Տավուշը հանուն հայրենիքի շարժման «սրբազան պայքարին» են միացել Արթուր եղբայրները՝ 2000-ականներին Քենիայում և Ռուանդայում թմրանյութերի վաճառքով, պատվիրված հարձակումներով և հեղաշրջման կազմակերպմամբ հայտնի հայ գործարարները։
«Մեզ միացել են շատ հրաշալի, նշանավոր հայորդիներ։ Իրենք ծանոթ են որպես Arthur Brothers, Արթուր եղբայրներ Քենիայից։ Քենիայից չէ՛, այլ Հայաստանի՛ց։ Քենիայում ուղղակի ապրում են։ Նրանք հոգով, սրտով, էությամբ, գոյությամբ մասմաքուր հայորդիներ են, ամբողջ իրենց թե կարողության և թե հնարավորություններով միայն ու միայն հայոց պետականության և պետության շահին ծառայելու կոչված մարդիկ են իրենց ողջ կյանքի ընթացքում», – հունիսի 3-ի քայլարշավին ասել է ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Երևի լսած կլինեք՝ Arthur Brothers, շատ հետաքրքիր հայորդիներ են։ Վերջը, այն մանրամասները չեմ ասում։ Նրանք հոգով, սրտով, կյանքով նվիրված հայորդիներ են», – Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփիչ հանրահավաքին կրկնել է Գալստանյանը։
Մանրամասներին ավելի ուշ անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«<․․․> Չեմ կարող չհամաձայնվել ընդդիմության կղերական առաջնորդի հետ. «քենիացի» Արթուր «եղբայրները» իսկապես շատ հետաքրքիր հայորդիներ են: Այս կարծիքը կիսում է նաև Քենիայի խորհրդարանի երբեմնի խոսնակ Ֆրենսիս Օլե Կապարոն: «Իսկապես նրանք հետաքրքիր մարդիկ են», — ասել է վերջինս՝ ըստ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչի՝ Վիկիլիքսում տեղ գտած գաղտնի նամակագրության:
News.am կայքի 2011թ.ի մի հրապարակման մեջ, մասնավորապես, գրված է. «Ամերիկացի դիվանագետի գրագրության համաձայն՝ «վարձու մարդասպաններին» Քենիա են բերել եւ պաշտպանել այդ երկրի կառավարության մոտ կանգնած անձինք։ Քենիայում իշխանական ուժերի անունից աշխատող զինված օտարերկրացիների ներկայությունը շատերին է անհանգստացրել: Ամերիկացու խոսքով՝ նրանց Քենիա ժամանումը համընկել է կոկաինի հսկայական քանակության տարանցման ժամանակահատվածի հետ։ «Ոմանք կարծում են, որ հենց այս արտասահմանցիներն են մեծ դեր խաղացել 2004թ.-ին Քենիա կոկաինի ներկրման մեջ, որը հետագայում հայտնաբերվել էր, իսկ այժմ նրանք վերադարձել են, որպեսզի վախեցնեն կառավարությանը ապօրինի գործողությունների մեջ մեղադրող նյութերի հրապարակման մտադրություններ ունեցող հակառակորդներին: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին եւ Արթուր Մարգարյանին մոտ 6 տարի առաջ մեղադրանքներ էին առաջադրվել Ռուանդայում հեղաշրջման կազմակերպման փորձի համար<․․․>»։
Նույն «եղբայրներին» ժամանակին անդրադարձել է նաև Ազատություն ռադիոկայանը:
«Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռեյլա Օդինգան հայազգի եղբայրներին մեղադրել է, թե նրանք որպես վարձկաններ օգտագործվել են Քենիայի իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար: Եղբայրները նաև պնդել են, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգականներից են: Իսկ Արթուր Սարգսյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի նախագահության թեկնածու է և ոսկու ու թանկարժեք քարերի բիզնեսով է զբաղվում Ասիայում և Աֆրիկայում: Գերմանական ԴՊԱ գործակալության վկայությամբ, Արթուր Սարգսյանը նաև պնդել է, թե ընդդիմության առաջնորդ Օդինգան իրենից պարտքով մեկուկես միլիոն դոլար է վերցրել, որպեսզի այդ փողով ընդդիմությունը կարողանա պառլամենտում անվստահություն հայտնել Քենիայի նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանը»:
Հայրենական մամուլի ուշադրության կենտրոնում «եղբայրները» կրկին հայտնվել են 2023թ. սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Մասնավորապես՝ 2023թ. սեպտեմբերի 13-ին irakanum.am-ը գրել է. «Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ հայտնի Արթուր եղբայրներից։ Պարզվում է նրանք Հայաստանում են ու կանգնած են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի՝ Ժողովրդավարական համախմբում կուսակցության կողքին։ Սա պարզ է դառնում լուսանկարներից, որտեղ Արթուր եղբայրները քարոզարշավի ժամանակ կանգնած մտերմիկ զրուցում են կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի հետ, ընդ որում ՝ առաջին անգամ չէ, որ նրանք ներկա են Ժողովրդավարական համախմբում կուսակցության քարոզարշավին։ Թե ովքեր են Արթուր եղբայրները՝ շատերը կհիշեն դեռ 2000-ականներից, երբ միջազգային մամուլը ողողված էր Քենիայում նրանց իրականացրած հեղաշրջման մասին լուրերով։ <․․․> Արթուր եղբայրները կանգնած եղել Քենիայում իրականացած քաղաքական անհնազանդությունների, հայտնի «Standard Group» տպարանի վրա իրականացված օպերացիայի հիմքում» <․․․>», – գրել է իշխանական պատգամավորը։
Հիշատակված Սուրեն Պետրոսյանը արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպչական կորիզից է՝ «սրբազան պայքարի» առաջնորդներից մեկը։
հարձակումներ, հեղաշրջումներ, ապօրինի փողեր
«Փաստերի ստուգման հարթակը» հիպերլինքավորել է պատգամավոր Ջուլհակյանի շարադրանքը։
Ըստ Nation Africa-ի, 2005-ին Արթուր եղբայրները Քենիա են ժամանել որպես ներդրողներ, արագորեն ձեռք են բերել քենիական անձնագրեր և աշխատանքի իրավունք։ Նրանք կարողացել են տեղավորվել ոստիկանական ուժերում և ունեցել հասանելիություն Նայրոբիի միջազգային օդանավակայանի VIP հատվածին։ Ըստ լրատվամիջոցի, եղբայրները Քենիայի կառավարության հովանավորության տակ են գործել, Նայրոբիի շքեղ թաղամասերից մեկում ունեցել են առանձնատուն:
Քենիայում 2006-ի մարտին նրանք աչքի են ընկնում Standard Group հրատարակչության վրա հարձակմամբ` փորձելով խոչընդոտել Likoni Road լրատվամիջոցի տպագրությանը, քանի որ այն պատրաստվում էր նյութ հրապարակել նախագահի կանանց մասին: Այրել են լրատվամիջոցի մի մեծ տպաքանակը և մնացել անպատիժ։ Reuters-ը գրում է, որ այդ գործողությունը խստորեն դատապարտել են աշխարհի շատ երկրներ։
2006 թվականի հունիսին Արթուր եղբայրներին Քենիայից արտաքսել են Դուբայ։ Պատճառների մասին պատմել է Wikileaks-ը․ Արթուր Սարգսյանը և Արթուր Մարգարյանը ունեցել են կեղծ փաստաթղթեր, ներկայացել են որպես Քենիայի ոստիկանության ղեկավարի տեղակալներ և հասանելիություն են ունեցել օդանավակայանի հատուկ օբյեկտներին, եղել են զինված։ Ավելի ուշ Քենիայի խորհրդարանի հատուկ նիստում Միգրացիայի նախարարը տեղեկացրել է, որ օդանավակայանի շենքից անհետացել է հատուկ համարներով երեք անձնագիր հատուկ համարներով, նշվել է, որ դրանք հափշտակվել են մաքրուհու միջոցով և հայտնաբերվել են Արթուր եղբայրների տանը՝ խուզարկության ժամանակ։
Nation Africa-ն 2007-ին գրել է՝ Քենիայի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ, գործարար Մերի Վանբուիի դուստրը՝ Վինֆրեդ Վանբուին, Easy FM ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, թե սիրահարված է Արթուր Մարգարյանին, և եթե նրան չարտաքսեին՝ իրենք կամուսնանային։
Ըստ նույն աղբյուրի, Վինֆրեդ Վանբուին ու Արթուր Մարգարյանը հանդիպել են 2005-ին՝ Դուբայում, կապվել ու սկսել զբաղվել բիզնեսով։ Տիկին Վանբուին, որն այն ժամանակ ԱԳՆ-ում պետական ծառայող էր, ներգրավված է եղել նաև օդանավակայանում տեղի ունեցած սկանդալին և կալանավորվել է կատարվածից հետո։ Ըստ Who owns Kenya-ի, պարզվել է, որ նա օգտագործել է իր ծառայողական դիրքը՝ պարտադրելով օդանավակայանի աշխատակիցներին ծառայություններ մատուցել Մարգարյանին և Սարգսյանին։
2010-ին Քենիայում մի խումբ պատգամավորների պահանջով հատուկ հետաքննություն է սկսվել։ «Զեկույցը ապացույցներ է ներկայացնում, որ երկու օտարերկրացիները եղել են խարդախներ ու թմրանյութերի ապօրինի վաճառքով են զբաղվել», – գրել է Nation Africa-ը։
2020-ին KTN news Kenya լրատվամիջոցը «Անձեռնմխելիները» վերնագրով հետաքննության մեջ հիմնավորել է Մարգարյանի և Սարգսյանի կապը երկրում ամենախոշոր՝ 1 տոննա կշռով թմրանյութի խմբաքանակի հայտնաբերման հետ։
Ավելի ուշ՝ արդեն 2010-ականներին, Քենիայից արտաքսված եղբայրները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվում Մալդիվներում ծավալած գործունեության առիթով։ 2012-ն նրանք այնտեղ Artur Brothers World Connections ընկերությունն են հիմնել՝ 80 տոկոս բաժնեմասով։ Մալդիվյան մամուլը նրանց նկատել է որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, իսկ երկրի ընդդիմության առաջնորդը, հաշվի առնելով քենիական նախադեպը, մտավախություն է հայտնել իր անվտանգության համար։
Հայաստանում եղբայրների ակտիվությունը տեսանելի է դարձել 2023-ի ավագանու ընտրություններից։