Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռահարման հետևանքով զոհվածների թիվը հասել է 56-ի, որից 14-ը՝ երեխաներ։ ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ իսրայելական օդային հարձակմանը զոհ է դարձել Գազա քաղաքի հրամանատար Բասեմ Իսան՝ մի շարք բարձրաստիճան սպաների հետ միասին։ Իսրայելական կողմը պնդում է, որ իրենց հաջողվել է ոչնչացնել շուրջ ՀԱՄԱՍ-ի 40 սպայի։ Ժամեր առաջ Իսրայելի զինված ուժերը ոչնչացրել են Գազայում գտնվող արդեն երրորդ բարձրահակ շենքը, որը հիմնականում օգտագործվում էր մեդիագործակալությունների կողմից։
https://twitter.com/MuathHumaid/status/1392514560352047104
Գազայի հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում վերջին հրթիռակոծությունների պատճառով։ Պաղեստինի ծովափնյա այս էքսկլավի առողջապահական համակարգն արդեն իսկ տուժել էր շուրջ 14 տարի տևող օդային, ջրային ու ցամաքային շրջափակումից։ Ռազմական ընթացիկ էսկալացիան միայն ավելացրել է ճնշումը բուժաշխատողների վրա։
Պաշտոնական Թել-Ավիվը պնդում է, որ Գազայի ռազմական վերնախավը ընդհանուր առմամբ 1500 անգամ հրթիռակոծել է հրեական պետության տարածքը։ Իսրայելական կողմից մինչ այժմ զոհվել է 6 մարդ, որից 5-ը քաղաքացիական անձինք են, մեկը՝ զինվոր։ Զոհված քաղաքացիական անձանց թվում կա վեցամյա երեխա։ «Իսլամական Ջիհադ» խմբավորումն էլ հայտարարել է, որ իրենք «չեն պատրաստվում դադարեցնել իրենց դիմադրությունը, անկախ նրանից, թե դա ինչ գին կունենա»։
ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ միայն 130 հրթիռ է արձակել Թել-Ավիվի ուղղությամբ, «Իսլամական ջիհադը»՝ շուրջ 100։
Զուգահեռաբար, հրեաների և արաբների միջև բախումները գնալով սաստկանում են նաև Իսրայելի արաբական կամ խառը բնակչություն ունեցող քաղաքներում։ Լոդում, որտեղ ավելի ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել, իսրայելցի հրեաները հարձակում են գործել Ալ-Նուր մզկիթի վրա։
https://twitter.com/TamerMisshal/status/1392537639283269632
Մինչ այդ, Իսրայելը շարունակում է մարդկանց վտարել Շեյխ Ջարա թաղամասի իրենց տներից։ Տեսանյութում վտարվող մարդկանց տունը, Al Jazeera-ի հաղորդմամբ, արդեն իսկ մասամբ գրավվել էր նորաբնակ հրեաների կողմից։ Օկուպացված Արևմտյան Ափի տարածքներից պաղեստինցիներին դուրս վռնդելն ու վերջիններիս տները հրեա նորաբնակներին տրամադրելը Իսրայելի երկար տարիների քաղաքականությունն է եղել։
https://twitter.com/JalalAK_jojo/status/1392534796191031301
Ռազմական այս էսկալացիան, հիշեցնենք, սկսվել է մայիսի 6-ին՝ հենց այս թաղամասում։ Ուժայինները փորձել են ի կատար ածել Իսրայելի գերագույն դատարանի վճիռը և վտարել Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչներին իրենց տներից։ Հարկ է նշել, որ չնայած քաղաքի այդ հատվածը դե յուրե չի կազմում Իսրայելի պետության մաս, այն, ինչպես և Պաղեստինի շատ այլ հատվածներ, բռնազավթված է հրեական պետության զինված ուժերի կողմից։ Իսրայելցի զինվորները ղեկավարում են ելումուտը Պաղեստինի տարածքով, իսկ Գազայի հատվածը տարիներ շարունակ գտնվում է օդային, ջրային և ցամաքային շրջափակման մեջ։ Human Rights Watch-ն օրերս իր զեկույցում հայտարարել էր, որ Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ վարում է ապարտեիդի քաղաքականություն։
Միջազգային հանրությունն արագ է արձագանքել ռազմական բախմանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իռ գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շեշտել է՝ Իսրայելին անհրաժեշտ է «դաս տալ»։ Էրդողանը, հիշեցնենք, ավելի վաղ «ահաբեկչական պետություն» էր անվանել Իսրայելն ու իր աջակցությունը հայտնել պաղեստինցիներին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Միջազգային Քառյակի» ներկայացուցիչների հանդիպման անհրաժեշտություն կա։ Միջազգային Քառյակը Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի լուծման գործընթացում ներգրավված խումբ է, որի անդամներն էն ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը։ Փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն էլ Իսրայելին կոչ է արել «անմիջապես դադարեցնել վերաբնակեցման բոլոր աշխատանքները Պաղեստինյան տարածքներում» և «հարգել Երուսաղեմի սրբավայրերի ստատուս-քվոն»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կողմ է Քառյակի գործունեության վերականգնմանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մյուս կողմից, մտահոգություն է հայտնել Իսրայելի հրթիռակոծման հետ կապված, մինչ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը վերահաստատել է Վաշինգտոնի «երկաթյա աջակցությունը Իսրայելի՝ ինքն իրեն և իռ ժողովրդին պաշտպանելու իրավունքին»։