Իսրայելը մայիսի 7-ին գրավել և փակել է Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահ անցակետը, ինչի հետևանքով սննդի, վառելիքի և այլ կենսական անհրաժեշտության ռեսուրսների պաշարները պաղեստինական տարածքում սպառման եզրին են հայտնվել։
Ամիսներ շարունակվող ավերիչ պատերազմի հետևանքով Գազայում բնակվող ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցիներ տարհանվել էին հարավ, մեծ մասը՝ Ռաֆահ քաղաք, որը մինչև վերջերս ապահով էր համարվում։
Անցակետի գրավումից մեկ օր առաջ Իսրայելի բանակը արևելյան Ռաֆահում շուրջ 100 հազար պաղեստինցիների տարհանման հրաման էր տվել, որն ի սկզբանե դիտվում էր որպես քաղաքի վրա Իսրայելի սպասվող հարձակման նախերգանք։ Ռաֆահ զորք մտցնելուն դեմ էին նույնիսկ Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցները, ներառյալ Վաշինգտոնը և Եվրամիությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ եթե իսրայելական բանակը լայնածավալ գործողություն սկսի Ռաֆահում՝ Գազայի ամենահարավային քաղաքում, Միացյալ Նահանգները կդադարեցնի Իսրայելին հարձակողական զենքեր մատակարարել։
Եգիպտոսի իշխանությունները, որոնք ավելի վաղ նախազգուշացրել էին, որ Ռաֆահում ցամաքային ներխուժման դեպքում կդադարեցնեն Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը, այժմ խոստորեն դատապարտում են Ռաֆահի անցակետի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատումը։
«Այս վտանգավոր էսկալացիան սպառնում է ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների կյանքին, որոնք հիմնականում կախված են այս անցումից, քանի որ այն Գազայի հատվածի հիմնական փրկօղակն է»,- ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Պաշտոնական Կահիրեն, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք Իսրայելի նման պահվածքը խախտում է երկու երկրների միջև 1979-ին կնքված խաղաղության պայմանագիրը, համաձայն որի Եգիպտոսին էր վերապահվում Ռաֆահ անցակետի վերահսկողությունը:
Երեկ՝ մայիսի 8-ին, Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ անցակետի գրավումը չի խախտում Եգիպտոսի հետ ձեռք բերված համաձայնությունները։
«Իսրայելը գիտակցում է Եգիպտոսի սահմանի մոտ ռազմական գործողությունների զգայունությունը: Մենք հաստատում ենք, որ այս գործողությունը չի խախտում երկու երկրների միջև կնքված խաղաղության պայմանագիրը», – ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսնակ Օֆիր Գենդելմանը X-ի իր տեսաուղերձում։ «Ռաֆահի անցակետում գործողությունը կշարունակվի մինչև Համասի ոչնչացումը և իսրայելցի պատանդների ազատ արձակումը»,- ասել է նա։
Ռաֆան Գազայի ամենահարավային քաղաքն է, որից էլ փախնելու դեպքում պաղեստինցիները կհայտնվեն եգիպտական Սինայ թերակղզում։
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Ռաֆահում ցամաքային ներխուժումից առաջ Եգիպտոսը բարձրացրել է իր զինվորականների պատրաստվածության մակարդակը Սինայում։ Middle East Eye լրատվականը երկուշաբթի օրը բացահայտել էր, որ եգիպտական հետախուզությունը հանձնարարել է Սինայի ցեղերին աշխատել եգիպտական բանակի հետ՝ կանխելու «պաղեստինցիների ցանկացած ներթափանցում» դեպի հյուսիսային Սինայի գյուղեր և կենտրոններ:
Եգիպտոսը Իսրայելին հորդորել է «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել և «միջազգային բոլոր ազդեցիկ կողմերին կոչ է արել միջամտել և ճնշում գործադրել ներկայիս ճգնաժամի սրման դեմ և թույլ տալ դիվանագիտական ջանքերին՝ հասնելու իրենց ցանկալի արդյունքներին»:
Իսրայելի գործողությունները Ռաֆահում վնասում են Եգիպտոսի, Քաթարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Գազայում հրադադարի հասնելու բանակցություններին, որոնք վերջին օրերին հազիվ շարժվում էին տեղից։ Համասը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ընդունում է հրադադարի եգիպտա-քաթարական առաջարկը։ Իսրայելը ևս երեքշաբթի օրը պատվիրակություն էր ուղարկել Կահիրե՝ հետագա մանրամասները քննարկելու և վերջնական համաձայնության գալու համար։
Իսրայելի կողմից անցակետի գրավումը մեծ ճգնաժամ է ստեղծել պաղեստինցիների համար օգնության հայթայթողների համար՝ կտրելով մատակարարման հիմնական գծերը և միջազգային օգնության բաշխմամբ զբաղվող անձնակազմին արգելափակելով Գազա-եգիպտական սահմանի երկու կողմերում:
Իսրայելի իշխանությունները երեկ հայտարարել են, որ կվերաբացեն Քերեմ Շալոմը՝ օգնության բեռնատարների համար մյուս խոշոր անցակետը, որը փակ է կիրակի օրվանից. մայիսի 5-ին Համասի զինյալներն այդտեղ հրթիռակոծություն էին սկսել, ինչի արդյունքում սպանվել էին իսրայելցի չորս զինվորներ:
Իսրայելական ռազմական մարմնի խոսնակ Շիմոն Ֆրիդմանը, որը վերահսկում է պաղեստինյան տարածքներում քաղաքացիական գործերը, չորեքշաբթի կեսօրին ասաց, որ անցումը «բաց է», և որ բեռնատարներն անցել են սահմանի Գազայի հատված: Սակայն Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA) ասում է, որ ուղարկված ոչ մի օգնություն Գազայի հատված չի հասել:
«Անցման հատվածը շարունակական ռազմական գործողությունների և ակտիվ պատերազմական օպերացիաների գոտի է», – երեկ ասել է UNRWA-ի ներկայացուցիչ Լուիզ Ուոթերիջը, որը ներկայումս Ռաֆահում է: «Մենք ամբողջ օրվա ընթացքում լսում ենք շարունակվող ռմբակոծություններ այս տարածքում: Ոչ մի վառելիք կամ օգնություն Գազայի հատված չի մտել»:
American Near East Refugee Aid-ի նախագահ Շոն Քերոլը ասել է, որ Քերեմ Շալոմը «բաց է այնքանով, որ բեռնատարները կարող են իրերը նետել գծից այն կողմ», սակայն «մատակարարման ուղին լիովին բաց և անվտանգ չէ օգտագործման համար»:
Գազայի սահմանային ծառայող Վայել Աբու Օմարն ասում է, որ իսրայելական ուժերը չորեքշաբթի կրակել են պաղեստինցի սահմանապահ վեց աշխատակիցների վրա, որոնք փորձում էին հասնել Քերեմ Շալոմ՝ օգնություն ստանալու համար:
Ռաֆահում իրավիճակը սրումը դատապարտել է նաեւ Իսրայելի ընդդիմությունը վախենալով որ կմահանան նաեւ հրեա ռազմագերիները։
Իսրայելը Գազայի հատվածում պատերազմական գործողությունները մեկնարկել է անցած տարվա հոկտեմբերի 7-ին Համասի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է մոտ 1200 իսրայելցի: Ավելի ուշ Haaretz-ը պարզել է, որ իսրայելական բանակի ուղղաթիռներն ու տանկերն են իրականում սպանել 1139 զինվորներից և խաղաղ բնակիչներից շատերին՝ մեղքը բարդելով պաղեստինցի զինյալների վրա։
Պաղեստինական կողմի տվյալներով, Գազայում ավելի քան 34,800 մարդ է սպանվել, ճնշող մեծամասնությունը՝ կանայք և երեխաներ, ևս 78,400-ը վիրավորվել է: Իսրայելական պատերազմից ավելի քան յոթ ամիս անց, Գազայի հսկայական տարածքներ ավերակների մեջ են, անկլավի բնակչության 85 տոկոսը ներքին տեղահանման է ենթարկվել՝ սննդի, մաքուր ջրի և դեղորայքի սուր պակասի պայմաններում:
Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության մեջ. հունվարին ընդունված միջանկյալ որոշման մեջ ասվում է՝ «հավանական» է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում և հրամայել է Թել Ավիվին դադարեցնել նման գործողությունները և միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու մարդասիրական օգնությունը Գազայի խաղաղ բնակիչների համար: