— Թրիգերը Պաղեստինյան կոնգրեսն էր՝ կազմակերպված DiEM25-ի գերմանական MERA25 կուսակցության, Պաղեստինին աջակցող մի շարք խմբերի և, ինչը հատկապես կարևոր է, «Հրեական ձայները հանուն Մերձավոր Արևելքում արդար խաղաղության» (Jüdische Stimme für Gerechten Frieden in Nahost) գերմանական կազմակերպության կողմից։
— Անցած տարվա նոյեմբերին իմ լավ ընկեր և հիշատակված հրեական կազմակերպության անդամ Իրիս Հեֆեցը բողոքի ցույց էր արել Բեռլինում։ «Որպես իսրայելցի և հրեա [պահանջում եմ] դադարեցրեք ցեղասպանությունը Գազայում» գրությամբ պաստառը ձեռքին, միայնակ և լուռ նա քայլում էր քաղաքում։ Զարմանալի է, բայց Հեֆեցը ձերբակալվեց և մեղադրվեց հակասեմիտիզմի մեջ։ Շուտով սառեցվեցին նրա կազմակերպության բանկային հաշիվներ։
— Պաղեստինյան Կոնգրեսի նախաշեմին կուսակցությունների դաշինքը, որը ներկայացնում է Գերմանիայի գրեթե ողջ քաղաքական սպեկտրը (այդ թվում իմ նախկին ընկերները՝ Ձախ կուսակցության երկու առաջնորդները), դիմեց էքստրաօրդինար քայլի՝ մեզ դատապարտելու համար հատուկ կայք էին բացել։ Որո՞նք էին մեղադրանքները։
Նախ, պիտակավորեցին մեզ որպես «ահաբեկչությունը ժխտողներ»։ Խոսքը հոկտեմբերի 7-ի դեպքերի՝ Համասի տեռակտների մասին էր ընդդեմ Իսրայելի։ Նրանց համար բավարար չէր այն, որ մենք դատապարտել էին քաղաքացիական բնակչության դեմ բռնության բոլոր ակտերը՝ համարելով դրանք պատերազմական հանցագործություն (անկախ բռնարարի և զոհի ինքնությունից)։ Նրանք ուզում էին, որ մենք թիրախային դատապարտեինք դիմադրությունը նրան, ինչ նույնիսկ Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոն էր անվանել ապարտեիդի համակարգ, որը նպատակ ունի դրդել պաղեստինցիներին կամ աքսորի, կամ շարունակական ստրկության։
Երկրորդը՝ հայտարարեցին, թե «Գազայում ընթացող պատերազմի ֆոնին մենք հետաքրքրված չենք Մերձավոր Արևելքում խաղաղ համակեցության շուրջ խոսակցություններով»։ Լո՞ւրջ։ Պաղեստինյան Կոնգրեսի բոլոր մասնակիցները հավատարիմ են պարզ սկզբունքին՝ հավասար քաղաքական իրավունքներ հրեաների և պաղեստինցիների համար, մեզնից շատերը, հետևելով Էդվարդ Սայիդի օրինակին, աջակցում են միացյալ դաշնային պետության ստեղծմանը՝ որպես հակամարտության հանգուցալուծման սցենար։
տե՛ս Երկպետականության անփառունակ վերադարձն ու մեկ պետության ուտոպիան
Մերժելով նրանց անհիմն ոտնձգությունները՝ թույլ տվեք ինձ կանգ առնել հիմնարար խնդրի վրա․ ինչպե՞ս կարող էր գերմանական գրեթե ամբողջ քաղաքական դասը ընդունել մեղադրանքները, որոնք հող էին նախապատրաստում ոստիկանության հետագա գործողությունների համար։ Եվ ինչպե՞ս կարող էին լուռ մնալ, երբ ոստիկանությունը ձերբակալում էր Ուդի Ռազին (մեր հրեա ընկերներից ևս մեկին)՝ արգելելով մեր հավաքը և, այո, արգելելով ոչ միայն իմ մուտքը Գերմանիա, այլև իմ մասնակցությունը երկրում ընթացող ցանկացած միջոցառմանը՝ նույնիսկ տեսակապի միջոցով։
Առավել հավանական է, որ նրանց պատասխանը կրկնի գերմանական պետության պաշտոնական վարկածը կամ Staatsräson-ը՝ պաշտպանել հրեա կյանքերը և Իսրայելի անվտանգությունը։ Բայց գերմանական պետության պահվածքը բոլորովին էլ ուղղված չէ հրեաների (մասնավորապես՝ իմ ընկերներ Իրիսի և Ուդիի) և Իսրայելի պաշտպանությանը։ Նպատակն է՝ պաշտպանել Իսրայելի իրավունքը՝ դիմելու պատերազմական ցանկացած հանցագործության, որ կնախընտրեն դրա առաջնորդները՝ անհնարին դարձնելով երկու պետություն հիմնելու որոշումը, որին, ինչպես պաշտոնապես է հայտարարվում, աջակցում է նաև Գերմանիայի կառավարությունը։
Չեղարկելով Պաղեստինը
Պաղեստինյան Կոնգրեսի ցուցադրական ջախջախմանը անդրադարձել է նաև սլովենացի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը։ Project Syndicate-ում հրապարակված հոդվածի հիմնական թեզերը՝ մեջբերմամբ․
— Ապրիլը դեռ չի ավարտվել, իսկ մենք արդեն լավ թեկնածու ունենք տարվա լուսանկարը անվանակարգում։ Ապրիլի 12-ին գերմանական ոստիկանությունը փակում է Պաղեստինյան Կոնգրեսը, և ձերբակալվածների մեջ է հայտնվում նաև Ուդի Ռազը՝ հավատացյալ հրեա կարմիր թասակով։
— Վարուֆակիսի [չեղարկված] ելույթի տեքստը աներկմիտ կերպով դատապարտում է համասեմիտիզմի ցանկացած դրսևորում՝ պահանջելով ընդամենը մեկ բան՝ նույն չափանիշները կիրառել հակամարտության երկու կողմերի նկատմամբ։
Ապրիլի 13-ին CNN-ը հաղորդել էր․ «Իսրայելցի հարյուրավոր վերաբնակներ պաշարել են Արևմտյան ափին գտնվող պաղեստինյան գյուղերը և հարձակվել այնտեղի բնակիչների վրա ․․․ այն բանից հետո, երբ վերաբնակների գյուղերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է մահացած»։ Եկեք այս հարձակումներն անվանենք իրենց անունով՝ ամբոխի լինչի դատաստան։ Թքած ունենալով սովորական քննության վրա, Իսրայելի պաշտպանության բանակը թույլատրել է վիգիլանտներին ինքնուրույն գործել։
Կարելի է միայն երևակայել, ինչպես կարձագանքեր լուսավորյալ Արևմուտքը, եթե պաղեստինցի հերթական երեխայի կորելուց հետո հարյուրավոր պաղեստինցիներ հարձակվեին իսրայելական բնակավայրի վրա։
Վերցնենք մեկ այլ օրինակ։ Հունվարի 18-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն հիմնելու առաջարկը և խոստացել, որ Իսրայելը վերահսկելու է իր կողմից օկուպացված ամբողջ տարածաշրջանը՝ ․․․ «գետից մինչև ծով»։
Նեթանյահուի կողմից «գետից մինչև ծով» արտահայտության կիրառումը հատուկ ուշադրության է արժանացել առավել քան հիմնավոր պատճառներով։ Երբ պաղեստինցիները կամ ձախերը, որոնք աջակցում են նրանց, օգտագործում էին այս արտահայտությունը՝ ազատ Պաղեստին պահանջելով («Գետից մինչև ծով Պաղեստինը կլինի ազատ»՝ From the river to the sea, Palestine will be free), աջերը երեսպաշտորեն հայտարարում էին, թե նրանք առաջարկում են սպանել Իսրայելի բոլոր հրեաներին։
տե՛ս Ճշմարտությունն ասելու ժամանակը
Կարճ ասած՝ արտահայտությունը, որը դատապարտվում էր որպես ցեղասպանության քարոզ, երբ օգտագործվում էր պաղեստինցի ցուցարարների կողմից, այժմ հնչում է անձամբ Նեթանյահուի շուրթերից։ «Գետից մինչև ծով» բանաձևն իրականում հենց այն է, ինչ անում էր Իսրայելը առանց հրապարակավ խոստովանելու՝ ամենայն դեպս առաջ, երբ իսրայելցի վարչապետն այն դեռ չէր վերածել բացահայտ անպարկեշտության։
Կարող եմ շարունակել օրինակներ շաղ տալ։ Ապրիլի 2-ին Նեթանյահուն հայտարարել էր, թե ավիահարվածը, որի հետևանքով Գազայում հումանիտար առաքելությունների 7 աշխատակիցներ էին զոհվել, «ողբերգական պատահականություն էր, որի ժամանակ մեր զորքերը ակամա թիրախ էին դարձրել անմեղ մարդկանց»։ Ւսկ ինչպե՞ս նա կբնութագրեր հազարավոր պաղեստինցի երեխաների մահը իսրայելական բանակի ձեռքից։
Մենք ականատես ենք դառնում, ինչպես է կեղծավոր քաղաքավարության թղթե տունը փլվում։ Առաջ Իսրայելը գոնե ձևացնում էր, թե հավատարիմ է երկու կանոնի․ իսրայելական քաղաքականության քննադատությունը ընդունելի է, իսկ հակասեմիտիզմը՝ ոչ; հրթիռակոծությունների թիրախում Համասն է, որը ահաբեկում է սովորական պաղեստինցիներին, ոչ թե Գազայի ողջ բնակչությունը։ Վերջին շրջանում ձևական այս տարբերությունները լզողվել են։
Նեթանյահուն իր հարցազրույցներից մեկում բացեիբաց հայտարարել է՝ այդ դեպքերում, երբ հակասեմիտիզմն ինքնին չի հանդուրժվում, դրա տեղն է զբաղեցնում Իսրայելի քննադատությունը։ Գնալով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները բացեիբաց հավասարեցնում են Գազան Համասի հետ։
Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղական Բեցալել Սմոտրիչի խոսքով՝ իսրայելցիների ավելի քան 70 տոկոսը աջակցում է պաղեստինցիների «կամավոր արտագաղթի» գաղափարին, որովհետև «[Գազայի] երկու միլիոն բնակիչները ամեն առավոտ արթնանում են Իսրայել պետությունը ոչնչացնելու ցանկությամբ»։ (Իսկ եթե դա այդպես է, գուցե դա ինչ-որ կերպ կապված է Գազայում իսրայելական ոչ թիրախային ռմբակոծությունների հետ)։ Ենթադրվում է, որ Գազայի բոլոր բնակիչները օրինական թիրախներ են, և ակնհայտ է, որ հաջորդը Արևմտյան ափն է։
— Վերնախավի և հասարակական կարծիքի միջև խզումը Արևմուտքի զարգացած երկրներում և որոշ արաբական պետություններում (Եգիպտոսում, Հորդանանում, Մարոկոյում) այնքան մեծ է դարձել, որ հնարավոր չէ այն քողարկել։ Իշխանությունները որպես կանոն աջակցում են Իսրայելին, քաղաքացիներին մնում է միայն բողոքել՝ ավելի ու ավելի հաճախ ենթարկվելով չեղարկման, սպառնալիքների և նույնիսկ ձերբակալությունների։ Ես վտանգ եմ տեսնում՝ եթե զանգվածային դժգոհությունը պայթի, նման պայմաններում այն կարող է արդեն նաև հակասեմական ձև ընդունել։
Ամերիկան միանում է
Մայիսի մեկին՝ աշխատավորների համերաշխության միջազգային օրը, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը օրենք է ընդունել, որով առաջարկում է հակասիոնիզմը դիտարկել որպես հակասեմիտիզմ։ Հերթը Սենատինն է։ Եթե Կոնգրեսի վերին պալատը հաստատի այն, իսկ ԱՄՆ կրթության նախարարությունը ընդունի որպես ուղեցույց՝ ամերիկյան խոշոր համալսարաններում ընթացող զանգվածային բողոքի ցույցերը (որոնք քննադատում են Իսրայելին պաղեստինցիներին փաստացի ոչնչացնելու, իսկ Միացյալ Նահանգներին՝ ցեղասպանությունը հովանավորելու համար) օրենքի ուժով կպիտակվեն որպես հակասեմական, համալսարանները, որոնցում ընթանում են այդ ցույցերը, կզրկվեն ֆինանսավորումից։
Եթե օրենքը ընդունվի, ԱՄՆ Կրության նախարարությունը առաջնորդվելու է «Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքի» (IHRA) սահմանմամբ, համաձայն որի՝ հակասեմիտիզմ են որակվում նաև «Իսրայել պետության նկատմամբ ոտնձգությունները», «հրեա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ժխտումը» (մասնավորապես, «հայտարարելը, որ Իսրայել պետությունը ռասիստական նախաձեռնություն է»), «Իսրայելի ժամանակակից քաղաքականության համեմատումը նացիստների քաղաքականության հետ» և այլն։ Կարճ ասած՝ IHRA-ն հակասեմիտիզմի իր սահմանման մեջ ընդգրկում է հակասիոնիստական քաղաքական հայտարարությունները՝ գետնին հավասարեցնելով այդ թվում նաև սիոնիզմի քննադատության հրեական ավանդությունը։