Լոռիում՝ Փամբակ խոշորացված համայնքի համայնքապետարանում այսօր նախատեսված հանրային լսումները տապալվել են․ «Ասսաթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին համայնքի բնակիչները թույլ չեն տվել մտել դահլիճ։
«Ասսաթ»-ը մտադիր է ընդլայնել Քարաբերդի ոսկու հանքավայրը՝ երկրաբանական ուսումնասիրություն կատարել (2022-2025թթ) հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում, ինչպես նաև երկարացնել կենտրոնական տեղամասի ոսկու արդյունահանման նախագծի ժամկետը։ Բնակիչները դեմ են։
Տեղացիները դեմ են նաև ներկայացրած երրորդ նախագծին՝ չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի հիմնմանը։
Լսումները չեն կայացել։ Համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը համապատասխան արձանագրություն է կազմել, նախաձեռնողները ստիպված են եղել հեռանալ։
Համաձայն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ «Ասսաթ» ՍՊԸ-ի ակտիվների շուրջ 20 %-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի որդուն՝ Մհեր Պողոսյանը։ 24%-ական չափաբաժիններ ունեն նաև Չեխիայի քաղաքացիներ Ռադկա Կրչմալովան, Դանիել Տոնովեցը և Պյոտր Վաստիկը։
Չեխերն ու հանրապետականի ընտանիքը
Հանքավայրը ընդլայնելու փորձ է կատարվել նաև 2021 թվականին։ Անցյալ տարվա ամռանը նորաստեղծ «Կարա-մայնինգ» ՍՊԸ-ն հայտ էր ներկայացրել՝ ուսումնասիրելու համար Քարաբերդի հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և արևմտյան թևերը։ Նպատակը պաշարների գնահատումն ու հետագա շահագործումն էր։ Համայնքը կրկին դեմ է եղել։
«Հետք»-ը՝ հղվելով ԱՆ պետռեգիստրի տվյալներին, գրում էր, որ «Կարա-մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերը և տնօրենը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի դուստր Լիլիթ Պողոսյանն է, որը համատեղությամբ աշխատում է նաև «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ում։
«Լուսաջուր վենչրզ ինվեստ»-ը Հայաստանում հիմնադրվել է 2018թ. ապրիլի 20-ին: Գրանցված է Սևան քաղաքում՝ Նալբանդյան 19 հասցեում: Այս նույն հասցեում գրանցված է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի ընտանիքը։ «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերության տնօրենն էլ Ալեքսան Պողոսյանի որդին է՝ Մհեր Պողոսյանը։
«Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերության միակ բաժնետերը չեխական «Միներալ վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է հայաստանյան «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունից ընդամենը 10 օր առաջ` 2018թ. ապրիլի 10-ին: Համաձայն Չեխիայի ընկերությունների գրանցման ռեգիստրի` «Միներալ վենչրզ ինվեստ»-ում 50/50 բաժնեմասով չեխական երկու այլ ընկերություն է բաժնետեր` Zlato a.s. և Gabison Invest, s.r.o.:
Մհեր Պողոսյանն 2021 թվականի մարտից դարձել է «Ասսաթ» ՍՊԸ-ի տնօրեն, որին պատկանում է Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ Իսկ «Ասսաթ» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Օսիկյանն իր բաժնեմասը 2020թ․ դեկտեմբերին փոխանցել է չեխական «ՄՎԻ Իրլանդ» ՍՊԸ-ին։ «ՄՎԻ Իրլանդ» ՍՊԸ-ի բաժնետերը նույնպես «Միներալ վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն է։
«Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը ավելի վաղ փորձում էր նաև Լոռու մարզի Հանքաձորի պղնձի և ոսկու հանքավայրում ուսումնասիրություններ սկսել։ Ազդակիր համայնքները դեմ են արտահայտվել։
Դեմ են նաև չեխ բնապահպանները
Քարաբերդի ոսկու հանքավայրը ընդլայնելու նախագծին դեմ են արտահայտվել նաև չեխական Arnika և NESEHNUTÍ բնապահպանական կազմակերպությունները։
NESEHNUTÍ-ը մտահոգություն է հայտնել, որ չեխական ընկերությունը, որը Քարաբերդում արդյունահանմամբ է զբաղվում, չի իրականացնելու անգամ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները։
Իրժի Վոյտեխովսկին, ըստ բնապահպանների, «Լուսաջուր վենչրզ ինվեստ»-ի գործադիր տնօրենն է, որը նախկինում փոխկապակցված էր «Լիգլասս Թրեյդինգ» ընկերության հետ, որը, իր հերթին, հայտնի է Ղրղզստանում ՀԷԿ-աշինության խիստ խնդրահարույց պայմանագրերով։ Ղրղզստանում այս ընկերությունը կեղծ հանձնարարություններ էր ներկայացրել և չէր վարձատրել իրականացված աշխատանքների դիմաց։