Home / Բանակ / Պաղեստինցիները շարունակում են տառապել, Իսրայելը հարվածում է Al Jazeera-ին

Պաղեստինցիները շարունակում են տառապել, Իսրայելը հարվածում է Al Jazeera-ին

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծման, իսկ մայիսի 13-ից արդեն նաև հրետակոծման հետևանքով զոհվել է շուրջ 140 մարդ, այդ թվում՝ 39 երեխա։ Կան 950 վիրավոր։ ՄԱԿ֊ի գնահատմամբ՝ օդային ու ցամաքային հարձակումների պատճառով տեղահանվել է շուրջ 10 000 պաղեստինցի։  Մայիսի 12-ից Իսրայելը մեծաքանակ զորք և զրահամեքենա է կուտակել Գազայի հետ սահմանին, բայց ներխուժում դեռևս չի իրականացրել։ 

Օկուպացված Արևմտյան ափին զոհված պաղեստինցիների թիվը, վերջին տվյալներով, հասել է 15-ի։ ՀԱՄԱՍ֊ի կողմից Իսրայելի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 8 մարդ։ 

Իսրայելը հարվածում է Al Jazeera-ի շենքին

Ժամեր առաջ Իսրայելը հրթիռակոծել է շենքը, որտեղ աշխատում էին մի շարք միջազգային մեդիագործակալություններ, այդ թվում՝ Al Jazeera-ն և Associated Press-ը։ Իսրայելի զինուժը նախապես տեղեկացրել է, որ պատրաստվում է հարվածել շենքին և մեկ ժամ տվել մարդկանց էվակուացնելու համար։

Իսրայելի օդային և հրետանային հարձակումների պատճառով հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները։ Քանդված շենքերի ավերակների տակ շարունակում են հայտնաբերվել մարդկանց մարմիններ։ Երեկ Իսրայելը հարվածել է նաև Գազայում գտնվող փախստականների ճամբարի տներից մեկին, սպանելով 10 մարդու, այդ թվում՝ 8 երեխայի։

Լուսանկարը՝ AFP-ի 

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հրեական պետության զինուժը թիրախավորում է հատկապես բնակելի տներն ու գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքները։ Լուրջ վտանգի տակ են նաև Գազայի հատվածի համար կենսական նշանակություն ունեցող էլեկտրալարերը։ Պաշարված Գազան արդեն իսկ մեծ խնդիրների ունի հոսանքի մատակարարման հետ կապված։ Իսրայելի օդային հարձակումները դրանք էլ ավելի են խորացրել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հրթիռակոծությունները մոտ ժամանականերում չեն ավարտվի։ ՀԱՄԱՍ֊ն ավելի քան 1700 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամ, որոնց մեծ մասը, ըստ հրեական պետության զինուժերի, ոչնչացվել է «Երկաթե գմբեթ» կոչվող ՀՕՊ համակարգի միջոցով։ Որոշ հրթիռներ էլ, չհասնելով Իսրայելի տարածք, ընկել են հենց Գազայում։

Ցույցեր ու բախումներ՝ Իսրայելում և Արևմտյան ափին

Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքներով մեկ բողոքի ցույցեր են ընթանում։ Պաղեստինցիներն ավելի քան 200 բնակավայրերում ընդվզում են իսրայելական օկուպացիայի և Գազայի հրթիռակոծման դեմ։ Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլայում, Նաբլուս քաղաքում ու շրջակայքի մեծ ու փոքր քաղաքներում իսրայելական ոստիկանությունը իրական փամփուշտներ է կիրառում մարդկանց

Նաբլուս քաղաքում իսրայելցի ոստիկանները սպանել են շուրջ 11  ցուցարարների։ Եվս մեկ ցուցարար սպանել էր, երբ փորձել էր դանակահարել իսրայելցի զինվորի։

https://twitter.com/SafaPs/status/1393396282958417922

Հանգիստ չէ նաև պաղեստինաբնակ կամ խառը բնակչություն ունեցող քաղաքներում։ Լոդում, որտեղ օրերս արտակատգ դրություն էր հայտարարվել, 15 մարդ ձերբակալվել է անկարգություններից և բռնություններից հետո։ Մամուլում և սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում հրեա ազգայնականների խմբերը հարձակում են գործում արաբական սրճարանների, խանութների, մեքենաների վրա, երբեմն էլ՝ հարձակվում մարդկանց վրա իրենց սեփական տներում։ Պաղեստինցիների նկատմամբ բռնաճնշումների առումով հրեա ազգայնականներից հետ չի մնում նաև Իսրայելի ոստիկանությունը։

https://twitter.com/yumna_patel/status/1392708630533791744

Մայիսի 13-ին Լիբանանից երեք հրթիռ է արձակվել իսրայելա֊լիբանանյան սահմանի ուղղությամբ, որոնք ընկել են Միջերկրական ծովը։ Լիբանանում գործող գլխավոր արմատական զինված խմբավորումը՝ Հեզբոլլան, պատասխանատվություն չի վերցրել հարձակման համար։
Բացի այդ, մի շարք լիբանանցիներ և հարդանանցիներ, ի աջակցություն պաղեստինցիների, երթով գնում էն դեպի Իսրայելի սահմանը։

https://twitter.com/SwarmFeral/status/1393240428321771525

Պաղեստինցիներին զորակցություն են ցույց տալիս ոչ միայն միջին արևելքում, այլև աշխարհի մի շարք քաղաքներում՝ Գազայում, Նաիրոբիում, Չիկագոյում, Քեյփ Թաունում, Օքլանդում, Լոնդոնում։

Թուրքիայի արձագանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին հայտարարել է, որ Թուրքիան «աջակցում է պաղեստինցիներին այնպես, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում»։

Ռուսաստանում Պաղեստինի դեսպանն այսօր պատասխանել է այդ հայտարարությանը՝ իր երախտիքը հայտնելով Թուրքիային աջակցության համար, սակայն նշել է, որ Պաղեստինը դեմ է ռազմական երկու բախումները համեմատելուն․

«Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,֊ նշել է դեսպանը։

Թուրք նախագահը նաև զանգահարել է մի շարք երկրների ղեկավարներին՝ Իսրայելի գործողությունները համատեղ դատապարտելու նպատակով։ Հատկանշական է, որ Ադրբեջանն այդ երկրների ցուցակում չկա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի և Թել֊Ավիվի հարաբերությունները մեծապես բարելավվել են, մինչդեռ Թուրքիայի ղեկավարն օրեր առաջ Իսրայելը «ահաբեկչական պետություն» է անվանել։

Իսրայելի ոստիկանության և պաղեստինցի բնակչության միջև բախումները, հիշեցնենք, սկսվել են մայիսի 6-ին՝ ոչ թե Գազայում, այլ Հորդանան գետի արևմտյան ափին։ Ուժայինները փորձել են ի կատար ածել Իսրայելի գերագույն դատարանի վճիռը և վտարել Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչներին իրենց տներից։ Հարկ է նշել, որ չնայած քաղաքի այդ հատվածը դե յուրե չի կազմում Իսրայելի պետության մաս, այն, ինչպես և գրեթե ող Արևմտյան Ափը, բռնազավթված է հրեական պետության զինված ուժերի կողմից։ Իսրայելցի զինվորները ղեկավարում են ելումուտը Պաղեստինի տարածքով, իսկ Գազայի հատվածը տարիներ շարունակ գտնվում է օդային, ջրային և ցամաքային շրջափակման մեջ։

Ուժայինների ու ցուցարարների միջև բախումները շարունակվել էին Տաճարաց լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում, որը Մեքքայից և Մեդինայից հետո համարվում է Իսլամի երրորդ գլխավոր սրբավայրը։ Իսրայելի զինուժերը մզկիթում կիրառել են լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ, բռնություն գործադրել աղոթողների վրա, ձերբակալել նրանց։ Վերջին տվյալներով՝ 5 պաղեստինցի է զոհվել բռնության այս ալիքի հետևանքով։ ՀԱՄԱՍ-ն ի պատասխան Իսրայելի այս գործողությունների, երկուշաբթի օրը հրթիռակոծել էր Երուսաղեմը, ինչն էլ սկիզբ էր դրել մինչ օրս շարունակվող փոխհրթիռակոծության շղթային։