Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին պարտավորեցնում է 37 միլիոն 537 հազար 978 դոլար և 2 ցենտ վճարել «Global Gold Mining» ընկերությանը:
Ինչպես նշված է դատարանի վճռի մեջ, խնդրո առարկա է եղել Հանքավանի հանքավայրերից մեկը, որը պատճառ է հանդիսացել, որպեսզի ընկերության հասցեին «կոռումպացված և անհարկի պահանջներ ու սպառնալիքներ հնչեցվեն այն ժամանակ ՀՀ բնապահպանության և բնական պաշարների նախարար Վարդան Այվազյանի կողմից»: Պաշտոնական փաստաթղթի մեջ նշված է, որ ընկերությունը իրավիճակի մասին զեկուցել է հայաստանյան և ամերիկյան իշխանություններին՝ նշելով, որ Այվազյանի գործողությունների պատճառով կորցրել է Հանքավանի հանքը:
«Global Gold Mining» ընկերությունը դիմել է Միջազգային Առևտրի Պալատի կենտրոնասենյակ դեռևս 2006 թվականին: Տարիներ տևած գործընթացի արդյունքում այս տարի Նյու Յորքի դատարանը որոշել է, որ Այվազյանը ընկերությանը վնաս է պատճառել վերոնշյալ գումարի չափով, և անցյալ շաբաթ գործն ուղարկվել է Նյու Յորքի Հարավային շրջանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որն էլ արդեն տրամադրել է Կատարողական թերթը կատարման համար:
Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին ռուսաստանյան «Русский Репортер» պարբերականը հայաստանյան իրականության մասին հրապարակումների շարք էր սկսել՝ ԱՄՆ Պետդեպի այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ռուսաստանյան կողմին տրամադրել էր WikiLeaks կայքը։ Հայաստանին վերաբերող հոդվածներից մեկում արծարծվում էր նաև Վարդան Այվազյանի անունը:
Ինչպես նշված էր WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթում Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին նկարագրում է այն դժվարությունները, որոնց բախվել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC)-ը Հայաստանում:
ԱՄՆ Պետդեպին ուղարկված նամակում Գոդֆրին պատմում է այն ժամանակ Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ բանակցությունների ընթացքի մասին:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի՝ Այվազյանը տեղեկացրել է GGC-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին, որ անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի չափով կաշառք տալ իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է վճարել գումարը, և շուտով նախարարությունը հետ է կանչել ընկերության Հայաստանում երկու հանքերի շահագործման արտոնագրերը: