Home / Եկեղեցի / Տաթևը գնահատելիս

Տաթևը գնահատելիս

Կոնտեքստ

Ռե-Շկոլայի (ՃՇՀԱՀ-ի և Ecole de Chaillot-ի հետ համատեղ՝ 301 Հիմնադրամի աջակցությամբ) «Տաթևի վանքի հետ պատմականորեն կապված տարածքների և բնակավայրերի հետազոտություն» աշխատարանը՝ վանահամալիրը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգություն օբյեկտ առաջադրելու համար։ Մարտի 16 – ապրիլի 16։ Մեկ շաբաթ՝ աշխատանոցային հետազոտություններ, մեկ շաբաթ Սյունիքում, մեկ շաբաթ՝ չնորմավորված աշխատանք Ճարտարապետական համալսարանի տոթ կաբինետում։

Վերջին շրջանում ես հետաքրքրվում եմ ֆեմինիստական աշխարհագրությամբ և դիմադրությամբ ավտորիտար գլոբալ ուրբանիզմին, և երբ չատերից մեկում տեսնում եմ մասնակիցների հավելյալ հավաքագրման մասին հայտարարությունը՝ արդեն աշխատանոցային հետազոտության ավարտին, միանգամից միանում եմ։ Ինձ վերագրում են «Սիմվոլիկ արժեք» անվանումը կրող խմբին, իրար մեջ այն «Սոցիոլոգների խումբ» են կոչում։ Մտածում եմ, որ աշխատարանի ընթացքում կքննարկենք ինձ հուզող հարցերը, ես չգիտեմ՝ ինչ է ունիվերսալ արժեքը և արդյոք հնարավոր է մասնակցել դրա ձևավորմանը ազգային պետության պայմաններում։

Այս տեքստը մարդաբանական օրագրի պես մի բան է։ Ես այն վարել եմ Սյունիքում դաշտային աշխատանքների ընթացքում։ Ենթադրվում էր, որ դրա բովանդակությունը ինչ-որ կերպ հաշվի կառնվի ընդհանուր հետազոտության արդյունքները ձևակերպելիս։ Ինքնագործունեության հնարավորություն գրեթե չկար, Ռե-Շկոլայի ղեկավարը մի քանի անգամ ասել էր, որ մենք չպետք է շփվենք տեղացիների հետ, և ես որոշել էի զբաղվել գոնե ներգրավված դիտարկմամբ, ավտո-էթնոգրաֆիայով, տեսողական վերլուծությամբ այն ամենի, ինչ հանդիպում էր մեր ճանապարհին, աշխատանոցի մասնակիցների հետազոտական մեթոդների ուսումնասիրությամբ։ Սա էր պատճառը, որ ես հաճախ պոկվում էի «իմ խմբից» և միանում մյուսներին՝ հնարավորինս շատ բան տեսնելու, լսելու և կաթողիկոսի ու վարչակազմի ներկայացուցիչների հետ համաձայնեցված հարցազրույցներով չսահմանափակվելու համար։

Մաս 1-ին

Մարտի 31

DSC00599

DSC00602

DSC00606

DSC00605

Մեր խումբը վանքին է հասնում «Տաթևերով», նույն ինքը՝ «աշխարհի ամենաերկար ճոպանուղի», նույն ինքը՝ «օդային տրամվայ»։ Տոմսի արժեքը՝ 9 հազար դրամ երկու ուղղության համար, տոմսերը ժամանակային սահմանափակում ունեն։ Չնայած հարակից գյուղերի բնակիչների համար առանձին սակագներ են գործում, այս ծառայությունը տեղացիների հագով չէ՝ սովորական փոխադրամիջոցի գործառույթ չունի, և ծառայում է որպես կարուսել՝ հնարավորություն նայել տեղանքին «թռչնաբարձունքից», ինչպես հարիր է բարձր մոդեռնիզմին։

Օդային տրամվայը տուրիստական զվարճանքի սիմվոլն է, թեև պատերազմից հետո դա էլ չի օգնում։ «Թռիչքն» ուղեկցվում է ձայնով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Այս ուղեկցությունը անվտանգություն զգացողություն է հաղորդում, ձայնը ուշադրություն է հրավիրում «նշանակալից» օբյեկտների վրա, որոնք հանդիպում են ճանապարհին։ Ֆունիկուլյորում մեր խումբն է և անգլախոս, իտալախոս, հայախոս զբոսաշրջիկներ։ Խցիկում տոթ է։ Տանիքներից մեկի վրա հյուրանոցի սեփականատերերը հեռախոսահամար են գրել։

DSC00620

DSC00624

DSC00617

Ժամանման վայրում ուղևորներին դիմավորում է Գարեգին Նժդեհի նկարը՝ «Իսկ դուք գիտեի՞ք»։ «Տաթևը առանձին պետության մայրաքաղաք է եղել», – գրված է ռուսալեզու պաստառին։ Ռուսաստանցուն այն անջատողականության կոչ է հիշեցնում (հա-հա)։ Իրականում՝ «գլոբալ տուրիզմի» սովորական ատրիբուտ՝ երկրում, որը անկախության պես մի բան է ստացել։ «Տաթևերը» կապված է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի հետ․ նախքան ձերբակալվելը նա կոչ էր անում Հայաստանի քաղաքացիներին կռվել Լեռնային Ղարաբաղի համար։

DSC00635

DSC00636

Պաստառները տեղադրված են պուրակում։ Պուրակը հիմնադրամի կողմից կառուցված ճոպանուղու ենթակառուցվածքի մաս է կազմում։ Սա «գլոբալ ուրբանիստիկան» է՝ տուրիստների համար ֆորմալ «կարևոր» բաներով, որոնցից ոչ ոք չի օգտվում։ Արհեստականորեն տնկված ծառերը և ճոպանուղու տեխնիկական դետալները փակում են եկեղեցու և սարերի տեսարանը։ Գլոբալ ուրբանիստիկան չի աշխատում լեռնային լանդշաֆտում, թեև Մոսկվայում էլ այն ծառայում է ավելի շուտ քաղաքական իրավիճակի հետ հաշտվելու նպատակին։

Հասարակական զուգարանը՝ մուտքի ավտոմատիզացված համակարգով, որը գործարկելու համար 200 դրամանոց կոպեկ է պետք (և չնայած սրան՝ դռան մոտ փոքրիկ աթոռ կա դրված՝ նախատեսված հաճախորդներին վերահսկող կնոջ համար) կառուցվել է, բայց դրանից ոչ ոք առանձնապես չի օգտվում։ Իրական զուգարանը Տաթևի վանքի ավիրված դպրոցի հետնամասում է․ մարդիկ այնտեղ են տանում և՛ երեխաներին, և՛ իրենք իրենց։ Այս մասին ինձ պատմել է մեր գործընկեր Մ․-ն, որը նկատել է «ինքնաբուխ հասարակական զուգարանը» վանքի ավերակների համարակալված բեկորներն ուսումնասիրելիս․ դրանք քայքայվում են արևի տակ։

IMG_4800

IMG_4822

DSC00639

Հատուկ կառուցված ավտոկայանատեղին դատարկ է, մեքենաները կանգնած են ճանապարհի երկայնքով։ Հուշանվերների տաղավարները մաքրամաքուր պուրակի մաս չեն կազմում՝ դրանք գտնվում են դեպի վանք տանող զառիվայրի մայթեզրերին։ Վաճառողները զրուցում են միմյանց և հյուրերի հետ, հրավիրում գաթա փորձելու։ Տարածքը լցված է վենակուլյար (ժողովրդական) ճարտարապետությամբ և ապրանքների քաոսով՝ խաղալիքներից մինչև լցնովի ալկոհոլ։

DSC00664

DSC00661

DSC00658

DSC00654

DSC00649

DSC00650

DSC00655

Վաճառողուհիները փորձում են գուշակել՝ ով որ երկրից է եկել, ապրանքներ են առաջարկում։ Հարցնում են՝ «բավա՞ր ես», պատասխանում եմ՝ «Ռուսաստան»։ Մոսկվացի կոլեգաները չորացրած խոտաբույսեր են առնում․ հետները կտանեն։ Չեմ հասկանում՝ ներքին տուրիստներն ինչ-որ բան առնում են, թե չէ։ Քանի դեռ «քաղաքակիրթ ուրբանիստիկան» այստեղ չի հասել, ինքնաէկզոտիզացման տպավորություն սա չի թողնում, ավելի շուտ հնարավորություն է կողքից մի քիչ փող աշխատելու։

DSC00647

Այսօր Զատիկ է։ Արշավի ղեկավարները ասում էին, որ ուխտավորների ամբոխ է լինելու։ Չեղավ։ Վանքի մոտ հավաքվել էին տեղացիները՝ տարբեր տարիքի մարդիկ։ Աուդիոգիդով զինված զբոսաշրջիկներ էլ կային։ Մուտքի մոտ ցուցանակ է՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Հետագայում ինկլյուզիան հարցականի տակ կհայտնվի․ որոշներին թույլատրված է կարմիր նիվան կայանել հենց վանքի պատերի տակ՝ ինչպես «Օրացույց» ֆիլմում։

Ներառականության հարցն այս իրավիճակում լուծվում է ինքնուրույն․ տարեց տղամարդու սայլակը եկեղեցու մոտ են բերում մեքենայով, մարդիկ ճամփա են տալիս, որ անցնի։ Պատարագից հետո նրան հետ կտանեն նույն ձևով։ Ծխականները հանդիպում են, շփվում են, ողջունում են միմյանց, մի մասը նստած է ծառը շրջանակող նստարանին։ Երեք զինվորականները երկար չեն մնում՝ մտան, դուրս եկան, հավանաբար մոմ վառեցին։

IMG_5955

DSC00702

DSC00709

Ճեպանկարում՝ մարդկանց բաշխվածությունը եկեղեցու մոտ 

IMG_7268 (1)
Սքրինշոթում՝ հետազոտող Ա․-ի տեղաշարժը եկեղեցու մոտ

DSC01153

Տեսարան կարմիր նիվայի մոտ։ Երիտասարդ կինը խնդրում է զուգընկերոջը մի երկու տեղ էլ նայել․ «Պետյա, աղաչում եմ, նենց ա էս կամարը դուրս գալիս, մի վայրկյան էլի, կարա՞մ մի հատ ստեղ սիրուն նստեմ»։ Նա տարբեր պոզաներ է ընդունում ավիրված պատի ֆոնին, տղամարդը լուսանկարում է։

DSC00736

Հայաստանում «հնության և արժեք ներկայացնող օբյեկտների» մոտ երբեմն հասարակական զուգարաններ չկան, բայց քանի դեռ չի եկել տուրիզմի համատարած ջենտրիֆիկացիան, նման տեղերում նաև զգացողություն չկա, որ նայում ես բացիկի, որի հետևում աղքատ մարդիկ են ապրում։ Բայց «պահպանությանը» կարծես թե միշտ հետևում է «բարեկարգումը»։ Չէի ուզի, որ արդեն կայացած ոլորտին այս միջամտությունը ամեն ինչ սրբի և վերացնի։ 

DSC00666

Տուրիզմը միշտ ներխուժում է ինչ-որ մեկի կյանք, տուրիստներ ներգրավելու աշխատանքին մասնակցելը քաղաքական հարց է։ Արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ի շնորհած կարգավիճակը ի վիճակի է պաշտպանել այս տարածքը ռազմական ագրեսիայից։ (Ուկրաինայի պարագայում դա էլ չօգնեց)։ Թե՞, հակառակը, այն ֆիքսում է «արժեքը» ազգային պետության և հարևանների համեմատ «հայկական մշակույթի» ունիկալության տրամաբանության շրջանակներում։ Արդյո՞ք օբյեկտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ առնելը դրականորեն կանդրադառնա տեղի բնակչության վրա։ Հնարավո՞ր է մշակութային ժառանգության հետ աշխատելիս՝ աշխատել նաև բնակչության հետ։

Եկեղեցու մոտ հավաքվում են տեղացիները, հանդիպում են միմյանց, շփվում են նստարաններին, զբոսաշրջիկներն այդքան էլ շատ չեն։ Արդյո՞ք նրանք կկարողանան նույնկերպ ժամանակ անցկացնել այստեղ տուրիստական ներխուժումից հետո։ Արդյոք «միջավայրի բարելավման» հայց կա՝ ուղղված նրանց, ովքեր ռեսուրսներ ունեն և օգնելու ցանկություն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում զբոսաշրջությունը հաճախ հիշատակվում է որպես վտանգ։ Օբյեկտի պահպանության տեսանկյունից դա տրամաբանական է  և հակասական միաժամանակ, որովհետև ժառանգության կարգավիճակը խթանում է զբոսաշրջիկների հոսքը։

Կարելի է «տրոպիկական տարածքները» փոխարինել «սարերով»՝ և ահա, մեր տեսածի պատկերազարդումը․

Ամայության, արմավենիների, սպիտակ ավազի և երկնագույն ջրի վիզուալ մարմնացումը զրկում է տեղանքներն ինքնօրինակությունից՝ վերածելով դրանք տրոպիկական դրախտի մասին «ևս մեկ» անուրջի։ Տրոպիկական տարածքների անդադար էրոտիզացումը ակնարկում է գաղութային նվաճումների, իսկ դրանց դատարկությունը՝ այն մասին, որ տարածքում ոչ ոք չկա, ով կարող է դիմադրել գաղութատերերին։ Երբ զբոսաշրջիկները լուսանկարներ են անում ինստագրամի համար՝ ցուցադրելով շրջակա բնապատկերի ամայությունը, նրանք հանդես են գալիս որպես յուրօրինակ գաղութատերեր, որպես տարածքը նվաճողներ՝ բոլորովին անտարբեր պատմական և սոցիալական կոնտեքստի նկատմամբ։ […] Այդ ֆանտազիաները, իրենց հերթին, բերում են տրոպիկական տարածքների իրական զավթման՝ հետագա կառուցապատման և տեղի բնակչության դուրսմղման նպատակով։

Կոլպինեց Կ․, Անուրջների բանաձևը․ Ինչպես են սոցցանցերը արտադրում մեր երազանքները — Մոսկվա, Ինդիվիդուում, 2022

Մեր կրթական ծրագրի շրջանակներում համարվում է, որ տուրիստների համար նախատեսված ցուցանակները «քաղաքակրթական աղմուկ» են, որ խանգարում է «տեսնել տեղանքն իր նախաստեղծ տեսքով»։ Մի՞թե այն նախաստեղծ չէ արդեն։ Ինչո՞ւ ցուցանակները չեն ընկալվում որպես մշակութային քաղաքականության ժառանգություն՝ արտեֆակտ, որն ավելի շատ բան կարող է պատմել երկրում իրական կյանքի մասին, քան տարածքի կոնսերվացումը՝ գեղագիտական նախապաշարմունքներից ելնելով որոշակի տպավորություններ ստանալու նպատակով։ Ինչո՞ւ ի սկզբանե չմոտենալ ժառանգությանն ու զբոսաշրջությանը քննադատաբար։ Մտածում եմ՝ արդյոք դա չէ իսկական ձևը՝ իմանալու, թե ինչն է տեղի համայնքի կողմից ընկալվում որպես արժեք, և տուրիստական արտեֆակտներում տեսնելու, թե ինչպես են քաղաքացիները պատկերացնում զբոսաշրջությունը, ինչպես են նրանք կառուցում և կառուցապատում արժեքի շուրջ ձևավորվող արդյունաբերությունը, ինչ են առաջարկում առնել և ինչ գնով։ Ես էլ եմ տուրիստ եղել, հիմա ակտիվորեն զբաղվում եմ նրանով, ինչն ընդունված է անվանել անարխո-մարդաբանություն, և զգացողությունը, որ ուզում ես ուրց առնել, որը հավաքել է տեղացի կանանցից մեկը, կամ սուրճ խմել նրա հետ, ինձ ծանոթ է։ Օրինակ՝ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ամեն ինչ հանգեցվել է էչպոչմակին (եռանկյունաձև կարկանդակ կարտոֆիլային կամ մսային միջուկով) և զտված Կրեմլին։ Գործում է հայտնաբերողի տրամաբանությունը՝ քեզնից առաջ այստեղ ոչինչ չի եղել, դու առաջինն ես, ով տեսնում է այս օբյեկտն իր նախաստեղծ տեսքով։ Ամբողջ ոլորտը հարմարեցվում է արտաքին տուրիստի հայացքին, կառուցվում նրան հասկանալի վիզուալ և մշակութային լեզվով։

DSC00563

Զբոսաշրջիկների համար նախատեսված ցուցանակները և տուրիստական «արդյունաբերության» արտեֆակտները կարող են ներառված լինել օբյեկտի արժեքի մեջ (որի շուրջ եղել է և կլինի այդ տուրիզմը) և, օրինակ, լինել էքսպոզիցիայի մաս, որովհետև դրանք իրոք արտահայտում են տարբեր մարդկանց և տարբեր պետությունների հայացքը ժառանգության կոնկրետ «օբյեկտին»։

Խորհրդային տարիներին տիրապետող էր պետության հայացքը (high modernism), հետո քաղաքական իրավիճակը փոխվեց՝ փոխելով նաև հայացքը արժեքներին և ժառանգությանը։ Հիմա, երբ մենք իջնում ենք ճոպանուղուց, առաջինը տեսնում են Նժդեհի պաստառը։ Ի՞նչ է այն մեզ ասում։ Ի՞նչ կասի 30 տարի հետո։

DSC00715

Վերևի լուսանկարում խորհրդային ժամանակների ավերակված ցուցանակներն են։ Ժամանակին այստեղ դիտարան էր՝ հնարավորություն նայել եկեղեցուն պետության աչքերով, թռչնի թռիչքի բարձրությունից, խորհրդային քաղաքացու դիրքից։ Հուշանվերների տաղավարներում բացիկներ, կեպկաներ և շապիկներ են վաճառվում՝ վանահամալիրում գտնվող եկեղեցին պատկերված է այս նույն դիտանկյունից։

IMG_4818

DSC00722

IMG_4821

Խորհրդային այս դիտարանը հիմա այլ նշանակություն ունի։ Մեքենայով այստեղ են գալիս ներքին տուրիստներն ու Իրանից ժամանած բեռնատարների վարորդները։ Կարելի է հանդիպել նաև հետիոտների, որոնք բարձրացել են եկեղեցուց ձգվող արահետով․ նրանք առանձնացել են համալիրի նոր ենթակառուցվածքներով շրջող տուրիստների ամբոխներից։ Հին դիտարանն արդեն այլընտրանքային հայացք է՝ ոչ պաշտոնական։

DSC00717

DSC00712

DSC00716

DSC00719

Տաթևը վերևից լուսանկարելու համար մարդիկ բարձրանում են նաև նոր եկեղեցի։ Օդանավի առաջին կայարանի մոտակայքում հեռադիտակ է տեղադրված։ Կայարանը սարի գագաթին է։

DSC00729

DSC00599

Լքված խորհրդային դիտարանը (որը, այնուամենայնիվ, որոշակի պահանջարկ է վայելում), ցանկությունը՝ լուսանկարել եկեղեցին ամբողջությամբ (այսինքն՝ վերևից), նոր ճանապարհից բացվող տեսարանը, ճոպանուղուց նայելու հնարավորությունը՝ սրանք բոլորը բարձր մոդեռնիզմի կամ դրա իբրև թե ավելի մարդկային կերպարի՝ գլոբալ ճարտարապետության հայացքն են։ Մոդեռնից առաջ հայացքը եկեղեցուն և մուտքը եկեղեցի բոլորովին այլ էին։

IMG_4839

Մարդը նայում էր վանքին ներքևից վերև կամ կողմնորոշվում էր հեռվից։ Արժեքն այլ էր՝ ոչ թե ռեպրեզենտատիվ, այլ ֆունկցիոնալ։ Վանքի պատերը այդ դիտանկյունից ընկալվում էին որպես պաշտպանություն, համալիրը չէր մերկանում՝ ինչպես հիմա, երբ հնարավորություն կա լինել «կրոնից վեր»։

Լավ, ինչո՞ւ է հայացքը եկեղեցուն կարևոր։ Այդ հայացքի ռեպրեզենտացման միջոցով մենք կարող ենք որոշակի գիտելիք ստանալ մարդկանց մասին, որոնք օգտվել են դրանից, որովհետև թե՛ ցուցանակները և թե՛ մյուս նյութական արտեֆակտները միջոց են՝ ներկայացնելու պատկերացումները քաղաքական, հասարակական և մշակութային կոնտեքստի մասին, հետևաբար՝ պատմության և ժառանգության մաս են ինքնին։

Համեմատության համար մի քանի նկար եմ դնում՝ Տաթևի վանքի պատկերները այլ պատմական ժամանակաշրջաններում․

1024px-Tatev_monastery_1881
Լուսանկարը՝ 1881 թվականի

3n47vrcnz4hz8etqhg
Լուսանկարը՝ ենթադրաբար 1931 թվականի (գրեթե նույնական մի լուսանկար էլ կա՝ մակագրված 1920-21 թվականներով, նկարահանման ստույգ տարեթիվը դեռևս չի հաջողվել պարզել), աղբյուրը՝ Հովհաննես Խալփախչյան, Հայաստանի ճարտարապետական անսամբլներ (Մոսկվա, Արվեստ, 1980)

n8ls4cudlrm83934fk
Լուսանկարը՝ 1972 թվականի

Կցում եմ նաև Վսեվոլոդ Տարասևիչի լուսանկարները՝ արված 1960-ական թվականներին: Նրա նկարներից միայն մեկն է արտացոլում «պետության հայացքը», մյուսները խիստ տարբերվում են դրանից և ուղղված են ավելի շուտ մարդուն՝ սովորական ձնհալային պատմություն, որը, այնուամենայնիվ, ուշագրավ է այս կոնտեքստում։

4ad02f0716bbd754_1024-2

8cbf980578c201ca_1024

0f710effe8c66a36_1024

0413983b6c195b3e_1024

Արշավի առաջին օրը ինձ հաջողվեց հայացքի մի քանի սուբյեկտներ հայտնաբերել․

Նախամոդեռն ժամանակների ծխականը (նյութական արտեֆակտը՝ հին մուտքը և դեպի վանք տանող ճանապարհը)
Խորհրդային բարձր մոդեռնիզմը (նյութական արտեֆակտը՝ հին ցուցանակներ, ժանգոտած տեղեկատվական տախտակներ, դիտարան, լուսանկարներ, որոնք օգտագործվում էին բացիկների համար)
Գլոբալիզմը «մարդկային դեմքով» (նյութական արտեֆակտները՝ այն ամենը, ինչ բարեկարգ տեսք ունի հիմա, այդ թվում նոր ճոպանուղին և այլն)
Ժամանակակից ծխականներն ու տեղի բնակչությունը (նյութական արտեֆակտները՝ ծառը շրջանակող նստարանը, որը գտնվում է եկեղեցու մուտքի մոտ և ծառայում է որպես հանդիպման վայր, հուշանվերների տաղավարները, զուգարանը վերահսկող կնոջ աթոռը և այլն)

Տաթևի վանահամալիրը դոմինանտա է, որը տարբեր արժեք ունի հայացքի տարբեր սուբյեկտների համար։ Այն, որպես օրինաչափություն, սիմվոլիկ մեծ ներուժ ունի։ Կարիք չկա այն կառուցելու զրոյից (գլոբալ ճարտարապետության սիմվոլիկ, այդ թվում՝ կրոնական կառույցների նմանությամբ)։ Տաթևի վանքը մարդկանց վրա տարակերպ ազդեցության և մարդկանց կողմից իմաստավորվելու և ներկայացվելու մեծ պատմություն ունի։ Ի՞նչ արժեքի մասին է խոսքը հիմա։ Ո՞ւմ հայացքով և ո՞ւմ դիրքից է  այն արժեք։ Կարևոր է, իհարկե, հասկանալ՝ ում հայացքն ու ում արժեքներն ենք մենք հիմա հաստատում որպես նշանակալից։

Ուրեմն՝ կարևոր է հետևել ինտերմշակութայնության տրամաբանությանը՝ օբյեկտը նկարագրելիս կամ անվանակարգում առաջադրելիս, և խուսափել, օրինակ, խորհրդային մշակութային քաղաքականության մուլտիկուլտուրալիզմից՝ ժառանգությանը նրա սպեցիֆիկ հայացքից և տարբեր «մշակույթների» առանձնահատկությունները ազգերի և սիմվոլիկ նշանակության օբյեկտների կոնսերվացման միջոցով տարանջատելու ցանկությունից, որ նպատակ ունի, նախևառաջ, ապահովել կենտրոնացումը։ Ինչո՞ւ չկենտրոնանալ ընդհանուր արժեքների վրա, որ կարող են կիսել բոլոր նրանք, ովքեր նայում են և ցանկություն ունեն նայելու։

Տուրիզմի քննադատորեն իմաստավորված պրակտիկան կարող է երկխոսության, ընդունման և համերաշխության խթան լինել տարբեր խմբերի մեջ։ Հատկապես եթե փորձել զբոսաշրջության նյութական արտեֆակտներին մոտենալ հարգանքով և դրանք պահպանելու պատրաստակամությամբ, քանի որ հենց դրանք են օբյեկտին ուղղված հայացքի (մարզի, երկրի և աշխարհի քաղաքական, սոցիալական, մշակութային կոնտեքստի) և արժեքի մասին տարբեր խմբերի պատկերացման (ինչպես նրանց, ովքեր հնարավորություն ունեն ցուցանակներ տեղադրելու, այնպես էլ նրանց, ովքեր պաշտոնական դիսկուրս չեն արտադրում, բայց ներդրում ունեն ինդուստրիայի մեջ՝ առևտրի կամ հյուրասիրության միջոցով) հետադարձ ռեպրեզենտացիան:

Տուրիզմի ենթակառուցվածքներն ու նյութական արտեֆակտները՝ նստարաններ, ցուցանակներ, ուղեցույցներ, տեքստային նկարագրություններ և այլն, ոչ միայն արտահայտում են անցյալի պատկերացումները, այլև նպաստում են օբյեկտի որոշակի կերպարի ձևավորմանը՝ կախված տարածաշրջանի քաղաքական կոնտեքստից և բարեկարգման հեղինակների նպատակներից։ Որպես կանոն՝ «ի շահ բարօրության» գործողները միաժամանակ նաև գաղափարախոսություն են հեռարձակում՝ հայացքն ուղղորդելով (վերահսկելով) և «կարևորի» վրա ուշադրություն հրավիրելով։ Մեծ համայնքների (օրինակ, երկրի քաղաքացիների) համար սիմվոլիկը ձևակերպելու այս գործառույթը հասանելի չէ բոլորին, ուստի հատուկ ուշադրության է արժանի․ ի՞նչ են մեզ ուզում ասել և ի՞նչ նպատակով, ո՞ւր են ուղղում մեր հայացքը։

Անաստասիա Կարկոցկայա

օրագրի երկրորդ մասը՝ Տաթև․ բովանդակությամբ՝ ազգային, ձևով՝ գլոբալ