Կոնտեքստ
Ռե-Շկոլայի (ՃՇՀԱՀ-ի և Ecole de Chaillot-ի հետ համատեղ՝ 301 Հիմնադրամի աջակցությամբ) «Տաթևի վանքի հետ պատմականորեն կապված տարածքների և բնակավայրերի հետազոտություն» աշխատարանը՝ վանահամալիրը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգություն օբյեկտ առաջադրելու համար։ Մարտի 16 – ապրիլի 16։ Մեկ շաբաթ՝ աշխատանոցային հետազոտություններ, մեկ շաբաթ Սյունիքում, մեկ շաբաթ՝ չնորմավորված աշխատանք Ճարտարապետական համալսարանի տոթ կաբինետում։
Վերջին շրջանում ես հետաքրքրվում եմ ֆեմինիստական աշխարհագրությամբ և դիմադրությամբ ավտորիտար գլոբալ ուրբանիզմին, և երբ չատերից մեկում տեսնում եմ մասնակիցների հավելյալ հավաքագրման մասին Ռե-Շկոլայի հայտարարությունը՝ արդեն աշխատանոցային հետազոտությունների ավարտին, միանգամից միանում եմ։ Ինձ վերագրում են «Սիմվոլիկ արժեք» անվանումը կրող խմբին, իրար մեջ այն «Սոցիոլոգների խումբ» են կոչում։ Մտածում եմ, որ աշխատարանի ընթացքում կքննարկենք ինձ հուզող հարցերը, ես չգիտեմ՝ ինչ է ունիվերսալ արժեքը և արդյոք հնարավոր է մասնակցել դրա ձևավորմանը ազգային պետության պայմաններում։
Այս տեքստը մարդաբանական օրագրի պես մի բան է։ Ես այն վարել եմ Սյունիքում դաշտային աշխատանքների ընթացքում՝ մարտի 31 — ապրիլի 6։ Ենթադրվում էր, որ դրա բովանդակությունը ինչ-որ կերպ հաշվի կառնվի ընդհանուր հետազոտության արդյունքները ձևակերպելիս։ Ինքնագործունեության հնարավորություն գրեթե չկար, Ռե-Շկոլայի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել էր, որ աշխատարանի մասնակիցները չպետք է շփվել տեղացիների հետ։ Ես որոշել էի զբաղվել գոնե ներգրավված դիտարկմամբ, ավտո-էթնոգրաֆիայով, տեսողական վերլուծությամբ այն ամենի, ինչ հանդիպում էր մեր ճանապարհին, և աշխատանոցի մասնակիցների հետազոտական մեթոդների ուսումնասիրությամբ։ Սա էր պատճառը, որ հաճախ պոկվում էի «իմ խմբից» և միանում մյուսներին՝ հնարավորինս շատ բան տեսնելու, լսելու և կաթողիկոսի ու վարչակազմի ներկայացուցիչների հետ համաձայնեցված հարցազրույցներով չսահմանափակվելու համար։
Օրագրի առաջին մասը հրապարակվել է ապրիլի 30-ին (տե՛ս հայերեն թարգմանությունը և ռուսերեն բնագիրը)։
Մաս 2-րդ
Ապրիլի 1
Գնում ենք Գորիս՝ համայնքի կրոնական գործիչներից մեկի մոտ։ Աշխատասենյակում խնկի հոտ է գալիս, հատակին խալի է։ Սեղանի հետնամասում կաթողիկոսի դիմանկարն է, մուտքի մոտ սև հագուստներ են կախված։ Նա ասում է, որ մենք հրաշալի խումբ ենք՝ «մեծ աչքերով», և ապրիլի 7-ին ընդառաջ բոլորիս հուշանվերներ է տալիս՝ սրբապատկերներով և աղոթքներով բացիկներ։ Վերջում դիպչում է ամենքիս ճակատին և օրհնում մեր արշավը։
Նա ասում է, որ Տաթևի վանքը ռեստավրացնելու փորձ արդեն արվել է, բայց քանի որ «դա սովորական շենք չէ, այլ՝ Աստծո տաճար», կաթողիկոսը որոշել է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, որպեսզի նման սրբավայրում սխալներ չարվեն։ Գումարած՝ նրան խանգարում է մշնախը։ Բոլորը ծիծաղում են։ Որովհետև մշնախը բոլորին է խանգարում։ Նա ասում է, որ զբոսաշրջիկները մի տասը տարի առաջ են հայտնվել (հավանաբար՝ ճոպանուղուն զուգահեռ), առաջ միայն ուխտավորներն էին։ Պատերազմից հետո տուրիստները քչացել են, վախենում են գնալ Սյունիք։
Եկել ենք Շինուհայրի վարչական ղեկավարի մոտ։ Այստեղ են տեղափոխվել նաև Հին Շինուհայրի բնակիչները․ կիրճում դժվար էր ինժեներական հաղորդակցություններ անկացնել և հասարակական շենքեր կառուցել, ՀԷԿ-ի հիմնադրումից հետո ջուրը վերև են քաշել։ Մեզ համար սուրճ են բերում և Անահիտ կոնֆետներ։ Հյուրասիրությունը կազմակերպում է վարդագույն սվիտերով կինը։ Կաբինետում լիքը ծաղիկներ կան։
Համայնքում մոտ երկու հարյուր մարդ կա Ղարաբաղից։ Տուրիստական նախաձեռնություններ, ըստ գյուղապետի, չկան։ Հիմնական եկամուտը դոտացիաներն ու հարկերն են, կզարգանա զբոսաշրջությունը՝ կլինեն նոր ճանապարհներ։ Գյուղապետն ասում է՝ «ամենակարևորը մշակույթի պահպանությունն է, որ ոչ մեկ չասի, թե մենք եկվոր ենք այստեղ»։ Դուրս ենք գալիս։ Ամենուրեք ծաղիկներ են, որոշները փութաջանորեն ամրացված են պատին՝ սքոթչով։ Լուսանկարում եմ։
Վարդագույն սվիտերով կինը մոտենում է ինձ, կանչում է մյուս բույսերը նայելու։ Հետ եմ ընկնում խմբից, գնում եմ նրա հետևից։ Գալիս ենք ընդարձակ աշխատասենյակ՝ լիքը սեղաններ, աթոռներ, թղթեր, քսերոքսներ, սենյակային բույսեր։ Նա հատ-հատ ցույց է տալիս ծաղիկները։ Ծանոթանալ չենք հասցնում։ Ենթադրում եմ, որ գյուղապետարանում նա բարեհարմարության գծով հիմնական պատասխանատուն է։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կաներ այս կինը, ինչպե՞ս ամեն ինչ կդասավորեր, եթե հնարավորություն ունենար այս փոփոխություններին մասնակցելու։
Գյուղապետի տեղակալի սպիտակ Նիվայով հասնում ենք Տաթևի Մեծ Անապատ։ Հետդարձի ճանապարհն ավելի դժվար է լինելու․ գետը ծանծաղուտով անցնել չի ստացվում նույնքան ճարպկորեն, որքան մեքենայով։
Գործընկերներս միահամուռ կրկնում են՝ Տաթևի Անապատն, ի տարբերություն վանքի, «ձգում է» ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Բացականչություններն ու հիացմունքի խոսքերն այստեղ ավելի շատ են հնչում, քան վանքում՝ «մոգական է», «միստիկ»։ Մտածում եմ ավերակների գեղագիտության մասին։ Այն գրավում է։ Եվ կա որոշակի միտում՝ ինքդ քեզ վեր դասելու «մյուս» տուրիստներից, որոնք պատրաստ են հիանալ հանդիպած ամեն բանով։ Մեծ Անապատը համեմատաբար անհայտ է, զբոսաշրջիկներն այստեղ հիմնականում չեն հասնում։ Անապատում մի տղամարդ է ապրում, ում մասին ասում են՝ լքել է ընտանիքը։
Նույն օրը գործընկերներս ինձ ուղղում են՝ «Ղարաբաղ» ասել չի կարելի, ճիշտը «Արցախն» է։ Ես հոգնած եմ, պատասխանում եմ՝ հա, համ այդպես են ասում, համ այնպես, և մտածում եմ՝ շատ հաճախ «արժեք» է դառնում այն, ինչ «արժեք» են կոչում: Հատկապես երբ արժեքը «ազգային» է։
Ապրիլի 2
Հայաստանն Իրանին կապող մայրուղին երևում Տաթևի վանքից ։ Այս նոր ճանապարհը անկախ Հայաստանի խորհրդանիշն է։ Սովետական այն կիսալքված դիտարանը բեռնափոխադրումների նոր երթուղու մաս է դարձել։ Իմ գործընկեր Ն․-ն աշխատում է «Վանքեր և ճանապարհներ» երևակայական գրքի վրա, պատմում է, որ խորհրդային քարտեզագրքերում ճանապարհն ավարտվում էր Տաթևի մոտ և, քանի որ այն կարևոր մայրուղի էր համարվում՝ հարկավոր էր պատկերել հաստացված գծով։ Գործընկեր Ս․-ն նայում է Յանդեքսի քարտեզին․ հին ճանապարհը, որն անցնում էր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այնտեղ կարևոր չի համարվում։ Մտածում եմ՝ հետաքրքիր կլիներ խոսել Իրանից եկող բեռնատարների վարորդների հետ՝ որտեղ են նրանք կանգառներ անում, որտեղ են սնվում, խորհրդային դիտարանում կանգնո՞ւմ են, իջնո՞ւմ են ներքև՝ վանքը մոտիկից նայելու։
Եվս մեկ հայացք է ավելանում։ Պրակտիկ և տրանզիտային՝ մեծ հեռավորությունների վարորդների հայացքը (նյութական արտեֆակտները՝ բեռնատարների կանգառ, ցուցանակներ ֆարսիով)
Միանում եմ խմբին, որը ոտքով շրջում է տարածքում և հետազոտում կապերը վանքի հետ։ Բարձրավանից գնում ենք Հալիձոր։ Տաթևն ամեն տեղից է երևում, տեղանքում կարելի է կողմնորոշվել՝ վանքին նայելով։
Բարձր մոդեռնիզմը փոխառել է այս պրակտիկաները, բայց քաղաքային տարածության, ոչ թե լեռնային լանդշաֆտի համար։ Այս տրամաբանությամբ նշանակալից կառույցները սկսել են օգտագործել խորհրդանշական և գաղափարախոսական, ոչ թե գործնական իմաստով։ Օրինակ՝ Ստալինի վեհարձանը Երևանում կամ Սովետների պալատի նախագիծը Մոսկվայում, որոնք տեսանելի էին կամ տեսանելի կլինեին բոլոր կողմերից։
Հիմիկվա արահետները, հաճախ՝ տուրիստների համար բարեկարգված և ուրվագծված սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշակներով, եզակի հնարավորություններից են՝ նայել վանքին ներևից՝ մարդու, ոչ թե պետության աչքերով։
Ապրիլի 3
Սուրճ եմ խմում Հալիձորի հրապարակում գտնվող փոքր խանութում։ Գյուղի (որի միայն կենտրոնական շենքներն են վերանորոգված) վրայով թռչում է ճոպանուղու թափանցիկ խուցը։ Վաճառողուհին պատմում է, որ իրենք գժվում են «զիփլայնի» համար, որ դա իրենց սիրելի ժամանցի վայրն է, որը շատ կարևոր է նաև զբոսաշրջության տեսանկյունից։ Ասում է՝ Տաթև գնում ենք միայն մոմ վառելու։ Նա զարմացած է, որ ես չգիտեմ այդ մասին։ Հաճախորդներից մեկը Ֆեյսբուքով ցույց է տալիս՝ ինչ է զիփլայնը և որտեղ է այն գտնվում։
Խանութի դիմաց բեսեդկա կա, բայց ես այնտեղ չեմ գնում։ Դա տղամարդկանց տեղն է։ Կանանց տեղն այստեղ է՝ կրպակում։ Վաճառողուհու մոտ են գալիս ընկերուհիները, ցուցափեղկի թափանցիկ արկղերից նա կոնֆետներ է հանում, որ առաջարկի հյուրերին։ Վաճառողուհու թոռնիկն ամենաշատը մարմելադ է սիրում, ընկերուհիները՝ շոկոլադ։ Տղամարդիկ մտնում են սիգարետ առնելու։
Գործընկերներիս հանդիպում եմ Հալիձորի կենտրոնական մասում՝ գյուղապետարանի և դպրոցի մոտ։ Երիտասարդ տղամարդիկ մոտենում են մեքենայով, կանգնում են հրապարակում՝ սարերին նայելու։ Careless Whisper են միացնում։
Մեզ մի տղամարդ է մոտենում՝ սեփականատերը այն հյուրանոցի, որի տանիքին հեռախոսահամար կար գրված (հյուրանոցը երևում է, երբ գնում ես, այսինքն՝ ճախրում ես ճոպանուղով)։ Նա հրավիրում է մեզ սուրճ խմելու։ Մտածում ենք՝ կսպասենք գործընկերներին, որոնք գնացել են Հալիձորի գյուղապետի մոտ։ Սկզբից հրաժարվում ենք։ Ժամանակին նա ռազմագիտության դասատու է եղել, հիմա դպրոցի տնտեսվարն է։ Ճարպիկ մարդու տպավորություն է թողնում, չի թաքցնում իր կարողությունները, ճկույթին երկար եղունգ ունի, պատմում է, որ պատրաստ է իր սեփականությունը տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ի զորու է համոզել հարևաններին։ Քայլում ենք փողոցով։ Գործընկերներիցս մեկը ուզում է օգնել կնոջը տեղ հասցնել կարտոֆիլի պարկը , կինը մի քանի անգամ հրաժարվում է։
Հանդիպում ենք մի տղամարդու, կոլեգաներս պատմում են, թե ինչ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հարցնում են՝ ոնց եք վերաբերվում զբոսաշրջությանը։ Ասում է. «Ինչ, օտարերկրացին վատ է՞։ Թող գան, հաց ուտեն, զբոսնեն», հետո ավելացնում է, որ նման հարցերը պետք է բոլորով լուծել, ողջ համայնքով։ Խնդիրն այլ է՝ արդյոք բնակիչները պատրաստ են մասնավոր սեփականությանն առնչվող փոփոխություններին, արդյոք կհաշտվեն շինարարական տեխնոլոգիաներ և նյութեր օգտագործելու արգելքի հետ՝ նախապատվություն տալով «ավանդական արհեստներին», որոնք ավելի են սազում ժառանգությանը։ Բնակիչները ստիպված են լինելու ստանձնել պահպանության պարտավորությունները և հետևել դրանց։
Քանի որ կոլեգաներին հանդիպել չստացվեց, գնացինք հյուրանոցի սեփականատիրոջ մոտ՝ սուրճ խմելու։ Նա պատմում է, որ 1988 թվականին եկել է Բաքվից, կնոջը հանդիպել է երևանյան հանրահավաքներին, որոնք բնութագրում է որպես «Ղարաբաղը մե՜րն է, Ղարաբաղը մե՜րն է»։ Կինը գաթա է թխում՝ ամենահամով գաթան իմ փորձածներից։ Քննարկում ենք Եղվարդի բոթասները։ Թանկ են, բայց սաղ կյանք կհագնես՝ ասում է նա։
Մյուս խմբերից լսել եմ տնամերձ այգիներում սրբերի և այն մասին, թե ոնց են դրանք օգտագործվում։ Միանգամից մտածեցի, որ սա հետաքրքիր թեմա է՝ վերլուծելու տեղի բնակչության իրական հարաբերություններն արժեքների և ժառանգության հետ։
Ապրիլի 4
Նորից Շինուհայրի գյուղապետի մոտ ենք։ Միասին ուսումնասիրում ենք քարտեզը, արշավի ղեկավարը հետաքրքրվում է համայնքի սահմաններից, գյուղապետը պատասխանում է՝ «գնացինք»։ Ճամփա ենք ընկնում երկու սպիտակ Նիվաներով ու Ժիգուլիով։ Հասնում ենք գյուղի ծայրը, օգնականը գյուղապետին է մեկնում հեռադիտակը, նա ուշադիր նայում է, ուղղում է ձեռքը, ցույց է տալիս հեռուն ու ասում. «Սահմանն այստեղ է»։
Գործընկերներս հերթով նկարվում են սարերի ֆոնին։ Արշավի ղեկավարն ասում է, որ այնտեղ մի տեղ հյուրանոց է ուզվում, գյուղապետը պատասխանում է, որ խնդիրը միայն կանալիզացիան է։
Մեզ է միանում դպրոցի պատմության ուսուցչուհին։ Նրա ժիլետին Ղարաբաղի դրոշի տեսքով վրակարվածք է, ասում է, որ հավանել է նկարներս։ Այդ ընթացքում մտածում եմ՝ մանկական հայացքի պակաս կա։ Ի՞նչն է «արժեք» երեխաների համար։ Երնեկ մանկական նկարների ցուցահանդես անեինք (կարևորը՝ ոչ մրցույթ) մանկական արժեքների թեմայով (միայն թե մեծերը չխառնվեն)։ Երկու նկար՝ «իմ արժեքները» և «մշակութային արժեքները» թեմաներով։ Կստացվեր ոչ միայն հետաքրքիր համեմատություն, այլև հնարավորություն հետևելու, թե ինչպես են մեծերը՝ ի դեմս ուսուցիչների, իշխանությունների, ծնողների կամ պետության, միջամտում արժեքների մասին պատկերացումներին, ի վերջո հանրակրթությունը դաստիարակում է քաղաքացիներ, ապագա զինվորներ և ապագա զինվորների մայրեր։
Գնալուց ղեկավարին հարցնում եմ՝ ինչ է ծաղիկների տիրուհու անունը։ Այսօր մի անգամ էլ ենք հանդիպել, հետաքրքրվել ենք գործերից, բայց էլի չենք ներկայացել։ Միլվար։ Գյուղապետն ասում է, որ բացի նրանից ոչ ոք ծաղիկներին չի կպնում․ զարդարել է տարածքը, ինքնուրույն խնամում է։ Ասում է՝ նրա որդին էլ է Ռուսաստանում ապրում։ Ոնց որ թե Ռոստովում։ Կոլեգաներս օձերի դեմ պաճիճներ են հագնում, գյուղապետն ասում է՝ իրենք դրանցից չունեն։ Վաղը իմ գործընկեր Գ.-ն կասի, որ իրեն երկարաճիտ կոշիկներն էլ են հերիք, քանի որ երկու տարի ծառայել է Ղարաբաղում, որտեղ օձերն ամենուր էին։ Արդեն չի վախենում։
Իջնում ենք Հին Շինուհայր։ Ճանապարհին տեսնում եմ խորհրդային դիտարանի հետքերը՝ երկու ժանգոտած ցուցանակ (հետաքրքիր է՝ դրանցից որն էր ռուսերեն, որը՝ հայերեն, գուցե մի՞քս էր)։ Վերևից բացիկային տեսարան է, սարի վրա՝ կոմունիզմի մասին գրառում։
Վանքի տարածքում սովետի օրոք հիվանդանոց է եղել։ Միջնադարյան պատերին ներկի հետքեր են։ Ռեստավրացիայով զբաղվել է Մուրադ Հասրաթյանը։
Ապրիլի 5
Հանդիպում ենք Տաթևի վանքի քահանային։ Նրա համար ամենակարևորը վանքի վերականգնումն է, իսկ թե ով է դա անելու և ինչպես՝ կարևոր չէ։ Կարևոր են խցերը ուխտավորների համար (գյուղում այս նպատակով ինքնակազմակերպ ապաստան-տուն կա)։ «Վերականգնել, ոչ թե ավիրել», – ասում է նա և ցույց է տալիս վանքի թշվառ սենյակը։ Միանգամից մտածում եմ՝ ո՞նց, չէ որ օդային տրամվայում պնդում էին, որ փողերը գնում են Տաթևի վերականգնմանը։ Քահանան ասում է. «Սյունիքը միշտ էլ անկախ է եղել և փրկվել է Նժդեհի շնորհիվ»։
Տաթևի համայնքապետին հանդիպում ենք նույն տեղում, որտեղ նախորդ անգամ հավաքվել էին համայնքի ծխականները։ Արշավի ղեկավարն ասում է, որ տուրիստական կրպակների աղմուկ-աղաղակը շվարեցնող է, և դա հեչ լավ չէ, որովհետև կրպակները գտնվում են սրբազան վայրի ճանապարհին։
Շփվում եմ զբոսաշրջիկների հետ։ Ռյուկզակավոր ամուսիններ՝ արշավներ գնալը նրանց «ընտանեկան lifestyle»-ն է։ Հաճելի մարդիկ են, ցանկություն չի առաջանում գլխահան անել տարիքի և մասնագիտության մասին հարցերով։ Ում է պետք այդպիսի սոցիոլոգիան։
Նրանք համեմատում են Տաթևը ռուսական և վրացական վանքերի հետ։ Այստեղ առաջին անգամ են, Գորիսից եկել են տրանսկովկասյան արահետով։ Երեկ Տաթևի Անապատում են եղել։ Ասում են, որ Անապատն ավելի շատ են հավանել, երևի որովհետև մարդ չկար։ Աղջիկը պատմում է՝ հավատացյալ չէ, բայց այնտեղ «աղոթվածություն» է զգացել, որի մասին լսել է տատիկից, և երեկ վերջապես հասկացել է՝ ինչ նկատի ուներ։
Նրա զուգընկերն ասում է, որ կանխակալ վերաբերմունք ունի ռուսական եկեղեցու նկատմամբ՝ ոսկին չափից շատ է, տարածքը ծանրաբեռնված է։ Այստեղ՝ Հայաստանում, մինիմալիստական է, և ինքը կարողանում է զգալ «առանձնացումը հավերժի հետ», այստեղ եկեղեցիները կարծես իրականացնում են իրենց նախնական գործառույթը՝ «աստծո հետ հաղորդակցվելու տեղ»։ Ռուսական ուղղափառ եկեղեցու պաթոսը շեղում է։
***
Հասնում ենք Խոտ։ Տեսնում եմ Եվրամիության դրոշները ցուցանակների վրա և նոր ճանապարհները՝ մայթերով։ Աստիճաններով ու միջանցքով գնում ենք գյուղապետի աշխատասենյակ, շենքում ծաղիկներ չկան։ Հիշում եմ Միլվարին։ Սենյակում «ավելորդություն» չկա։ Նրա օգնականը երիտասարդ տղամարդ է։ Լիքը հրատապ գործեր ունեն։
Գյուղապետն այս սենյակում է արդեն 33 տարի՝ նույն պաշտոնին։ Պատմում է, որ գյուղում 20 մարդ կա Ղարաբաղից, ապրում են Խոտից արտագաղթած մարդկանց տներում, խնամում են և՛ տունը, և՛ այգին։ Տեղացիները հիմնականում աշխատում են ՋԷԿ-ում կամ շինարարություն են անում. Խոտից Որոտան տանող նոր ճանապարհն են կառուցում, աշխատում են կիրճում պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտների շինարարության վրա։ Ռազմաբազաներում շատ պայմանագրայիններ կան, նրանք կիրճում ապրում են Խոտից անկախ՝ օրինակ, գյուղը նրանց մթերքներ չի մատակարարում։
Կոլեգաներս հարց են տալիս՝ ինչու է Խոտի երիտասարդությունը մնում, երբ մյուս գյուղերի ջահելները արտագաղթում են։ Գյուղապետն անկեղծ պատասխանում է. «Որովհետև արտագաղթելու փող չունեն», և միանգամից ուղղվում է, որ ավելի ճիշտ կլիներ ասել. «Որովհետև սիրում են իրենց հայրենիքը»։
«Ոչ նյութական ժառանգության» մասին հարցին նա պատասխանում է, որ իրենց մոտ ամենալավ օղին է և ամենալավ թթվի բազուկը։ Անընդհատ մտածում եմ՝ ինչու ոչ ոք չի խոսում կարագի մասին։ Նախկինում երբևէ չեմ տեսել, որ կարագը սեղանին բառացիորեն նույն քանակով դրված լինի, ինչ հացը։ Ինձ համար դա դեռ շռայլություն է։
Գնում ենք գյուղապետի տուն։ Նա բրդուճ է սարքում՝ կաթնաշոռով և կարագով, տալիս է ինձ։ Տանը մեզ դիմավորում են նրա աղջիկը, կինը, թոռնուհին։ Կանանցից ոչ մեկը մեզ հետ սեղան չի նստում։ Մեկը մյուսի հետևից նրանք փոխում են ուտեստները, մեզ սուրճ են հյուրասիրում, հետո՝ կոմպոտ, գաթա, գինի, վերջում ճաշ են տալիս։ Ֆիքսում եմ վարդագույն սկուտեղը։ Այդ ընթացքում գյուղապետը զրուցում է մեզ հետ, ցույց է տալիս հին Խոտի նկարը։ Լուսանկարն արել է «Հարսնացուն հյուսիսից» սուպեր-սեքսիստական ֆիլմի օպերատորը։ Հիշեցի գյուղապետի աշխատասենյակը։ Փորձեցի ճշտել՝ արդյո՞ք ընդմիջման ժամերին նա ամեն օր տուն է գալիս։ Այդպես էլ կար։
Հին Խոտից մեզ ոլորաններով «բարձրացնում էին» նիվաները։ Վարորդներից մեկը կոլեգաներիս հետ կիսվում էր գյուղապետի մասին բամբասանքներով՝ իննսունականներին մութ գործեր է արել և այլն։ Ես չեմ լսում։ «Դուետ» սուրճ եմ խմում․ վարորդն է հյուրասիրել, որ սիրտս չխառնի։
Ապրիլի 6
Այսօր շաբաթ է։ Նախատեսված է էքսկուրսիա՝ Գորիսի գլխավոր ճարտարապետի հետ։ Նա մի ժամ ուշանում է։ Ձախ ձեռքի ճկույթին երկար եղունգ ունի։ Ցույց է տալիս ապագա տուրիստական փողոցները, որոնցում ռեստավրացիոն աշխատանքներ են ընթանում։ Հասնում ենք հին քաղաքի, քարանձավների ու գերեզմանների մոտ։
Արշավախումբը գնում է ռեստորան։ Ես ու կոլեգաս որոշում ենք զբոսնել քաղաքում։ Գորիսում շատ են դաշնակցական արծիվներն ու հուշատախտակները։ Ամպամած է։ Կենտրոնական հրապարակում Ղարաբաղի դրոշն է։ Տխուր է ու անհանգիստ։ Օրապարենս տալիս եմ անտուն կաղ շանը՝ նիհար է, խուսափում է մարդկանցից։ Բրդուճից, ամեն դեպքում, չի հրաժարվում։
Թվում է՝ ժառանգության պահպանությունը, որպես մարդկային աշխատանքի արդյունք, ինչ-որ նեոլիբերալ հնարք է՝ արժեքի ֆորմալ հաստատում։ Ո՞ւմ է պետք մարդու աշխատանքը և աշխատանքային պայմանները հիմա։
Գործընկերս խնդրում է գրել՝ ինչ մարտահրավերների է առերեսվելու տեղի բնակչությունը։ Նախագծի վերջնական պրեզենտացիայի մեջ դա, ամեն դեպքում, չի մտնում:
1. Գոյություն ունեցող տրանսպորտային և այլ քաղաքային ենթակառուցվածքների ձևափոխում՝ պայմանավորված նոր կարգավիճակով և զբոսաշրջիկների հոսքի աճով (օրինակ, կփոխվի մայրաքաղաքի հետ կապը)։
2. Տնտեսական գործոն. համայնքի բյուջեի աճ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման դեպքում, բնակչության զբաղվածության աճ՝ հօգուտ սպասարկման ոլորտի (որպես հետևանք՝ տնտեսական շերտավորում, ընտրության անհնարինություն/պարտադրանք՝ հյուրընկալության էթիկաներ, պրակտիկաներ և այլն)
3․ Էթիկական խնդիրներ՝ պայմանավորված արտաքին ռեպրեզենտացիայով և էկզոտիզացիայով (այսինքն՝ նաև ինքնառեպրեզենտացիայով և ինքնաէկզոտիզացիայով) որպես հետևանք տեղական ինքնության ձևավորման/փոփոխության/ամրապնդման/պահպանության և հավանաբար կոմերցիոնալիզացման։
4․ Փոփոխություններ շինարարության ոլորտում և շինանյութերի ընտրության հարցում, այդ թվում՝ մասնավոր տների, և համապատասխանեցում իրավաբանորեն սահմանված ավանդական արհեստների պրակտիկաներին։ Դիզայնի և շինանյութերի միատեսակությունը հարցականի տակ կդնի ստեղծարարության հնարավարությունները շինարարական ոլորտում։
Անաստասիա Կարկոցկայա
օրագրի առաջին մասը՝ Տաթևը գնահատելիս