Home / Հայաստան / Հայաստանը Պաղեստինին մթերք, չոր սնունդ և դեղորայք է ուղարկում

Հայաստանը Պաղեստինին մթերք, չոր սնունդ և դեղորայք է ուղարկում

Հայաստանը 29.94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի պաշարված Գազայի հատված՝ պատերազմի հետևանքով իրենց տներից տեղահանված և Եգիպտոսի հետ սահմանակից Ռաֆահում հաստատված շուրջ 1,5 միլիոն պաղեստինցիների համար։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ 

«Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ՝ մթերք, չոր սնունդ, դեղորայք, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ ձեռք բերելու նպատակով», – ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը ապահովելու է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Տեղափոխումը կազմակերպելու համար կառավարությունը շուրջ 56 միլիոն դրամ կհատկացնի։

DSC01798

Մարդասիրական աջակցությունը պաշարված Գազայի բնակիչներին հասցնելու հարցում Հայաստանը Եգիպտոսի կառավարության աջակցությունն է ակնկալում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարտի սկզբին Եգիպտոս կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Կահիրեն պատրաստակամություն է հայտնել օժանդակել բեռը Գազայի տեղահանված բնակիչներին հասցնելու հարցում։

4

կոնտեքստ

Փետրվարին Իսրայելի բանակը հասել է ընդհուպ մինչև Ռաֆահ։ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող այս քաղաքում ապրում է Գազայի պաշարված բնակչության կեսից ավելին՝ մոտ մեկուկես միլիոն մարդ։ Մեծ մասը փախստականներ են՝ իսրայելական ներխուժումից հետո նրանք տեղահանվել են անկլավի հյուսիսային և կենտրոնական հատվածներից, որոնք անցած ամիսների ընթացքում ավերակների են վերածվել, և ապաստանել սահմանամերձ քաղաքի ժամանակավոր ճամբարներում։ 

տե՛ս Իսրայելի պատերազմը հասել է Գազայի սահման․ էլ էվակուացվելու տեղ չկա

Իսրայելը պարբերաբար ռմբակոծում է նաև Ռաֆահը։ Անցած ամիս խոսվում էր հնարավոր ցամաքային օպերացիայի մասին։ Պաղեստինյան անկլավի զգալի մասն արդեն գրավված և ավիրված է, բնակչությունը փախնելու տեղ չունի։ Գազայի բոլոր սահմանները փակ են։ Ռաֆահի անցակետով ժամանակ առ ժամանակ հումանիտար բեռներ են անցնում, երբեմն Եգիպտոսը թույլատրում է էվակուացնել ծանր վիրավորներին և օտարերկրյա քաղաքացիներին։ Շարքային պաղեստինցիների համար սահմանները փակ են։

Պաղեստինյան կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ պատերազմի մեկնակից ի վեր Գազայում ավելի քան 32 հազար պաղեստինցի է զոհվել։ Մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Վիրավորների թիվը անցել է 74 հազարը։

Պաշարված անկլավում սով է։ Հումանիտար օգնությունը հյուսիսային շրջաններ գրեթե չի հասնում․ ՄԱԿ-ի տվյալներով՝ բեռների մատակարարմանը խոչընդոտում է իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ), ավելի քան 576 հազար մարդ կանգնած է իրական սովամահության եզրին, մեկ միլիոնից ավել մարդ ապրում է սովի մեջ։ Իսրայելից Գազա եկող 3 ջրատարներից 2-ը փակ են, 1-ը՝ վթարված․ խմելու ջրի դեֆիցիտի պատճառով անկլավում վարակիչ հիվանդություններ են տարածվում։

Իսրայելական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, որին պատվիրակվել է համակարգել հումանիտար օգնության հետ կապված գործընթացները, տարեսկզբին հայտարարել էր՝ «Գազայում սով չկա և վերջ»։ Դրանից հետո, ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության, իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հյուսիսային շրջաններ ուղարկված բեռների 56 տոկոսը տեղ չի հասել։ 

Մարտի սկզբին իսրայելցի զինվորականները կրակ են բացել ալյուրի հերթում կուտակված ամբոխի վրա՝ 110 մարդ զոհվել է, 760-ը՝ վիրավորվել։

տե՛ս Իսրայելական բանակը վնասազերծել է սովածներին

Սրանից հետո Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգները հայտարարել է, թե անկլավի հյուսիսային շրջաններին հումանիտար փաթեթներ է մատակարարելու ռազմական ուղղաթիռներով։ Պարենային կոմպլեկտները ցած են նետվում օդից՝ պարաշյուտներով։

Երեքշաբթի օրը 12 մարդ է խորտակվել Գազայի ծովափնյա հատվածում․ նրանք փորձել են հանել օդից նետված հումանիտար փաթեթները, որոնք սխալմամբ ընկել են ծով։

Տեղեկությունը հաղորդել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, ամերիկյան Պենտագոնից արդարացել են՝ պարաշյուտների հետ խնդիր է ծագել։

Արդեն մի քանի ամիս է՝ եվրոպացի պաշտոնյաները աղետ են գուժում։ Իսրայելի դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, պարբերաբար կիսվում է զուսպ մտահոգություններով։ Իսրայելին մեղադրում են ցեղասպանության մեջ՝ հայցը արդեն Միջազգային քրեական դատարանում է։

տե՛ս նաև
— Մարդկանց փակել են Պաղեստինում ու շարունակում են սպանել
— Սպանում են հիվանդանոցներում, դպրոցներում. պաղեստինցիները փախնելու տեղ չունեն
— Պատկերացնել կյանքը Պաղեստինում
— ՀԱՄԱՍ-ի հենքն ու հիմքը 
— Հին ազգի նոր պետությունը
— «Իմ անունը Էյրն Բուշնել է, ես այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը»