Home / Եկեղեցի / «Սատանու պոզերով Նիկոլ». զանգվածային ձերբակալումներ և խուզարկություններ

«Սատանու պոզերով Նիկոլ». զանգվածային ձերբակալումներ և խուզարկություններ

«Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչություն և հեղաշրջում, հայտարարել է Քննչական կոմիտեն և ներկայացրել քրեական գործից տեսանյութեր, հեռախոսային ձայնագրություններ, լուսանկարներ, գործողությունների սխեմայի տեքստեր։ 

Ընդդիմադիրներն, ըստ մեղադրանքի, ցանկացել են բռնություններ գործադրելով հեղաշրջման հասնել։ Բռնի գործողությունների համար պլանավորել են ձևավորել 150-200 «հարվածային խմբեր»՝ հավաքագրելով ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 տարեկան անձանց՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից։ 

Հեղաշրջում անելու համար պլանավորվել է խաղաղ հավաք հայտարարել ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանությանը շեղելու նպատակով։ Բռնի գործողությունների պլանը ներառել է՝ ավտովթարներ հարուցելով կաթվածահար անել երթևեկությունը հանրապետության տարբեր մասերում, իրականացնել պայթյուններ, վնասել էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, առաջացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտները՝ բնակչության շրջանում առաջացնելով անկառավարելի վիճակ, խոչընդոտել ոստիկանություններին արձագանքել իրավիճակին։ 

Քննչական կոմիտեն հրապարակել է նաև ձայնագրություններ, որտեղ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և այլ համախոհներ քննարկում են, թե ինչպես պետք է հավաքագրեն մարդկանց, ինչ մարդկանց և ինչ առաջադրանք պիտի նրանք կատարեն։ Խոսակցություններից մեկում աասվում է, որ պետք է հավաքագրել ջահել հաքերների, ովքեր օնլայն տիրույթում կաշխատեն, հազարավոր նամակներով կպառալիզացնեն կառավարական կայքերը և հաքինգ կանեն. «Ասենք, առավոտը արթնանան, տենան Կառավարության սայթի գլխին Նիկոլի նկարն ա՝ սատանու պոզերով, գերբի տեղը»։ 

Մեկ այլ ձայնագրությունում խոսողը հրահանգում է գտնել «բջոտ» ջահելների, տալ ամեն մեկին 100-250 դոլար ավտոբուսների աշխատանքը խաթարելու համար։ «Մի երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտ, ընտանքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն», – լսվում է մեկ այլ ձայնագրությունում։

Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով: Նրան սպառնում է 12-15 տարվա ազատազրկում։ Նրան և ևս 13 անձիք ձերբակալվել են։ 

Լուսանկարը՝ Կարեն Օհանյանի