Բարձրաստիճան քահանաների ընդդիմադիր ակտիվության ֆոնին կառավարությունը քննարկում է եկեղեցուն ֆինանսատնտեսական արտոնություններից զրկելու հարցը։ Էջմիածինը մեծամասամբ հարկային դաշտից դուրս է գործում, իշխանությունները մտադիր են դա ուղղել։
«Եկեղեցին բացի ծիսական ապրանքներից՝ օրենքով սահմանված բոլոր հարկերը վճարում է», – Սուրբ Աննա տաճարի մոտ օրերս հայտարարել էր «սրբազան» շարժման առաջնորդ, սառեցված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Բայց հարկային արտոնությունները միայն ծիսական ապրանքների վրա չեն տարածվում։ Առաքելական եկեղեցու հասցեով ստացված բեռներն ազատված են տուրքերից։ Նրան պատկանող անշարժ գույքի համար մեծամասամբ գույքահարկ չի գանձվում։ Եկեղեցին որոշակիորեն է մասնակցում պետական բյուջեի ձևավորմանը։ 2023-ին 435 միլիոն դրամի, 2024-ի առաջին եռամսյակում՝ 147 մլն դրամի հարկ է վճարել։ Հիմնական մասը՝ եկամտահարկի տեսքով։ Որոշակի մուտքեր են ապահովվել նաև մաքսատուրքերից։ Թե որքան հարկ կվճարեր ՀԱԵ-ն առանց գործող արտոնությունների, հնարավոր չէ հաշվարկել։
ՔՊ-ին դրել են բոլշևիկների տեղը
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Առաքելական եկեղեցուն պատկանող շինություններն անցան Lուսժողկոմատին, դպրոցներում արգելվեցին կրոնական առարկաներն ու ծեսերը: 1921-ին հոգևորականները զրկվեցին ընտրելու և ընտրվելու իրավունքից։ 1922-ին եկեղեցին անջատվեց պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց։ Կրոնական հաստատությունները զրկվեցին նաև սեփականություն ձեռք բերելու իրավունքից: Կղերական ակտիվության համար Ստալինի օրոք աքսորում էին և գնդակահարում։ Ըստ պատմաբան Արմենակ Մանուկյանի, 1930-ականներին սովետական Հայաստանում առնվազն 67 հոգևորականի են գնդակահարել։
տե՛ս Եկեղեցին և հայրենասիրությունը
Եկեղեցու և պետության այսօրվա բարդ հարաբերությունների կոնտեքստում սպառնալիքները երկուստեք են։
Պետությունը վախեցնում է հարկերով։ Ընդդիմության արքեպիսկոպոսը զգուշացնում է՝ վերադարձնելու են Եկեղեցուց բոլշևիկների օրոք առգրավված ամբողջ գույքը և փոխհատուցում են պահանջելու բարոյական վնասի համար։
«Խորհրդային միության փլուզումից հետո եկեղեցին իրավունք ուներ պետությունից ստանալ բոլոր այն կորուստները, որոնք կրել էր՝ գույքի տեսքով, նյութական այլ արժեքների տեսքով և ընդհանրապես իրավունքի տեսքով։ ․․․Պետք է գնան Վեհափառ Հայրապետի դեմ ծնկի գան, որ այդ գործունեությունը թույլ չի տալիս։ ․․․Եկեղեցու գույքը, հոգևոր մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն և ա՛յն տեսքով, ինչ տեսքով բռնագրավվել են։ Կինոմոսկվայի տարածքը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է, որ սովետական շրջանում հողին են հավսարեցրել։ ․․․Մեկը խաղատուն, մեկը գինետուն են դարձրել։ Պետք է հետ վերադարձնեն», – հայտարարել է Գալստանյանը՝ դիմելով ոչ թե բոլշևիկներին, այլ ներկա իշխանություններին։
տե՛ս Ա՛ջ, ա՛ջ, ա՛ջ․ տերտերը հանրահավաքով մտավ Երևան
Եկեղեցուն հարկելու մասին խոսակցությունները, ի միջի այլոց, այդքան էլ նոր չեն։ Թեման ժամանակ առ ժամանակ քննարկվել է նաև նախորդ կառավարությունների օրոք։
Մեծ աղմուկ էր բարձրացրել, օրինակ, 2011 թվականին ԱԺ-ում ընդունված օրինագիծը, որով եկեղեցուն պատկանող 286 շինություններ և օբյեկտներ ազատվում էին հողի և գույքի հարկերից։ Շինությունների ցանկը լայն էր և ընդգրկուն, մասնավորապես՝ 2 արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառան, 3 խանութ և տաղավար, 4 արտադրամաս, ֆուտբոլի 11 մարզադաշտ՝ կից կառույցներով, 2 ճաշարան և սրճարան, 5 ճամբար, 4 արոտ և արոտավայր, 2 կինոթատրոն, 35 բնակարան, 4 առանձնատուն և վիլլա, 45 հողամաս, 3 պանսիոնատ և առողջարան, 2 ատամնաբուժարան:
Օրինագծին դեմ էին արտահայտվել Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները․ կուսակցության առաջնորդն այն ժամանակ ակտիվ եկեղեցաշինությամբ էր զբաղվում, այժմ ֆինանսավորում է Հիսուս Քրիստոսի հսկայական արձանի տեղադրումը։ Այդ արձանին, ի դեպ, Հայ առաքելական եկեղեցին կտրականապես դեմ է։
տե՛ս Ի՞նչ է մտածում Քրիստոսը Ծառուկյանի մասին
Հարկերի շուրջ քննարկումներ են եղել նաև 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, որի հարաբերությունները Էջմիածնի հետ ավելի գործընկերային էին։ Թեման բացել էր «սրբազան» շարժման այժմյան աջակիցներից Հրանտ Բագրատյանը, որն այն ժամանակ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ էր։
«Հայ առաքելական եկեղեցին ինչո՞ւ չպետք է հարկ տա: Չմոռանանք պատմությունը․ նրա տնտեսական հզորացման պատճառով մենք երկու անգամ պետականություն ենք կորցրել», – ասել էր Բագրատյանը։
2017-ին Կառավարությունը Էջմիածնում ևս 4 հեկտար հողատարածք էր նվիրել Առաքելական եկեղեցուն։ «Պարզվում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ներդրումային հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն եկեղեցաշինությամբ: Նա լուրջ հետաքրքրություններ ունի նաև այնպիսի եկամտաբեր ճյուղերի նկատմամբ, ինչպիսին, օրինակ, արևային էներգետիկան է», – այն ժամանակ գրել էր hayeli.am կայքը, որն այժմ քննադատում է իշխանություններին հայերի ինքնության հենասյանը ֆինանսապես դիպչելու համար։
2018 թվականի զանգվածային ցույցերի միջից նոր կրոնական շարժում էր ծնվել՝ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ»։ Շարժման անդամները Գարեգին Բ-ի հրաժարականն էին պահանջում։ Հայտարարվում էր, որ հայկական եկեղեցին իր տերտերների պատճառով վերածվել է բիզնես կենտրոնի։ Շարժումը շատ արագ ճնշվեց Մայր Աթոռի կողմից, մի շարք ընդդիմադիր եկեղեցականներ կարգալույծ արվեցին։
Կրոնի մշակութաբան Յուլիա Անտոնյանն ասում է, որ Սովետական Միության փլուզումից հետո եկեղեցին սկսեց վերակազմվել՝ նորովի հայտնագործվել, հորինվել։ Նախկին ավանդույթների զգալի մասը կորսված էին, նորերը դեռ չէին ստեղծվել․ «Մեր քահանաների զգալի մասը Էջմիածնի ծնունդ են։ Եկեղեցին նրանց համար ուղղակի կրթության հնարավորություն էր։ Դա այլևս ո՛չ ժառանգական խնդիր էր, ո՛չ էլ կոչման։ Դա ուղղակի մասնագիտական կողմնորոշման հարց էր․ հեշտ էր, մատչելի էր, անվճար էր, բանակից ազատում էր տալիս, սպեցիֆիկ էր հենց տղաների համար։ Մասնագիտություն էր, որը փող է տալիս»։
Ի՞նչ արժի ձրի քահանան
Բագրատ Գալստանյանն համոզված է՝ եկեղեցականներն անվճար աշխատանք են անում։
Epress.am-ը փորձել է պարզել՝ ինչ արժի նրանց անվճար աշխատանքը։
Վերջերս պսակադրված Արփին, օրինակ, պատմել է՝ հարսանիքի համար քահանային 20 հազար են տալիս։ Սա սահմանված և պարտադիր վճար է։ Դրանից զատ քահանային պետք է մաղարիչ անի նաև քավորը՝ սովորույթի համաձայն, նվազագույնը 15-20 հազար դրամի չափով։
Կնունքի վկայականը 1000 դրամ արժի՝ «շնորհակալությունը» չհաշված։
Թաղումների դեպքը մի փոքր այլ է։
Եթե առաջ թաղումն ընտանեկան ինքնակազմակերպմամբ էր տեղի ունենում, այժմ աութսորս է արվում սգո սրահներին։
«Ռեքվիեմ ինտերնեշնլ» թաղման տնից հրաժարվեցին գնացուցակ ներկայացնել։ «Գինը տարբեր է՝ կախված նրանից, միայն հոգեհանգստին է տերտերը ներկա լինելու, թե նաև թաղմանն ու հոգեհացին, աղքատ են հանգուցյալի հարազատները, թե հարուստ, մահացածը կնքված եղել է, թե ոչ», – Epress.am-ին ասաց կազմակերպության օպերատորը։
«Զոլեր» սգո ծառայությունից պատասխանեցին, որ միայն հոգեհանգստի արարողությանը ներկա լինելու համար քահանան ստանում է 15-20 հազար դրամ: Այս գումարը հանգուցյալի հարազատները փոխանցում են թաղման բյուրոյի միջոցով։ Ընդունված ավանդույթը պարտադրում է նաև «շնորհակալություն» հայտնել կանխիկ եղանակով։ Թվերը տարբերվում են։
Հարկավոր է վճարել նաև օրհնության համար։
«Սուրբ Հովհաննեսի մատուռում քահանաներ են կանգնած և օրհնում են մարդկանց հոսքերը, իսկ հոսքը այնտեղ հսկայական է։ Օրական հարյուրավոր մարդիկ են անցնում, մինիմում 1000 դրամ են տալիս, այսինքն՝ իրենք օրական 100 հազարներ են աշխատում։ Այդ գումարը ոչ հարկվում է, ոչ էլ վերահսկվում է։ Պետության ցանկություններից մեկը կարող է լինել այդ չվերահսկվող գումարները հարկման ենթարկել։ Ինչպես են դա կազմակերպելու՝ չեմ պատկերացնում։ Շատ դժվար է», – ասում է Յուլիա Անտոնյանը։
Հետքի հետաքննության համաձայն, 1991-2015 թվականների ընթացքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մոտ 100 եկեղեցի է կառուցվել։
Եկեղեցաշինությունը, ըստ Անտոնյանի, գալիս է ոչ միայն աստվածապաշտությունից․
«Եկեղեցի կառուցելը չվերահսկվող գործընթաց էր, կարելի էր թաքցնել շատ խոշոր գումարներ՝ դա վերագրելով եկեղեցաշինական ծախսերին»։ Հաշվի առնելով եկեղեցու սերտ կապերը օլիգարխների հետ, խնդիր են մաքսային արտոնությունները․ «Չենք կարող ասել, թե նրանք ինչ են բերում, ինչ ապրանքներ են բերում»։
Այսօրվա բանավեճերը Անտոնյանը մի փոքր մանիպուլյատիվ է համարում։ Եկեղեցի-պետություն հարաբերությունները, ըստ նրա, պատմականորեն անկայուն են եղել, փոխվել են ըստ ժամանակի կոնյուկտուրայի։ Նոր լարումն այդ առումով արտառոց չէ։
Ամիսներ առաջ Կառավարության և Մայր Աթոռի առճակատումը հիմնավորվում էր պատմության նոր դասագրքի բովանդակությամբ, մինչ այդ՝ եկեղեցու պատմություն առարկայի վերացմամբ, հիմա՝ Տավուշի սահմանի դելիմիտացմամբ։ Ընթացքում հրապարակավ վիճելու այլ առիթներ էլ են եղել։ Խնդրի միջուկը արդեն մի քանի շաբաթ է հրապարակային է՝ Հայ առաքելական եկեղեցին իշխանափոխություն է ուզում և ունի քաղաքական դաշնակիցներ։
Եկեղեցին, ի դեպ, նաև հեռուստաալիք ունի՝ Շողակաթ։ Մասամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Օրերս պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել էր կտրել պետական սուբսիդավորումը՝ ավելի քան 200 միլիոն դրամ, և ուղղել այն Հանրայինի մշակութային ծրագրերին։ Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավար Արա Շիրինյանը առաջարկը մերժել էր։ Հոգևոր հաղորդումները, ըստ նրա, եկեղեցական ալիքի ընդամենը 17 տոկոս են կազմում։