հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Իշխանությանը ճշմարտությունն ասելը վտանգավոր է․ սանձազերծված բռնություն՝ քաղաքական ակտիվիստների նկատմամբ

Իշխանությանը ճշմարտությունն ասելը վտանգավոր է․ սանձազերծված բռնություն՝ քաղաքական ակտիվիստների նկատմամբ

Հոդված՝ Իշխանությանը ճշմարտությունն ասելը վտանգավոր է․ Հայաստանի քաղաքական ակտիվիստների նկատմամբ սանձազերծված բռնությունը

Հեղինակ՝ Արմինե Իշխանյան

Տպագրվել է՝ opendemocracy.net֊ում

Կանանց բողոքի գործողությունը դարձավ վտանգավոր ու սպառնաց ստատուս քվոյին այն պահին, երբ նրանք հարցականի տակ դրեցին ու քննադատեցին իշխանական տղամարդկանց կարողությունը կատարելու իրենց «պատշաճ» դերը:

Մինչ ողջ աշխարհն ականատես է լինում սեռական բռնությունների ու ոտնձգությունների վերջին դեպքերի քողազերծման #Metoo («Ինձ էլ») գլոբալ արշավին, Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը կարծես հանրության կողմից ընդունված նորմ լինի։

Փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստի տեսարանները ցնցող են․ ավագանու երկու կին անդամ՝ բժշկական ձեռնոցներով ու դիմակներով, ապակյա տարաներով կոյուղաջուր են բերել ավագանու նիստին։ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը կոյուղաջուրը հասցրել են քաղաքապետարան, որպեսզի շեշտադրեն Երևանի Նուբարաշեն թաղամասի բնակիչների դրությունը։ Նրանք հարկադրված են եղել նման ծայրահեղ քայլի դիմել, քանի որ բնակիչների բողոքներն ու բողոքի ցույցերը, որ Նուբարաշենի բանտի կոյուղին արտահոսում է իրենց շենքերի մոտով, շարունակաբար անտեսվել են։

Երբ ավագանու անդամ կանայք ապակյա տարաները ձեռքներին մտել են նիստերի դահլիճ այս խնդիրը շեշտադրելու նպատակով, նրանց վրա բռի կերպով հարձակվել են նիստին մասնակցող տղամարդկանցից մի քանիսը, ովքեր հիմնականում մեծամասնական Հանրապետական կուսակցությունից էին և զայրացած էին, որ կանայք գարշահոտ ջուրը ավագանու նիստերի դահլիճ հասցնելու համարձակություն են ունեցել։

Կանանց նկատմամբ բռնի հարձակումը տեսանկարահանվում էր, որի արդյունքում սոցիալական ցանցերում անմիջապես բռնկվեց զայրույթ, իսկ ավելի ուշ ավագանու անդամներ Խաչատրյանի ու Աղեկյանի նկատմամբ կիրառված բռնության դեմ նույն օրը բողոքի ցույց անցկացրին մի քանի ակտիվիստներ։ Այս միջադեպը հատկանշական է երկու պատճառով։ Նախ, այն ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է բռնությունը կանանց նկատմամբ նորմալացված ու հասարակության կողմից ընդունված, (մի բան, որ տարիներ շարունակ բարձրաձայնում են կանանց իրավունքների ակտիվիստները), չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է ընտանեկան բռնության մասին օրենք և ստորագրել է Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիա)։ Այսպիսով՝ կառավարությունն ուղղակի պարտավորություն ունի զբաղվել բռնության նման ցնցող ու հրապարակային ակտի հարցով։

Երկրորդ՝ քաղաքապետարանում տեղի ունեցած նման հակազդեցությունը ցույց է տալիս երկրում ընդհանուր առմամբ ժողովրդավարական դժգոհության նկատմամբ հանդուրժողության շարունակական անկումը։ Նայելով ավագանու կին անդամների նկատմամբ հարձակման տեսանյութերն ու քաղաքային իշխանությունների կողմից դրան հետևող մեկնաբանությունները՝ հստակ է դառնում, որ կանանց վրա հարձակվել են իրենց այն համարձակության պատճառով, որ նրանք խոսել են քաղաքային իշխանությունների կողմից քաղաքի կոյուղու համակարգի խնդիրները լուծելու հարցում ձախողման մասին։

Վերջին տարիներին Հայաստանում պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում սոցիալական անարդարությունների ու կոռուպցիայի դեմ։ Այդուհանդերձ, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս բողոքի արտահայտումներին իշխանություններն արձագանքում են բռնությամբ ու ռեպրեսիայով։ Պետական պաշտոնյաների կողմից շատ քիչ բան է արվել բողոքների հիմքում ընկած խնդիրները լուծելու և դժգոհության պատճառները վերացնելու ուղղությամբ։ Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ բռնության, բռնի ուժի ու վախի քաղաքականությունը Հայաստանում օրինաչափ է դարձել։

Թեև անհավասարության մասին խոսակցություններն ավելի ու ավելի շատ են տարածում գտնում՝ այն աստիճանի, որ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն է արտահայտում իր մտահոգությունը, հետխորհրդային երկրներում, ինչպիսին Հայաստանն է, սոցիալական անհավասարության ու անարդարության դեմ խոսելը շարունակում է դժվարին լինել երկու պատճառով․ առաջինը, սոցիալական արդարություն ու հավասարություն ջատագովներին ծանակում են որպես սոցիալիստական անցյալի ձախակողմյան մնացուկների։ Երկրորդ, քանի դեռ Հայաստանը պատերազմի մեջ է, ցանկացած տեսակի քննադատություն դիտարկվում է ազգայնական տեսանկյունից։

Այլ կերպ ասած՝ սոցիալական անարդարությունների դեմ բարձրաձայնելը հատկապես վտանգավոր է դառնում այն պահին, երբ այն ձևակերպվում է որպես ապազգային գործողություն։ Քանի դեռ երկրում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունն է, իշխանությունները ձևակերպում են իրենց սոցիալական ու տնտեսական քաղաքականության ցանկացած քննադատություն որպես հարձակում ազգի նկատմամբ, սպառնալիք ազգային անվտանգությանը։ Ազգային անվտանգությունը դառնում է հարացույց, որի միջով դիտարկվում են բոլոր խնդիրները։

Այսպիսի դիրքորոշումը շնչահեղձ է անում ժողովրդավարական բանավեճերն ու արգելակում է բողոքի արտահայտումները, քանի որ սոցիալական անարդարության դեմ բողոքը ձևակերպվում է որպես հարձակում իշխանությունների նկատմամբ, որոնք, ըստ պոպուլիստական ազգայնական հարացույցի, ներկայացվում են որպես ազգի պաշտպաններ։ Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն ակտիվիստները, արդյո՞ք պետք է լռեն՝ չնայած բիրտ անարդարություններին ու անհավասարությանը։

Վերը նշված միջադեպի հետ կապված՝ չենք կարող նաև անտեսել դրա գենդերային հարթությունը։ Հայրիշխանական հասարակությունում, ինչպիսին Հայաստանում է, կնոջ «պատշաճ տեղը» սահմանափակվում է ինքնազոհ մոր դերով։ Կանանց գովաբանում են որպես ներկայիս ու ապագա զինվորների մայրեր, մինչ տղամարդկանցից ակնկալվում է լինել ազգն արտաքին թշնամուց պաշտպանողներ։

Այդուհանդերձ, այս դեպքում տղամարդիկ (նրանցից մի քանիսը) միանշանակորեն ձախողել են իրենց թվացյալ պարզ պարտականությունը՝ պաշտպանել բնակչության առողջությանը սպառնացող վտանգներից, ուստի կանանց բողոքի գործողությունը դառնում է վտանգավոր ու սպառնում է ստատուս քվոյին։ Սա տեղի է ունենում, քանի որ նրանք հարցականի տակ են դնում ու քննադատում են տղամարդկանց կարողությունը կատարել իրենց «պատշաճ» դերը։ Այսպիսով, կանայք հարձակման են ենթարկվում ավագանու նիստին կոյուղաջուր բերելու համարձակության համար, սակայն գրեթե չի խոսվում այն փաստի մասին, որ ամենից առաջ թույլ է տրվել, որ այդ կոյուղաջրերը հոսեն ու թունավորեն Նուբարաշեն թաղամասը։

Տղամարդկանց բռնարարքների նպատակն էր պատժել կանանց, որոնք համարձակվել են հանրային դարձնել անձնական համարվող մի բան։ Անշուշտ, կանայք այդ դեպքում սահմանազանցներ էին։ Նրանց պետք էր ֆիզիկապես պատժել բառացի ու փոխաբերական իմաստով քաքի տարածումը հասարակական միջավայրում հանրայնացնելու գործողության և իշխանավոր տղամարդկանց այդ իրավիճակը շտկելու հարցում իրենց անկարողությունն ու ձախողումն առերեսելու համարձակության համար։

Պարզ չէ, սակայն, թե ինչպես կարձագանքեն Հայաստանի կենտրոնական իշխանությունները։ Այդուհանդերձ հարց է՝ ավելի լավ է անարդարությունների մասին լռե՞լը, թե՞ խավարում (տվյալ դեպքում՝ քաքի մեջ) լույս վառելն ու դրա դեմ խոսելը, նույնիսկ եթե դա հանգեցնում է սեփական անձի նկատմամբ հարձակման ու վնասների։ Սա հարց է, որ վերաբերում է մեծ թվով մարդկանց, միգուցե այն բոլոր խիզախ անհատներին, ովքեր համարձակվում են ճշմարտությունն ասել իշխանությանը ողջ աշխարհով մեկ, քանի որ, ինչպես գիտենք, իշխանությանը ճշմարտությունն ասելը երբեք առանց վտանգի կամ ռիսկի չի լինում։

Տեքստն անգլերենից թարգմանել է Աննա Շահնազարյանը