Home / Բանակ / Սովը Սուդանում չի խանգարում գեներալների բիզնեսին

Սովը Սուդանում չի խանգարում գեներալների բիզնեսին

Հոկտեմբերին Սուդանի արևմտյան Դարֆուր շրջանի կենտրոնական Էլ Ֆաշիրը 18 ամիս տևած պաշարումից հետո անցել է Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) վերահսկողության տակ։ Տևական շրջափակման տակ գտնվող բնակավայրում իրավիճակն արդեն անտանելի էր. ԱԱՈՒ-ն փակել էր հումանիտար բեռների մուտքը, քաղաքում սով էր, մարդիկ լավագույն դեպքում ստիպված էին անասնակեր ուտել։

2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ քաղաքացիական պատերազմ է։ Ավելի քան 2.5 տարի միմյանց դեմ են կռվում երկրի ռազմական կառավարմանը հավակնող երկու թևերը՝ Սուդանի զինված ուժերը (ՍԶՈՒ) և Արագ արձագանքման ուժերը։ Միլիոնավոր մարդիկ բռնի տեղահանվել են երկրի ներսում կամ գաղթել դեպի հարևան երկրներ։ Կան հազարավոր զոհեր։ Որոշ շրջաններում իսկական սով է։ Հաղորդակցման համակարգերն արգելափակված են, հստակ տեղեկություններ չկան, ստացվող տեսանյութերը սարսափելի են։

Երկու գեներալների պատերազմ

Սուդանում տարբեր տեսակի ռազմականացված ուժային կառույցների միջև հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի. անվերջ զինված հեղաշրջումներ, նոր խմբավորումներ, հումանիտար ճգնաժամ խաղաղ բնակիչների համար։

1989 թվականին զինված հեղաշրջման արդյունքում իշխանության էր եկել Օմար ալ Բաշիրը, որը երկիրը ղեկավարել է 30 տարի։ Նրա օրոք Սուդանը փաստացի բաժանվել է հակամարտող զինված խմբավորումների միջև, որոնցից յուրաքանչյուրն իր կոնկրետ տնտեսական շահերն ու միջազգային կապերն ունի։ Արագ արձագանքման ուժերը գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի (հայտնի է նաև որպես Համիդթի) ղեկավարությամբ վերահսկում են Դարֆուր շրջանի ոսկու հանքերը, վայելում են Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությունը և նրանց ֆինասնավորմամբ վարձկաններ է ուղարկում Եմեն։ Սուդանի զինված ուժերն (ՍԶՈՒ) իսկզբանե երկրի պետական զինված ուժերն էին, ենթարկվում էին Օմար ալ Բաշիրին։ Նրա օրոք ՍԶՈՒ-ին են կցվել նաև այլ ռազմական կառույցներ։ 

Բաշիրը պաշտոնանկ է արվել 2019 թվականին՝ համազգային բողոքի ցույցերի արդյունքում։ Սուդանում ձևավորվել է ժամանակավոր քաղաքացիական կառավարություն, որն ամեն գնով փորձում էր երկրի ղեկից հեռու պահել միլիտանտ ուժերին, այդ թվում՝ ՍԶՈՒ առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանիին և ԱԱՈՒ առաջնորդ Համիդթիին։ 2021 թվականին, սակայն, նոր ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության են եկել զինված խմբավորումները։

Սուդանում փաստացի իշխանություն հաստատելուց հետո ԱԱՈՒ-ի և ՍԶՈՒ-ի միջև հարաբերությունները գնալով ավելի մրցակցային են դարձել։ 2023 թվականին անվտանգային բարեփոխումների մասին քննարկման ժամանակ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանին հայտարարել է, որ ԱԱՈՒ-ն պետք է դառնա երկրի պաշտոնական զինված ուժերի մաս։ Համիդթին չի համաձայնել, քաղաքացիական պատերազմ է սկսվել։

2023 թվականից սկսած զինված բախումների առաջին մեկ տարում ԱԱՈՒ-ն մեծ հաջողություններ էր գրանցում։ Մայրաքաղաք Խարթումը գրավելուց հետո Համիդթիի ուժերը վերահսկողություն էին սահմանել ողջ Դարֆուր շրջանի նկատմամբ՝ բացի շրջկենտրոն Էլ Ֆաշիրից, որը հաջողվել է վերցնել միայն այս տարվա հոկտեմբերին։ ԱԱՈՒ-ն հասել էր մինչև Սուդանի կենտրոնական հատվածներ՝ ավիրելով պետական հիմնարկություններն ու բժշկական հաստատությունները, թալանելով հնարավոր ամեն ինչ։

2024-ից Սուդանի զինված ուժերը վերակազմակերպվել և հակառակորդին դուրս էին մղել երկրի կենտրոնական շրջաններից։ 2025-ի ապրիլին վերադարձրել են երկրի մայրաքաղաքը։ Սա հաջողվել է անել միջազգային գործընկերների՝ Քաթարի, Եգիպտոսի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ, որոնք անհանգստացած են տարածաշրջանում Միացյալ Արաբական Էմիրությունների առաջխաղացմամբ։ 2024-ի վերջերից ԱԱՈԻ-ն վերականգնել է իր դիրքերն ու Էմիրությունների ուղարկած սպառազինությամբ նոր տարածքներ է գրավել։

Սուդանի քաղաքացիական պատերազմը բնութագրվում է որպես «պատերազմ երկու գեներալների միջև»։ Իրականում այս հակամարտությունը շահավետ է երկու կողմերի համար։ Թե՛ Արագ արձագանքման ուժերը և թե՛ Սուդանի զինված ուժերը ոսկի են արտահանում դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ. քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Անասունների էքսպորտը ևս աճել է։ Անասնագլխաքանակի մեծ մասը ԱԱՈՒ վերահսկողության տակ գտնվող Դարֆուրից է, բայց արտահանումն իրականացվում է ՍԶՈՒ վարչական կենտրոնից՝ Պորտ Սուդանից։ Կողմերը, փաստացի, համագործակցաբար կեղեքում են երկիրը՝ սովի մատնելով միլիոնավոր մարդկանց։

Խմբավորումների միջև զինադադար հաստատելու դիվանագիտական փորձերն օգուտ չեն տալիս։ Հիմնական միջնորդ երկրներն ուղիղ շահ ունեն այս հակամարտությունից։

Արաբական Միացյալ Էմիրությունները ԱԱՈՒ-ին օգնում են որպես իրենց տարածաշրջանային քաղաքականության մաս։ ԱՄԷ-ն ԱՄՆ աջակցությամբ փորձում է իշխանություն հաստատել աֆրիկական մայրցամաքի վրա. ֆինանսավորում է Եթովպիայի զինված ուժերին, ներդրումներ է անում Կարմիր ծովի մարտավարական կարևոր նշանակություն ունեցող նավահանգիստներում, քաղաքական մեծ ազդեցություն ունի Լիբիայի, Ուգանդայի, Հարավային Սուդանի և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության վրա։

ՍԶՈՒ-ի հիմնական միջազգային գործընկերը Եգիպտոսն է, որի առաջնորդ Աբդել Ֆաթահ էլ Սիսին Սուդանի զինված ուժերին նայում է որպես իր ռազմական իշխանության անալոգ։ Սաուդյան Արաբիան, որը Էմիրությունների հիմնական մրցակիցն է Կարմիր ծովի ավազանում, պաշտոնապես չեզոք դիրք է պահում, բայց հակված է սատարել ՍԶՈՒ-ին։

Սով

2023 թվականի ապրիլից ի վեր Սուդանի տարբեր շրջանների բնակիչները զրկված են կենսական կարևորության մթերքից և բուժօգնությունից։ Երկրի որոշ հատվածներում սով է։ 

Ամռանը ՄԱԿ-ի սննդային անվտանգության մարմինը զեկույց էր հրապարակել, համաձայն որի Սուդանում և Գազայում պարենային անբավարարության ցուցանիշները հասել են համապատասխան ստանդարտեղված սանդղակի (IPC) ծայրահեղ մակարդակների։ Բնակավայրում պարենային անվաբարարությունը որակվում է որպես Աղետ/Սով, եթե «տնային տնտեսություններից հինգից առնվազն մեկում (կամ 20 տոկոսում) սննդի ծայրահեղ պակաս կա, ինչը հանգեցնում է սովամահության կամ կրիտիկական թերսնուցման», «մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում սուր թերսնուցման մակարդակը գերազանցում է 30 տոկոսը»։ Աղետ/Սով մակարդակին նախորդում է Արտակարգ իրավիճակի փուլը, որի դեպքում ընտանիքները տառապում են «սննդի հասանելիության մեծ ընդհատումներից, ինչի հետևանքով առաջանում է սուր թերսնուցում և վաղաժամ մահացություն»։ Այս փուլում մարդիկ ստիպված են լինում պարենային ապրանքներ գնելու համար վաճառել իրենց գույքը, նաև՝ տունը։

ՄԱԿ-ի ամռանը հրապարակված զեկույցի համաձայն, Գազայում Աղետի/Սովի պայմաններում ապրում է շուրջ 641 հազար մարդ՝ շուրջ 2.2 միլիոն բնակչության գրեթե 30 տոկոսը։ 50 միլիոն բնակչություն ունեցող Սուդանում պարենային անբավարարության ամենավատ մակարդակում ապրում է 637 հազար մարդ։ Արտակարգ իրավիճակի պայմաններում ապրող մարդկանց թիվը Սուդանում կազմում է 8.1 միլիոն, Գազայում՝ 1.14 միլիոն։ Այսինքն, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցի փուլային գնահատման, Գազայի գրեթե ողջ բնակչությունը և Սուդանի բնակչության կեսը սննդային ճգնաժամի մեջ են։