Home / Հայաստան / Երկրագունդը կոռուպցիայից փրկելու պատրվակով Իրանի դատարանը լրագրող է սպանել

Երկրագունդը կոռուպցիայից փրկելու պատրվակով Իրանի դատարանը լրագրող է սպանել

Իրանում կախաղան է բարձրացվել ընդդիմադիր տելեգրամ-ալիքի խմբագիր Ռուհոլահ Զամը:

Amadnews լրատվական հարթակի ղեկավարը մահապատժի է ենթարկվել այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հայտնել է Mehr News գործակալությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Զամի ձերբակալության մասին հաղորդել էր դեռևս 2019 թվականի հոկտեմբերին։ Լրագրողը վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայում, ուներ փախստականի կարգավիճակ։ Վարում էր 1,4 մլն հետևորդ ունեցող Amadnews տելեգրամ ալիքը, որը ակտիվորեն լուսաբանում էր 2017 թվականից մինչև 2018–ի հունվար Իրանում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերը։ Թեհրանի միջնորդությամբ տելեգրամ-ալիքը (կրիպտոհարթակի միջոցով) հետագայում փակվել էր. Իրանի իշխանությունները Amadnews-ին, ի թիվս այլի, մեղադրում էին զանգվածային ցույցերի ընթացքում սադրանքներ հրահրելու մեջ։

Ինչպես է տեղի ունեցել նրա ձերբակալությունը՝ ստույգ հայտնի չէ։ France 24 գործակալությունը հաղորդել էր, որ 2019 թվականին Ռուհոլա Զամը «ծուղակն է ընկել»։ Նրան խաբեությամբ Իրաք են հրավիրել՝ խոստանալով հանդիպում կազմակերպել Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սիստանիի հետ, ով իրանական իշխանությունների հետ դիմակայությունում կարող էր աջակցել նրան։ Իրաք ժամանելուն պես Զամն առևանգվել է, տեղափոխվել Իրան և ձերբակալվել։ Պաշտոնական Թեհրանը հաղորդում էր, որ հատուկ օպերացիան կազմակերպվել է Իրանական հեղափոխության պահապանների հատուկ ծառայության կողմից։

Ռուհոլահ Զամին առաջադրված տասներեք մեղադրանքների թվում են «երկրի ներքին և արտաքին անվտանգության նկատմամբ ոտնձգությունները» և «իսլամի սրբության» վիրավորումը։ Ռուհոլա Զամին մեղադրանք էր առաջադրվել նաև «ֆրանսիական հետախուզության ղեկավարությամբ և ԱՄՆ-ի ու Իսրայելի աջակցությամբ» գործունեություն ծավալելու համար։

«Դատարանը վճռել է, որ այս տասներեք մեղադրանքները հավասարազոր են «Երկրագնդի վրա կոռուպցիա» տարածելու մեղադրանքին, այդ իսկ պատճառով էլ մահապատժի որոշում է կայացվել», — դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Էսմաիլին։

«Երկրի վրա կոռուպցիա» տարածելն Իրանի քրեական օրենսգրքի լրջագույն մեղադրանքներից է․ պատժամիջոցը մահապատիժն է։


լուսանկարը՝ iranintl գործակալությունից

Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունն իր բողոքն էր հայտնել լրագրողի ձերբակալության դեմ՝ ընդգծելով, որ դատավճիռը «Իրանի կողմից մահապատիժը որպես բռնաճնշումների միջոց օգտագործելու շոկային էսկալացիա է» հանդիսանում։

Արտահայտվել էր նաև «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը․ թվիթերի իր պաշտոնական էջում RSF-ը հայտարարել էր, որ «ապշած է այն փաստից, որ Իրանի արդարադատության համակարգը և այս ակտի հովանավոր (նախագահ) Ալի Համենեին իրագործեցին իրենց դատավճիռը»՝ ընդգծելով, որ կազմակերպությունը «անխուսափելի մահապատժի մասին դեռևս հոկտեմբերի 23-ին նախազգուշացրել էր» ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաչելեթին։


լուսանկարը՝ MIZAN գործակալությունից