11 օր տևած ռազմական գործողություններից հետո Իսրայելի ու պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել անցյալ գիշեր՝ ժամը 2-ին: Կողմերը մինչև վերջին պահը շարունակում էին կրակել։ Հրադադարի համաձայնությանը կողմերը հասել են Եգիպտոսի միջորդության շնորհիվ, իսկ հայտարարել է այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սա, իդեպ, իսրայելա-պաղեստինյան առաջին ռազմական բախումը չէ, որը կանգնեցվել է Եգիպտոսի ջանքերով։ Թե «Համասը», թե Իսրայելի զինուժերը հրադադարը «հաղթանակ» են որակել։
Ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 232 պաղեստինցի, շուրջ 1900-ը վիրավորվել է: Պաշարված պաղեստինյան էքսկլավում՝ փլատակների տակից հընթացս հայտնաբերվում են նոր մարմիններ։ Ընդհանուր առմամբ, պաղեստինյան տարածքներում, այդ թվում՝ Հորդանան գետի ափին, հակամարտության զոհ է դարձել 260 մարդ: Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 91 000 պաղեստինցի։ Իսրայելական կողմի զոհերը 12-ն են։
Գազայում, ինչպես նաև օկուպացված Արևմտյան Ափին, մարդիկ տոնում են հրադադարը, որը վերջ դրեց Իսրայելի հարձակումներին Պաղեստինի խաղաղ բնակչության նկատմամբ։ Պաղեստինի երկնքում հրթիռների փոխարեն ճայթում են հրավառությունները։ ՄԱԿ-ում Եգիպտոսի ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտոնական Կահիրեն կֆինանսավորի հրթիռա- և հրետակոծումից տուժած պաղեստինյան էքսկլավի վերակառուցումը։
Իսրայելի ոստիկանության և պաղեստինցի բնակչության միջև բախումները, հիշեցնենք, սկսվել են մայիսի 6-ին՝ ոչ թե Գազայում, այլ Հորդանան գետի արևմտյան ափին։ Ուժայինները փորձել են ի կատար ածել Իսրայելի գերագույն դատարանի վճիռը և վտարել Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչներին իրենց տներից։ Որոշման ի կատար ածումն ի վերջո հետաձգվել էր 30 օրով։ Հարկ է նշել, որ չնայած քաղաքի այդ հատվածը դե յուրե չի կազմում Իսրայելի պետության մաս, այն, ինչպես և գրեթե ող Արևմտյան Ափը, բռնազավթված է հրեական պետության զինված ուժերի կողմից։ Իսրայելցի զինվորները ղեկավարում են ելումուտը Պաղեստինի տարածքով, իսկ Գազայի հատվածը տարիներ շարունակ գտնվում է օդային, ջրային և ցամաքային շրջափակման մեջ։
Ուժայինների ու ցուցարարների միջև բախումները շարունակվել էին Տաճարաց լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում, որը Մեքքայից և Մեդինայից հետո համարվում է Իսլամի երրորդ գլխավոր սրբավայրը։ Իսրայելի զինուժերը մզկիթում կիրառել են լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ, բռնություն գործադրել աղոթողների վրա, ձերբակալել նրանց։ Վերջին տվյալներով՝ 5 պաղեստինցի է զոհվել բռնության այս ալիքի հետևանքով։ ՀԱՄԱՍ-ն ի պատասխան Իսրայելի այս գործողությունների, մայիսի 10-ին հրթիռակոծել էր Երուսաղեմը, ինչն էլ սկիզբ էր դրել փոխհրթիռակոծության շղթային։
Իսրայելա-պաղեստինյան վերջին բախումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ, այստեղ և այստեղ։