Ավելի քան 45 մարդ, այդ թվում՝ 10 երեխա զոհվել է Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնության նոր ալիքի և դրան հաջորդած ռազմական բախումների հետևանքով։ Զոհերից 40-ը պաղեստինցի են, 5-ը՝ իսրայելցի։ Վիրավորվել է ավելի քան 600 մարդ, որից շուրջ 500-ը՝ պաղեստինցի։ Միջին Արևելքում խաղաղության հարցերով բանագնաց Թոմ Ուենզլանդը հայտարարել է, որ իրավիճակը կարող է հասնել «լայնածավալ պատերազմի» և կոչ արել դադարեցնել կրակը։
Ի պատասխան Իսրայելի արձակած հրթիռներին, Գազայի հատվածը ղեկավարող ՀԱՄԱՍ զինյալ խմբավորումը երեկ և այսօր պարբերաբար հրթիռակոծել է Իսրայելի հարավային ու կենտրոնական հատվածները, հատկապես՝ մայրաքաղաք Թել-Ավիվն ու այն սպասարկող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանը։ ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռների մեծ մասը, սակայն, «տեղ չեն հասնում» և ոչնչացվում են «Երկաթե գմբեթի»՝ Իսրայելի գերժամանակակից ՀՕՊ համակարգի կողմից։
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծությունը, մյուս կողմից, առնվազն 35 մարդու մահվան պատճառ է դարձել։ Փլուզվել են բնակելի 2 բարձրահարկ շենքեր։ Թեև շենքերի բնակիչները նախապես տարհանվել էին, քաղաքացիական բնակչության շրջանում այնուամենայնիվ զոհեր են գրանցվել։
Երեկ բախումներ են սկսվել նաև հենց Իսրայելի ներսում՝ արաբական մեծաթիվ բնակչություն ունեցող քաղաքներում։ Թել-Ավիվից քիչ հեռու գտնվող Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ արաբ բնակիչները բողոքի ցույցեր են սկսել ընդդեմ ոստիկանական բռնությունների։ Ցույցերն արագ վերաճել են միջէթնիկ բախումների՝ հրեաների ու արաբների միջև։ 12 մարդ վիրավոր է։ Լոդի քաղաքապետը հայտարարել է, որ բնակավայրում իսկական քաղաքացիական պատերազմ է սկսվել։
Իսրայելի ոստիկանության և պաղեստինցի բնակչության միջև բախումները, հիշեցնենք, սկսվել են մայիսի 6-ին՝ ոչ թե Գազայում, այլ Հորդանան գետի արևմտյան ափին։ Ուժայինները փորձել են ի կատար ածել Իսրայելի գերագույն դատարանի վճիռը և վտարել Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչներին իրենց տներից։ Հարկ է նշել, որ չնայած քաղաքի այդ հատվածը դե յուրե չի կազմում Իսրայելի պետության մաս, այն, ինչպես և Պաղեստինի շատ այլ հատվածներ, բռնազավթված է հրեական պետության զինված ուժերի կողմից։ Իսրայելցի զինվորները ղեկավարում են ելումուտը Պաղեստինի տարածքով, իսկ Գազայի հատվածը տարիներ շարունակ գտնվում է օդային, ջրային և ցամաքային շրջափակման մեջ։ Human Rights Watch-ն օրերս իր զեկույցում հայտարարել էր, որ Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ վարում է ապարտեիդի քաղաքականություն։
Ուժայինների ու ցուցարարների միջև բախումները շարունակվել էին Տաճարաց լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում, որը Մեքքայից և Մեդինայից հետո համարվում է Իսլամի երրորդ գլխավոր սրբավայրը։ Իսրայելի զինուժերը մզկիթում կիրառել են լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ, բռնություն գործադրել աղոթողների վրա, ձերբակալել նրանց։ Վերջին տվյալներով՝ 5 պաղեստինցի է զոհվել բռնության այս ալիքի հետևանքով։ ՀԱՄԱՍ-ն ի պատասխան Իսրայելի այս գործողությունների, երկուշաբթի օրը հրթիռակոծել էր Երուսաղեմը, ինչն էլ սկիզբ էր դրել մինչ օրս շարունակվող փոխհրթիռակոծության շղթային։
Թուրքիայի, Արաբական Լիգայի պետությունների, Իրանի և Պակիստանի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցիներին, դատապարտելով Իսրայելի գործողությունները։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին էլ շեշտել է Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքը» և դատապարտել երկրի հրթիռակոծումը ՀԱՄԱՍ-ի կողմից։ ՄԱԿ-ն էլ ավելի վաղ կոչ էր արել Իսրայելին դադարեցնել Շեյխ Ջարահից մարդկանց վտարումները։
Տե՛ս նաև Իգալ Լևինի հարցազրույցն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Իսրայել պետության քաղաքական ռեժիմը և ինչի են հանգեցնում օկուպացիան և ապարտեիդը։