Home / Բնապահպանություն / Բնապահպանության նախկին նախարարը ձերբակալվել է

Բնապահպանության նախկին նախարարը ձերբակալվել է

Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

Այս մասին news.am-ին հայտնել է նրա փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը։ Պողոսյանը նշել, որ նախկին նախարարին մեղադրանք չի առաջադրվել:

Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն Այվազյանի բնակարանում խուզարկություն էր իրականացրել։ Ըստ փաստաբանի` նախկին պաշտոնյան կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:

Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը 2001 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Հայաստանի բնապահպանության նախարարի պաշտոնը։

Որպես բնապահպանության նախարար՝ հայտնի է առավելապես իրեն, իր ազգականներին և ենթականերին պատկանող հանքերով (ավելի մանրամասն՝ այստեղ)։ 2012 թվականին Նյու Յորքի դատարանն ընդդեմ հայաստանյան նախարարի վճիռ էր կայացրել, որով պարտավորեցրել էր նրան 37 միլիոն 537 հազար 978 դոլար վճարել միջազգային «Global Gold Mining» ընկերությանը (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Ամերիկյան դատարանի շնորհիվ՝ Այվազյանի անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալներից մեկը հայաստանյան մամուլի էջերից տեղափոխվել էր նաև միջազգային լրահոս։

2007 թվականին Վարդան Այվազյանը գործադիրից գործուղվել էր օրենսդիր․ 2007-ից մինչև 2018-ը եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր։