Home / Կրթություն / Գողականներից դրուժիննիկներ. հայկական Watchbird-ը

Գողականներից դրուժիննիկներ. հայկական Watchbird-ը

Մշակութային մարդաբան Լևոն Աբրահամյանի այս զեկույցը ընթերցվել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցող 5-օրյա միջազգային մարդաբանական գիտաժողովի* առաջին օրը՝ մայիսի 3-ին։ Զեկույցի կրճատ սղագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Գվարդիաներից» մինչև թաղային հեղինակություններ. Երևանի սոցիալական տարածքի կազմակերպումը (1950-ականների վերջերից մինչև մեր օրերը)

Իմ զեկուցման համար էպիգրաֆ կընտրեի Ռոբերտ Շեքլիի մի պատմվածքը, որը կոչվում է Watchbird՝ Պահապան թռչունը։ Պատմում է, որ հանցագործությունները մի քաղաքում շատացել են, և որոշում են պայքարել դրա դեմ։ Գիտնականները կարողանում են ստեղծել մետաղից մի թռչուն, որը չգիտես ինչ ձևով կարողանում է իմանալ՝ երբ պետք է տեղի ունենա հանցագործությունը, և գալիս կանխում է։ Փայլուն արդյունքներ է տալիս, հանցագործությունները կտրուկ քչանում են։ Բայց այդ թռչուններն ինքնուսման ենթակա են, նրանք լայնացնում են հանցագործության կաղապարը, սահմանումը, և կյանքը կանգնում է․․․ Ի՞նչ անեն։ Որոշում են մի նոր watchbird ստեղծել, որն արդեն դրանց դեմ կպայքարի։ Ստեղծում են, փայլուն պայքարում է, իսկ հետո հասկանում է, որ կարելի է ոչ միայն թռչուններին սպանել․․․ 

Վախենալի պատմվածք է։ Մեր սյուժեն նման է այս պատմվածքին։

Որպես նախաբան՝ մեր այն մասնակիցների համար, ովքեր նախկին Սովետական Միությունում չեն ծնվել, պետք է անդրադառնամ օրենքով գողեր հասկացությանը, որը զուտ սովետական երևույթ է։ Տարբեր կարծիքներ կան։ Արդեն վաղ 30-ականներից Սովետական Միությունում բավականին աճում են հանցագործությունները։ Տարբեր կարծիքներ կան, թե ինչու։ Նկարագրվում է, որ բանտերում անօրինությունը շատանում է, ընդ որում՝ լուրջ ձևով․ այդ բառը մենք հայերենում չունենք՝ беспредел, այսինքն՝ ծայրահեղ անօրինություն, որի դեմ պայքարելու համար կարծիք կա, որ ստեղծվեց այդ ինստիտուտը՝ օրենքով գողեր։ 

Այն իր տարբեր մեկնություններն ունի, բայց այդ ինստիտուտը, որը կարգավորում է կրիմինալ աշխարհը, ստեղծվեց հենց այդ ժամանակներին։

Օրինակ՝ Վարլամ Շալամովը նկարագրում է, որ մեծ խնդիրներ եղան այնտեղ, որտեղ ինքը նստած էր՝ Ուրալի հյուսիսում։ Իջեցված հոմոսեքսուալների հետ արդեն շփվել չէր կարելի, և եթե նրանք քնել են մի մահճակալի վրա, հետո այդ մահճակալից ոչ ոք չի կարող օգտվել։ Այդ ժամանակ օրենքով գողերը որոշում հանեցին, որ վարակը չի անցնում իրանց միջոցով (железо не контачит), և դրանով հարցը լուծվեց։ Բայց սա նշանակում էր, որ իրենք գործ ունեն նաև վարչակազմի հետ՝ չնայած դա գլխավոր օրենքն էր, որ օրենքով գողերը պետք է ոչ մի կերպ չհամագործակցեն վարչակազմի և ընդհանրապես պետության հետ։

Չենք իմանում․ վարկած կա, որ սա հենց պետությունն է ստեղծում։ Կա նաև վարկած, որ սա ինքնակազմակերպվում է և օգտագործվում վարչակազմի կողմից։ Ինչևէ։ 

Օրենքով գողերը մեծ հեղինակություն ունեին, և երբ 1953 թվականին՝ Ստալինի մահվանից հետո, մեծ ամնիստիա հայտարարվեց, իրենք հայտնվեցին ազատության մեջ։ Երկրում, այդ թվում նաև Հայաստանում, կրիմինոգեն սիտուացիան լրջացավ։

Դա ամբողջ Սովետական Միությանն է վերաբերում։ Հայաստանում այդ թվերին՝ 50-ականների վերջերն է գալիս, օրենքով գողերը շատ մեծ հեղինակություն ունեին, և դրա դեմ ինչ-որ մի բան պետք է արվեր։

Հայտնվում է պատերազմ անցած մի զինվորական՝ Հմայակ Ավետիկով, ով այդ ժամանակ բավականին լուրջ պաշտոն է զբաղեցնում՝ քաղաքային միլիցիայի վարչության պետ։ Շատ դժվար էր այդ ժամանակ պայքարել օրենքով գողերի դեմ։ Նա որոշում է իրենց «իջեցնել»՝ հեղինակությունից զրկել։ Ո՞նց։ Այստեղ մի գաղափար է ծնվում իր մոտ՝ հենվել փողոցի խուլիգանների վրա, այն տղաների, որոնք ունեն այդ ունակությունը և կարող են իրենց հետ պայքարել։ Այդպիսի, թվում է թե դժվար, որոշում է ընդունվում։ 

Այստեղ էլ մի քանի տարբերակ կա։ Բայց, ամեն դեպքում, Ավետիկովը համարվում է այդ մի նոր համակարգի, նոր թռչունի՝ մեր watchbird-ի հեղինակը։

․․․ Նրանք հաղթում են՝ ծեծում են օրենքով գողերին։ Մեկի անունը Ճոռո էր, մյուսինը՝ Ֆանֆան։ Այդ ժամանակ «Фанфан тюльпан» կինոն պոպուլյար էր, և օրենքով գողը նաև այդ անունը ուներ։

Սա նրան տալիս է այն գաղափարը, որ սրանք, այո, կարող են մի բան անել։ Կար գլխավոր խուլիգանը, որի անունն էր Ժոժո, բայց պետք է չխառնել այդ ժամանակների օրենքով գող Ժոժոյի հետ, սա խուլիգան Ժոժոն էր՝ ուրիշ Ժոժո։ Որոշվում է, որ պետք է թաղերով գնալ, հավաքել այդ տղաներին, սովորեցնել նրանց և իր [Ավետիկովի] հովանավորության տակ վերցնել։

Կա նաև ուրիշ տարբերակ, որտեղ Ավետիկովի դերն այդքան չի բարձրացվում։

Այդ խմբավորումները մի հետաքրքիր անուն են ստանում՝ գվարդիա։ Ինչո՞ւ գվարդիա։ Այդ անվանումը տալիս է կոնկրետ մի մարդ՝ Գեորգի Կարապետյանը։ Նա դոցենտ էր Պոլիտեխնիկ ինստիտուտում, բայց սիրում էր նման տղաներին, ընկերություն էր իրենց հետ անում։ Մի անգամ տեսավ, թե ինչպես են իրենք կռվում, և ասաց՝ դուք ոնց որ Երիտասարդ գվարդիան լինեք։ Դա Ֆադեևի հետպատերազմական ժամանակների պոպուլյար գրքից էր, նաև ֆիլմ կար․․․ Մի խոսքով՝ այդ խմբավորումների անունը տենց գվարդիա էլ մնաց։

Ինչպե՞ս են դրանք կազմակերպվում։ Առաջինը դա կինո «Մոսկվան» է՝ Երևանի կենտրոնը, կինո «Մոսկվայի» շուրջ երկու փողոցները։ Կան տարբեր պատկերացումներ։ Մի հին գվարդիական ինձ պատմեց, թե այդ բոլորը սուտ է, «կար Ժոժո, կար կինո Մոսկվա»: Դա նույնն էր, ինչ որ «ասում ենք Լենին՝ հասկանում ենք պարտիա, ասում ենք պարտիա՝ հասկանում ենք Լենին»․ այ այդպես ասում էին Ժոժո՝ հասկանում էին կինո Մոսկվա։ Եվ որ ամբողջ քաղաքն այդ համակարգի մեջ էր մտնում, և որ դա մի տենց ենթաքաղաքային համակարգ էր, և որ «ոչ մի Ավետիկով-բան բան չեն արել»։

Բայց ուրիշ տեսակետներ էլ կան, ըստ որոնց՝ հենց այդ նույն ձևով սկսում են կազմակերպվել գվարդիաներ տարբեր կվարտալներում։ Ընդ որում՝ այստեղ այդքան էլ պարզ չէ՝ կվարտալը հենց կվարտա՞լ է, թե՞ մի ուրիշ բաժանում։ Ամեն դեպքում՝ ավելի մոտ էր կվարտալի․․․

Ինչո՞ւմն էր գվարդիաների ֆունկցիան՝ բացի նրանից, որ պետք է գողերի հետ կռվեին կամ իջեցնեին նրանց հեղինակությունը։ Իրենք ստանում են կոնկրետ այդ թաղի պահապանների՝ այ հենց watchbird-ի ֆունկցիան, «պահապան» են կանգնում և «պատիվն են պահում» այն թաղամասի, որտեղ իրենք ապրում են։ Դրանով տարբերվում է, ի միջի այլոց, գվարդիան այն կազանյան ֆենոմենից, որը հիմա շատ պոպուլյար է դարձել, առանձնապես երկու տարի առաջ հրատարակված Գարաևի «Слово пацана» գրքից հետո։ Կազանի այդ խմբավորումները ինչ-որ ձևով նման են, բայց և խիստ տարբերվում են «գվարդիաներից»։ Օրինակ՝ իրենց թաղի աղջիկներին սրանք չեն կպչում, թույլ չեն տալիս, որ նրանց նեղացնեն և այլն․․․ Եվ իհարկե՝ պայքարում են մյուս թաղամասերի, մյուս գվարդիաների հետ, ընդ որում այդ պայքարը հասնում է մեծ մասշտաբների։ Կամաց-կամաց նրանք ուժ են առնում, նկարագրվածք կա՝ հրազենով, ինքնաշեն հրազենով կռիվներ և այլն։ 

Միշտ չէ, որ նրանք կարողանում են օրենքով գողերին հաղթահարել։ Մի դեպք ունեմ գրանցած․ մի հայտնի գող կար կամ ավելի շուտ հեղինակություն, անունը՝ Սպարտակ Բզնունի։ Հիմա ինքը չկա։ Ինքը օրենքով գող չէր, բայց իրեն չկարողացան ոչ մի ձևով իջեցնել, նսեմացնել։ Նկարագրված է՝ Աբովյան փողոցով մի տասը մետր իրենից հեռավորության վրա գալիս է հայտնի Ժոժոյի գվարդիան, իսկ ինքը՝ թեևի տակ թերթի մեջ փաթաթած մի սրած կացին, անցնում է, և ոչ ոք չի կարողանում իրեն մոտենալ․․․

Իմ ինֆորմանտները, այնուամենայնիվ, ասում են – և արխիվներից էլ է երևում – որ 60-ականների սկզբին, մոտ 62-63-ին՝ դժվար է ասել, գվարդիաներն են լուծում, թե ինքն իրենով է լուծվում այդ հարցը, բայց գողերի հեղինակությունը խիստ պակասում է։ Դե՝ միլիցիան էլ է այդտեղ դեր խաղում կամ իրենք են իրար սպանում, կամ շարունակում են իրենց ավելի անտեսանելի հեղինակությունը վայելել քաղաքում․․․

Եվ այստեղ արդեն գվարդիան է դառնում հիմնական խնդիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև արդեն իրե՛նք են կռիվներ անում, հեղինակություն վայելում և այլն։ 

Եվ նրանց դեմ ստեղծվում է մեկ ուրիշ չակերտներով Թռչուն՝ դրուժինաները։ Դրուժինաներ ստեղծվել են նաև 50-ականների վերջին՝ հենց այդ ամնիստիայից հետո, երբ որ ամբողջ Սովետական Միությունում հատուկ որոշում կար Գերագույն Խորհրդի։ Բայց սրանք այդ դրուժինաները չէին, սրանք 60-ականների սկզբին են ստեղծվել և ավելի նման էին Սպեցնազի՝ հատուկ ուժեր էին, հատուկ գվարդիաների դեմ պայքարելու համար էին։

Գվարդիականներն ատում էին դրուժիննիկներին, իրենց նկարագրություններով՝ նրանք վախկոտ են, չեն կարող մենակ կռվել, խմբով են և այլն․ նույն նկարագրությունը, ինչ իմ ինֆորմանտ հեղինակություններն ավելի վաղ տալիս էին գվարդիաներին։

Դրուժինաները լուծում են հարցը՝ գվարդիաները վերանում են։ Բայց դրուժինաների հետ էլ պետք էր մի բան անել, որովհետև նրանք էլ էին դառնում մի նոր Պահապան թռչուն։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք իրե՛նց խնդիրներն էին սկսում լուծել՝ այս անգամ արդեն լինելով ինստիտուցիայի մեջ, միլիցիան իրենց հովանավորում էր, իրենց շտաբները դառնում էին արդեն հատուկ տեղ, որտեղ կարող էին նույնիսկ իրենց թշնամիներին կանչել։ Բացի դրանից՝ միլիցիայից նրանք խլում էին ինչ-որ ֆունկցիաներ և այլն։ Դժգոհություններ կային։

Բայց նրանց հետ պայքարելը շատ հեշտ էր․ իրենք ստեղծվել էին հենց կոմերիտական միլիցիայի համակարգում, մնում էր միայն վերացնել։ Այդպես էլ արվում է։

Ի՞նչն է այստեղ հետաքրքիր։ Գվարդիաները չնայած չկային, բայց նրանց համակարգը քաղաքի կառուցվածքում երևում է՝ ուղղակի արդեն ավելի անմեղ ձևով։ Ուգլավիկ տերմին կա՝ ռուսերեն угол բառից։ Սա արդեն լրիվ կվարտալային բաժանում չէ, այլ ավելի շատ շենքերի կամ անկյուն ունեցող տեղերի։ Այն ժամանակների գվարդիաների երկրորդական դեմքերը կանգնում էին․ անցնողին կարող էին ինչ-որ բան ասել, անպայման ինչ-որ բան էին ասում առանձնապես աղջիկներին։ Հաճախ սրամիտ բաներ էին ասում, բայց իհարկե վիրավորական բաներ էլ էին ասում։ Դա տարածված երևույթ է․․․ 

Ի՞նչն է հետաքրքիր։ Գալիս է մի պահ՝ ցուրտ և մութ տարիները, 90-ականները անկախությունից հետո․ Հայաստանում ավելի բարդ է ընթանում այդ կրիզիսային վիճակը։ Առաջին ղարաբաղյան պատերազմն էր 88 թվի երկրաշարժից հետո, և կրիզիսային իրավիճակն ավելի սուր էր։ Եվ այստեղ հայտնվում են դեռահասները։ Սա արդեն մի քիչ նման է Կազանի ֆենոմենին։ 

Քաղաքը դառնում է, այսինքն՝ տենդենց կար, որ կարող է դառնալ անթափանցելի․ դու չէիր կարող ուրիշ կվարտալով ուղղակի անցնել։ Դեպք ունեմ գրանցած, երբ դեռահասները ծանոթիս թույլ չեն տալիս անցնել ինչ-որ փողոցով, ծանոթս իր տղային է դիմում, որը համապատասխան մեկ ուրիշ դեռահասների խմբի անդամ էր, որը գնում է, այնտեղ բանակցություններ է անում և իրեն թույլ են տալիս անցնել։ 

Սա շատ կարճ է տևում։ Որովհետև սկսվում է սեղանիկների շրջանը։ Դա առևտուրն էր՝ առաջին ազատ առևտուրը անկախության պայմաններում։ Ովքե՞ր են հայտնվում այդ սեղանիկներին։ Հենց այդ դեռահաս տղաները։ Առաջ չէին թողնի անցնել փողոցով, հիմա ուրախ են, որ անցնում են, որովհետև առևտուր են անում։ Առևտուրը բացեց քաղաքը։ Իհարկե, իրենց հետևում արդեն ավելի մեծ հեղինակություններ էին կանգնած, բայց քաղաքը բացվեց։ 

Մի նոր թռչուն մինչև այսօր ոնց որ թե չի հայտնվում։ Եվ նոր գվարդիաներ չեն հայտնվում։ Կան, իհարկե, մեզ համար անտեսանելի ուժեր։ Նրանց մենք տեսնում ենք, օրինակ, ընտրությունների ժամանակ՝ հենց այդ տղաները, որ առաջ առևտուր էին անում ու կռիվներ․․․

Հիմա քաղաքը շարքային հետիոտների համար ոնց որ թե արդեն անցողիկ է։ Բայց այդ առևտրականները կան, արդեն իրենց խնդիրները ունեն, իրե՛նք են դեռ թողնում մեկին կամ մյուսին լինել իրենց թաղամասում կամ չլինել, բայց մենք սա, փաստորեն, չենք տեսնում և սա արդեն լրիվ ուրիշ խնդիր է։

____

* ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 3-7-ը տեղի է ունենում «Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովը: Ծրագիրը կարելի է կարդալ այստեղ, բանախոսների ակադեմիական կենսագրություններն ու թեմաների ամփոփագրերը հասանելի են այստեղ, գիտաժողովին կարելի է միանալ հետևյալ ZOOM հղումով։