«Զով-գուժ» ընկերությունը Քարաբերդ գյուղում ոսկու նոր հանք է ուզում բացել։
Քարաբերդը Փամբակ խոշորացված համայնքի մաս է, Վանաձորից ուղիղ գծով երկու-երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում՝ սարի վրա։ Անցած երեսուն տարվա մեջ գյուղը համարյա դատարակվել է․ մոտ 85 հաշվառված բնակիչներից միայն 60-ն են մնացել, մեծամասնությունը՝ տարեց մարդիկ։
Քարաբերդում արդեն երկու հանքավայր կա։ «Զով-գուժ»-ը նախատեսում է երրորդը բացել․ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը օգոսոտսի 13-ին հանրային լսում էր հրավիրել երկրաբանական ուսումնասիրություններն արտոնելու համար։ Սա առաջին ընկերությունը չէ, որը նման հայտ է ներկայացնում։ Անցած տարիներին Քարաբերդի ոսկու արդյունահանումն ընդարձակելու տասից ավել փորձ է արվել։ Բնակիչներից շատերը դեմ են արտահայտվել, շատերը՝ կողմ։ Նախորդ լսումները տապալվել են։
Հանքին դեմ են հիմնականում տարեցները, որոնք ապրում են գյուղում։ Կողմ են երիտասարդները, որոնք արտագաղթել են մոտակա համայնքներ։ Քարաբերդում անելիք չկա, հանքարդյունաբերությունը ասոցացվում է ներդրումների ու նոր աշխատատեղերի հետ․ չնայած գործող երկու հանքերը սոցիալական խնդիրները չեն լուծել, գյուղացիներից շատերը պատրաստ չեն ընդվզել նաև երրորդ հանքի դեմ, որովհետև այլընտրանքներ չեն տեսնում։ Բնապահպանների առաջարկները՝ կենտրոնանալ երկարաժամկետ ծրագրերի, գյուղատնտեսության, անասնապահության ու տուրիզմի վրա, տեղացիների մի մասն անլուրջ խոսակցություն է համարում և պահանջում կոնկրետ ծրագիր բերել՝ կոնկրետ ներդրողներով։
Երեկվա հանրային քննարկումն էլ չստացվեց։ Նախորդ լսումներին հանքին ընդդեմ գնացած մարդիկ այս անգամ ավելի լուռ էին, նրանց օպոնենտներին հակադարձում էին հիմնականում բնապահպան ակտիվիստները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք Քարաբերդ էին եկել պայքարելու հանքարդյունաբերության ընդլայնման դեմ։
Քննարկումը անընդհատ վերածվում էր լեզվակռվի։ Մոտ մեկ ժամ անց Փամբակի համայնքապետը անակնկալ հայտարարեց, թե լսումներն ավարտված է համարում, դրանց հիման վրա իրենք արձանագրություն կկազմեն, կներկայացնեն համայնքի ավագանուն, որը կկայացնի վերջնական որոշումը։ Ակնհայտ էր, որ ՏԻՄ ներկայացուցիչները հակված են թույլատրել հանքաարդյունաբերական ուսումնասիրությունը։
Իրավապաշտպան ՀԿ-ների ղեկավարները տեղում սպոնտան ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ հանրային լսումը համարում են չկայացած․ քանի որ այն ապօրինաբար ընդհատվել է, կազմված արձանագրությունը առ ոչինչ է։ Եթե ավագանին այն հիմք ընդունի, իրենք դատարան են դիմելու։