Ապրիլի 16-ին «Գալերի Ականաթ»-ում բացվեց Արման Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը, ինչը համընկավ արվեստագետի ծննդյան օրվա հետ:
Առաջինը, ինչն ուշադրություն գրավեց, դա «Ազատություն» կտավի (2000թ.) բացակայությունն էր: Վերջին անգամ այն ցուցադրվել է «ՀայԱրտ» արվեստի կենտրոնում 2001-ին տեղի ունեցած «Parallel reality» խորագրով ցուցահանդեսի ժամանակ, որի ընթացքում մի խումբ ազգայնամոլներ ներխուժել էին ցուցասրահ, ենթաշրջանակից պոկել կտավը, ճմրթել և նետել գետնին: Սպասվում էր, որ երկար տարիների ընդմիջումից հետո վերականգնված կտավը պետք է վերստին ցուցադրվեր:
Հետագայում Ֆեյսբուքում տեսանք Արման Գրիգորյանի այս գրառումը. «Ժող ջան, երևի էս անգամ էլ ձեզ չհաջողվի տեսնել իմ «Ազատություն» նկարը, պրոբլեմը էն ա, որ «Ականաթ»-ի գալերեյշիկը՝ Անի Սուքիասյանը, նոր ա ապաքինվել երկարատև հիվանդությունից և դեռ շարունակում ա բուժման կուրսը ու իրան չի կարելի հուզվել և ներվայնանալ: Մենք՝ ես և Անին, մտածեցինք, որ ավելի լավ ա էս հետընտրական ու նախընտրական շրջանում «Ազատություն» կտավը չցուցադրել: Խոստանում եմ, որ մոտ ժամանակներս ես այն մեկ ուրիշ գալերեայում կամ Արվեստի կենտրոնում կցուցադրեմ»:
«Ազատության» բացակայությունը, սակայն, չխանգարեց ցուցահանդեսի բացման բնականոն ընթացքին: Արվեստի քննադատ Վարդան Ազատյանի բնորոշմամբ՝ Արմանը հայ գեղանկարչության պատմության մեջ մակերեսի արժեքի բացահայտողն է:
«Մակերեսը` որպես արժեք, որպես ազատագրության հնարավորություն: Մեր և ոչ միայն մեր մշակույթում մակերեսը ասոցացվում է մակերսայնության, տափակության հետ և դրան հակակշիռ է դրվում խորությունը` իբրև արժեք: Դա մեր ավանդական մշակութային հենքն է: Արմանի կարևորությունը` խորության դեմ պայքար մղելն է և մակերեսի արժեքը վերաբացահայտելը: Իր բոլոր գործերը մակերեսի մասին են:
Մակերեսի բացահայտումը դժվարին պրոցես է եղել, և մեր բոլորի համար արժեքավոր: Ինքնին մակերեսի պաշտպանությունը Արմանին դնում է հայ արվեստում որոշակի այլընտրանքային ավանդույթի կրողի և պաշտպանի դիրքում: Դա ծանր գործ է, և ես Արմանին կբոնորոշեի որպես Մակերեսի ասպետ: Ասպետների հետ զուգահեռները շատ էին սիրում իրենք, երբ որ նոր էին ձևավորում իրենց շարժումը:
Կամփոփեմ Օսկար Ուայլդի խոսքով, որը, իմ կարծիքով տվյալ պահին տեղին է. «Բովանդակությունը չի արժեքը, արժեքը անցողիկության մեջ է, այլ ոչ թե հարատևության»: Օսկար Ուայլդը ինքն էլ մակերեսի մի այլ ասպետ է գրականության մեջ, ինչպես Արմանը մեր արվեստում»:
Արման Գրիգորյանը, հայկական փոփ-արտ ոճում աշխատում է 1985 թվականից` Գեղարվեստի ինստիտուտը ավարտելուց անմիջապես հետո: Արվեստագետը, ըստ նրա, միշտ հիշեցնում է ազատության, հավասարության և համերաշխության մասին խոստումը, որը տրվել է մարդկանց:
«Մենք ապրում ենք ֆոտոների և կինոխցիկների աշխարհում, և ես ենթադրում եմ, որ գեղանկարչությունը ոչ թե պետք է տուժի մեդիաների առկայությունից, այլ շահի: Ես ինքս փորձում եմ անել արվեստ, որը չի հակադրվում ֆոտոին կամ ֆիլմերին: Ես խոսում եմ նոր գեղանկարչության լեզվով, խոսում եմ մեր մասին, մեր միջավայրի մասին: Բնականաբար արձագանքում եմ մեր սոցիալական, քաղաքական իրավիճակին: Ինքս ինձ համարում եմ քաղաքական արվեստագետ` եթե չասեմ կուսակցական», – նշել է Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում: